Միջուկային պատերազմի պատրաստություններ – Թուրքիան ամերիկյան գործիք-գործոն… Հայաստանն էլ ռուսական գործիք-գործոն չդառնա, քանի որ դա միշտ կորուստներով է ավարտվել հայերի համար…

http://www.hayary.org/wph/?p=5215 -Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…

Չնայած Թուրքիայի նախագահի բոլոր գործադրած ջանքերին, Էրդողան-Պուտին հանդիպումը չկայացավ Փարիզում: Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի էր ունենում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային հռչակագրի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հազարավոր այլ պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:

Ռուսաստանի նախագահը մերձավորարեւելյան թեմաներով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումներ են եղել նաեւ Իսրայելի, Իրանի եւ այլ երկրների ղեկավարների հետ: Եթե եվրոպական երկրների ղեկավարները հակված են համագործակցելու Ռուսաստանի հետ՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ապա ամերիկյան կողմը ամեն բան անում է ռուսական կողմին Մերձավոր Արեւելքից դուրս մղելու համար: Եվ կա ՆԱՏՕ-ական Թուրքիա, որին էլ ասպարեզ է նետել Վաշինգտոնը՝ բառիս բուն իմաստով:  Հայտնի է, թե ինչ է արծարծվել Փարիզում Պուտին-Օբամա հանդիպմանը: Քննարկվել է Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման դեպքը: ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել՝ կապված Սու-24-ի կործանման հետ, որը խոցվել է Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից եւ ապա հայտարարել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա՝ Սիրիայում քաղաքական կարգավորման շրջանակներում: Նախագահները նշել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը, սակայն Սիրիայի նախագահի հարցում Մոսկվան այլ կերպ է մտածում: Պաշտոնական Դամասկոսը այսօր էլ Մոսկվայի դաշնակիցն է եւ պատրաստ է անգամ տարածք հատկացնել ռուսական տազմաբազա կառուցելու համար:

Ըստ երեւույթին, Թուրքիայի նախագահը փորձել է հարմար իրավիճակ ստեղծելով՝ զրուցել Ռուսաստանի նախագահի հետ, ինչը միայն տխուր ավարտ է ունեցել: Միջազգային զլմ-ները հայտնեցին, ապա ցուցադրեցին, թե ինչպես են համաժողովի ընթացքում կռվում Էրդողանի ու Պուտինի թիկնապահները… Փարիզի սրճարաններից մեկում երկու երկրների նախագահների թիկնապահների միջեւ ծեծկռտուք է առաջացել, ինչը սկզբում ներկայացվել է որպես «հարձակում Վլադիմիր Պուտինի վրա»: Իսկ ռուսական լրատվամիջոցները սա ներկայացրեցին այլ կերպ՝ նշելով, թե «Պուտինը ձեռնոց նետեց Էրդողանին»… Այստեղից է այն հետեւությունը, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները փորձել են ճանապարհ բացել դեպի Ռուսաստանի նախագահը, ում թիկնապահները, անկասկած նախագահ Պուտինի հրամանով, գետնել են թուրք թիկնապահներին: Կարծում ենք՝ սա են նկատի ունեցել որոշ զլմ-ներ՝ «ձեռնոց նետել» ասելով:

Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության լրագրողի այն հարցը, թե արդյո՞ք չի պատրաստվում Էրդողանը ներողություն խնդրել Ռուսաստանից, Էրդողանը Փարիզում անպատասխան է թողել: Անպատասխան է մնացել նաեւ այն հարցը, թե գուցե ցանկանում է, որ Ռուսաստա՞նը ներողություն խնդրի Թուրքիայից: Հպանցիկ միայն ասել է, որ իր ասելքին ինքն արդեն ասել է:

Այս միջադեպից շատ չէր անցել, երբ նոր տեղեկություններ ստացվեցին, թե Թուրքիան տանկեր եւ զրահատեխնիկա է մոտեցնում հայկական սահմանին: Այս մասին Սերժ Սարգսյանը չի խոսել Փարիզում, նաեւ որեւէ պաշտոնական արձագանք չկա Երեւանի կողմից: Միաժամանակ սկսեցին խոսել, իբր թուրքական սուզանավերը շրջապատել են ռուսական «Մոսկվա» սուզանավը: Պարզվում է՝ «Մոսկվա»-ն ատոմային սուզանավ է եւ դուրս է եկել պարեկության Միջերկրական ծովում: Եվ այդ ժամանակ թուրքական «Դոլունտայ» եւ «Բուրակրեիս» անվանումներով սուզանավերը

շրջապատել են ռուսականին: Պարզվում է, որ ռուսներն իրականացրել են ոչ միայն պարեկություն, այլեւ հիմնական առաջադրանք է եղել՝ Լաթակիայում գտնվող ռուսական ավիաբազան առնել պաշտպանության տակ: Այդ նպատակով էլ սուզանավը հագեցած է «Ֆորտ» եւ C-300 հակաօդային պաշտպանության համակարգով:

Միջադեպը կանխվել է, թուրքական սուզանավերը հեռացել են, այլապես «Մոսկվա»-ն հրահանգ է ունեցել՝ ոչնչացնել բոլոր թիրախները, որոնք իրենցից վտանգ կներկայացնեն: Ռուսական զլմ-ները նաեւ նշել են, թե Վլադիմիր Պուտինը հրահանգել է պատրաստվել միջուկային պատերազմի: Նշվել է, թե անվտանգության խորհրդի նիստից հետո է նախագահ Պուտինն ասել՝ պետք է պատրաստվե՛լ հնարավոր միջուկային պատերազմի: Նա հանձնարարել է շտապ կատարել գույքագրում եւ համալրել քաղաքացիների անհատական պաշտպանիչ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջուկային, քիմիական եւ մանրէաբանական սպառնալիքների դեպքում, ինչպես խաղաղ, այնպես էլ՝ պատերազմական իրավիճակներում:

Այս հրահանգը նախագահ Պուտինը տվել է՝ իբր հաշվի առնելով ԱՄՆ-ից եկող հավանական սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ վերջիններիս կողմից ոչ միջուկային՝ հիպերձայնային հրթիռներով Ռուսաստանի միջուկային օբյեկտների, թունավոր նյութերի պահեստների, միջուկային էլեկտրակայանների եւ միջուկային էներգիայի այլ աղբյուրների ռմբակոծման հետեւանքով:

Բացի այդ, ՌԴ պաշպանության նախարարությունը միջմայրցամաքային բալիստիկ եւ թեւավոր հրթիռների ուսումնական արձակումներ է արել: «Պլեցեսկ» տիեզերակայանից արձակվել են միջմայրցամաքային բալիստիկ ու թեւավոր հրթիռներ՝ «Տոպոլ» տեսակի: Բարենցի եւ Օխոտի ծովերից Հյուսիսային նավատորմի ատոմային «Բրյանսկ» եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պոդոլսկ» սուզանավերից են արձակվել բալիստիկ հրթիռներ: Կասպիական նավատորմի «Վելիկիյ Ուստյուգ» հրթիռային ռազմանավից արձակվել է «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռ ուսումնական թիրախի վրա: Ստրատեգիական հրթիռակիր ՏՈւ 160-ի անձնակազմը իրականացրել է թեւավոր հրթիռների արձակումներ ցամաքային թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել Պեմբոյ/Կոմիի Հանրապետություն/ եւ Կուրա /Կամչատկա թերակղզի/ ռազմակայաններում: Օպերատիվ տակտիկական «Իսկանդեր» հրթիռային կոմպլեքսի հաշվարկը իրականացրել է հրթիռների արձակում Կապուստին Յար ռազմակայանում գտնվող թիրախների ուղղությամբ: Բոլոր այս միջոցառումները ցույց են տվել, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի:

Սա նշանակում է, որ խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը չէ, այլ ռուս-ամերիկյան վաղուց հասունացող առճակատումը: Իսկ Թուրքիան միայն ամերիկյան գործիք կամ գործոն է Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում: Իմիջիայլոց. Անկարան փորձելու է Բաքվի հետ սրել նաեւ Արցախի հարցը, քանզի հույս ունի մի քանի ճակատ առաջացնելով՝ մեղմել ռուսական հարվածների ուժգնությունը: Պետք է ամեն բան անել, որ այս դեպքում Հայաստանն էլ ռուսական գործիք-գործոն չդառնա, քանի որ դա միշտ կորուստներով է ավարտվել հայերի համար:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։