Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

«Լուսանցք»-ը մեկ-երկու անգամ անդրադարձավ նախորդ տարի նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցախմբին եւ ԱԱԾ գործողություններին ու պարզաբանումներին՝ սպասելով, որ ավելի հստակ պարզաբանումներ ու ապացույցներ կլինեն: Այդ ժամանակ առավել հեշտ է վերլուծել եւ ներկայացնել իրական վիճակը: Անվտանգության ծառայությունը առգրավված զենքերի ու այլ փաստերի հետ մեկտեղ մեղադրում է երկրի որոշակի քաղաքական ու հանրային գործիչների, իսկ մյուս կողմը փորձում է հիմնավորել, թե ԱԱԾ-ն գործել է ԿԳԲ-ի ձեւերով ու սարքած խմբին ուղղորդել այս ու այն գործիչների մոտ…

Սակայն այն հանգամանքը, որ սփյուռքից ժամանած Արթուր Վարդանյանը, ում ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում ի սկզբանե, հանկարծ կարողանում է ինչ-ինչ գումարներ ծախսելով Հայաստանում խումբ ստեղծելու եւ հայաստանյան ու սփյուռքյան գործիչների հետ հանդիպելու ծրագրեր կազմել: Սիրիական դեպքերի ժամանակ հայտարարում է, թե հայ ազատամարտիկներից կազմված ջոկատ է տանում Քեսաբ՝ սիրիահայերին պաշտպանելու համար, սակայն Քեսաբում նրան տեսնող չի լինում: Արցախյան ազատամարտի բովով անցած տղաների մեծամասնությունը Արթուր Վարդանյանի շուրջ համախմբվում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանելու համար, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը դրանից տեղյակ չի լինում, ինչը նշանակում է այդ ենթադրյալ ջոկատները երբեք չէին կարող մեր սահմաններին մոտենալ առանց թույլտվության: Այն էլ զինված:

Ու էլի այսպիսի բաներ, որ հաստատ կասկածի տեղիք է տալիս, որ այս խումբը գործել է հանուն Հայաստանի շահերի: Մի կասկածելի բան էլ կա, որ երիտասարդ ոմն մեկը չէր կարող այսքան համարձակ մտնել նման գործողությունների մեջ, եթե… Հավատալ, թե Արթուր Վարդանյանը կարող էր ինքը ծրագրել, զենք-զինամթերք հայթայթել,վճարել դրա ու այլ բաների համար, բարդ է: Սա 1988-1990-ականները չեն, որ հայ ֆիդայիները ռուսական զինմասերի վրա հարձակվելով զենք-զինամթերք էին առգրավում, մեքենաներ ու սնունդ էին ձեռք բերում ռազմաճակատ մեկնելու համար… Այս դեպքում՝ բոլորովին ուրիշ կարգավիճակ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում:

Նշանակում է՝ իսկապես ինչ-որ մտահոգիչ բան, որից պետք է զգուշանալ, գոնե մինչեւ իրական պարզաբանումը: Եվ հետագա ձերբակալությունները առավել մտահոգիչ են դարձնում այս խնդիրը: Եվ զինված հսկողությունը պետական նշանակության շենքերի մոտ նույնպես հիմնավորված է, քանի որ դեռ թարմ են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը:

Կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դեռ նախորդ տարեվերջին հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի ու ՀՀ քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի գրոհի ժամանակ որեւէ դիմադրություն չի եղել: Նա չի հերքել, որ «այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է, բայց միեւնույն ժամանակ նաեւ պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, քանզի կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել»… Ուստի՝ փաստաբանը հետեւություն է անում, թե «կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու դեմ»:  Զարմանալի տրամաբանություն է, բայց… փաստաբանի տրամաբանություն է եւ առայժմ չծավալվենք: Իսկ եթե պարզվի, որ առավոտ ծեգին նրանք պարզապես չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվում ու խորը քնից զարթնած (այդ ժամին իրոք դժվար է չքնելը, հատկապես, երբ որեւէ կասկածելի բան չի եղել) չեն հասցրել պաշտպանվել եւ հետո փախուստի դիմել: Այս դեպքում ի՞նչ տրամաբանություն պետք է գործի:

Չնայած նման մի հարցի մի պատասխան տվել էր փաստաբանը (գուցե ԱԱԾ աշխատակիցները նրանց հանկարծակիի՞ են բերել). «Կարելի է ցանկացած քննչական փորձառություն կատարել եւ տեսնել՝ ցանկացած անակնկալ գրոհի ժամանակ որքան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ զենքը գործադրվեր։ Ավելին՝ նկարահանման ժամանակ, որը սփռվեց մամուլում եւ հեռուստատեսությամբ, այնտեղ ցույց էին տալիս, որ պահունակի մեջ նաեւ եղել են համապատասխան փամփուշտներ, այսինքն՝ եթե պատրաստի վիճակում է դա եղել, ցանկացած քննչական փորձառություն կտա դրա պատասխանը, թե քանի վայրկյան էր անհրաժեշտ գոնե մեկ կրակոց արձակելու համար»։

Փաստորեն, փաստաբանը այսքան մանրակրկիտ նայելով նկարահանված նյութը, այս ամենը տեսել է, բայց այն, որ անգամ շորերը չէին հասցրել հագնել խմբի անդամները, չի նկատել… ուր մնաց կրակեին զենքերից կամ կարողանային րոպեների ընթացքում իմի գալ, հասկանալ, թե որտեղից է վտանգը: Նշանակում է անգամ չեն սպասել, որ կբացահայտվեն ու ինքնապաշտպանական ծրագիր չեն ունեցել նույնիսկ: Իսկ այսպես չի կարելի՞ մտածել… Անգամ կարելի է ենթադրել, որ Արթուր Վարդանյանը այդ մասին չի էլ մտածել՝ ունենալով լուրջ հովանավորներ:

Հասկանալի է՝ փաստաբանը պիտի խոսի իր պաշտպանյալի շահերից, բայց մենք էլ որպես լրատվամիջոց, պիտի խոսենք հանրության, եթե չասենք՝ ազգային ու պետական շահերից: Չնայած ոմանք խառնում են պետության ու իշխանության եզրերը, նույնացնում են դրանք, ինչպես ազգն են խառնում մի խմբի կամ հանրային զանգվածի հետ. բայց այդ չիմացությունը մեզ հաստատ չի սպառնում: Ավելի պարզ ասած՝ քանի դեռ գործի իրական մանրամասներին տեղյակ չենք, բոլոր՝ ձերբակալվածներին հերոսացնելու կամ մեղադրելու ենթադրություններով հանդերձ, պարտավոր ենք խնդիրը բազմակողմանի դիտարկել:

Ինչեւէ: Հիշեցնենք, որ 34-ամյա Արթուր Վարդանյանը, ով, ԱԱԾ-ի պնդմամբ, ղեկավարել է բացահայտված հանցավոր խումբը, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու եւ ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից: Նա, վերադառնալով Իսպանիայից, 2015թ. ապրիլին սկսել է հանցավոր խումբ ձեւավորել՝ հավաքագրելով հիմնականում չաշխատող քաղաքացիների: ԱԱԾ պնդմամբ, խումբը ծրագրել էր Հայաստանում նախադեպը չունեցող հանցագործությունների շարք, այդ թվում՝ պետական գործիչների սպանություններ:

Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալն արդեն ցուցմունք է տվել եւ ամբողջությամբ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: Փաստաբանը զարմացած է, որ նախապես ձերբակալված 21 անձանց թվում էր Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորական Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ում շահերը նույնպես պաշտպանելու է Լեւոն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ 70-ամյա հոգեւորականին մեղսագրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, մասնակցելը, ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: «Հայր Անտոնը հաղորդումներ էր վարում «Ռադիո Մարիամ» ռադիոկայանում, որը գործում է 64 երկրներում եւ հովանավորվում է Հռոմի Պապի կողմից: Հենց այս ռադիոկայանին էր ամիսներ առաջ խմբի ենթադրյալ ղեկավար Արթուր Վարդանյանը հարցազրույցներ տվել՝ պատմելով Քեսաբի ազատագրման մասին»,- նշել է փաստաբանը։

Ռադիոկայանի աշխատողներից կալանավորված է նաեւ 30-ամյա լրագրող Լիլիթ Թորոսյանը, ում փաստաբան Գեղամ Հակոբյանը հավաստել է, որ իր պաշտպանյալը եւս չի ընդունում ներկայացված մեղադրանքը:

Լիլիթ Թորոսյանից բացի, նախապես կալանավորվածներից եւս 4-ը երիտասարդ կանայք են: 21-ամյա Նելլի Մինասյանի, հարազատ քույրեր՝ 25-ամյա Ասյա Մկրտչյանի եւ 34-ամյա Մարինե Կացանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ մեղադրանքները չեն ընդունվել, իսկ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Այս եւ մնացյալ մեղադրյալները չեն ընդունում իրենց նկատմամբ կիրառված մեղադրանքը, բայց հետաքրքիր է, որ նույն մեղադրանքնով կալանավորված 29-ամյա Սրբուհի Այվազյանի փաստաբան Սամվել Ջաղինյանը հրաժարվել էր ասել, թե արդյոք իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը: Նախապես կալանավորվածների մեջ է նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը: Թե ինչում է մեղսագրվում նա եւ ինչ գործ է ունեցել մնացած կալանավորվածների հետ, ԱԱԾ-ն ամբողջությամբ չի ներկայացնում:

Ընդդիմադիր հատվածի գործիչներ եւ ակտիվիստներ եղան, որ կասկածեցին ԱԱԾ գործողությունների անաչառությանը, ինչին ի պատասխան հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը. ««Ցավոք, պետք է անդրադառնանք նաեւ մի մտահոգիչ երեւույթի: Որոշ ընդդիմադիր գործիչներ, մեղադրողի դիրք ընդունելով, շարունակում են մեզ «ՆԿՎԴ» կամ «ԿԳԲ» անվանել, մոռանալով կամ գուցե ընդհանրապես անտեղյակ լինելով, որ Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, իսկ ժամանակակից դասական ընկալմամբ հետախուզական ու հակահետախուզական կառույցները մեր երկրում ձեւավորվել են դեռեւս Առաջին Հանրապետության օրոք՝ 1918թ. ամռանը: Եվ ընդամենը մի քանի տարի հետո մենք տոնելու ենք Հայաստանի անվտանգության մարմինների ձեւավորման 100-ամյակը: Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանին, ապա ավելորդ չէ հիշել, թե Երկրորդ Հանրապետությունն ինչ պայմաններում ձեւավորվեց, ինչ դաժան ճանապարհ անցավ, բայց ի վերջո նաեւ՝ ինչ ձեռքբերումներ ունեցավ: Իհարկե, երբեւէ չպետք է մոռացության մատնել այն բռնաճնշումները, անիրավությունները, որ եղել են: Այդ թեմայով Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանում կան նյութեր, որոնցից երեւում է նաեւ, թե հենց պետանվտանգության մարմինների քանի աշխատակից է զոհ գնացել կամ տուժել այդ կամայականություններից: Բայց չէ՞ որ դա հիմք չի տալիս մոռացության մատնել մեր անցյալը: Իսկ ինչ է, Առաջին Հանրապետության տարիներին չե՞ն եղել պրոբլեմներ: Կամ ներկայիս Երրորդ Հանրապետությունում ամեն ինչ իդեալակա՞ն է, չկա՞ն հիմնախնդիրներ, թերություններ, բացթողումներ:

Զավեշտալին այն է, որ այսպես կոչված մեղադրողները մարդիկ են, ովքեր 20 տարի շարունակ ոչ մի տեղ չեն աշխատում եւ ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ»: Ոմանք էլ նույնիսկ հանգանակություններ են կազմակերպում արտասահմանում՝ Հայաստանում իրենց ընդդիմադիր գործունեության ֆինանսավորումն ապահովելու համար»: ԱԱԾ տնօրենը նշել է նաեւ, որ միայն անխելք մարդը կարող է կարծել, որ հնարավոր է հրաժարվել պատմությունից: Բայց իրենք պատրաստ ենք այսուհետ եւս շարժվել ամենաճիշտ ճանապարհով՝ բոլոր քննադատողներին հանգիստ, համբերատար բացատրելով այս ամենը:

Երբ ձերբակալությունները շարունակվեցին, ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանդես եկավ հայտարարությամբ, թե «Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում», հասկացնելով, որ ԱԱԾ-ի ակնարկած «հանցագործ խմբին աջակցել է հայաստանյան մի ընդդիմադիր կազմակերպություն»-ը իրենք չեն: Սա հատուկ նշվեց, քանի որ ճակատի ղեկավարին՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ մի շարք գործընկերների անունները եւս շրջանառվեցին «հանցագործ խմբին» աջակցողների ցանկում:

Իսկ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարություն արեց, որ «Արթուր Վարդանյանը վռնդվել է Քեսաբից, ծախու տիպար էր»: ԼՂՀ ԱԺ պատգամավորը գլխավորում էր 2014թ. Արցախից Քեսաբ մեկնած հայ կամավորների ջոկատը: Եվ երբ Երեւանում վնասազերծված «Հայոց Վահան» կազմակերպության կայքէջին նշվեց, որ նրանք Քեսաբում կամավորական գունդ են ունեցել, պատգամավորը անցել է ճշտման՝ հանդիպե՞լ են արդյոք տեղի պատասխանատուները Քեսաբում «Հայոց Վահան» կառույցի ներկայացուցիչներին եւ ինչ տպավորություն են ստացել: Բայց պատասխան է եղել, որ Արթուր Վարդանյանի հետ հանդիպել են միայն Բեյրութի կենտրոնում. եւ 5 րոպե զրույցից հետո հիասթափություն են ապրել, որովհետեւ, ինչպես ասել են Վահան Բադասյանին՝ «Արթուրը, բառացիորեն մարդ չէր, ծախու տպավորություն թողեց, ահավոր տիպար, ոչ մի ազգային թասիբ»……

Իսկ ըստ ԱԱԾ-ի տվյալների, զինված հանցախումբը «օրեր անց գործելու էր արդեն»: Խումբը ծրագրում էր հանցագործություններ քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաեւ մարմինների նկատմամբ, այդ թվում՝ սպանություններ։ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, հայտնել է, որ խումբը ունեցել է շատ հստակ նպատակներ, մշակված եղանակներ՝ դրանց հասնելու համար. «Ընտրված են եղել հանցագործության թիրախները եւ կատարման եղանակները։ Սակայն չեմ կարող այս պահին ներկայացնել, թե ում դեմ, ինչ հանցագործություն է նախատեսված եղել, միայն կարող եմ ասել…»: Նա ընդգծել է, որ հանցավոր խմբի ու որեւէ քաղաքական ուժի միջեւ կապ այս պահին չեն տեսնում, բայց կան առանձին գործիչներ եւ հավելել է, որ «ոչ մի երաշխիք չկա, որ կարող են լինել խմբում ընդգրկված այլ անձինք, որոնք մեր տեսադաշտում չեն, դրա համար հսկողությունն ուժեղացվել է որոշ պետական նշանակության շենքերի մոտ»։

Հետաքրքիր է, որ անգամ քննարկվելու է «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից այս խմբին ֆինանսավորելու տարբերակը, ինչն, իհարկե, ենթադրյալ տարբերակ է միայն:

ԱԱԾ պաշտոնյան նաեւ զուգահեռ անցկացրեց Նաիրի Հունանյանի հանցախմբի հետ.- «Ես նույնիսկ հիմա զուգահեռ կարող եմ անցկացնել Նաիրի Հունանյանի եւ նրա հանցավոր խմբի կողմից կատարվածի հետ՝ եթե մենք այն դեպքում գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, եթե խմբին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը, այսինքն՝ գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկ նյութերը, նռնակները։ Պատկերացրեք՝ ինչ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց 3 օր առաջ, ինչը մեր դեպքում հիմա տեղի ունեցավ, կարողանայինք բացահայտել: Էն ժամանակ չարախոսներ կգտնվեին, որոնք կասեին, որ երիտասարդ տղաներ էին, ինչ էր նրանց արածը» (հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանի հանցախումբը 1999թ. հոկտեմբերի 27-ին ներխուժեց խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարեց 8 պետական գործիչների, այդ թվում ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին)։

Նաեւ նշվել է, որ հանցավոր խմբի կազմակերպիչները մտածել են, որ օգտագործելով այս մի «Հունանյանին», հնարավոր կլինի տապալել հանրաքվեն եւ այս իշխանություններին, որովհետեւ հիմնական քայլերը պլանավորել էին դեկտեմբերի 1-ին, երբ հայտարարված էր մեծ հանրահավաք, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու էր Փարիզ: Եվ այս խումբը «նպատակ է ունեցել Փարիզից վերադարձող ինքնաթիռը խփել հաուբիցով»: Վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել նաեւ խորհրդարանն ու կառավարությունը (վարչապետը):

Արամ Ավետյան

Արդյո՞ք շղթան իրականում երկարում է

Անցյալ տարեվերջը փակվեց նորանոր ձերբակալություններով, որոնք թերեւս անակընկալ էին հանրության համար: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորումը իրապես անսպասելի իրադարձություն էր, ինչը միանգամից փոխեց նաեւ հանցագործ խմբի նկատմամբ վերաբերմունքը անգամ շատ ընդդիմադիրների մոտ:

ՍԴՀԿ մամուլի քարտուղար Արթուր Ղահրամանյանը հայտնեց, որ մոտ 3 տարի Վահան Շիրխանյանը իրենց կուսակցության հետ կապ չունի, բայց զարմացած են, որ նման բան կարող է լինել, որ նա կապ կունենա ահաբեկչական ինչ-որ կառույցի հետ:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով դեռ արցախյան պատերազմի տարիներից ճանաչել է Պաշտպանության նախկին փոխնախարարին, նույնպես անակնկալի է եկել, «զարմացած եմ՝ նման բան լսելով, դեռեւս որեւէ այլ գնահատական չեմ կարող արտահայտել, ասեմ նաեւ, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելը մեր իշխանությունների ուժեղ կողմն է»…

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով. «Այն, որ Շիրխանյանը տակից գործող մարդ է, ակնհայտ է։ Ես իրեն այդպիսին գիտեմ եւ ոչ միայն ես։ Սակայն մյուս կողմից մեղքեր վերագրել նրան՝ հաշվի առնելով տարիքը եւ առողջական վիճակը, սխալ կլինի իմ կողմից։ Կուզեի, որ հերքվեր եւ ցավալի կլինի, եթե հաստատվի, որ նա առնչություն է ունեցել հանցավոր այդ խմբի գործունեությանը»։ Ըստ պատգամավորի, ամենեւին չի բացառվում, որ «Շիրխանյանը կարող էր հանցավոր քայլերի դիմել, եւ եթե հաստատվի, չեմ բացառում, որ այլ մարդիկ էլ ձերբակալվեն, ովքեր գործել են իր հետ»։ Երբ շարքային քաղաքացին է հանցավոր խմբում լինում, դա ուրիշ է, բայց եթե բանակի հետ առնչված մարդը ներգրավված լինի նման խմբում, դա արդեն բոլորովին այլ, շատ ավելի լուրջ խնդիր է.- մտահոգվել է ՀԱԿ պատգամավորը, ով ժամանակին հենց ՍԴՀԿ ղեկավարն էր:

Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նշել է, որ վերջին ամիսներին Վահան Շիրխանյանը զբաղված էր հայկական սպայական միություն ստեղծելու հարցերով, համարում էր, որ ամբողջ հայության սպայական անձնակազմը պետք է համախմբել: Այս քաղաքական եւ հանրային գործիչը կարծում է, որ այդ խմբի հետ կապված բացահայտումները արկածախնդրություն են. «Այդ խմբի ղեկավարին թողել են գա մեր երկիր, թողել են, որ բոլորի հետ խոսի, համագործակցի… ու որ վայրկյանին ուզենան, ձերբակալեն՝ ահաբեկչության մեղադրանք ներկայացնելով»:

Ինչեւէ, Վահան Շիրխանյանը ԱԱԾ կողմից կասկածվում է Արթուր Վարդանյանի ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այնուհետեւ անսպասելի մի ձերբակալություն եւս եղավ՝ կալանավորվոց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ով ժամանակի ծառայել է անվտանգության եւ ոտիկանության մարմիններում: Նա մեղադրվում է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով կալանավորվել է նաեւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել ու հետո կալանավորվել էին մի շարք ազատամարտիկներ՝ Աղասի Մարտիրոսյանը, Խաչիկ Ավետիսյանը, եւ այլք, ինչպես նաեւ շուրջ 26 մարդ: Իմիջիայլոց, ձերբակալվելուց առաջ, Աղասի Մարտիրոսյանը որպես «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ՝ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է շքանշանով… Կալանավորվածների մեջ կան նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներ:

* * *

«Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» ղեկավար Արամ Մկրտչյանը, ով այժմ բնակվում է Գերմանիայում, մի քանի հանդիպում է ունեցել Արթուր Վարդանյանի հետ, բայց չգիտի, արդյո՞ք «Արթուրը եւս ձեռք է բերել Արեւմտյան Հայաստանի անձնագրերը, որոնք բաժանվում են սփյուռքահայերին»:

Երբ Սիրիայում դեպքերը զարգանում էին, մենք Քեսաբում որոշակի քաղաքական գործունեություն ծավալեցինք, ասել է Արամ Մկրտչյանը, որ կարողանանք սիրիահայությանը պաշտպանել։ «ԱՄՆ-ից զանգ եկավ, որ կան տղաներ, ցանկանում են զինյալ պայքարի մեջ մտնել։ Փոխանցեցին հեռախոսահամարները՝ կապվեցի իրենց հետ, Արթուրն էր, խոսեցինք։ Ասեցի՝ մի գնացեք զինված որեւէ բանի, չի կարելի, որովհետեւ ավանդական կուսակցությունները Քեսաբում են»։

Խոսքը բացառապես Քեսաբի մասին է եղել։ Հետո մի քանի անգամ զանգել է Արթուրը, «նաեւ Իսպանիայից, թե աշխատանքային հարցեր ունի։ Ինչ-որ տեղ էր գնում տրանզիտ, եվրոպական մի երկիր, հիմա չեմ հիշում, հանդիպեցինք օդանավակայանում, զրուցեցինք, տպավորությունս լավն էր՝ կիրթ կեցվածք ուներ»…

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։