Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

«Լուսանցք»-ի վերջին թողարկումներում փորձում ենք մեր ընթերցողի ուշադրությունը հրավիրել հատկապես դավաճանական մղումների առաջացման ի հայտ գալուն, հայրենալքության եւ ազգադավության վտանգավոր խնդիրներին: Խոսքը «Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անց անկալի լինի», «Դավաճանության դեմքն ու գինը» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածների մասին է, որոնցում ներկայացվել են վերջին ժամանակներս հանրային ակտիվիստից մինչեւ գարշելի ազգադավի եւ ընդդիմադիրի կոչումով գործչից մինչեւ հայրենիքի վարկաբեկումը քաղաքական ուղի դարձրածի անդեմ ճանապարհը: Սույն հրապարակումն էլ վերոթվարկյալների շարքում է՝ որպես դավադիր քայլ:

http://www.hayary.org/wph/?p=5379 – Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5358 – Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5378 – Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունն առնչվում է ոչ միայն մի հայ ընտանիքի սպանդին, այլեւ՝ համայն հայության արժանապատվությանը: Սա հստակ է եւ ապացուցվել է ոչ մեկ անգամ:

http://www.hayary.org/wph/?p=5403Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամական, գործընկերական, թե ռազմավարական ոչ մի ձեւակերպում չի կարող ստիպել հայությանը՝ անգամ անուղղակի չնկատելու ռուսական կողմի՝ իր հայասպան զինվորին ոչ որպես զինվորականի ներկայացնելու քաղաքականությունը: Եվ այստեղ կարեւորը ռուսական կողմի համար ոչ թե իր անմարդկային զինվորի կյանքի փրկությունն է կամ այս վիճակի բարելավումը, այլ՝ այդ զինվորի զազրելի արարքի էության փոփոխումը: Ասենք՝ այդ ստահակին աղանդավորական ընտանիքի անդամ ներկայացնելը եւ նրա դատապարտումը ոչ թե որպես ռուս զինվորականի, այլեւ՝ սատանայապաշտ ինչ-որ մի աղանդավորականի: Հատկապես, որ այդ Պերմյակովի հայրը, մայրը, եղբայրն ու քույրը աղանդավորական համայնքի առաջնորդներ են Ռուսաստանում: Եղբայրն էլ մարդասպանության համար դատապարտվել է: Եվ ռուսական կողմը իր փաստաբանների միջոցով արդեն փորձել է մարդասպանությունը որպես այս աղանդավորականների ծես ներկայացնել…

Բարեկամը, գործընկերը եւ ռազմավարական դաշնակիցը այսպես չպետք է վարվի, սա առավել կսրի ռուս-հայկական հարաբերությունները, ինչը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցը կարող է օրակարգային դարձնել Հայաստանում:

Իսկ դրա համար ռուսական կողմը նոր պատճառներ է ստեղծում: Բայց նախ հիշեցնենք, որ ոչինչ չի մոռացվել այն օրից, երբ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015թ. հունվարի 12-ին սպանվեց մի ամբողջ ընտանիք, սրախողխող արված փոքրիկն էլ չփրկվեց եւ մահացավ հիվանդանոցում։ Նույն օրը ձերբակալվեց ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, եւ ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու եւ դասալքության համար 2015թ. օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը ռուս զինվորականին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին եւ քննվում է առանձին, առաջին նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին։

Այս ամենը հիշեցրինք, որպեսզի հավելենք նորը, որ 2016թ. հունվարի 17-ին, ժամը 21:00-ի սահմաններում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեղի է ունեցել միջադեպ՝ վիճաբանություն, 2 ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ, եւ որ վիճաբանությունը կարճ է տեւել միայն այն պատճառով, որ շատ արագ միջամտել են ոստիկաններն ու վերջիններիս տարել ոստիկանության բաժին: Սակայն ժամեր անց ՀՀ ոստիկանության լրատվության ու տեղեկատվության վարչությունից հերքել են այդ լուրերը՝ մասնավորապես նշելով, թե նման միջադեպ Գյումրիում տեղի չի ունեցել, չնայած որ դեպքի վայրում եղել էր նաեւ ականատես լրագրող («Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը): Ռիժկովի ճեմափողոցում առեւտրով զբաղվող գյումրեցիները միաբերան հաստատել են միջադեպի՝ վիճաբանության եղելությունը: Պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի թեմի առաջնորդարանից մի քանի մետր հեռավորության վրա՝ դեղատան դիմաց՝ 2 ռուս սահմանապահների մասնակցությամբ: Նրանք սկզբում իրար հետ են վիճել, ապա այդ ամենին միջամտող գյումրեցիների հետ…

Պատկերացրեք, եթե փողոցում հսկողություն սահմանող ոստիկանները շատ արագ չհասնեին դեպքի վայր ու ռուսաստանցի զինծառայողներին մեքենայով չտեղափոխեին… Հաստատ գյումրեցիները այդպես հանգիստ չէին թողնի նրանց: Առավոտյան մարդիկ արդեն պատմում ու խոսում էին, որ միջադեպ է եղել եւ ռուսներն են սարքել, բայց նախորդ դեպքի հետ կապված չի եղել, ուղղակի խմած էին: Իսկ նրանց կարգի հրավիրողները հնարավորինս համբերատար են եղել:

Ոմանք չէին բացառում, որ սա ռուս բարձրաստիճան զինվորականների հերթական սադրանքն էր՝ Պերմյակովի դատավարության նիստի նախորդ օրը ժողովրդին հունից հանելու եւ ռուս զինվորականներին Գյումրիում տեղակայելու եւ այդպիսով ժողովրդին ահուսարսափի մեջ պահելու նպատակով… Բայց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հասկացել է, որ հետագա բախումներից ու անցանկալի հետեւանքներից խուսափելու համար պետք է չեզոքացնել սադրանքը: Իսկ եթե այդպես չէ եւ բարձրաստիճան սպաները կարգ ու կանոն չեն պահպանում զինմասում, ապա ռազմաբազայի վիճակը շատ ավելի է վատացել… Նշանակում է՝ գյումրեցիները ոչ միայն զգոն, կազմակերպված պետք է լինեն, այլեւ պատրաստ՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Իզուր չէ, որ անդրադառնալով ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի արարքից հետո ռազմաբազայի հետ հարաբերությունների մասին հարցին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել է, որ խնդրի լուծումը իրավական ոլորտում է: Այսինքն՝ բնակիչների իրավունքների պաշտպանության: Ապա նախարարը հավելել է. «Այդ դեպքից հետո մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի հարաբերությունները մեր Գյումրիի բնակչության, հասարակության եւ ՌԴ զինծառայողների ու նրանց ընտանիքների հետ պահպանվի եւ դեռ ավելին, կատարելագործվի ու այդ ջերմությունը պահպանվի, ինչպես եղել է նախկինում»:

Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին մարտունակության բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում հատկապես այն բազաներում, որոնք այլ երկրներում են, հատկապես Գյումրիի ռազմաբազայում: Իսկ թե ինչու է ռուսական կողմը նոր զինատեսակով համալրում Գյումրիի ռուսական ռազմաբազան, նշվել է, թե այս գործընթացը մշտապես շարունական է, վերջին շրջանում օդուժի ու նոր միջոցների տեղափոխում է եղել Գյումրիի ռազմաբազա՝ կապված տարածաշրջանային խնդիրների հետ:

Բայց արի ու տես, որ ռուսական կողմում կան մարդիկ, որոնց հանգիստ չի տալիս իրավիճակի կայունացումը: Կամ էլ՝ իսկապես կարգապահական խնդիրներ կան 102-րդ ռուսական ռազմակայանում: Իսկ սա պակաս վտանգավոր չէ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտների համար:

Այս անգամ փետրվարի 1-ին, գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել մի քաղաքացու բնակարան: Ժամը 24-ի սահմաններում զինվորական հագուստով, ազգությամբ ռուս ինչ-որ զինծառայող փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ 13 շենքի 116 բնակարան՝ Երանոսյանների տուն: Այս մասին Araratnews.am-ի լրագրողին տեղեկացրել են հիշյալ հասցեի բնակիչները: «Գիշերվա ժամին դուռը թակեցին, գլազոկից նայեցի՝ անծանոթ դեմք էր, չբացեցի, հարցրեցի՝ ով եք, ինչ եք ուզում, ինձ ռուսերեն լեզվով պատասխանեց՝ բացեք դուռը ու կտեսնեք ով եմ, ես ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ով ես, որտեղից ես եկել, ինքը դռան հետեւից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Ու անընդհատ գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով»…

Այստեղ տեղին է մեջբերել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այն խոսքը, որ «փոխվել է, առաջվա նման սիրալիր չեն գյումրեցիները ռուս զինվորականի նկատմամբ, եւ շատ զգոն են»: Այո, նախկինում ամեն քայլափոխի մի բան հյուրասիրում էին զինվորականներին, ծխախոտ, հաց էին տալիս, իսկ հիմա՝ ոչ: Հայ հոգեւորականը նաեւ ռազմաբազայի մասին է խոսել. «Միայն գյումրեցու համար չէ այդ ռազմաբազան, այն հանրապետական նշանակություն ունի եւ հանրապետական մասշտաբի խնդիրներ է լուծում: Այնպես որ, գյումրեցու ապահովության համար չէ, եւ եթե ուզում եք իմանալ, բոլորովին գյումրեցու ապահովության համար չէ: Գյումրեցին, ընդհակառակը, ավելի անապահով է: Բայց եթե պետք է հանրապետական հարցեր լուծելու համար, ուրեմն պետք է: Բայց գյումրեցին չի կարող պատանդ լինել եւ չպետք է պատանդ լինի»…

Եվ ոչ միայն թեմի առաջնորդը, այլեւ շատ գյումրեցիներ նույն կերպ են մտածում: Արդյո՞ք դատավարության ավարտից հետո հավատը կվերականգնվի ռազմաբազայի ու ռուս զինվորի նկատմամբ, հուզում է շատերին, բայց գյումրեցու կարծիքով՝ սա արդեն ռուսների գործն է. «Թո՛ղ ռուսները անեն քայլեր, որպեսզի հավատը վերականգնվի, ռուսը պիտի վերականգնի դա»:

Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հավատը վերականգնվի: Գրեթե նույն պատասխանն է, ինչը հնչեցրել է Շիրակի թեմի առաջնորդը. «Ես չեմ տեսել, եթե ուրիշը տեսել է, թող ուրիշը վկայի»…

Արամ Ավետյան

Այս դեպքում սատանան հաստա՛տ կապ չունի

…Դեռ նախաքննության ընթացքում Գյումրիում ռուսական ռազմաբազայի 6 աշխատակիցներ, որոնք պետք է ցուցմունք տային դատարանում, ազատվել են աշխատանքից։ Տեղի ունեցածը հերթական մի անակնկա՞լ էր, թե կասկածը մեծացնելու նոր քայլ…

Չնայած աշխատակիցների հիմնական մասը, ովքեր դադարեցրել էին ծառայությունը, ժամկետային զինծառայողներ էին եւ բնական է, որ ժամկետը լրանալուց հետո պիտի զորացրված լինեին, սակայն ինչ վերաբերում է սպային, ով Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատարն է եղել, ապա նրա ազատումն իսկապես անակնկալ էր։

Հատկապես, որ գյումրեցիները (ու ոչ միայն նրանք) շարունակում են չհավատալ, որ ռուս զինվորականը միայնակ է գործել…

Իսկ անմիջական հրամանատարին ազատել էին հայասպան զինծառայողի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ նա էր եղել այն անձը, որ ընտրել եւ Վալերի Պերմյակովին տեղափոխել էր Հայաստանում տեղակայված ռազմակայան։ Հայ փաստաբաններն ասել էին, որ ամեն ինչ կանեն, որ միջնորդություններով հասնեն այն բանին, որ դատարանը հնարավոր միջոցներ ձեռնարկի այդ անձին դատարան հրավիրելու համար։

Հետաքրքիր մի լրատվություն տարածվեց նաեւ, թե Դոնբասում Ավետիսյանների սպանության մեջ ներգրավված ռուս սպա է հայտնաբերվել՝ ՌԴ բանակի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին, Սա ավելի վաղ ղեկավարում էր Գյումրիում ռուսական ռազմաբազան, իսկ այժմ Լուգանսկի ինքնահռչակ «Ազգային Հանրապետության» ստորաբաժանումներից մեկի հրամանատարն է: Այս մասին գրել էր ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը: Նշված է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հրամանատարի պաշտոնում այդ գնդապետը սադրել է հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը, հայտարարել Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման անհրաժեշտության մասին եւ, մասնավորապես, ներգրավված է եղել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: «Ա. Յու. Ռուզինսկին Ուկրաինայի արեւելքում իր հանցավոր գործունեության համար ՌԴ ԶՈւ հրամանատարության կողմից նշանակվել է շտաբի պետի պաշտոնում»,- ասված է հետախուզության հաղորդագրության մեջ:

Իհարկե, սա կարող է դիտարկվել նաեւ ռուս-ուկրաինական հակասությունների հոլովույթում, բայց նաեւ՝ որ ուսումնասիրության արժանի փաստ է, անհերքելի է:

Ըստ մեր փաստաբանների՝ սպանությունը ծիսակարգային չէ, եւ այդ սպանությունները սատանիզմի հետ ոչ մի առնչություն չունեն, բայց մարդասպան Պերմյակովի անձը բնութագրելու, նրա գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար դա էլ է շատ կարեւոր հանգամանք։

Նույնքան կարեւոր, որքան հոգեբանների կողմից տրված եզրակացության գնահատականը, որում ռուս զինվորականը հստակ մեղսունակ է ճանաչվել, իսկ նրա սակավատմության վերաբերյալ դատավարական փաստաթղթերում տվյալներ չկան:

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։