Նոր որակ.- Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞ – Մագելանի քարանաձավի մասին.- µնապահպանության նախարարությունը վերապահում ունի, բայց կառավարությունը հաստատում է…

Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞

Մասնագետներն ասում են, որ Մագելանի քարանձավը հազվագյուտ էկոհամակարգ է, որ ոստան է հազարավոր չղջիկների համար: Չմոռանանք, որ չղջիկները մեր երկրի բնական համակարգի անօտարելի մասն են, այսինքն՝ բնական այդ համակարգի կայունությունը պահպանելու գործում առանձնահատուկ տեղ ունեն: Ի դեպ, այս անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, այստեղ են ապրում եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Բնապահպաններն ահազանգեցին, որ քարանձավը լուրջ վտանգի առաջ է հայտնվել եւ դիմեցին ՀՀ բնապահանության նախարարությանը՝ շտապ տեսչական ստուգումներ անցկացնելու «ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավում, որտեղ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձեռնաթեւավորների տեսակները»:

Իսկ մշակույթի նախարարությունը այն վարձակալության է տալիս՝ էկոնոմիկայի նախարարության ձեռքով անելով իր քանդարարությունը:

Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5343Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

* * *

Մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մենք քարանձավներն էլ կօգտագործենք: Գործադիր իշխանությունը հավանության է արժանացրել քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Դատելով այդ ծրագիրից, խոսքը նախ Մագելանի քարանաձավի մասին է: Այն ներկայացվում է իբրեւ Մագելի քարանձավ, որ կարստային քարանձավ է Հայաստանում, Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին (թեմայի մասին «Հայաստանի Հանրապետություն»-ում խոսել եմ)։

Իսկ Մագելան անունն էլ ոչ մի կապ չունի դպրոցական դասագրքերից մեր ճանաչած ճանապարհորդ Մագելանի հետ: Քարանձավը այդպես է կոչվել որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով 1980թ. որսին հետեւելով գտել է քարանձավը։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է մինչեւ 1,7 կմ խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ ուսումնասիրված չեն։ Մագելի քարանձավը նեոլիթի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ։ Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 14 աստիճան է: Քարանձավի մուտքն այնքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։ Այս քարանձավում ապրում են չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ 2005թ. քարանձավում գտել են 600 առանձնյակից կազմված Արաքսյան գիշերաչղջիկների մայրական գաղութ:  Նշվում է նաեւ, թե Մագելանի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Ճիշտ է, հազիվ մեկ մարդ է մուտքից կարողանում ներս մտնել, բայց անցուղին իր տարբեր հատվածներում նեղանում եւ ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մետր լայնության։ Անփորձ այցելուներն ու զբոսաշրջիկները, ցանկալի է, որ քարայր մտնեն փորձառու զբոսավարի հետ: Մասնագետներն ասում են, որ Մագելանի քարանձավը հազվագյուտ էկոհամակարգ է, որ ոստան է հազարավոր չղջիկների համար: Չմոռանանք, որ չղջիկները մեր երկրի բնական համակարգի անօտարելի մասն են, այսինքն՝ բնական այդ համակարգի կայունությունը պահպանելու գործում առանձնահատուկ տեղ ունեն: Ի դեպ, այս անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, այստեղ են ապրում եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։

Ի դեպ, դեռ 2 տարի առաջ՝ 2013թ. դեկտեմբերի վերջերին Մագելանի քարանձավի հետ կապված աղմուկ բարձրացավ, երբ մշակույթի նախարարությունն այն ուզում էր վարձակալության տալ:

Բնապահպաններն ահազանգեցին, որ քարանձավը լուրջ վտանգի առաջ է հայտնվել եւ դիմեցին ՀՀ բնապահանության նախարարությանը՝ շտապ տեսչական ստուգումներ անցկացնելու «ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավում, որտեղ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձեռնաթեւավորների տեսակները»: «Էկոլուրը» խնդրի վերաբերյալ որոշ ահազանգեր ներկայացրեց, ըստ որի, օրինակ «ՀՀ եւ ԼՂՀ կարստային քարանձավների կենսաբազմազանությունը» գիտական աշխատանքի հեղինակ Սեւակ Բալոյանը գրում էր, թե՝ «Հայաստանի կարստային քարանձավներում հանդիպում են 235 տեսակի կենդանիներ, սնկեր եւ բույսեր, որոնց գերակշիռ մասը կազմում են կենդանիները՝ 140 տեսակ: Ընդ որում, տեսակային հագեցվածությամբ առանձնանում է Մագիլի (այստեղ այդպես է նշվում քարանձավի անունը,- Ա.Մ.) քարանձավը՝ 81 տեսակ, որը պայմանավորված է կենսաբազմազանությամբ հարուստ Նորավանքի կիրճում քարանձավի գտնվելով»: Ձեռնաթեւավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը նկատել էր. «Չղջիկները թռչուններից վերցրեցին միջատների ոչնչացման էստաֆետան: Յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացնել մինչեւ 500 միջատ: Ահա եւ հաշվեք, թե ինչ կստանաք, եւ ինչից կարող եք զրկվել»,- ասել էր նա՝ միաժամանակ շեշտելով, թե «քիմիան վնասատուների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ»:

Իսկ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը չէր թաքցրել վրդովմունքը. «Ի՞նչ իրավունքով է մշակույթի նախարարությունը որոշել Մագելի քարանձավը տալ վարձակալության՝ հասկանալի չէ: Մագելի քարանձավը կենսաբազմազանությամբ ամենահարուստն է Հայաստանում: Այս իսկ պատճառով մշակույթի նախարարությունը նախեւառաջ պետք է դիմեր բնապահպանության նախարարությանը, քանի որ այնտեղ գրանցված ձեռքաթեւավորների (չղջիկների) տեսակների գրեթե կեսը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, իսկ մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի կենսաբազմազանության հետ»:

Մեկ տարի անց՝ 2014թ. այլ տեսակետներ հայտնվեցին համացանցում՝ լեռնագնացների, զբոսաշրջիկների, մի խոսքով օգտատերերի կողմից: Եվ շեշտադրումները հիմնականում այսպիսին էին. իսկ ինչու՞ չզարգացնել քարանձավային զբոսաշրջությունը: Օգտատերերը սկսեցին բերել տարբեր երկրների օրինակները, թեկուզ՝ հենց մեր հարեւան Վրաստանի, որտեղ զբոսաշրջիկները ապշում են քարանձավների գեղեցկությունից: Եվ խնդիրը ոչ թե այն է, որ քարանձավները ուզում են շահագործման տալ, այլ այն՝ որ վստահ չեն, որ համապատասխան մասնագիտական խումբը լավ կաշխատի: Մինչդեռ եթե մասնագիտական խումբը կանգնի շահագործողի գլխին եւ հսկի ամբողջ գործընթացը, քարանձավին ոչինչ չի սպառնա: Այս դեպքում եւ՛ քարանձավային տուրիզմը կզարգանա եւ՛ քարանձավը գրագետ կշահագործվի:

Ասեմ, որ Վրաստանի օրինակը մեր օրինակի հետ բնավ համեմատելի չէր, բայց սա առանձին թեմա է: Աշխարհում քարանձավներ կան, որոնք կարող են երկրին միլիարդների օգուտ բերել, բայց եթե մասնագիտական խումբը բերում է քարանձավի շահագործման հետեւանքով կենսամիջավայրի խաթարման փաստարկը, ապա միլիարդների թեման փակվում է:

Ինչեւէ, 2014թ. մեկ տարի անց՝ 2015թ. դեկտեմբերին քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը կառավարության հաստատմանը ներկայացվեց, եւ հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարությունը:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն, օրինակ, կարծում է, որ որոշման անհրաժեշտությունը բխում է հայկական զբոսաշրջային արդյունքի տարատեսակացման եւ մրցունակության բարձրացման, ինչպես նաեւ արդյունավետ օգտագործման միջոցով հուշարձանների պահպանության պետական քաղաքականության խնդիրներից. «Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով, արդյունքում ոչ միայն չի օգտագործվում դրանց ներուժը հայկական զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման գործընթացում, այլեւ վտանգված է նաեւ դրանց պահպանությունը: Մինչդեռ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները կարեւորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ են, եւ դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել թե՛ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, թե՛ համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը»:

Գուցե ինչ-որ տեղ օրինաչափ է. էկոնոմիկայի նախարարը, բնականաբար, պիտի մտածի եկամուտների ավելացման մասին: Բայց այ մշակույթի նախարարությունը…

Ասենք, որ համապատասխան ներդրողի ընտրության համար մրցույթ կկազմակերպվի (մրցութային հանձնաժողովում ընդգրկելով զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի ներկայացուցչին): Մրցույթի պայմաններում կընդգրկվի նաեւ հայտատուի կողմից ներկայացվող՝ քարանձավի օգտագործման ծրագիրը: Այս դեպքում պատասխանատու կատարողը մշակույթի նախարարությունն է, կատարման ժամկետը՝ 2016թ. մարտի 1-ին տասնօրյակը: 2016թ. հունիսի 3-րդ տասնօրյակում մրցույթում հաղթող ճանաչվածի հետ կկնքվի վարձակալության պայմանագիր՝ առնվազն 25 տարի ժամկետով, երկարաձգման հնարավորությամբ: Վարձակալության պայմանագրի կատարման վերահսկողությունը կարվի 2016-2018թթ. տարեկան մեկ անգամ: Կանեն մշակույթի եւ էկոնոմիկայի նախարարությունները (պա՜հ-պա՜հ):

Տեսնենք, թե ինչ կարծիքի է եղել բնապահպանության նախարարությունը: «Մագելի քարանձավը հանդիսանում է եզակի բնակության վայր Հայաստանի Կարմիր գրքում գրանցված եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված չղջիկների տեսակների համար: Այստեղ է բնակվում Հայաստանում հարավային պայտաքիթ տեսակի ամենամեծ բնական պայմաններում ինքնավերարտադրվող գաղութը, իսկ նշված քարանձավը հարավային պայտաքթի եւ այլ տեսակների համար ձմեռման վայր է: Քարանձավում հայտնաբերվել է Հայաստանի համար հազվադեպ տեսակ համարվող՝ Արաքսյան գիշերաչղջիկների մայրական գաղութը, ինչպես նաեւ ձեռնաթեւավորների կարգին պատկանող եւս մի քանի տեսակ (սովորական երկարաթեւ, Մեհելիի պայտաքիթ եւ ասիական լայնականջ): Հարակից տարածքում գոյություն ունեցող քարանձավներից ոչ մեկը հավանաբար չի կարող բնակության վայր լինել այդ տեսակների համար՝ համապատասխան էկոլոգիական պայմանների բացակայության պատճառով»: Բնապահպանության նախարարությունը նաեւ նշել է, որ՝ «Մագելի քարանձավի փորձը հնարավոր չէ կիրառել ՀՀ մյուս քարանձավների համար, յուրաքանչյուր քարանձավ յուրօրինակ է իր տեսակով»:

Բնապահպանության նախարարության առարկությունը մասամբ ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկի փորձը չի կարելի կիրառել մյուսների վրա: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր մոտեցմանը, ապա գործադիրը շեշտել է, որ «շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձեւավորվել է ընդհանուր ընկալում, որ քարանձավների (ներառյալ էկոհամակարգերի) պահպանության լավագույն միջոցը դրանց օգտագործումն է սահմանված պահանջներին ու նորմերին համապատասխան»:

Ինչպես ասում են՝ մշակույթի նախարարի դեմ խաղ չկա. չնայած սովետական բրիգադիրի կեցվածքով ու գործելաոճով «նախարարն» ինչու՜ պիտի հասկանա այն ամենից, ինչ ասում են բնապահպաններն ու մասնագետները:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։