12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (2-րդ մաս) – Բոգդան Գեմբարսկի / «Նամակներ աշխարհին» – Հայաստանի հաշվին Ռուսաստանը պատերազմում էր Պարսկաստանի, Պարսկաստանը՝ Թուրքիայի եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ…

Սկիզբը՝ թիվ 2-ում

http://www.hayary.org/wph/?p=5357 – 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

Պարզ բան է, որ վայրենիների այդ բոլոր հաշվեհարդարներին անընդհատ հետեւում էին տարաբախտ հայերի կոտորածները: Շատ բան չի փոխվել նրանց վիճակում դեպի լավը նաեւ հաջորդ հարյուրից ավելի տարիների ընթացքում (1502-1639), երբ Հայաստանը սկսեց ձեռքից ձեռք անցնել՝ պարսիկներից՝ օսմանյան թուրքերին եւ հակառակը: Ըստ որում, պարսիկները տեղահան էին անում հայերին սահմանամերձ շրջաններից՝ հրդեհելով նրանց տները, իսկ թուրքերը հրդեհում էին տները, բռնաբարում ու ստրկացնում էին ողջ մնացածներին:

1639թ. Հայաստանը վերջնականապես բաժանվեց երկու մասի՝ Արեւմտյան կամ Թուրքական եւ Արեւելյան կամ Պարսկական: Սկսեցին ստեղծվել երկու գրական բարբառներ՝ արեւմտահայերենը եւ արեւելահայերենը: Այդ բաժանումը մնում է մինչեւ օրս, միայն թե Պարսկահայաստանը (անհամեմատ փոքր) հետո անցավ ռուսական ցարական կառավարությանը, ինչի մասին ստորեւ խոսելու ենք, իսկ Թուրքահայաստանը (ամբողջ 9/10 մասը) թուրքերը դարձրին կատարյալ անապատ, այդ մասին նույնպես խոսելու ենք ստորեւ:

Հայերը որքան ուժ ունեին՝ պաշտպանում էին իրենց հողը: Վրացիների հետ մեկտեղ կրծքով դիմադրում էին մոնղոլներին, երկու անգամ ապստամբեցին նրանց դեմ (1249 եւ 1261թթ.): Բայց հետո երկար ժամանակ նրանք չունեին ո՛չ ուժ եւ ո՛չ էլ թափելու արյուն: Միայն ամենազարմանալի պատերազմի ժամանակ, որ Պետրոս Մեծի Ռուսաստանը մղում էր Պարսկաստանի դեմ, Պարսկաստանը՝ Թուրքիայի դեմ եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ, հայերի զորավար Դավիթ Բեկը երեք կռվող բանակի արանքում ստեղծեց հայկական տերություն, որը ճանաչվեց երեք կռվող պետությունների կողմից էլ: Սակայն այն գոյատեւեց շատ կարճ (1722-1730), այսինքն՝ մինչեւ Դավթի ժառանգ Մխիթարի դավադրական սպանությունը:  1828թ. Ռուսաստանը իր տարածքը մեծացրեց Պարսկահայաստանի մեծ մասի հաշվին, իսկ 50 տարի անց (1878) Թուրքիայից խլեց Ղարս եւ Արդահան հայկական մարզերը: Թվում էր, թե լիակատար անկախություն ստանալու հայերի երազանքները վերջապես իրագործվելու են: Բայց, ավա՜ղ, ցարական Ռուսաստանն ամենեւին միտք չուներ հարություն տալու Հայաստանին, թեեւ բազմիցս այդ խոստումներն արել էր Հայաստանին: Պարզապես հայկական հողերը միացրել էր իր տարածքին՝ որպես մի նոր նահանգ: Ու չգտնվեց մի նոր Բայրոն, որ հիշատակեր Հայաստանի մասին այնպես, ինչպես ինքը՝ Հունաստանի մասին: Հերթով ազատագրվեցին Ռումինիան, Սերբիան եւ Բուլղարիան: Իսկ Հայաստանի մասին այդ ամենահումանիստական 19-րդ դարում բոլորը մոռացել էին: 10-րդ անգամ էր դա, որ մոռացվել էր Հայաստանը:

Ճիշտն ասած՝ չմոռացողներ էլ կային: Բայց նրանք հայ ժողովրդի բարեկամներ չէին, այլ ուղղակի որոշ եվրոպական երկրների փաստաբաններ, որոնք, Հայկական հարցը խաղարկելով՝ իրենց համար հնարավորին չափ արտոնություններ էին պոկում Թուրքիայից: Ու այդ հարցով անվերջ գրգռում էին թուրքերին, մինչեւ որ հասցրին այն աստիճանին, որ հայ ժողովուրդը ահավոր գին վճարեց ոչ իր պարտքերի դիմաց:

Հայերը բնակվում էին ոչ միայն Թուքահայաստանում, այլեւ ցրված էին ամբողջ Անատոլիայում ու այն էլ դեռեւս բյուզանդական ժամանակներից: Առանձնապես շատ էին նրանք Կիլիկիայում՝ նախկին Ռուբինյանների եւ Լուսինյանների թագավորության տարածքում: Ւսկ բուն Անատոլիայի սահմաններից դուրս բնակություն էին հաստատել Սիրիայում եւ Լիբանանում ու նախ եւ առաջ հենց սուլթանի մայրաքաղաքում՝ Ստամբուլում (նախկին Կ.Պոլսում), որը 19-րդ դարում դարձավ թարքա-հունա֊հայկական մշակույթի մեծ կենտրոն: Ըստ որում՝ հայկական տարրը գերակշռում էր մտավոր ասպարեզում: Այստեղ է հենց զարգանում արեւմտահայ հոյակապ գրականությունը՝ Մերձավոր Արեւելքի ամենահետաքրքիր գրականություններից մեկը:

Ստամբուլը տարբեր պատճառներով դարձավ արեւմտահայերի հոգեւոր կենտրոնը, բայց գլխավորապես նրա համար, որ այն ժամանակ Թուրքահայաստանում ավելի մեծ քաղաք չկար: Մնացած քաղաքները ոչնչացված էին վայրենիների տիրապետության 800 տարիների ընթացքում՝ սկսած ամենավաղ՝ սելջուկ-թուրքերից մինչեւ ամենաուշ՝ օսման-թուրքերը:

Այնուամենայնիվ, երկու մեծ քրիստոնեական գաղութների առկայությունը Ստամբուլում փուշ էր թուրքական կառավարության աչքերում, մանավանդ որ օտար պետությունները օգտագործում էին այդ փաստը ոչ թե ազգային փոքրամասնություն կազմող հայերին եւ հույներին օգնության ցույց տալու, այլ՝ Թուրքիայի վրա ազդելու նպատակով, ստիպելով նրան, որ թույլ տա կոնցեսիաներ իր երկրում եվրոպական կապիտալի համար: Գնալով թուրքերի մեջ աճում էր ատելությունը քրիստոնյաների նկատմամբ…. Սկսվեցին կոտորածները: Միայն թե այդ ատելությունը դրդողներն ու գրգռողները օտարերկրացիներ էին, իսկ զոհ էին դառնում այն անմեղ քրիստոնյաները, որոնց միայն կարելի էր անպատիժ սպանել: 19-րդ դարի 1-ին կեսին դա գլխավորապպես հույներն էին, իսկ 1876թ.-ից՝ հայերը:

Հայերի անտանելի կյանքը թուրքական տիրապետության ներքո 1915թ. հասել էր իր գագաթնակետին, երբ տանջալի մահվան դատապարտվեց համարյա ամբողջ արեւմտահայ ժողովուրդը: Իրենց անկախությունը կորցնելուց հետո 870 տարի (1045-1915) տառապում էին նրանք այնպիսի տանջանքների մեջ, ինչպիսիք չի ճանաչել աշխարհիս ոչ մի ժողովուրդ: Բացի, գուցե, միայն հրեաներից: Բայց հրեաները Երուսաղեմի անկումից անմիջապես հետո լքեցին հայրենի հողը՝ հնարավորություն ունենալով գոնե իրենց համար բնակավայր ընտրել: Եվ ամեն տեղ չէ, որ վատ էր նրանց համար:

Այսօր, ճիշտ է, աշխարհով մեկ ցրված են գաղթած հայերը: Բայց 1915թ. առաջ թուրքահայերի ճնշող մեծամասնությունը մնում էր իր հայրենիքում: Դրանք գյուղացի հողագործներ էին: Եթե գաղթում էր այդ գյուղացին, ապա դեպի Ստամբուլ կամ դեպի Լիբանանի քաղաքները՝ նույն թուրքական կառավարության սահմաններում: Քաղաքներում նրանք աշխատում էին որպես բանվորներ կամ արհեստավորներ: Ոմանք զբաղվում էին առեւտրով եւ հակառակ տարածված բամբասանքների՝ եղել են ազնիվ առեւտրականներ: Համենայն դեպս, այդպիսի համբավ վաստակել են նրանք իմ հայրենիքում՝ Լեհաստանում:

Շատ հայեր իրենց նվիրեցին մանկավարժական եւ մշակութային ստեղծագործ աշխատանքին: Նրանք մեծ արտիստներ են եղել արվեստի յուրաքանչյուր ճյուղում. նրանցից դուրս են եկել հանճարեղ բանաստեղծներ ու արձակագիրներ. մեծ երաժիշտներ, ակնառու նկարիչներ, հոյակապ շինարարներ, իսկ ամենից առաջ՝ ազնիվ աշխատավորների եւ հմուտ, բարեխիղճ արհեստավորների հսկայական մի զանգված: ժամանակակից աչքի ընկնող հայ բանաստեղծ Պարույր Սեւակը իրավամբ ասում է.

«Իսկ երբ ստիպված մեր հողն ենք թողել.

Ուր էլ հասել ենք, որտեղ էլ եղել,

Ջանացել ենք մենք ամենքի համար,

Շինել ենք կամուրջ, կապել ենք կամար…»:

Խնդրում եմ միշտ հիշել, որ Թուրքահայաստանի կազմում էր պատմական Հայաստանի 9/10 մասը: Դրա համար էլ, ահա, ոչ թե Պարսկական Հայաստանում (ուր վերաբերմունքը հայերի նկատմամբ անհամեմատ ավելի լավ էր), այլ հենց այստեղ բյուրեղացավ այն, ինչը որ 19-րդ դարի հրապարակախոսությունը անվանել է Հայկական հարց:

Այս տերմինը կյանք առավ Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ 11-ի գահակալության ժամանակից (1876թ.), որը 33 տարվա ընթացքում, այսինքն համարյա մինչեւ իր գահընկեցությունը (1909թ.) հասցրեց իրագործել 8 մեծ կոտորած. դրանցից ամենամեծի ժամանակ սպանվեց շուրջ 300 հազար հայ: Հայերին կոտորում էին թուրք կառավարության կողմից գրգռված քրդերը թուրք հասարակության տականքների հետ միասին: Թուրք գյուղացիները հիմնականում կոտորածներին չէին մասնակցում, հասարակ թուրք ժողովուրդը բնավ չար չէ եւ ընդհանրապես կարողանում էր խաղաղ ապրել քրիստոնյա ժողովուրդների հետ: Եվ ընդհակառակը, սարսափելի չարացած էին այն մարդիկ, որոնք դրանից առաջ եւ դրանից հետո կառավարում էին Թուրքիան:

Հենց նոր նշեցի, որ եղել է 8 կոտորած, որոնցից ամենամեծի ժամանակ սպանվել է շուրջ 300 հազար հոգի: Որքան հեշտ է գրել այդ մասին: Բայց ինչ սարսափելի բովանդակություն են պարունակում այդ խոսքերը: Այսպես, եթե գիշերը նայենք աստղալից երկնքին, ապա հասարակ աչքով ամբողջ երկնակամարում կարող ենք տեսնել շուրջ 4000 աստղ…

Եթե դրանք միայն մեկ կոտորածի ժամանակ սպանված հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների մարմինները լինեին, ապա 75 անգամ ավելի պետք է լինեին, քան երկնքում մեր տեսած աստղերը:

Ու հիշիր միաժամանակ, որ այն ժամանակ արդեն դա փոքրաթիվ, հազիվ մի քանի միլիոնանոց քրիստոնյա ժողովուրդ էր, որը հարյուրամյակների ընթացքում հրաշքով պահպանում էր իր կյանքը՝ ապրելով ու պայքարելով հավատքի, լեզվի, մշակույթի եւ ամեն տեսակետից իրեն օտար մուսուլման միջավայրում:

Վերեւում հիշատակեցի արդեն, որ եվրոպական տերությունները խառնվում էին հայկական հարցին, միջամտում էին նաեւ այն ժամանակ, երբ նրանց միջամտությունը բնավ հարկավոր չէր ու միայն թուրքերին գրգռում էր հայերի դեմ: Բայց այդ հարցին խառնվող ոչ մի պետության կառավարություն այդ խնդիրը չդրեց ճիշտ հողի վրա, այսինքն չպահանջեց, չառաջարկեց անգամ թուրքական Հայաստանը վերածել անկախ պետության: Մինչդեռ այն ժամանակ կային արդեն անկախ պետություններ՝ Հունաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Բուլղարիան եւ Ռումինիան, հետո շուտով նաեւ Ալբանիան, որոնք առաջ պատկանում էին Թուրքիային: Գուցե չէին ուզում բարկացնել ցարական Ռուսաստանին, որը հույս ուներ մոտիկ ապագայում գրավել այդ տարածքները, ընդհուպ մինչեւ արաբական սահմաններ: Կամ գուցե ինչ-որ այլ պատճառներ կային: Բավական է, որ աշխարհը մոռացավ 30 հարյուրամյա հայկական պետության ավանդության մասին: Եվ դա նրա 11-րդ մոռացությունն ու աններելի սխալն է:

Չեմ կարծում, թե աշխարհիս երեսին գտնվեր որեւէ ուրիշ ժողովուրդ, որը ի վիճակի լիներ այդքան երկար դիմանալու անընդհատ շարունակվող արյունահեղությանը, ինչպես դիմացան հայերը 9 դարերի ընթացքում, տանելով, միաժամանակ, մշտական արհամարհանքը: Չէ որ վայրենի արշավողները (բացի մոնղոլներից) եղել են մոլի մուսուլմաններ եւ քրիստոնյաներին ավելի վատ էին նայում, քան շներին: Հոգու ինչպիսի տոկունություն էր պետք այդպիսի պայմաններում կրոնափոխ չլինելու համար: Չէ որ դա այնքան հեշտ բան չէր: Ու միանգամից կարելի էր ունենալ հանգիստ կյանք, եւ նույնիսկ արտոնյալ պաշտոն սերնդից սերունդ մուսուլմանների մեջ: Չնայած դրան՝ կրոնափոխության դեպքերն այստեղ այնքան հազվադեպ են պատահել, որ գրեթե նշումներ չկան այդ մասին:

Սակայն կոտորածները միակ ջրանցքը չէր, որով արտահոսում էր հայի արյունը: Երկրորդը ենիչերական այն զորագնդերն էին, ուր տանում էին ամեն տասներորդ հայ տղային, եւ այդ տղաները, պարզ բան է, արդեն մեկընդմիշտ կորած էին ժողովրդի համար: Եվ, վերջապես, երրորդ ամենալայն ջրանցքը եղել է ամենագեղեցիկ աղջիկների փախցնելը համարյա 1000-ամյակի ընթացքում:

Իսլամը տղամարդուն ոչ մի սահմանափակում չի անում կյանքի ընկերուհի կամ ընկերուհիներ ընտրելու մեջ: Իսկ քանի որ Թուրքահայաստանում չի եղել մի անկյուն, ուր չպտտվեին գոնե մի քանի մուսուլմաններ՝ քրդեր կամ թուրքեր միշտ լավ զինված ու կռիվների պատրաստ, ապա սպառնալիքներով թե զենքի ուժով քրիստոնյաներից ամենագեղեցիկ կանանց խլելը օրակարգի խնդիր էր: Հայ մորից եւ թուրք հորից ծնված տղան դաստիարակվում էր որպես թուրք՝ հպարտանալով իր «ասպետական» ծագումով եւ արհամարհելով խաղաղ տրամադրված մոր ժողովուրդը: Սակայն դա հսկայական ազդեցություն է ունեցել նոր սերունդների ռասսայական պատկանելության վրա: Այդ նոր սերունդների մայրերը, հաճախ նաեւ տատերն ու նախատատերը հայուհի են եղել: Չէ որ թուրքերը, երբ Աստված նրանց ստեղծեց եւ բերեց Անատոլիա, ունեին շեղ աչքեր եւ դուրս ցցված լայն այտոսկրեր: Իսկ այսօր բավականին գեղեցիկ ժողովուրդ են, որովհետեւ հայերից խլեցին նրանց սեփական արյունն անգամ:

Սակայն հակառակ բազմաջրանցք հուներով հայկական արյան անընդհատ արտահոսքին, հակառակ մեծամեծ կոտորածներին եւ մշտական արհամարհանքին, հայ ժողովուրդը ջղաձգորեն իր սպառվող ուժերի մնացորդներով ամուր կառչում էր իր հավատքին ու իր լեզվին: Մեկ ուրիշ ժամանակակից հայ բանաստեղծ Գեւորգ էմինը համեմատում է նրան խաղողի վազի հետ, որն իր արմատները խրել է կարծր ժայռի մեջ ու սնվել այդ ժայռով:

Աբդուլ Համիդի արյունարբու կառավարության անկման պահին, այսինքն 1909թ., հակառակ ամեն բանի, ամբողջ աշխարհում դեռ կար հինգ միլիոն հայ (Թուրքիայում մոտ 4 միլիոն): Բայց մոտալուտ պատերազմի մթնոլորտում աշխարհը դադարել էր նրանցով հետաքրքրվել՝ թողնելով նրանց երիտթուրքերի կուսակցության «պրոգրեսիվ ու լիբերալ» փոքրամասնության հոգատարությանը, այն կուսակցության, որն այն ժամանակ խոստանալով «միություն եւ առաջադիմություն», անցավ իշխանության գլուխ: Եվ դա եղավ իր հետեւանքներով ամենասարսափելի 12-րդ սխալը:

Բոգդան Գեմբարսկի / «Նամակներ աշխարհին»

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։