Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

Բոլորս ենք հիշում այդ սարսափազդու օրը, երբ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականը 2015թ. հունվարի 12-ին սպանեց մի ամբողջ ընտանիք՝ մեծից փոքր։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվեց ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով փորձել էր անցնել Թուրքիայի տարածք (մտածելով՝ թե կհերոսանա այնտեղ, հետո էլ՝ Բաքվում կվայելի կյանքը…): Ասում են՝ ռուս սահմանապահներն են նրան հայտնաբերել հենց սահմանին, բայց այլ կարծիք էլ կա, որ սահմանային գոտի գնալիս գյումրեցիներն են նկատել նրան:

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

Ինչեւէ, զենք հափշտակելու եւ դասալքության համար դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործն էլ հանձնվել է հայկական կողմին եւ քննվում է առանձին:

Ինչպես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, զլմ-ներին թույլ էր տրվել մեքենաներով ընդհուպ մոտենալ ռազմակայանի գլխավոր անցակետին։

Նշենք, որ 2-րդ նիստը նույնպես արտագնա էր, այն անցկացվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում: Դահլիճի դիմաց տեղադրված էին հատուկ վրաններ՝ քաղաքացիների ու լրագրողների համար, որտեղ կային մոնիտորներ՝ նիստին հետեւելու նպատակով։ Ավետիսյանների հարազատները եւս մասնակցել են արտագնա դատական նիստին, չնայած նախապես բոյկոտել էին, քանի որ արտագնա էր: Բայց խորհրդակցելով փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մասնակցեցին:

Բավարարվել էր նրանց պահանջը՝ դատարանի դահլիճում հատուկ աթոռներ ու սեղաններ էին տեղադրված ընտանիքի փաստաբանների ու իրավահաջորդների համար։ Օրեր առաջ էլ Ավետիսյանների հարազատները նշել էին, որ նորմալ պայմանների բացակայության դեպքում կլքեն դատարանի դահլիճը, ինչը հաշվի էր առնվել կազմակերպիչների կողմից: Ռազմակայանի տարածքում նվազագույնի է հասցվել ռուս զինվորների ներկայությունը, անցակետի մոտ մարդկանց եւ լրագրողների շփումը միայն հայ ոստիկանների ու Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կարգադրիչների հետ էր։  Հենց սկզբում Վալերի Պերմյակովի գործով կողմերը միջնորդեցին, որ դատավարությունը տեղափոխվի Գյումրիի Ազատության հրապարակ 7 հասցեում գործող դատարանի շենք: «Մեզ լսելի չեն Պերմյակովի խոսքերը, չենք տեսնում նրա դեմքը, միմիկան, չենք հասկանում՝ ինչ է նա զգում, հոգեբանական ինչ ապրումներ ունի, ինչը կարեւոր է դատավարության կողմերի համար: Մենք նույնիսկ վստահ չենք, թե արդյոք կան դատավորի համար լավ պայմաններ, համոզված չենք, որ միայնակ կգտնվեք խորհրդակցական սենյակում եւ վստահ չենք, որ միայնակ, առանց ռուս իրավապահների, դուք որոշումներ կկայացնեք»,- դիմելով նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանին, միջնորդությունը ներկայացրեց իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Շարունակելով ներկայացնել միջնորդությունը՝ նա ասաց, որ Պերմյակովի՝ ռուսական ռազմաբազայի կալանատանը լինելը «նախաքննության պաշտպանության էական թերություն է»: Ավելին, իրավապաշտպանը վստահ է, որ դատարանը նպաստում է ոչ արդյունավետ դատավարության անցկացմանը, քանի որ Պերմյակովը կաշկանդված կլինի ցուցմունքներ տալու հարցում: «Արտագնա նիստ անցկացնելու որոշումը մեզ մոտ կասկածներ է առաջացնում, որ մեղադրյալ Պերմյակովը կաշկանդված կլինի ցուցմունքներ տալու հարցում, քանի որ սպայական անձնակազմը ազատ ելումուտ ունի եւ կարող են ճնշումներ գործադրել ամբաստանյալի վրա»,- նկատել տվեց իրավապաշտպանը:

Կողմերը միացան միջնորդությանը: Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ լրագրողների համար եւս այս դահլիճում բարենպաստ պայմաններ ստեղծված չեն: Մյուս փաստաբան Երվանդ Վարոսյանը եւս նկատեց, որ իրավական որեւէ հիմնավորում չկա, որ արտագնա նիստ անցկացնելու որոշում է կայացվում: «Բացի այդ, մեկ հարց է ինձ հետաքրքրում՝ ինչո՞ւ պետք է մեր պետությունը հավելյալ ծախսեր կատարի, որ դատավարությունն անցկացվի ռուսական ռազմաբազայում: Մենք արդեն 2-րդ անգամ է, տեսնում ենք, որ դատական դեպարտամենտը մեծ կազմով ու փաստաթղթերով գալիս է հասնում այստեղ ու հարց է առաջանում՝ ինչու»,- նշեց փաստաբան Վարոսյանը:

Ամբաստանյալ Վալերի Պերմյակովին էլ հարցրեցին՝ ինչ կարծիք ունի դատարանի տեղափոխության հարցի վերաբերյալ, ինչին մեղադրյալը արձագանքեց. «Ինձ համար ոչ մի տարբերություն»:

Դատավոր Հարություն Մովսեսյանը կողմերին լսելուց հետո անցավ խորհրդակցական սենյակ: Այնուհետեւ Պերմյակովի դատավարությունը հետաձգվեց մինչեւ հունվարի 29-ը՝ ինչ-ինչ փաստական հանգամանքների պատճառաբանությամբ: Դատարանում պետք է ցուցմունք տային տուժողի իրավահաջորդները, սակայն նրանք իրենց այդքան էլ լավ չէին զգում, անգամ շտապ օգնության աշխատակիցները ներս եկան եւ դատավորը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստին կշարունակվի նրանց հարցաքննությունը: Պետք է նշել, որ վկաների հարցաքննության ընթացքում նրանց ձայնը չէր լսվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ միջնորդությունը ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ այն անձինք, ովքեր դեռեւս սույն քրեական գործի շրջանակներում պետք է ցուցմունք տան, հնարավորություն չունեն տեղեկանալու, թե ինչ փաստական հանգամանքների մասին է խոսվել:

Դատական գործով կողմերը նորից պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապահովել բավարար պայմաններ՝ նորմալ շենքում նիստն անցկացնելու, ինչը թույլ կտա, որ «Պերմյակովը հնարավորություն ունենա նորմալ ցուցմունքներ տալ, առանց կողմնակի միջամտությունների»:

Ներկա խիստ պայմաններում Ավետիսյանների հարազատների ինքնազգացողությունը վատացել էր: Ի դեպ, ի տարբերություն մեկ ամիս առաջ տեղի ունեցած 1-ին նիստի՝ մարդասպանին այս անգամ դահլիճ բերեցին հայ կարգադրիչները եւ ոստիկանները: Արտագնա 2-րդ դատական նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով, երբ դահլիճ բերվեց Պերմյակովը, Ավետիսյանների հարազատները չդիմացան, փորձեցին հարձակվել նրա վրա եւ հարվածել, բայց կարգադրիչներին հաջողվեց ետ պահել նրանց։

Դառնալով վերոնշյալ միջնորդությանը՝ նշենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում կայացած Պերմյակովի գործով դատական նիստում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ դատական նիստը հայկական դատարանի շենքում անցկացնելու մասին:

«Դուք պնդեցիք ձեր որոշումը՝ առանց հիմնավորման, առանց որեւէ փաստական հիմնավորման»,- միջնորդության մասին որոշումը լսելուց հետո հայտարարեց իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նա դատարանից կես ժամ ժամանակ խնդրեց դատավորի եւ մեղադրանքը պաշտպանող դատախազի վերաբերյալ բացարկի միջնորդության տեքստը կազմելու համար: Կողմերը չառարկեցին, եւ դատավորը հայտարարեց կես ժամ ընդմիջում: Եվ ապա դատավարությունը հեթական անգամ հետաձգվեց:

Առայժմ հնարավոր չէ լիարժեք գնահատական տալ, թե դատարանում ընդհանուր քննությունն ինչպես է ընթանում, արդյո՞ք չկա կողմնակալություն։ Այն հանգամանքը, որ քննությունը տեղի է ունենում «ոչ հայկական տարածքում», կարծես թե զուտ դատավարության գործընթացին է առնչվում, սակայն դա այնքան էլ այդպես չէ ու հարցերը հենց այստեղից են առաջանում: Թվում է՝ առայժմ դատավարական գործընթացը բավարար է, բայց գերազանց կընթանար, եթե իսկապես դատական նիստը շարունակվեր Գյումրիի Ազատության հրապարակ 7 հասցեում գործող դատարանի շենքում, ինչպես միջնորդել էին դատական գործով կողմերը:

Եվ շատ կարեւոր է, որ դատավարության ընթացքը հեռու մնա Վալերի Պերմյակովի ընտանիքի պաշտած աղանդի կողմը նայելուց… Ի՞նչ կապ ունի սատանայի հետ կնքած պայմանագիրը մի ամբողջ ընտանիքի սպանության հետ, երբ մարդասպանը պիտանի է բանակայինն ծառայությանը եւ հոգեկան խնդիրներ չունի:

Այժմ ռուսական կողմին նաեւ հուզում է, թե արդյո՞ք գյումրեցիները դատին զուգընթաց պատրաստ են բողոքի ցույցերի անցնելուն: Ակտիվիստները չեն բացառում, որ հնարավոր է հանրահավաքներ լինեն ռազմաբազայի տարածքում, քանի որ անհեթեթություն է այն, որ դատական նիստը անցկացվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորական դատարանում։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի՝ դեռ 2015-ի դեկտեմբերի 9-ի «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ հաստատել է, որ քրեական գործը Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամբ պիտի կայանա ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։