Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն (2-րդ մաս) – Սա նաեւ ազգային առողջապահության խնդիր է… Հայկական գինին Եվրոպա մտավ – Եվ արագ ծավալվելու խնդիր կա…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=5388Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն (1-ին մաս).- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը

Աշխարհի միտումը ցույց է տալիս, որ, ինչպես նախորդիվ ասացի, օրգանական գյուղատնտեսությունն այլընտրանք չունի. ԵՄ երկրներում օրեցօր ավելանում է այն սպառողների քանակը, ովքեր գնում են օրգանական մթերք՝ արտադրված առանց պարարտանյութերի։ Հիշեցնենք՝ ԵՄ երկրներում օրգանական գյուղատնտեսական տարածքները վերջին 10 տարվա ընթացքում տարեցտարի ավելանում են՝ տարեկան մոտ 8 տոկոսով (4,3 մլն հա-ից հասել են 7,6 մլն հա-ի)։

Նկատեմ նաեւ, որ իմ մասնավոր հարցումները ցույց տվեցին, որ հայկական օրգանական արտադրանքի հնարավորությունների մասին արտերկրում նույնիսկ ավելի շատ գիտեն, քան մենք պատկերացնում ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարողանում եվրոպական շուկայում ամուր ոտք դնել։

Պատասխանը պարզ է՝ ստանդարտների համապատասխանության խնդիր կա։

Հիշենք մեր գինու պատմությունը։ Որակական չափանիշների «քննությունն» անցել էինք, բայց գինու շշերի խցանները «փչացրին» ամեն ինչ, քանզի պատրաստված չէին ըստ անհրաժեշտ տեխնոլոգիաների (թեեւ քաղաքական ենթատեքստը չենք բացառում)։ Մեր երկիրը օրգանական գյուղատնտեսության մասին օրենք ունի, որով նախատեսվում է ոլորտի պետական աջակցություն, մասնավորապես՝ նորամուծությունների (ինովացիաների), ինչպեսեւ արդիական տեխնոլոգիաների ներդրմանն օժանդակում, միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանում եւ այլն։ Օրենքից զատ, մինչեւ 2020թ. գյուղատնտեսության ռազմավարությունն էլ է քայլեր նախանշում։

Ըստ այդմ, վստահություն կա (մասնագետները համենայն դեպս չեն ժխտում), որ մեր երկրում առկա են որոշակի պայմաններ առավել բարձր ավելացված արժեք ապահովող օրգանական սննդամթերքի արտադրության զարգացման համար։ Գուցե այսօր ավանդական գյուղատնտեսությանը վերադառնալը անհնար թվա (հասկանալ՝ դժվարության իմաստով), բայց միանշանակ արժե՝ հանուն առողջության, հողի որակի բարելավման, շրջակա միջավայրի պահպանման եւ վերջապես՝ հանուն սերնդի առողջ գենի պահպանման։  Որ պետք է օր առաջ անցում կատարել կամ, որ ավելի ճիշտ է, վերադառնալ օրգանական գյուղատնտեսությանը, արդեն ոչ միայն ԵՄ երկրներն են խոսում, այլեւ ՌԴ ագարակատերերն են ահազանգում։ Նրանց անհանգստացնում է այն, որ աշխարհում գրեթե մաքուր եգիպտացորեն չի մնացել։ Կանադան ամբողջ աշխարհին, այդ թվում եւ՝ ՌԴ-ին կերակրում է եգիպտացորենանման օրգանիզմով, որը վաղուց եգիպտացորեն չէ, այլ, ինչպես իրավացիորեն նշում են ռուսաստանցի գյուղատնտեսությամբ զբաղվածները, գենետիկորեն ձեւափոխված ինչ-որ մի բան, որ եգիպտացորենի տեսքն ունի։ Կանադան, ի դեպ, չի հերքում՝ ասելով, թե ԳՁՕ-ացված սնունդը վնաս չէ, այլ ընդամենը, «ընտրասերված, ցրտա եւ չորադիմացկուն սորտ է»։ Ֆրանսիացի ագարակատերերը նույնպես օր առաջ ուզում են անցնել օրգանական գյուղատնտեսության, բայց դրա համար պետության կողմից քաղաքական կտրուկ որոշումներ են ուզում։ Բանն այն է, որ նրանց միացել են նաեւ գիտնականներ, ովքեր փորձերով ապացուցում են, որ ԳՁՕ-ացված սնունդը վնասակար է մարդու առողջությանը։

Հարց է առաջանում՝ ուզում են, թող անցնեն, ինչո՞ւ են սպասում քաղաքական որոշման։

Դրա բացատրությունն էլ կա։

Պարզվում է՝ ԳՁՕ-ացված սնունդ պարունակող հողատարածքը, եթե նույնիսկ հեռու է մաքուր հողատարածքից, ապա որոշ ժամանակ անց մաքուր տարածքին զրկում է «բնական ձայնի իրավունքից»՝ վերջինիս նույնպես կեղտոտելով։ Այսինքն, եթե լինի պետական որոշում, ԳՁՕ-ացված մթերքի եւ՛ արտադրությունը, եւ՛ ներկրումը կարգելվի (մենք այս խնդիրներն առիթով քննարկել ենք, ուստի հիմա անդրադարձ չենք անի)։

Ստացվում է՝ բոլորն ուզում են, բայց ոչ ոք չի համարձակվում, քանզի մտածում է, որ սննդի պակաս կարող է առաջանալ՝ շղթայական խնդիներով հանդերձ։ Թեեւ կան լուրջ գիտնականներ, ովքեր ճիշտ հակառակն են ապացուցում՝ ընդ որում, հստակ հաշվարկներ ներկայացնելով, բայց նրանց ձայնը կարծես դեռ գերակշիռ չէ։ Չնայած վերջին տարիների միտումները ցույց տվեցին, որ գոնե ԵՄ-ն համակարծիք է մի հարցում. եթե ոչ միանգամից, ապա փուլերով պետք է անցում անել օրգանական գյուղատնտեսությանը։

Դատելով այն վիճակից, որ մեր երկիրն այդքան էլ կեղտոտված չէ, եւ գյուղատնտեսությունը համեմատաբար ավելի մաքուր է այլ երկրների նույն ոլորտների համեմատ, մեր հնարավորություններն ավելի են մեծանում։ Որովհետեւ օրգանական գյուղատնտեսությունը ենթադրում է նաեւ մաքուր հող, իսկ մերը դեռ այդքան էլ չի կեղտոտվել, եւ մաքուր ջուր, ինչի պակասից կարող ենք չբողոքել։

Ուրեմն՝ եթե պետք է օր առաջ սկսել օրգանական գյուղատնտեսությանն անցնելը, ապա այս համապատկերում եւ, ընդհանրապես, գյուղատնտեսական ռիսկերի մեղմացումն օրախնդիր է դառնում։ Նկատի ունենանք. թե՛ գյուղացիները եւ թե՛ մասնագետները համակարծիք են այս խնդրում։ Հայաստանում գյուղատնտեսությունը բավականին ռիսկային ոլորտ է։ Եվ սա այն խնդիրն է, որ առանց պետական կարգավորման հազիվ թե լուծվի։ Գյուղատնտեսության նախարարությունը ահա այդ ռիսկային գյուղատնտեսության պայմաններում նախատեսում է ռիսկերի կանխատեսման, հնարավորինս կանխարգելման եւ հետեւանքների հաղթահարման հետեւյալ ուղղությունները (մինչեւ 2020թ. ռազմավարությունում նախանշված են դրանք). 1. գյուղատնտեսության փոխադարձ ապահովագրության համակարգի ներդրման աջակցություն, 2. հակակարկտային համակարգի վերականգնման փորձնական ծրագրի իրականացում (այս ոլորտում քիչ թե շատ քայլեր արդեն արվում են, ուղղակի դրանք դեռ լիովին համակարգված չեն), 3. ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրում, 4. երաշտի եւ սակավաջրության պայմաններում ոռոգման ջրի օգտագործման կանոնակարգում, 5. հակահեղեղային եւ սողանքների կանխարգելիչ միջոցառումների իրականացում, 6. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կանխատեսման ու ծրագրավորման համակարգի ներդրում։

Եթե ընդունենք, որ հակակարկտային համակարգի ներդրումը զգալի գումար ունեցող մասնավորի գործն է, ապա ջրախնայողական տեխնոլոգիաներ կարող է կիրառել եւ գյուղացիական տնտեսությունը, ընդ որում՝ ոչ խոշոր։ Ընդունենք, որ երբ խոսում ենք գյուղատնտեսության զարգացումից, պետք չէ միայն կենտրոնանալ խոշոր ագարակատերերի խնդիրների վրա, խոշոր ագարակատերն իր միջոցներով առանց այն էլ կարող է անգամ սեփական հակակարկտային կայանն ունենալ ու ջրախնայողական տեխնոլոգիաներ կիրառել։ Խոսքը միջին ու փոքր գյուղացիական տնտեսության մասին է, որ ուզում է սեփական ոտքերի վրա ամուր կանգնել։ Այս վերջինն, իհարկե, հակակարկտային կայան ունենալ չի կարող, բայց ջրախնայողական տեխնոլոգիա կարող է կիրառել, ինչն, ի դեպ, կբերի ծախսերի կրճատման։ Կարող է, եթե շրջանառու միջոցներ ունենա։ Կրկին հանգում ենք ագրարային ոլորտի վարկավորման բարելավման խնդրին։ Սա այն է, ինչի մասին թե գործադիրը եւ թե գյուղնախարարությունը հնչեցնում են (պարբերաբար նաեւ վարկերի մարման ժամկետներն են երկարաձգվում) հատկապես բանկային վերջին զարգացումների ֆոնին՝ կապված ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված նոր տնտեսական ռեժիմին անցման հետ։

Անդրադառնանք այն հարցին, թե ինչ հաջորդական քայլերով է գործադիրը մտադիր բարելավել այդ ոլորտի վարկավորումը։

Ըստ այդմ, գյուղատնտեսության վարկավորման գործընթացում կկարեւորվի գրավադրման մեխանիզմների բարելավումը՝ մասնավորապես գրավի առարկայի շրջանակի ընդլայնումը, ինչպես նաեւ մատչելի տոկոսադրույքի եւ վարկավորման ժամկետների ապահովումը, պետական երաշխիքների տրամադրումը։ Մեր երկրի մարզերում նախընտրելի արտադրական ուղղություններով գյուղատնտեսական եւ գյուղատնտեսական հումքի վերամշակման տնտեսավարող սուբյեկտների կարողություններն ուժեղացնելու եւ նոր սուբյեկտներ ձեւավորելու նպատակով պետական աջակցության կարեւոր գործոն է նպատակային վարկավորումը։ Վարկավորման նպատակով կօգտագործվեն գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի եւ գյուղական ձեռնարկությունների ու փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի վերավարկավորման վարկային միջոցները։ Իսկ վարկերի մատչելիությունը բարձրացնելու նպատակով կիրականացվեն վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման տարբեր ծրագրեր, որոնք կուղղվեն ոլորտում նպատակային քաղաքականության իրականացմանը:

Նկատի ունենանք նաեւ, որ գուցե պետության ջանքերը կրկնապատկելու կարիք լինի, եթե օրգանական գյուղատնտեսության անցնելը ծավալային բնույթ ստանա (մասնավոր հաջողված օրինակներ կան, բայց դրանք, դարձյալ ծավալային առումով, երանգ չեն փոխում)։

Արմենուհի Մելքոնյան

Առաջին լուսանկարը՝ հեղինակի պահոցից: Պատկերված է երեւանյան մեր՝ հանրային այգու մաքուր, անգամ առանց պարարտանյութի, պտղակալած բալենին:

Երկրորդ լուսանկարը քաղված է համացանցից՝ ի զգուշացումն այն օրվա, որին չպետք է հասնենք, այլապես ստիպված ենք լինելու համտեսել ԳՁՕ-ի հետեւանք փայտակալած հատապտուղներ:

Հ.Գ. – խմբ. կողմից – թեման բաց է քննարկման համար:

Հայկական գինին Եվրոպա մտավ…

Հայաստանի զարգացման հիմնադրամից փետրվարի 29-ին տեղեկանում ենք, որ 2015թ. հունիսի 11-ին Բրյուսելում հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց՝ 2016թ. հունվարին Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը՝ 23 տեսակի 10 000 շիշ գինի եւ 12 տեսակի 1700 շիշ կոնյակ։

Համաժողովից հետո բելգիական With Us ընկերությունը դիմել էր խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների եւ կաշվե իրերի տեսականուն:

With Us-ը մտադրություն էր հայտնել կազմակերպել հայկական գինիների ներմուծումը Բելգիա եւ Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Համաժողովից քիչ անց, հուլիսի 16-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը ԵՄ-ում Հայաստանի առեւտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է With Us-ի տնօրենի այցը Երեւան։ Այստեղ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումների ու քննարկումների արդյունքում արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» եւ «Նոյ» ընկերությունների հետ:

Հայկական արտադրանքի վաճառքն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված ինտերնետային կայքի միջոցով:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպանությունում, Հայաստանի եւ Բելգիայի միջեւ գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառմանը, փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել նշյալ հիմնադրամի եւ Վալոնիայի արտահանման ու ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության, Բրյուսելի առեւտրի պալատի միջեւ:

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։