Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

Սկիզբը՝ թիվ 6-ում

http://www.hayary.org/wph/?p=5433Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Նախորդիվ տեղեկացրինք, որ բնապահպանության նախարարությունը մշակել է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը եւ դրա վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն կա արդեն: Եվ որպեսզի ավելի պարզ դառնար մեր ընթերցողին, թե ինչ կարգի խնդիր ունենք լուծելու, ներկայացրեցինք Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման տարածքի (ՋԿՏ) հիդրոլոգիական եւ հիդրոերկրաբանական ընդհանուր բնութագիրը:

Ըստ այդմ, այժմ կփորձենք հասկանալ, թե ամբողջ ջրավազանային կառավարման տարածքից ինչքա՞նն է օգտագործելի ջրային պաշարը:  Մասնագետները Արարատյան ՋԿՏ-ի թե՛ օգտագործելի ջրային եւ թե՛ ռազմավարական ու ազգային ջրային պաշարները որոշվել են «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի պահանջներին համաձայն, իրենց բազմամյա միջին արժեքներով: Մասնագիտորեն չնկարագրենք, թե ինչպես են դրանք հաշվարկվել, ասենք միայն, որ բնական գեռային հոսքը հաշվարկվել է Ազատ-գ.Գառնի,Վեդի-գ.Ուրցաձոր եւ Արփա-գ.Արենի հիդրոդիտակետերի բազմամյա դիտարկումների տվյալներով: Արփա-գ. Արենի դիտակետը, գտնվելով Արփա գետը եզրափակող գետահատվածում, հաշվառում է մեր երկրի տարածքում ձեւավորվող Արփա գետի ամբողջ ջրային ռեսուրսները, սակայն հաշվարկի մեջ չեն մտնում ՀՀ տարածքում Արփա չթափվող գետերի ավազանները: Նույնը Ազատ-գ.Գառնի եւ Վեդի-գ. Ուրցաձոր դիտակետերի համար, որոնք գտնվում են իրենց գետաբերանային հատածքից համապատասխանաբար 31կմ եւ 24կմ հեռավորության վրա: Վեդիի հետ միասին պետք է հաշվի առնել նաեւ Արածո գետի ավազանը:

Մի խոսքով, օգտագործելի ջրային պաշարները, բնապահպանական թողքի հաշվառմամբ,   համապատասխանաբար կազմում են՝ 1. Ազատ գետինը՝ 297.2 մլն. խմ   – 32 մլն. խմ = 265,2 մլն. խմ:

  1. Վեդի գետինը՝ 115,8 մլն. խմ – 17,3 մլն. խմ = 98.5 մլն. խմ:

3 Արփա գետինը՝ 764 մլն. խմ – 84,2 մլն. խմ = 679,8 մլն. խմ:

Մասնագետները Արարատյան ՋԿՏ-ի հիդրոէներգետիկ ներուժի մասին էլ են խոսում: Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրված լիցենզիաների՝ Արարատյան ՋԿՏ-ում 2015թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են 37 ՓՀԷԿ-եր, որոնց արտադրած էլեկտրաէներգիան՝ 196մլն.կվտ.ժ, կազմում է երկրում ընդհանուր արտադրածի 23%-ը: Արտադրված էլեկտրաէներգիայի 16%-ը բաժին է ընկնում Ազատ գետի ավազանին, իսկ մնացած 84%-ը՝ Արփայի ավազանին: Վեդի գետի ջրային պաշարներն այս նպատակով դեռեւս չեն օգտագործվում:

Փոքր հԷԿ-եր, բացի գետերից, կառուցվել են նաեւ ոռոգման ջրանցքների եւ խմելու ջրատարերի վրա: Վերջիններս ավելի արդյունավետ են, որովհետեւ խմելու եւ ոռոգման ջրապահանջարկը բավարարելուց բացի արտադրում են նաեւ էլեկտրաէներգիա: Օրինակ, Յոթաղբյուր Գառնիի ջրատարի վրա վերակառուցված 5 ՓՀԷԿ-երը՝ 0,25խմ/վ ջրի ելքով, տարեկան արտադրում են 9,9մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա: Համարյա նույնքան (9,4մլն.կվտ.ժ) էլէներգիա է արտադրում Ջերմուկ -2 ՓՀԷԿ-ը՝ 4,8խմ/վ ելքով: Այսպիսով, կախված ջրօգտագործման եղանակից, հիդրոէներգետիկ կարողությունները տարբեր արժեքներ են ընդունում: «Ընդհանուր առմամբ հաշվի առնելով գետավազանների հիդրոմորֆոմետրիկ առանձնահատկությունները եւ վերընթաց գոտիականության սկզբունքը՝ Արարատյան ՋԿՏ-ի գետերի հիդրոէներգետիկ պոտենցիալը գնահատվում է 450մլն. կվտ.ժ, որից Ազատին բաժին է ընկնում 35մլն.կվտ.ժ, Վեդիին՝ 25մլն.կվտ.ժ, իսկ Արփային՝ 390մլն.կվտ.ժ»,-ասում է բնապահպանության նախարարությունը:

Որպեսզի Արարատյան ՋԿՏ-ի վիճակի ընդհանուր պատկերը պարզ դառնա, նաեւ պիտի հասկանանք, թե այդ տարածքում ջրառաջարկի ինչ ռազմավարություն կա: Նկատենք, որ այդ ռազմավարությունը հիմնված է ջրամբարաշինարարության վրա (ըստ ՀՀ ջրի ազգային ծրագրի), որը հիմնավորում է հանրապետության տարածքում կազմավորվող ջրային պաշարների առաջարկի հեռանկարը: Ջրամբարաշինարարության միջոցով լուծվում են մի շարք ռազմավարական խնդիրներ. 1. ջրային պաշարների հնարավոր բացասական հաշվեկշռի պայմաններում հանրապետության ջրի պահանջարկի բավարարման հեռանկարային խնդիրների լուծման ուղիները, 2. ջրերի վնասակար ազդեցությունների կանխարգելման եւ մեղմացման միջոցառումները, 3. ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները, 4. ջրային ռեսուրսների օգտագործման ռազմավարության հստակեցումը՝ ելնելով մեր երկրի աշխարհագրական դիրքից, 5. ջրի կորուստների հնարավորին չափով նվազեցմանն ուղղված միջոցառումները: (Այս ամենը տրված է բնապահպանության նախարարության մշակած Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանում եւ դրա վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունում):

Ի՞նչ վիճակ է այսօր: Պաշտոնական տվյալների համաձայն, 2014թ. դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում գործող ջրամբարներ բավարար չեն ոռոգման ջրապահանջարկը լուծելու: Շատ տեղերում ոռոգելի վարելահողերը հիմնականում ջուրը ստանում են մեխանիկական եղանակով (Վեդի գետավազան միջին եւ ստորին հոսանքներ): Արարատյան ՋԿՏ-ում գետային հոսքի կուտակման միջոցով, կարելի է լուծել ռազմավարական խնդիրներ՝ ինքնահոս ոռոգում եւ վարելահողերի ընդլայնում: Արարատյան ՋԿՏ-ում նախատեսվում էր կառուցել 2 ջրամբար՝ մոտ 41,1 մլն. խմ ընդհանուր ծավալով: Նախնական ուսումնասիրել էին 10 ջրամբարների թասեր՝ մոտ 80.1 մլն. խմ ընդհանուր ծավալով, ինչպես նաեւ նախնական գնահատվել էր, բայց դեռ ուսումնասիրված չէր 15 ջրամբար՝ 62,0 մլն. խմ ծավալով:

Այս պահի դրությամբ նախագծված են Վեդիի եւ Սեւակի ջրամբարները՝ համապատասխանաբար 38 եւ 3.1 մլն խմ ծավալով (երկուսն էլ Վեդիի գետավազան): Նախատեսվող եւ նախնական ուսումնասիրված են Խնձորուտի (Արփայի գետավազան), Գետիկվանքի (Արփայի), Եղեգնաձորի (Արփայի), Ելփինի (Արփայի), Վերնաշենի (Արփայի), Կարմիրի (Ազատի գետավազան), Աղնջաձորի (Արփայի) ջրամբարները: Ամենամեծը նախատեսվում է Եղեգնաձորի ջրամբարը՝ 120 մլն խմ ծավալով: Նախատեսվում են նաեւ Գողթի, Խանումջրի, Խոսրովի, Կուտուցի, Էլեգիս-1, Էլեգիս-2, Գրավի 0.43, Արփայի, Ազատեկ-1, Ազատեկ-2, Հարթավանի, Աղավնաձորի Փշունքի, Մալիշկայի ջրամբարները: Բայց սրանք դեռ նախնական ուսումնասիրություն չեն անցել: Այս շարքում ամենամեծն էլ Գողթի ջրամբարն է՝ 25 մլն խմ ծավալով (Ազատի գետավազան) եւ Կուտուցի ջրամբարը՝ 10 մլն խմ ծավալով (Վեդի գետավազան):

Մի խոսքով, Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի ձեւավորումը կիրականանա Արարատյան ՋԿՏ-ում գետային հոսքի ամբարման միջոցով, որը կստեղծի լրացուցիչ հզորություններ՝ շուրջ 288,7 մլն. խմ ջուր: Արարատյան ՋԿՏ-ում գետային հոսքի ամբարումը հնարավորություն կտա ավելացնել ջրային հոսքի կարգավորման հնարավորությունները եւ լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ: Օրինակ՝ ընդարձակել ոռոգելի հողատարածքները, կամ՝ մեխանիկական ոռոգման համակարգերի գերակշիռ մասը վերափոխել ինքնահոս համակարգերի, նաեւ՝ ստեղծել նոր ներուժ գետավազանի էներգետիկ հզորություններն ավելացնելու համար: Ոչ պակաս կարեւոր խնդիր է այն, որ կկարողանանք պաշտպանել առափնյա տարածքներում գտնվող բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերն ու հաղորդակցության ուղիները սելավներից եւ հեղեղումներից: Կկարողանանք ապահովել գետավազանի ջրասակավ տարածքների ջրամատակարարումը, հավելյալ՝ սահմանել եւ կառուցել ջրապահպան եւ ռեկրեացիոն գոտիներ:

Արարատյան ՋԿՏ-ի ընդհանուր պատկերը մեր ափի մեջ ունենալու համար մնում է հասկանանք, թե ինչ որակի ջուր ունենք. սա շատ կարեւոր է, եթե ուզում ենք հիմնովին լուծել Արարատյան դաշտի ամայացումը թույլ չտալու հարցը:

Ասենք, որ Արարատյան ՋԿՏ-ի ջրային պաշարների որակի նկարագրությունը տրվել է բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հիոդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տրամադրած տվյալների հիման վրա:

Սկսենք մակերեւութային ջրային պաշարների որակից: Արդեն նշել ենք, որ տարածքի մակերեւութային ջրային պաշարները կազմում են Ազատ, Վեդի եւ Արփա գետավազանները: Արարատյան ՋԿՏ-ում դիտարկումն արվում է 12 գործող նմուշառման դիտակետերում. Ազատի գետավազանում՝ 2, Վեդիի գետավազանում՝ 3 եւ Արփայի գետավազանում՝ 7 դիտակետում: Յուրաքանչյուր նմուշառման կետի համար որոշվում է ջրի թթվածնային ռեժիմի, սննդային ռեժիմի, հանքայնացման, ծանր մետաղների, առաջնային եւ հատուկ աղտոտիչների ջրաքիմիական 40-60 ցուցանիշ:

Վերլուծությունների արդյունքների համաձայն՝ 2010-2014թթ. Ազատի ջրամբարի ջրի որակը «լավ» (2-րդ դաս) կարգավիճակի է: Վեդի գետի ջուրը թույլ հիմնային է, ինչը պայմանավորված է ջրում առկա հիդրոկարբոնատ իոնի համեմատաբար բարձր պարունակությամբ: Թթվածնի պարունակությունը գտնվում է նորմայի սահմաններում: Վեդի գետի ջրի որակը Ուրցաձոր գյուղից վերեւ ընկած հատվածում հիմնականում «լավ» (2-րդ դաս) եւ «միջին» (3-րդ դաս) կարգավիճակի է: Միջին որակը պայմանավորված է երկաթ, ալյումին եւ կախված մասնիկներ ցուցանիշներով, որոնց պարունակության աճը գետում կրում է սեզոնային բնույթ: Վեդի գետի ջրի որակը Արարատ քաղաքից ներքեւ ընկած հատվածում հիմնականում «լավ» (2-րդ դաս) է, իսկ արդյունքների 20%-ի դեպքում՝ «միջին» (3-րդ դաս) որակի: Ջրի միջին որակը պայմանավորված է երկաթ, ալյումին, մանգան, կոբալտ, վանադիում, մոլիբդեն, կախված մասնիկներ, սուլֆատ, քլորիդ, ֆոսֆատ եւ ամոնիում իոններ ցուցանիշներով: Վեդի գետի երկայնքով նշված ցուցանիշների պարունակությունը աճում է:

Ջերմուկ քաղաքից վերեւ եւ Արենի գյուղից ներքեւ ընկած հատվածներում Արփա գետի, ինչպես նաեւ Կեչուտի ջրամբարի ջրերի pH-ը մոտ է չեզոքին, իսկ մնացած հատվածներում այն թույլ հիմնային է: Թթվածնի պարունակությունը գտնվում է նորմայի սահմաններում: Արփա գետի ջրի որակը Ջերմուկից եւ Վայքից վերեւ ընկած հատվածում հիմնականում «գերազանց» (1-ին դաս) եւ «լավ» (2-րդ դաս) կարգավիճակի է: Վայք քաղաքից հետո Արփա գետի ջրի որակը վատթարանում է՝ վերածվելով «միջին» (3-րդ դաս) կարգավիճակի, եւ մինչեւ սահման որակի փոփոխություն տեղի չի ունենում: Արփա գետի ջրի միջին որակը պայմանավորված երկաթի, քլորիդ իոնի, մոլիբդենի, բարիումի, նատրիումի եւ ալյումինի բարձր պարունակությամբ: Կեչուտի ջրամբարի ջրի որակը «լավ» (2-րդ դաս) կարգավիճակի է:

Հարց է առաջանում՝ մակերեւութային ջրերի այս որակը պիտանի՞ է ոռոգման համար: Ի պատասխան տեղեկացնենք, որ ոռոգման համար պիտանելիությունը գնահատելիս հաշվի է առնվել աղային ռիսկը, ներծծման կամ թափանցելիության ռիսկը, հատուկ իոնների թունականությունը, հետքային տարրերի եւ ծանր մետաղների թունականությունը:

Բույսերի բերքատվության վրա ամենամեծ ազդեցություն ունենում է աղային ռիսկը, որը արտահայտվում է տեսակարար էլեկտրահաղորդականության (EC) կամ ընդհանուր լուծված աղերի ձեւով: Որքան մեծ է ջրի EC-ն, այնքան այն պիտանի չէ ոռոգման համար, եւ ոռոգման արդյունքում նվազում է բերքատվությունը: Բանն այն է, որ այս պայմաններում հողը, ճիշտ է, խոնավ է, բայց բույսը ցուցաբերում է, այսպես ասած, ֆիզիոլոգիական չորացում, քանի որ բույսերը կարող են կլանել միայն մաքուր ջուրը:

Ինչպես պարզաբանում է բնապահպանության նախարարությունը, համաձայն Այերս եւ Ուեստկոթի դասակարգման, եթե ջրի EC-ն փոքր է 700 մկրսիմ/սմ-իվ, ապա ջուրը պիտանի է ոռոգման համար: Ըստ 2012-2014թթ. ջրի որակի մոնիթորինգային տվյալների, Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի գետերի եւ ջրամբարների ջրերի EC-ի արժեքները փոքր են 700 մկրսիմ/սմ-ից:

Հետեւաբար, այն պիտանի է ոռոգման նպատակով օգտագործելու համար:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։