Հայ ազգայնականի մտորումները (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից…

Ի վերջո կգա՛ն այն ժամանակները, երբ երկրի շահը կընկալվի անշահախնդրորեն, երբ ազգի դեմքը կդառնա անձնական օգտագործման հայելի:

Իսկ այսօր մարդու ազատությունների բարբաջումով մարդկային սանձարձակությունները անչափելի բնույթ են ստացել: Ինչպես չարորակ ուռուցք՝ դրանք կեղեքում են մարդու, հայ մարդու մարմինը, միտքն ու հոգին:

Չկա հայրենապահ կանոնակարգ եւ օրենքները ազգասպան ու մարդակեր են դարձել: Մեռնում են տասնյակ հազարամյակների պատմությամբ ու ամրությամբ չգրված կյանքի օրենքները…

Ավելին՝ սասանված են արարչադիր ու աստվածադիր բարոյական չափանիշները:

Այսպես բացվել է մարդկանց մեղքերի անհատակ հորը եւ մարդն ընթանում է մարդատյացության ճանապարհով: Ուրացումը՝ ամեն մարդկայինի հանդեպ է, ինչը ուղիղ ճանապարհ է դեպի անասնացման: Եվ ասուն-մարդը վերածվում է ան-ասունի, որը միայն բռնությամբ է ինքնադրսեւորվում եւ միայն բռնության կիրառմամբ է հանդարտվում:

Եվ հիմա ինչպես պիտի խոսեմ երկրիս վտանգների մասին, եթե ամեն բան այլ ընթացք է ստացել: Բայց պիտի խոսեմ, որովհետեւ ես ասուն եմ ու ասելիք ունեմ:  

Խոսեմ այսօրվա ամենաթիրախավորված երեւույթի մասին: Երկրիս նախագահը, անկախ նրա հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից, հազարամյակների արահետով անցած ու ներկայիս մի ճանապարհահատվածում գործող պետության պատասխանատուն է: Նրա ճիշտն ու սխալը անդրադառնում է բոլորիս վրա, եւ սա մի կողմ դնել հնարավոր չէ: Չի կարելի: Անգամ, եթե տարիներ շարունակ հալածվել ու անհամաձայնության մեջ եմ ապրել-գործել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, անհիմն դատապարտվել ու բանտարկվել եմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, երկար տարիներ անտեսված ու շրջափակված եմ մնացել ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Բայց երբեք մտքովս չի անցել երկրիս, որ չնայած ներկայիս չափերին՝ իմ Մեծ Հայաստանն է միշտ, նախագահներին պախարակել եւ անվանարկել օտարների մոտ կամ անհիմն ու անբարո բառերով վիրավորել՝ օտարներին բաց, թե փակ նամակներ հղելով:

Սա միայն հայի՛ երկիրն է: Որեմն՝ նաեւ ի՛մ երկիրն է: Եվ օտարն այստեղ անելիք չունի, օտարի անելիքը օտարի երկրում՝ միայն չարիքն է… Ասել եւ ասում եմ անգամ այսօր, երբ ունենք 2 նախկին եւ 1 գործող նախագահ, օտարի հետ հարաբերություններում, առավել եւս օտարի կողմից նրանց նկատմամբ վտանգի պարագայում՝ կպաշտպանեմ երկրիս 3 նախագահներին էլ ամեն գնով… Չնայած բոլոր 3-ի հետ էլ այս կամ այն չափով համաձայն չեմ գաղափարա-քաղաքական եւ հոգեւոր-կեցակարգային սկզբունքային հարցերում:

Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը: Մենք բացարձակ տարբեր աշխարհայացքներ ունենք հին ու նոր իշխանությունների, հին ու նոր ընդդիմությունների հետ եւ՛ գաղափարախոսական (հայ ցեղապաշտական), եւ՛ քաղաքական (հայենակենտրոն ազգայնական) եւ հավատամքային (արիադավան-հեթանոսական) եւ բոլոր մյուս ոլորտներում:

Բայց մեր գաղափարախոսական, քաղաքական կամ հավատամքային հարցերի հիմքում հայն է: Հայը մեր միաբանության տիեզերակոդն է՝ գաղտնաբառը յուրաքանչյուր հայ արիացու ճակատագրի…

Իսկ կան հարցեր, որ ճակատագրեր են շոշափում, երկրի ու ազգի հարցեր են արծարծում… եւ եռահամակարգ հայ մարդը միայն կտեսնի ու կզգա դա: Պարզապես պիտի արձագանքի իր գենածինաբանական տիեզերաձայնին: Պարզապես հայի մի ձեռքում զենք պիտի լինի, մյուսում՝ գրիչ…

Իսկ այդ ձայնը այսօր ասում է՝ ով մեզ բարեկամ չէ, թշնամի է: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պատերազմող ազգը չի՛ կարող կույր լինել: Իրավունք չունի: Պատերազմը երկփեղկում է կողմերին: Եվ մեր ու այն կողմերում հայտնվածներից հստակ է լինում բարեկամն ու թշնամին: Ցավոք, այդպես է նաեւ ներքին կյանքում: Մոռացվել է հայը՝ մեր գաղտնաբառը, ինչը երկու մասի է բաժանել նաեւ հայությանը: Մի կողմում ազգայինն է՝ ազգը, մյուսում՝ ապազգայինը՝ չազգը: Վերջինս կարող է նաեւ ժողովուրդ կոչել իրեն, հասարակություն կամ հանրություն, անգամ զանգված, ինչը Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ ազգի տականքն է:

Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից: Իսկ լեզուն գենի արտահայտչամիջոցն է, ասել է թե՝ գենի ձայնը…

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

http://www.hayary.org/wph/?p=5594Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրըՀայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։