Առանց արարողակարգի.- Մեր նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, փոխարենը… (մաս 2-րդ) – Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5640Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

- Ո՞վ է մեղավոր, որ աթեշյան երեւույթը կա:

– Օտար կառույցը չի կարող լինել ազգային: Իսկ երբ ազգային չես, աթեշյանները նորմալ երեւույթ են: Ինչի՞ ենք ավելին սպասում: Ինչի աթեշյանից առա՞ջ ինչ էր: Մեր այս 1700 տարիներին մատների վրա ենք հաշվում որոշ հոգեւորականների եւ մատի փաթաթան սարքւոմ՝ հայրենասեր այսինչը կամ այնչնչը՝ Գարեգին Սրվանձտյանց, Խրիմյան Հայրիկ…  Անուններ են տալիս: Մինդեռ այդ անհատները կառույցի գաղափարաբանության կրողները չեն եւ չեն արտահայտում այն: Ճիշտն ասած՝ նրանք կառույցի կողմից միշտ հալածվել են: Կոմիտասը հալածվել է: Խրիմյան Հայրիկը հալածվել է: Խորենացու գերեզմանն են պղծել: Նարեկացուն ինչքան են հալածել, էլ չասեմ: Իսկ հիմա եկեղեցին ասում է՝ Խորենացի ենք տվել, Կոմիտաս ենք տվել… Այս մարդիկ դուրս են եկեղեցուց, նրանք անհատներ են: Եկեղեցին օտարածին կառույց է: Օտար սուրբ պաշտելով ՝ չես կարող ազգիդ օգտակար լինել: Մեր ապուշությունը ու՜ր է հասել, որ ասում են՝ ով քրիստոնյա չէ, հայ չէ: Այսինքն՝ Տիգրան մեծը հայ չէր……

- Անհոգ եղեք, եկեղեցին շատերին կքրիստոնեացնի: Գործընթացը սկսված է, քրիստոնյաներ են դառնում քրիստոսից առաջ ծնվածները: «Ապացուցել» են. Հայ Նահապետը քրիստոնյա էր:

– Ինչ ուզում է ասեն, փաստ է՝ մի դավանանք, գաղափարախոսություն, որ չունի հաղթության աստվածություն, չի հաղթի: Երբե՛ք:

- Խնդիրը լրջանում է, երբ զինվորն է սկսում աղոթել: Հրամանատարների ձեռքին խաչ են դնում եւ լուսանկարում: Խաչը պաշտպանության նախարարի ձեռքին էլ հասավ:

– Մեր պաշտպանության նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, բայց հոգեւորականներին հաջողվեց նախարարին հոգեւորականի շապիկ հագցնել:

- Ազգային անվտանգության խնդիր ունենք: Հոգեւորականը դիրքերում զինվորի կյանքի համար աղոթելով գումար է վաստակում: Եվ այդ գումարը տալիս է բյուջեն՝ հարկատուն:  

–  Ի՜նչ կարող ենք անել. տեսակետ ենք հայտնում, տարածում, ուրիշ բան չենք կարող անել, որովհետեւ եկեղեցու արածը խավար տարածելն է, իսկ եկեղեցին, խավարը պետության հովանավորության ներքո է: Շատ եմ ցավում: հենց սկզբից՝ 1991-ից մեր պետությունը չարժեւորեց լույսը իբրեւ զենք:

Համատարած ողբի պատճառը

- Ի՞նչ տվեց մեզ քրիստոնյա մշակույթը:

– Հատկապես ճարտարապետությունն է պահպանվել, որով ավելի հպարտանում ենք եւ որով աշխարհին ներկայանում ենք: 17  դարի մեջ մի դար կա՝ 7-րդ դարը, որ չգերազանցված գագաթ է: Դա այն դարն է, երբ ստեղծվեց Զվարթնոցի տաճարը եւ ոչ միայն: Ինչքան չափերով մեծ կառույց մտաբերեք, պատկառազդու եւ իսկապես զարմանահրաշ, իմացեք, որ 7-րդ դարի է: Այս դարասզբին Եզր կաթողիկոսի օրոք, 633 թվականին հայ առաքելական եկեղեցին միացավ ընդհանրական եկեղեցուն եւ այդպես էր իրարահաջորդ  7 կաթողիկոսների օրոք: Իսկ Հովհան Օձնեցին արաբների ճնշմամբ երես թեքեց ընդհանրական եկեղեցուց: Դա թշնամու կողմից պարտադրված էր, որպեսզի կարողանա մեզ կուլ տալ… Ընդհանրապես օրինաչափ է, երբ ազգը մեծագույն արժեքներ է ստեղծում ազգային պետականության գոյության պայմաններում: 7-րդ դարում մենք պետականություն չենք ունեցել: Ուրեմն ինչ է տեղի ունեցել, որ առանց ազգային պետականության՝ ասածս չգերազանցված գագաթն ունենք: Գաղափարի՛ փոփոխություն է եղել: Լու՛յսն է արժեւորվել: Բառիս բուն իմաստով նաեւ: Այցելեք որեւէ հուշարձան, օրինակ Թալինի կաթողիկեն եւ կտեսնենք լուսամուտների առատությունը, դրանց չափերի մեծությունն ու առատությունը: Ի միջի այլոց, 7-րդ դարին հակառակ լրիվ անպտուղ է 8-րդ դարը՝ քարը չունենք քարի վրա: Կարծես ազգը չի ապրել: Եվ այդ անպտուղ  դարի հիմքը դնողը Հովհան Օձնեցին է՝ «մեր» երկրորդ «Լուսավորիչը» հայոց: Մանազկերտի ժողովից հետո, երբ երես թեքեցին ընդհանրական եկեղեցուց, ոչինչ չստեղծեցին: «Լուսավորիչ» էին ու ոչինչ չէին ստեղծում: Նորից վերադարձանք հնին: Ու գիտե՞ք ինչ եղավ: Սկսեցին քարերով պատել 7-րդ դարում կառուցված եկեղեցիների մեծ, լայն լուսամուտները: Գնացեք Էջմիածին, Հռիփսիմեի եկեղեցու լուսամուտները նայեք: Այսինքն՝ 8-րդ դար, գաղափարական արմատական փոփոխություն եւ… նախապատվությունը նորից խավարին տրվեց: Լույսը դարձավ ահաբեկող: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ օրը ցերեկով, լույսի ներքո մարդը չի կարող համոզիչ սուտ խոսել: Սուտը տեղ հասցնելու համար պետք է խավար: Մութը ինքը վախ է, այն հրաշապատումները, ցնդաբանությունները, որ հոգեւորականները փոխանցում են իրենց հոտի անդամներին, լիարժեք տեղ հասցնելու համար վախի ազդեցությամբ պիտի արվի, որպեսզի սուտը հալած յուղի տեղ ընկալվի: Լույսի ներքո չես կարող այդքան հիմար բաներից խոսել: «Մեր» եկեղեցին… մեր էլ ասում եմ, չակերտների մեջ է պետք դնել, գոնե իմը չէ:

- Իմն էլ չէ:

– Վերջապես… Եկեղեցին եսակենտրոն կառույց է՝ փաթաթված ազգի վզին: Իսկ ճարտարապետությունը գաղափարաբանության հայելի է: Երեւում է՝ կառուցողն ինչ խելքի տեր է եղել, ինչի հետեւից է ընկել, ինչ է փորձել տեղ հասցնի:  Ճարտարապետությունը մատնում է:

- Դրա համար, երբ ավերով մտան մեր երկիր, նախ տաճարներն ու դրանցում եղածը վերացրին, որ չհիշենք՝ ով ենք եղել: Հայելին չկար:

– 301-ից դեռ հետ չեմ գնում: Դեռ սրա մեջ ենք որովհետեւ:  Մի փաստի էլ եմ ուշադրություն դարձրել: Կաթոլիկ եկեղեցին բեմ չունի, բեմը կես աստիճան է: Նրանց ծխատեր քահանան միասին է մարդկանց հետ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու բեմը բարձր է, աստիճաններով են բարձրանում: Հոտին վերեւից են նայում: «Մեր» եկեղեցին շեշտում է եսը: Իսկ ես-ով առաջնորդվող ազգերը տեղ չեն հասել: Մե՛նք-ն է ազգին տեղ հասցնում: Երբ 88-89թթ.-ականներին առաջին անգամ Ջավախք գնացի, ակնառու տարբերություն կար եւ դեռ որեւէ գյուղ չմտած՝ գիտեի՝ կաթոլիկ գյուղ է, թե առաքելական: Նույնիսկ գյուղ չմտած գիտեի: Ամեն առաքելական գյուղի զանգակատան վրա արագիլի բույն կար: Աչքի համար գեղեցրիկ է, բայց անտերության նշան է: Խորհրդային տարիներ էին: Մտնում էիր կաթոլիկ եկեղեցի, կարծես քահանան հենց նոր էր դուրս եկել, ուր որ է կգա՝ գորգեր, աշտանակներ, գրքեր, մինչդեռ քահանան դուրս էր եկել 24 թվին: Այդ օրերին առաքելական գյուղ էի մտնում եւ գյուղամեջում հարցնում էի, ո՞նց եք ապրում: Լաց կոծ, համատարած չունենք-չունենք-չունենք, ողբ: Կաթոլիկ գյուղերում՝ ինչ կա, ո՞նց եք հարցին պատասխանում էին. «Աստծուն փառք, լավ ենք, այս գործն ենք արել, այս ջրագիծն ենք քաշել եւ այլն եւ այլն»: Կողքի գյուղեր են, նույն արեւը, նույն ջուրը: Ուշադրություն դարձրի՞ք հավասար բեմերի ու բարձր բեմերի տարբերությանը: Ես կապ եմ տեսնում…

Նույն վտանգը՝ 1000 տարի անց

- Ավանի եկեղեցու ցուցանակին գրված է՝ գործում է ժամը 9:00-ից 18:00-ն: Վայը եկել տարել է այն հավատացյալին, որ նաեւ աշխատանք ունի: 18:00-ից հետո աստծո դռները փակ են:

– Խանութի պես է, ժամով է գործում (ծիծաղում է,-Ա.Մ.):

- Խանութում մարդիկ իրար հասկանում են, նույն լեզվով են խոսում: Մեր հոտի անդամներից քանի՜սն են տերտերին լսելիս հասկանում:

– Որ հասկանան, այլեւս չեն հավատա:

- Որ հայը հասկանա, կսարսափի՝ իմանալով, որ «արեւի որդիները» իր զավակները չեն, այլ՝ հրեից մանուկները, որ մեռնելուց հետո իր հոգին գնալու է «ի վերին Երուսաղեմ» ու էլ երբեք չի տեսնելու իր տունը, ընտանիքը, հայրենիքը, որ իր աստվածը Հայի աստվածը չէ ու որ իր պաշտած աստվածը ամենեւին էլ իրեն չի ընտրել…

– Սեւանի ճամփին Դդմաշեն գյուղ կա: Հին քաղկեդոնական եկեղեցի ունի 7-րդ դարի: Հիմա վերականգնել են: Գնացեք, ներսը տեսեք, եկեղեցու ճարտարապետության համաչափություններին խորթ կառույց է հայտնվել՝ բեմ՝ տաշած բազալտից բարձր աստիճաններով բեմ: Ի՜նչ անճոռնություն, ի՜նչ աններդաշնակություն: Հայ առաքելական եկեղեցին իրականում յուրացրելէ հայ քաղկեդոնական եկեղեցին: Տարիներ առաջ Եղվարդի փոխքաղաքապետը պատմեց, որ, քանի որ իրենց եկեղեցում շատ մարդիկ էին հավաքվում, ուզեցին մի քահանա ունենալ: Բայց հենց ունեցան, ժողովրդի ոտքը եկեղեցուց կտրվեց: Քաղաքապետարանի ջանքերով եկեղեցու շրջակա տարածքը վարդաստան էր եւ ջրելն էր բարդ բան չէր, ավտոմատացված էր՝ մեկ կոճակասեղմում: Ժամանակ անց փոխքաղաքապետը գնացել տեսել է՝ վարդերը չորացել են: Հարցրել է՝ տեր հայր, այս ինչ վիճակ է, հոգեւորականն էլ թե՝ «կարող է՞ ես ձեր այգեպանն եմ»: Այսինքն՝ այգեպան լինելը իր համար վիրավորական է եղել:

- Այգեպան լինելու մեջ փող չի տեսել: Ամեն ինչից են ուզում փող սարքել: Եկեղեցին այսօր սգո ծառայությունների բիզնեսին էլ է խփել: Թող ներվի ասել, բայց ամենաէժան մեռելը 140 հազար դրամ է (որ թույլ տան եկեղեցում մնա ու այնտեղից տանեն թաղելու): Ժողովուրդն էլ այսպես ասած հոգեւոր նորաձեւությանն է տուրք տվել՝ իր մահացածին եկեղեցով է թաղել ուզում:

– Սա այն դեպքն է, որ եկեղեցուն չեմ մեղադրում: Եթե վիշապը երախը բացել է, բայց հազար ճամփա կա, ինչու՜ ընտրել հենց դեպի երախը տանող ուղին: Ստիպված չենք, շատ հանգիստ կարող ենք առանց նրանց մեր գործը տեսնել: Ես միշտ ասել եմ՝ Արցախն ազատագրվեց շնորհիվ նրա, որ մենք ազատամարտից մի 60 տարի առաջ չէինք խաչակնքվել:

- Գուցե հենց իր իսկ փրկության համար եկեղեցին ազգայնանա՞:

– Օտարածին կառույցն ինչպե՞ս կարող է ազգայնանալ: Հասարակ մի օրինակ. մայրաքաղաք Երեւանում է՛լ հրեա, է՛լ ասորի, է՛լ հույն, ում անունով ասես եկեղեցի կա: Մեր իրապես սրբի՝ Մեսրոպ Մաշտոց անունով եկեղեցի չունենք: Սա ցուցանիշ է:

- 7-րդ եւ 8-րդ դարերից խոսելն ինձ ստիպում է ճարտարապետություն-քրիստոնեություն շրջագիծը երեւակելու համար մի հարց էլ տալ: Բագրատունիների շրջանը, երբ ազգային անկախ պետականությունը կար, այս տեսակետից ինչպե՞ս էր բնութագրվում:

– Համենայնդեպս, խնդրո առարկայի մակարդակով ցածր էր 7-րդ դարից, թեեւ շատ հետաքրքիր եկեղեցիներ են կառուցվել: Գագիկ առաջին թագավորը, երբ Անին պերճ մայրաքաղաք էր արդեն,

հարստութունների կենտրոն, ուզեց մի աստիճան էլ բարձրացնել եւ թագավորաշեն կառույցով ծաղկեցնել քաղաքը, կանգ առավ Զվարթնոցի վրա: Ուղարկեց Տրդատ ճարտարապետին Զվարթնոց, որպեսզի ուսումնասիրի եւ այդ հորինվածքով տաճար վերակերտի: Գործն արվեց, եւ ծնվեց Գագկաշեն եկեղեցին: Փաստորեն, 1000 տարի առաջ, երբ երկիրն անկախացավ, թագավորը կանգ առավ Զվարթնոցի վրա, երբ ուզեց երկիրը բարձրացնել: 1000 տարի անց, երբ երկիրը կրկին անկախացավ, չկանգնեցինք Զվարթնոցի վրա: Հասկանալի է, որ այն աստիճանի է ավերվել, որ վերականգնելու համար լրիվ նոր տաշուշար պիտի արվեր, ինչը չի թույլատրվում, բայց կրկնօրինակ կարող էինք անել չէ՞, ասենք, մայրաքաղաք Երեւանում: Մինչդեռ հիմա իբրեւ առաջնորդանիստ ունենք Գրիգոր «Լուսավորիչ» եկեղեցին: Տեսեք՝ ինչքան ենք ընկած: Մինչդեռ Զվարթնոցը կնպաստեր մերօրյա հայ մարդու ոգու բարձրացմանը, ամրացմանը: Ճարտարապետությունը միայն տվյալ ժամանակաշրջանի հայելին չէ, ճարտարապետութունն էլ է ազդեցություն գործում:

- Ճարտարապետություն-քրիստոնեության մեր այսօրվա տիրույթը, դարը 17 դարերի շարքում ո՞ր դարի հետ կհամեմատեք:

– 1020, 1030-40-ական թվականներին կնմանեցնեմ: Բագրատունիների թագավորության վերջին 10 տարվա հետ: Ինչքան մեծագույն վանական համալիրներ գիտեք, այդ 10 տարվա մեջ են կառուցել, մոնղոլական արշավանքների նախօրեին: Միայն վանք ենք կառուցել: Նույնը հիմա ենք անում՝ միայն եկեղեցի ենք կառուցում ու եկեղեցուն բանակի մեջ ենք մտցրել: Շատ վտանգավոր է: Մեր դարավոր ծառը հատել ենք, օտար երկրից բերված շիվ ենք պատվաստել, փորձել ենք խնամել, ազգային ուլունքներ ենք կախել, ազգային տարազ ենք հագցրել, բայց նկատել ենք, որ ծառը պտղատու չէ, դեկորատիվ է, օտար: Ա՛յս վիճակում ենք: Այսքան տարի դայակ ենք կարգված եղել, սովորել ենք, հրաժարվել չենք կարողանում, բայց ինքը չի սնում մեզ, բերք չի տալիս: Մեզ մնում է ընդամենը ճիշտ կշռել այդ ամենը, տարբերել կեղծը  եւ ապրել ռեալ կյանքով՝ հանուն մեր հայրենիքի:

Արմենուհի Մելքոնյան

Սամվել Կարապետյանի լուսանկարը՝ համացանցից, մյուս երկուսը՝ հեղինակի անձնական պահոցից

 

Հ.Գ. – Մի վերջին հարց՝ Նժդեհի արձանը ձեզ դուր գալի՞ս է:

– Այո, հավանել եմ, կեցվածքի մեջ հպարտություն, ինքնավստահություն, խրոխտություն կա: ինձ ուրիշ բան չհամոզեց: Ներքեւում գրված է՝ Աստված, ազգ, հայրենիք: Ինչքանով Նժդեհին գիտեմ, ազգն իր տեղում է, բայց առաջին ու երրորդ տողերը խառնվել են: Ինձ նաեւ տեղը չի համոզել: Նժդեհին ենք պարտք մերօրյա հայ պետականությամբ: Նժդեհը պիտի լիներ երկրի սրտում՝ նախկին Լենինի արձանի տեղում: Մենք ընդհանրապես պետականաստեղծության գաղափարը չենք կարեւորում: Թղթադրամների վրա ամեն ինչ նկարում ենք՝ հուշարձաններ, գրողներ, նկարիչներ… Արժե նրանց գնահատել, բայց թղթադրամը պետական արժեթուղթ է եւ թղթադրամի  վրա պետք է լինեն պետությունը կերտած մարդկանց պատկերներ:

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։