Միայն փաստական ստուգումներից հետո – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

ՊՊԾ գնդի գրավման օրերին խմբագրական գրեցի՝ վերնագրելով «Ներքին զսպանակը գործի՛ դրեք» (http://www.hayary.org/wph/?p=5711Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…): Արձագանքները հուշեցին, որ ինձանից դժգոհ են մնացել իմ գործընկերները, քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ պարզապես մարդիկ, ովքեր զանգելով խմբագրություն, ներկայանում էին ժողովրդի անունից: Իսկ դժգոհ էին, որովհետեւ ես, որպես գլխավոր խմբագիր, երկու կողմերին՝ զինված խմբին եւ իշխանություններին ու այդ երկու կողմերին հրահրողներին կոչ էի արել գործի դնել ներքին զսպանակները: Բացի այդ՝ դեպքերի հետ կապված գնահատական չէի հնչեցրել՝ նշելով, թե դա կարող եմ անել միայն այն ժամանակ, երբ կունենամ 15 հարցերի պատասխանները («Լուսանցք», թիվ 25 (415), հուլիսի 22-28, 2016թ.): Ինձ մտերիմ քաղաքական գործիչներից մեկը, ում իբրեւ մարդ հավանում եմ, բայց սկզբունքորեն դեմ եմ նրա քաղաքական գրեթե բոլոր քայլերին, զանգահարեց ինձ եւ անկեղծ հարցրեց. «Լավ, բա ոչ մի կողմի հանդեպ անձնական համակրանք չունե՞ս»: «Լսիր,- հանգիստ ասում եմ,- դու ինձ զանգիր այն ժամանակ, երբ քաղաքական դերիցդ դուրս կգաս»: Հետաքրքիր է, ես լրագրող եմ, ի՜նչ կապ ունի իմ անձնական համակրանքը, ես փաստերով պիտի խոսեմ:

Իսկ փաստերը հակասական են, ընդ որում՝ երկու կողմից էլ: Նշանակում է՝ այդ փաստերը ստուգել է պետք: Փաստերը ստուգելու տարբեր ձեւեր կան: Եվ միայն դրանից հետո կարելի է արտահայտել սեփական ցանկությունը, համակրանքը՝ հիմքում փաստական ապացույցներ դնելով: Տարիներ առաջ հիշու՞մ եք, թե Եվրոպան եւ Ռուսաստանը ինչպես էին հանդես գալիս հայկական ատոմակայանը փակելու օգտին: Նրանց միանում էր ներքին ցանկացողների խումբը: Ես դեմ էի հայկական ատոմակայանը փակելուն, բայց միայն չէի կարող գրել՝ դեմ եմ, որովհետեւ այն մեր անվտանգության երաշխիքն է: Ու այս կամ այն գործչին, մասնագետին հղում անելն էլ քիչ էր: Լծվեցի գործի՝ տարիներ շարունակ եւ ցայսօր: Ու սկսեցի: Այ Եվրոպան, որ մեզ ստիպում է (տարիներ եղան, որ կոշտացրել էր ոճը) փակել մեր ատոմակայանը, իր տարածքի այս ու այն ատոմակայանը այսպես է աշխատում, հապա ինչու՞ չի փակում: Կամ՝ Ռուսաստանը, որ միջուկային վառելիք մատակարարելու դիմաց այս ու այն իբր անվտանգության պահանջն էր դնում, ինչպե՜ս կարող է այդ պահանջը դնել, երբ մեր ԱԷԿ-ն ու ռուսական ԱԷԿ-ները նույն կառուցվածքն ունեն եւ այլն: Այնքան էի խորացել եւ ուսումնասիրել այդ թեման, որ մեր ատոմային էներգետիկայի շատ մասնագետներ ինձ կատակով ասում էին, որ հանգիստ կարող եմ փոխել մասնագիտությունս: Դա եղավ իմ տարիների չարչարանքի լավագույն գնահատականը: Եվ այսօր հանգիստ կարող եմ ասել, այո, ես անձնապես դեմ եմ հայկական ատոմակայանը փակելուն եւ անձնական համակրանք եմ տածում իմ տեսակետին համամիտների նկատմամբ: Կարո՛ ղ եմ: Որովհետեւ իմ անձնական կարծիքիս տակ մասնագիտական փաստարկներ ունեմ բազմաթիվ (տարիներ շարունակ դրանք հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ «Լուսանցք» շաբաթաթերթում):  

Սա ասացի, որպեսզի պարզ դառնա, թե ինչու ՊՊԾ-ի դեպքերի մասով չեմ արտահայտում սեփական համակրանքս որեւէ կողմի նկատմամբ: Որովհետեւ փաստական ստուգումներից հետո այն կարող է փոխվել այլ ուղղությամբ կամ մարել ընդհանրապես՝ հասցեատեր չունենալով պայմանավորված: Դրա համար ժամանակ է պետք:

Հիմա ենթադրենք՝ անձնապես համակրում եմ «Սասնա ծռերին» (շեշտեմ՝ զինյալ խմբի կողմից այդ անունն ընտրելը ճիշտ չէ, քանզի Սասնա ծռերի գործունեության բոլորովին այլ դաշտ է ցուցանում մեր էպոսը): Մեկ էլ պարզվում է, որ խմբի որոշ անդամներ զենքը ձեռքին այլ բան են ասում, զենքը վայր դնելուց հետո՝ այլ: Կամ՝ նրանք տեղյակ չեն եղել, թե ուր են գնում, խոպանից եկել, Արմենի խաթեր գնացել են ու մեկ էլ տեսել են՝ ՊՊԾ են մտել (խմբի անդամ Արթուր Մելքոնյանի՝ զենքը վայր դնելուց հետո պատմածից): Ստացվում է՝ «Սասնա ծռերը» կուռ կառույց չէ: Հետո «Առավոտ»-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ Գեղամ Սահակյանը զինյալ խմբից դուրս եկած տղաների նմանատիպ հայտարարությունները, թե տեղյակ չէին՝ ուր են գնում, դավաճանություն է համարում խմբին: Մեկ էլ նույն հարցազրույցում ասում է, թե՝ նրանց՝ այդ տղաներին չի ճանաչում. «Այդ տղաներին ինչ-որ մեկը բերել է, բայց ով է բերել, չգիտեմ: Նրանք անծանոթ են»:

Շարունակեմ «Առավոտ»-ից հաջորդ մեջբերումը. «Մեր հարցին՝ իսկ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը անվստահելի մարդկանց իրենց հետ կտանե՞ին, Գեղամ Սահակյանը շարունակեց. «Իհարկե ոչ: Նրանց հետ ճանապարհ չէին գնա: Պավելենք վստահել են այդ տղաներին բերողին: Խմբում մի տղա կար՝ Վանաձորից թե Սպիտակից, Արմեն անունով, երեւի ինքն է հետը բերել»:

Ստացվում է՝ «Սասնա ծռերը» խումբը մեծացնելու խնդի՞ր է ունեցել:

Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը մեկ այլ զարմանալի բան էլ է ասում. «Նրանք ապուշություն են արել»:

Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանը նամակ է գրում Գարեգին Չուքասզյանին, թե՝ ի գործ կամ ի զեն, ու՝ ստացվում է՝ ապուշությու՞ն են արել:

Եվ հաջորդ անհեթեթությունը. «Եթե իմանայի՝ կկանխեի»:

Սա նշանակու՞մ է, որ Ժիրայր Սեֆիլյանը տեղյակ չի եղել, թե ինչ են անելու «Սասնա ծռերը»: Կամ էլ՝ Սեֆիլյանի թիկնապահն էլ մեր նախարարների թիկնապահների պես է. նախարարն ինքն է ու վերջ: Հազիվ թե:

Հե՞տ է քաշվում Սեֆիլյանը: Բայց չէ՞ որ Վարուժան Ավետիսյանը այնքա՜ն վստահում է իր հրամանատարին: Թե՞ Սեֆիլյանն ու Ավետիսյանն էին տեղյակ բոլոր մանրամասներին, իսկ մյուսները՝ խաղի մասնակիցներ էին ընդամենը:

Շարունակեմ Սեֆիլյանի թիկնապահի բացահայտումները: «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին: Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»:

Այստեղ լավ չեմ հասկանում՝ ո՞վ էր լակոտը, Արմենի բերած տղերքը երեւի, որովհետեւ Պավլիկը, ըստ Սեֆիլյանի թիկնապահի, «ալկոհոլիկ» էր. «Ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել, ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»,-ասում է թիկնապահը:

Թացն ու չորը հասկանալու լավ ձեւ կարող է լինել «Սասնա ծռերին» կամ՝ ավելի ստույգ՝ գլխավոր դեմքերին ճանաչելը: Կրկնում եմ՝ անձնապես ոչ ոքի չգիտեմ: Սկսեցի հետարքրքվել նրանց ժամանակակիցներից, նրանց հետ կռվածներից, հին դաշնակներից եւն: Այսպես ասեմ, Պավել Մանուկյանն ու Արայիկ Խանդոյանը մաքուր դուրս եկան: Մաքուր տղերք են, հայրենիքի համար կռվել են, էլի են պատրաստ կռվելու, բայց քաղաքական կեղտոտ խաղերից կիլոմետրերով հեռու են, դրա համար էլ պատրաստ են հավատալու ամեն «կռված տղու»: Վարուժան Ավետիսյանը «ուսյալ կադրավիկ է», գաղափարակիր, Քուռ-Արաքսյան հանրապետության ստեղծման ջատագով, բայց անձնապես անտանելի հակակրանք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ, թեեւ Վարուժանի հետ աշխատողները դա երբեւէ չեն զգացել Վարուժանի՝ ՊՆ-ում երկար տարիներ պաշտոն ունենալու ժամանակահատվածում: Իսկ այ Ժիրայր Սեֆիլյանի մասին հակասական կարծիքներ հավաքեցի ու մեկ էլ՝ լռություն, որ հին դաշնակներից ստացա: Հետո փորփրեցի Սեֆիլյանին ճանաչող ոչ դաշնակ «կռված տղերքին», ասին՝ «դե իրա համար տղա է, էլի» ու ինձ ուղարկեցին դաշնակների մոտ: Ինչո՞վ էր պայմանավորված լռությունը, չկարողացա հասկանալ: Բայց օդում մի բան որսացի, դեռ չգիտեմ՝ ինչ: Հետո մտաբերեցի Սեֆիլյանի թիկնապահի խոսքերը «ծանր տղա» Վարուժի, «ալկոհոլիկ» Պավլիկի, լակոտ-լուկուտի մասին: Մեկ էլ իմացա՝ Չուքասզյանն է անցել ընդհատակ: Նա, ում բերդից նամակ էր գրել Սեֆիլյանը: Ու նախորդիվ հնչեցրած խիստ գործնական հարցերիս ավելացան մի քանիսն էլ. ո՞վ էր «Սասնա ծռերի» ուղեղը, ո՞վ՝ սցենարիստը, եթե Վարուժանը «ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա», ապա ո՞վ էր նրան ստիպել դա անել եւ այլն: Հավատացեք, սրանք կարեւոր հարցեր են, որոնք, գուցե, այս պահին հռետորական թվան:

Բայց՝ այս պահին: Իսկ հաջորդ պահը բոլորովին նոր պատմություններ կարող է վեր հանել, որոնք շեշտակի կարող են փոխել «Սասնա ծռերի»-ի հետ կապված դեպքերի ամբողջ տրամաբանությունը:

Իսկ այս պահին ամենակարեւորը հետեւյալն է. իշխանությունը, վտահաբար, ինձնից ավելի տեղեկացված է եւ գուցե գիտի նախորդիվ եւ այս հնչեցրածս հարցերի մեծ մասի պատասխանները: Կարեւորը՝ կարողանա դաս քաղել եւ հասկանալ պատճառահետեւանքային կապը: Թե ինչ դաս կքաղի եւ ինչպես կշտկի ստեղծված իրավիճակը, իմ որոշելիքը չէ, իմ գործը չէ: Ե՛ս չեմ նստած վերեւներում, լծակներն էլ իմ ձեռքին չեն: Իմ լծակը գրիչն է, հետեւաբար, իմ խնդիրը տեսածս ու լսածս ճիշտ փոխանցելն է՝ առանց կանխակալ վերաբերմունքի այս ու այն կողմի նկատմամբ: Միայն թե բոլորիս համար իրապե՛ս կարեւորը հայրենիքը լինի՝ առանց այդ մասին ավելորդ հիշեցումների, ճամարտակությունների, ճոռոմաբանությունների, հայրենիքի  անունից խոսելու: Միայն թե հայրենիքը բոլորիս սրտում լինի, ոչ լեզվի վրա:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 27 (417), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։