Արդարությունը՝ ազգայնականության հատկանիշ – «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը՝ հակաթուրքական ցույցերով ու պահանջներով…  Հայ արիների առաջնորդը վրացական ազգայնականության մասին… Հայ արիները գործում են հանուն, ոչ թե ընդդեմ կարգախոսով…

Վրաստանում գուցե սկիզբ է առնում իրապես վրացական  ազգայնական մի շարժում, որն իր թիրախը, թշնամուն հայտարարել է թուրքին եւ ոչ հային… Գոնե դեռ հակահայկական որեւէ բան չի արվել:

Այս հարցով «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վերջերս մեր պարբերականում նորից անդրադարձել էր հայ եւ միջազգային ազգայնականությանը («Ազգայնականության մերժումները՝ տկարամտության ու նենգամտության հետեւանք», «Լուսանցք», թիվ 27 (417), 2016թ.), հատկապես համաշխարհային բեւեռներում հասունացող՝ ֆրանսիական ու ռուսական ազգայնական ուժերին ու դրանց առաջնորդներին: 

http://www.hayary.org/wph/?p=5731Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները‘ տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1.Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2.Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3.Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյամ, ՀԱՄ առաջնորդ)…

Հայ արիների ղեկավարը նախ անդրադարձավ նախկին դեպքերին, երբ իրականում միայն շահարկվեց ազգայնականության թեման Վրաստանում: Նրա խոսքով՝ «Վրաստանում ցայսօր արտաքին աշխարհին հայտնի էր մի ազգայնական ուժ (որն իրականում ազգայնամոլական-այլամերժական է բնույթով), դա Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու գլխավորած Ազգայնական կուսակցությունն էր, որն իշխանության եկավ «Վարդերի հեղափոխությամբ»՝ շարունակելով ուկրաինական ծաղկահեղափոխական, իրականում հեղաշրջման քաղաքականությամբ:  

Սկզբում զարմանալի էր, Արեւմուտքն աջակցում էր վրացական ազգայնականությանը, բայց հետո միայն հասկանալի եղավ, որ Միխեյիլ Սաակաշվիլին բացառապես եվրաարժեքներ կրող մի վրացի է՝ հայի նախարմատներով: Այսինքն՝ այս խառնարյուն կիսավրացուց հաստատ «էլիտար» ազգայնական չէր ստացվելու, ինչն էլ նրան մղելու էր իրեն աջակցող եվրաոլորտ: Արեւմուտքը գիտակցում էր եւ այս հանգամանքը, նաեւ այն, որ խորհրդային ուժի դեմ միայն ազգայնական հայացքները ոտքի կհանեն մարդկանց, ներդրեց «Վարդերի հեղափոխությունը», բայց ինչպես միշտ՝ հեղաշրջմամբ ստիպեց Ալեքսանդր Շեւարդնաձեին հանձնել իշխանությունը: Հաշվի էր առնված նաեւ այն փաստը, որ հակառուս Միխեյիլ Սաակաշվիլին կոչնչացնի ոչ միայն խորհրդային, այլեւ՝ ռուսական բարքերն ու կարգերը:

Հետագայում էլ, արդեն ազգայնական կոչված նախագահին մեղադրանքներ հղվեցին, թե ծպտյալ հայ է՝ Սահակյան ազգանունը Սաակաշվիլի դարձրած: Սա նրան ավելի կատաղեցրեց ու առավել հակահայ դարձրեց, քանզի շատերը գիտեն Վրաստանում, թե քանի տասնյակ հազարավոր հայեր են վրացականացվել, որպեսզի պաշտոններ ստանձնեն կամ կարողանան առանցքային դիրքեր ունենալ վրացական որեւէ ասպարեզում: Սա այն սպիտակ ցեղասպանությունն էր, որը շատ ԽՍՀՄ-ական հայեր դեռ պատկերացնում են միայն ռուսական (վելիկոռուսական) տարբերակով… Հետո էլ՝ արեւմտամետ Վրաստանը պիտի ռուսամետ Հայաստանին հակադրված մնար…

Այս ամենը գիտակցելով էլ Արեւմուտքը այսպես կոչված վրացական ազգայնականին բերեց իշխանության եւ այլեւս պարզ էր, որ սա վրաց ազգայնականության խթանում չէ, այլ՝ խցանում է»:

Հայ արիների առաջնորդը նաեւ հավելեց, որ այսօր էլ «Վրաստանի նախագահը հանգիստ չի մնում, նա Ուկրաինայում մարզպետ է աշխատում, քանի որ դա է պահանջում եվրաղեկավարությունը: Անգամ վրացիներն են այլայլված, որ իրենց նախկին նախագահը մարզպետի կարգավիճակն ընտրեց, այն էլ օտար երկրում: Բայց Միխեյիլ Սաակաշվիլին միայն ուկրաինացավով չի տապակվում, վրացացավ էլ ունի, վերջերս նրան մեղադրեցին Վրաստանում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ»:

«Լուսանցք»-ը եւս տեղեկացվել էր, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կամ տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու կապակցությամբ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր ենթադրաբար նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի եւ նրա նախկին կուսակցության առաջնորդների բանակցությունների ձայնագրությունը: Ինչ-որ մեկը նրա ձայնով զրուցակիցների հետ, որոնք էլ ենթադրաբար «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարներն են, քննարկում է ապագայի ծրագրերը, մասնավորապես երկրում իրադարձությունների զարգացման հեղափոխական սցենարը:

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ «սահմանադրական կառուցվածքը բռնի ուժով փոխելու, պետական

իշխանությունը տապալելու կամ զավթելու» հոդվածով: Վրաստանի նախկին նախագահի ձայնով մարդն ասում է, որ «երկրում հեղափոխությունն անհրաժեշտ է եւ առաջարկում է մոբիլիզացնել մարդկանց, ի պատասխան՝ պատգամավոր Բոբոխիձեի ձայնով զրուցակիցն ասում է, որ դրա համար պետք է բողոքի ակցիա կազմակերպել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում»:

Միխեյիլ Սաակաշվիլին մեկնաբանել է միջադեպը եւ ձայնագրությունը համարել «անտաղանդ մոնտաժ»:

Հայ արիների առաջնորդը վստահ է, որ Միխեյիլ Սաակաշվիլին կգնա նոր հեղաշջման, քանի որ վարչապետ դարձած Բիձինա Իվանիշվիլիի «թավշյա հեղափոխությունից» հետո խիստ վիրավորված է ու պատրաստ վրեժխնդրության: Եվ Ուկրաինայում մարզպետական ծառայության անցնելը եւս այդ նպատակն ունի, վերականգնել վստահությունը եվրաղեկավարության մոտ՝ իր նպատակներին աջակից դարձնելու համար:

Բայց օրերս, Թբիլիսիում աննախադեպ բողոքի ցույցեր են իրականացրել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստները, եւ Արմեն Ավետիսյանը դեռ չի բացառում, որ սա նույն սցենարը կարող է լինել: «Եթե այդպես է, ապա նոր հակահայկական սցենարը ճիշտ չէր ընկալվի, անհաջող կրկնություն կստացվեր, ուստի՝ ընտրվել է հակաթուրքական ուղին, հատկապես, որ Թուրքիան մերթ ընդ մերթ խաղեր է տալիս Ռուսաստանի հետ եւ Արեւմուտքը քանիցս զգուշացրել է Անկարային, ինչ-որ տեղ նաեւ Բաքվին: Եվ հակահայկականությունը այս առումով էլ տեղին չէր լինի»,- հայտնեց Արմեն Ավետիսյանը՝ միաժամանակ չբացառելով, որ կարող է նաեւ զուտ վրացական ազգայնական շարժում լինել, ժամանակը ցույց կտա, եթե այդպես է՝ իհարկե կարելի է ողջունել հակաթուրքական ճակատում համատեղ գործելու իմաստով»:

Մեր հարցին՝ արդյո՞ք միայն հակաթուրքական ճակատում կտեսնեն հայ արիները համագործակցության եզրեր, եթե իսկապես հակաթուրք վրացական ազգայնական շարժում առաջ գա, հնչեց պատասխան՝ այո, նախնական առումով միայն այդպես: «Հետո համատեղ պայքարի ժամանակ շատ հարցեր կքննարկվեն, այդ թվում՝ Ջավախքի խնդիրը, եւ նոր միայն կարելի է հասկանալ որչափ համատեղելիության ծավալ կլինի այդուհետ: Մեզ համար, ինչպեսեւ համախմբված հեթանոս ազգայնականների, մեր Ջավախքի հարցը նույն հարթության վրա է, ինչ՝ Արցախի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի կամ հայկական այլ բռնազավթված տարածքների: Հասկանում ենք, որ դա կարող է դուր չգալ նաեւ վրացի ազգայնականներին, բայց կան եւ՛ ապացույցներն անհերքելի եւ՛ մեր կամքն է անդրդվելի: Մնացյալը տեղում կերեւակվի, հիմա դեռ միայն ենթադրություններ ենք անում: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել համաշխարհային ազգայնական ոլորտում, եթե դա կատարվում է անցյալի ու ներկայի արդարության վերականգնման ու հաստատման եւ ապագա անարդարությունները կանխելու նպատակով»:

Դառնալով հակաթուրքական ճակատին՝ հայ արիների ղեկավարը նշեց. «Վրացիներից շատերն են գիտակցում, որ հակահայկականությունը հիմնականում խաղ է (չնայած որոշակի կա ներվրացական ասպարեզում), այն էլ մեր թշնամիների կողմից հրահրվող, իսկ այն վտանգը, որ կա թյուրքական տարրից, արդեն ակնառու է: Ադրբեջանը մի սովորական հարձակմամբ կարող է գրավել Մառնեուլի շրջանը մինչեւ Թբիլիսի, իսկ Թուրքիան արդեն աշխատում է Աջարիան թուրքացնելու ուղղությամբ, Ջավախքում թուրք-մցխեթներին է փորձում տեղավորել, ինչը թույլ կտա թուրք-ադրբեջանական հարվածով միանգամից տիրել Բաթումից՝ Ախալքալակով մինչեւ Մառնեուլ, միացնելով թուրք-ադրբեջանական սահմանը: Այն՝ ինչը չկարողացան անել Նախիջեւանի ուղղությամբ, քանի որ Սպարապետ Գարեգին Նժդեհը կասեցրեց այդ միացումը՝ Զանգեզուրը՝ Սյունյաց աշխարհը ազատելով թուրք-ադրբեջանա-բոլշեւիկա-մասոնական ճիրաններից՝ այդպիսով փրկելով Հայաստանը համաթուրքական շրջափակումից»:

Իսկ այս օրերի մասով նշենք, որ հարյուրավոր վրացի երիտասարդներ Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում հարձակվել են թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները՝ միաժամանակ թալանելով խանութները: Եվ այս ամենն ուղեկցվել է «Կեցցե ազգը – մահ թշնամուն» վանկարկումներով: Այնուհետեւ ցուցարարները Հերոսների հրապարակից մեծ խմբերով շարժվել են դեպի մետրոյի «Մարջանաշվիլի» կայարան, դարձյալ հասել Աղմաշենեբելի պողոտա՝ իրենց ճանապարհին ավերելով թուրքական բոլոր օբյեկտները:

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է 11 ակտիվիստների: Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները, քանի որ «Քարթուլի ձալայից» նոր հարձակումներ են սպասվում:

Ի դեպ, այսպիսի մի դեպք էր գրանցվել նաեւ այս տարվա մայիսին:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=5803Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…

* * *

Հայ-Արիական կարգախոսը չի կարող կառուցվել «հակա» սկզբունքով: Հայ արին արարիչ տեսակ է ու բնավ՝ ոչ ավերիչ…

Հայ-Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ-Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

* * *

Համաշխարհային ճգնաժամն առավելապես խորանում է՝

– հենց «հակա»դրությունների քաղաքականությունից թելադրվող արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ,

– ինչպես նաեւ՝ բնական ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն արդեն իսկ հակադրվում են Տիեզերակարգի Արարչադիր Ընթացքին…

Բնության «հակա»դարձումն ավելի ծանր հետեւանքներ է թողնում…

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։