Տեղական ինքնակառավարումը՝ կրկին Հանրապետականի կառավարման ներքո – Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը հաստատեցին, որ ավելի շատ ընդդիմադիր են ներկա իշխանություններին… Իսկ ի՞նչ կփաստի Երեւանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում ամփոփիչ ներկայացրեցինք ՏԻՄ ընտրությունների այն հատվածը, որը կայացավ Հայաստանի 5 մարզերում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի 317 համայնքներում: Ինչպես նշել էինք, այս համայնքներում ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցեց ընտրողների շուրջ 40%-ը: 168 համայնքներում հաղթել էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որոնց ավելացան նաեւ 22 համայնքապետեր, ովքեր համայնքապետի ընտրությանն անկախ կարգավիճակով մասնակցելով՝ հաղթել էին ընտրություններում, բայց մի քանի օր անց դիմումներ էին գրել ՀՀԿ մտնելու համար: Եվ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն այս մարզերում ընդհանուր առմամբ հաղթեց մոտ 76%-ով:

http://www.hayary.org/wph/?p=5820Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…

Ըստ ամենայնի, այս մի փուլում եւս նման, եթե ոչ ավելի մեծ առավելությամբ, հաղթեցին ՀՀԿ-ականները:  

Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններն արդեն կայացան Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի 377 համայնքներում, այդ թվում հանրապետության 2-րդ եւ 3-րդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում: Նշենք, որ այս անգամ ըստ ԿԸՀ մամուլի ծառայության՝ սահմանված ժամկետում թիվ 23, 24, 26, 27, 29, 34, 36 եւ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 32 դիմում՝ 49 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ: Ընտրական հանձնաժողովներում ստացվել են նաեւ ընտրություններին առնչվող 152 այլ դիմումներ: Նշված դիմումներից 31-ը ներկայացվել են թիվ 27 ԸԸՀ եւ 12-ը՝ թիվ 34 ԸԸՀ, իսկ թվով 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 109 դիմումները ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բոլոր դիմումներն սահմանված կարգով եւ ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից:

Ընդհանուր առմամբ, ընտրություններ կայացան 372 համայնքներում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում կայացան ավագանու անդամի ընտրություններ։ Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ բոլոր ահազանգերի ու խախտումների մասին տեղեկություններին արձագանքել են, փորձել են ուսումնասիրել կատարվածի հանգամանքները։ Նա առանձնացրել է մի քանի խախտումներ. «Գրառումներ են եղել տեղամասերի մոտ կուտակումների մասին, որոնց վերաբերյալ արձագանքը եղել է օպերատիվ եւ ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի վերացվեն խախտումները։ Եղել են նաեւ հայտարարություններ այն մասին, որ մարդիկ փորձել են քվեարկել մեկ ուրիշի փոխարեն։ Որպես կանոն, դրանք եզակի դեպքեր են եղել՝ 1- 2 դեպք, որոնք շփոթության արդյունք են եղել։ Բոլոր դեպքերում, հանձնարարականն ու օրենքի պահանջը մեկն է՝ բոլոր ընտրախախտումները գրանցվեն ընտրամատյաններում եւ դրանով արդեն քննությունները հետագայում կանցկացվեն»։

«Միանշանակ կարելի է փաստել, որ թե բովանդակային առումով, թե առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են»,- հավելել է ԿԸՀ նախագահը՝ պատասխանելով նախորդ ընտրությունների հետ համեմատություն անցկացնելու մասին հարցին։ Ապա տեղեկացրել է, որ կեսգիշերին արդեն ստացել էին փոքր համայնքներում անցկացված ընտրությունների առաջին արդյունքները։

Եթե նախորդ ընտրություններին մասնակցել էին 5 մարզերի ընտրողների շուրջ 40%-ը. ապա այս ընտրություններին մասնակցել են 6 մարզերի ընտրողների մոտ 51%-ը: ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբեղել է 378.557: Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ՝ 36,59%, Վանաձորում՝ 41.189 կամ՝ 42,66%:

Այդ օրը, ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը եւ ՏԸՀ-ներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում էլ կազմվել են ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: Ըստ ոստիկանություն ամփոփ տեղեկատվության՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրենց ստացած ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների եւ տեղեկություների քննարկման արդյունքների մասին եղել են հրապարակումներ: Ըստ տարածքների, պատկերն այս է՝ 1. Շիրակի մարզ – 24, 2. Լոռու մարզ – 34, 3. Գեղարքունիքի մարզ – 12, 4. Վայոց ձորի մարզ – 1, 5. Սյունիքի մարզ – 15, 6. Կոտայքի մարզ – 31: Ըստ ստացման աղբյուրի՝ ԶԼՄ-ներից՝ 56, ՀԿ-ներից՝ 9, դիտորդներից՝ 6, հանձնաժողովի անդամներիցից՝ 3, քաղաքացիներից՝ 20, ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից՝ 22 եւ կուսակցություններից՝ 1:

Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական ու քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն, որից՝ ըստ փուլերի՝ քարոզչության ընթացքում՝ 5, իսկ քվեարկության օրը՝ 112: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետեւանք է թողնվել 4 նյութ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գորիսի մամուլի ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը միասին ընտրողներին խմբերով տեղամասեր տանելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Նրանց դիտարկմամբ, արձանագրվել են ընտրողների բողոքները, դեպքերը մասնավորապես նկատվել են՝ 30/03 եւ 30/01 տեղամասերում՝ ընտրողներ են բերվել դեղին գույնի 0489L համարանիշի միկրոավտոբուսով, իսկ թիվ 30/48 ընտրատեղամասում՝ 0516Լ, 0429/Լ համարանիշի սպիտակ գույնի միկրոավտոբուսներով, թիվ 30/58 ընտրատեղամասում՝ սպիտակ գույնի 0544Լ համարանիշի միկրոավտոբուսներով: Վերոնշյալ կազմակերպությունները միասնաբար հայտնել են, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին եւս հաղորդում է ներկայացվել: Մի դեպքում լրատվամիջոցի ներկայացուցչին այնումենայնիվ 1 ժամ անց՝ ժամը 21:00-ի սահմաններում, հաջողվել է մուտք գործել տեղամաս:

Ցավոք, ծեծի եւ բախումների դեպքեր եւս գրանցվեցին: Անսպասելի դեպք արձանագրվեց Գյումրիում: Ավագանու անդամի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանը իր աշխատանքն իրականացնելու ժամանակ մահացել է։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանն ասել է։ «Դիտորդը մոտ 50 տարեկան կլիներ, աբշիրնի ինֆարկտ է ստացել, սրտի հետ կապված խնդիրներ ուներ, եւ նրա մահը բացարձակապես կապված չէ ընտրական գործընթացների հետ։ Իսկ տեղամասը շատ հանգիստ տեղամաս էր»։

Ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները, եւ մարզերում արդեն կսկսեն նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին, որը մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունի: Արդեն գիտենք, որ մեր պետության հաջորդ ղեկավարը լինելու է վարչապետը, ում կընտրի նորընտիր Ազգային Ժողովը: Այս ընտրությունների նախապատրաստական գործընթացին կմիանա նաեւ Երեւանը, երբ հաջորդ տարի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն իրենց քաղաքապետին:

Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը հաստատեցին, որ ավելի շատ ընդդիմադիր են ներկա իշխանություններին: Ի՞նչ կփաստի Երեւանը…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։