Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

Սկիզբը՝ թիվ 33-ում

http://www.hayary.org/wph/?p=5831Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Նախորդիվ խոսել էինք այն մասին, որ Հայաստանը կարող է խոսք ասել եթերայուղերի արտադրության ոլորտում, այն է՝ ունենալ սեփական ապրանքանիշը եւ հզոր ապրանքանիշը (այն է՝ ապրանքանիշ՝ ձեւավորված ոչ թե միայն գովազդի, այլեւ՝ իրական որակի հիմքով): Մասնավորապես խնդրո առարկան խորդենին էր, որի արտադրությունը զգալիորեն կարեւորել են Խորհրդային Հայաստանում, անգամ խորդենու վերամշակման գործարան ենք ունեցել: Խորդենու հետ կապված հեռանկարային քայլեր է ունեցել պետությունը, որոնք, սակայն, չեն ձեռնարկվել խորհրդային կարգերի փլուզման հետեւանքով: Այսօր խորդենու մշակումն անտեսելը ճիշտ չէ, քանզի այն կարող է եկամտի լավ աղբյուր դառնալ եւ, բացի այդ, անթափոն օգտագործելու դեպքում կարող ենք շահել բազմակի:

Առիթով ասել ենք, որ ՀՀ-ի անկախացումից հետո ցանկացած ոլորտի պես մեծ փոփոխություններ կրեց նաեւ տեխնիակական մշակաբույսերի տեսականին: Իմա՝ խորդենին նույնպես: Վերջինիս մշակությունը գրեթե դադարեց Հայաստանում: Ավելի ստույգ լինելու համար ասենք, որ նորանկախ Հայաստանում այն դադարեց, օրինակ, կարտոֆիլի ցանքատարածությունների հաշվին: Տարբեր առիթներով խորդենու մշակման հետ կապված զրուցել եմ շատ մասնագետների հետ. պե՞տք էր դադարեցնել դրա մշակումը, թե՞ ոչ, Հայաստանի համար ձեռնտու՞ է խորդենու մշակությունը, թե՞ ոչ, իսկ գուցե ավելի ձեռնտու է ցորենի ու կարտոֆիլի մշակությունը, որոնց «հաշվին» էլ դադարեց խորդենու լայնածավալ մշակումը:  

Տարբեր տեսակետներ են հնչում: Մեկ՝ որ խորդենու մշակությունը կարեւոր է, բայց երկրի համար անհրաժեշտություն է ցորենի ու կարտոֆիլի մշակությունը՝ պարենային ապահովվածության մակարդակը թեկուց փոքր-ինչ փոխելու նկատառումով: Մյուսը՝ որ ցորենի ու կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացումը ոչ միայն խորդենու, այլեւ արժեքավոր այլ մշակաբույսերի՝ օրինակ, կտավատի հաշվին եղավ, ինչը ցածր մակարդակի գյուղատնտեսության վարման խոսուն փաստ է: Երրորդ կողմն էլ՝ որ անճարակ գյուղատնտեսություն վարելով՝ մենք դուրս ենք մնում միջազգային ագրարային գործընթացներից: Այս ամենով հանդերձ՝ բոլոր կողմերը մեկ հայտարար ունեն. խորդենու մշակությունը ոչ միայն կարեւոր է, այլեւ՝ ձեռնտու երկրի համար՝ գյուղատնտեսության եկամտաբերության առումով թեկուզ: Պարզապես ցորենն ու կարտոֆիլն ավելացվել են խորդենու հաշվին, որովհետեւ մեր երկրում հողն է քիչ: Բայց սրա լուծումն էլ կա՝ հողը քիչ է, կարող ենք անցնել հիդրոպոնիկ եղանակին:

Հասկանանք, թե ինչ բույս է խորդենին: Նախ ասենք, որ այն ոչ միայն տեխնիկական մշակաբույս է, այլեւ՝ դեղաբույս: Տարածված է խորդենու երկու ցեղ՝ վարդագույն խորդենի եւ մարգագետնային խորդենի: Հայտնի է խորդենու մոտ 400 տեսակ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդագույն խորդենին: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերեւներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի եւ խոնավության նկատմամբ: Սառնամանիքները խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում: Իսկ մարգագետնային խորդենին աճում է բարեխառն գոտում եւ գրեթե ամենուրեք: Շատ երկրներում այն օգտագործվում է որպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն այս բույսի եւ՛ վերգետնյա եւ՛ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում: Ի դեպ, չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Իմ ադեն (մշեցիները մեծ մորը ադե են ասում) խորդենու արմատները հանում էր աշնանը, լվանում  եւ դրանք էլ էր չորացնում: Ասում էր, թե դրանք լավ միջոց են դաբաղի դեմ: Բուսաբուժներն ասում են, թե արմատները օսլա եւ այլ ածխաջրեր են պարունակում, ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին C եւ կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, վիտամին C եւ K, կարոտին, դաբաղանյութեր, հանքային նյութեր՝ երկաթ, նիկել, ցինկ եւ այլն: Խորդենին օգտագործվում է նաեւ չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռեւմատիզմի ու բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում: Ժողովրդական բժիշկները խորդենու եփուկը օգտագործում են անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների եւ այլ տարբեր հիվանդությունների դեպքում: Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն էլ օգտագործում են թունավոր օձերի խայթոցների դեպքում: Չեմ հիշում՝ որտեղ եմ կարդացել, որ ստի ալեփոխարկիչի (դետեկտոր ասվածի) մասնագետը (կարծեմ Բաքստեր է ազգանունը) խորդենու միջոցով անցկացրել է փորձարկումներ՝ հաստատելով, որ բույսերն արձագանքում են մարդկանց մտքերին, իսկ խորդենին շատ զգայուն է այդ առումով.  ստերի հորդալուց թառամել է նույնիկ:

Այսքանից հետո այս բույսի չմշակումն անհեթեթություն է: Բայց նաեւ պետք է հասկանալ, որ խորդենու մշակումը, այսպես ասած, «ինտելեկտուալ բիզնես» է: Եթե ՀՀ-ն որոշի այսօր էլ զբաղվել խորդենու մշակությամբ, ապա, առանց չափազանցության, պետք է սկսի զրոյից: Իսկ ինչու ոչ, երբ դա ձեռնտու է եւ՛ գյուղացուն, եւ՛ երկրին: Հենց այստեղ էլ խոսենք խորդենու մշակման հիդրոպոնիկ եղանակից, եթե հողն օգտագործում ենք հացազգիների եւ կարտոֆիլի համար: Դժվար չի լինի. մենք հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ ունենք, որ հաստատ կհասնի օգնության: Այս ինստիտուտում դեռ խորհրդային տարիներին կատարվել են վարդաբույր խորդենու ֆիզիոլոգիաագրոքիմիական եւ կենսաքիմիական առանձնահատկությունների բազմամյա հետազոտություններ: Դրանց հիմամբ էլ մշակվել է վարդաբույր խորդենու անհող արտադրության բիոտեխնոլոգիան, սա էլ իր հերթին թույլ կտա ստեղծելու խորդենու անթափոն արտադրություն:

Ի դեպ, այս առաջարկն արտադրական տեսակետից փորձարկելու համար Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը 1971թ. որոշում ընդունեց այն ժամանակ Էջմիածնի շրջանում կառուցել 1,5 հեկտար բացօթյա հիդրոպոնիկական տեղակայանք: 1976թ. այն շահագործման հանձնվեց: Ինստիտուտն այսօր էլ կա մեր ՀՀ ԳԱԱ կազմում, գործում է, մասնավորի հետ համագործակցության առաջարկներ է անում արժեքավոր, եթերայուղատու, դեղատու, ինչպիսին ասենք խորդենին է, եւ ընդհանրապես այլ մշակաբույսերի հիդրոպոնիկ եղանակով աճեցման ու արտադրության կենսատեխնոլոգիաների մշակման առումով:

Մեր խնդրո առարկայի պարագայում ասել է թե՝ եթե որեւէ գործարար հասկանա ու ցանկանա զբաղվել եկամտաբեր խորդենու յուղի արտադրությամբ, գիտական հատվածը պատրաստ է աջակցել նրան: Մանավանդ հիմա, երբ կրկին մտածում ենք հողերի խոշորացման մասին (մանր հողակտորներում խորդենու աճեցումն անիմաստ է), կարող ենք երկրի գյուղատնտեսությանը մեկ այլ ուղղություն էլ տալ (գործարարը գուցե նախընտրի բույսի մշակման հողային տարբերակը): Ի վերջո, խորդենին այն արժեքավոր մշակաբույսն է, որն այսօր էլ միջազգային շուկաներում մեծ պահանջարկ ունեցող ապրանքներից է եւ որը կարող է ստիպել մեր գործարարին ոչ միայն եկամտաբեր, այլեւ հետաքրքիր ու ինտելեկտուալ բիզնեսով զբաղվել:

Մեր երկրում այսօր եթերայուղի համար խորդենի չի մշակվում: Աճեցվում են միայն խորդենու մի քանի տեսակներ, որոնք օգտագործվում են հիմնականում կանաչապատման եւ բնակարանների ձեւավորման համար: Երեւանում, օրինակ, խոդենու մեկ թուփը վաճառում են 700-1200 դրամով: Բայց քանի որ այդ քանակը շատ քիչ է, տնտեսության համար ոչ մի դեր չի խաղում, հետեւաբար, ոչ մի վիճակագրություն էլ չկա:

Եթերայուղերի արտադրության ոլորտում շահելու համար մենք այլ բույսեր էլ ունենք եւ, ի դեպ, բնագավառում արդեն հաջողություններ էլ ենք գրանցել:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։