Ազգ-բանակին զուգահեռ՝ ռազմարտադրություն – Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը… Մեր երկրում արդեն արտադրվում են որոշ զինատեսակներ…

http://www.hayary.org/wph/?p=5836Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա եւ նպատակ էր դրվել ներկայացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաեւ նպաստել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016»-ի շրջանակներում ցուցադրվեցին նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր եւն:

Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը, ինչի մասին պարբերաբար գրում ենք: Մեր երկիրը սպասարկող պետության կարգավիճակից պիտի դուրս գա՝ զարգացնելով արդյունաբերությունը: Միայն այսպես մենք ներկրող երկրից կվերածվենք արտահանող երկրի:  

Տարիներ առաջ ՏՏ-ի ներկայցուցիչները հանդես եկան ՏՏ նախարարություն ունենալու պահանջով, որը, ըստ նրանց, կհամակարգեր ոլորտի խնդիրները: Մինչդեռ քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ նոր նախարարություն բացելու անհրաժեշտություն չկա, քանի որ երկրի էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը եւ 2 փոխնախարարները կատարում են գործառույթներ, որոնք համակարգում են ընդհանուր ՏՏ  ոլորտը: Գործադիրի դեռ սեպտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, եւ ըստ այդմ, ՏՏ ոլորտը տեղափոխվեց տրանսպորտի նախարարության ենթակայությամբ, եւ նախարարությունը անվանափոխվեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել էր, որ այսպիսով իրենց՝ ՏՏ նախարարություն ստեղծելու առաջարկը մասամբ ընդունվեց:

Կարծիք է նշվել, որ ՏՏ ոլորտը, հեռահաղորդակցությունը պետք է լինեն մեկ կառույցում, որպեսզի խնդիրներին համապարփակ լուծում տրվի: «Ժամանակակից աշխարհն այսօր ուղղակիորեն կապված է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, դրա համար, կարծում եմ, որ նախարարության վրա պետք է նաեւ դրվեն զենքի արդիականացման խնդիրները: Իսկ կառավարության աշխատանքի գնահատականը կտրվի դրանից ելնելով՝ արդյոք կառավարությանը հաջողվեց վերականգնել ռազմարդյունաբերությունը»,- մանրամասնել էր ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը:

«Լուսանցք»-ը եւս կարծում է, որ ռազմարդյունաբերությունը պետք է շուտափույթ վերականգնել ու բանակն ապահովել նաեւ հայկական արտադրության զենքով:

Նորանշանակ վարչապետն ու նոր կառավարությունը պետք է գնան նոր եւ համարձակ քայլերի: Վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ աշխատած տարիներին արել է որոշ արագ քայլեր, ինչը հույս է տալիս, որ այդպես կգործի նաեւ վարչապետության տարիներին:

Ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանության խնդիրները մշտառկա են եւ պետք է մնան ուշադրության կենտրոնում: Հոկտեմբերի սկզբներին դռնփակ քննարկում եղավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի կայացումը եւ զարգացման հեռանկարները» թեմայով: Հանդիպմանը ներկայացվել են ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հայրենական արտադրության եւ նորարարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Հանձնաժողովի անդամները

բարձրացրել են ռազմարդյունաբերության, ՏՏ զարգացման, պաշտպանության ոլորտի գնումների գործընթացին, սպառազինության միջոցների արդիականացման եւ ձեռքբերման վերաբերյալ մի շարք հարցեր:

Պետք է նշենք, որ Հայաստանն արդեն արտադրում է որոշ զինատեսակներ, դրանցից է մինչեւ 90 կմ խոցման հեռավորություն ունեցող ոչ կառավարվող հրթիռը: «65 ռազմական գործարան» հայկական ընկերությունն արտադրում է ոչ կառավարվող հրթիռներ, որոնց խոցման հեռավորությունը 70-90 կիլոմետր է: «ԱրմՀայՏեք-2016»-ի շրջանակներում նշված ընկերության աշխատակից Ռաֆիկ Սողոմոնյանը ներկայացրել էր իրենց արտադրանքը: Արտադրում են նաեւ ոչ կառավարվող հրթիռ, որի խոցման հեռավորությունը 10 կմ է, այն հնարավոր է բաց թողնել ինչպես մարտական ինքնաթիռից, այնպես էլ գետնից: Ինքնաթիռի վրա մեկ թռիչքի համար հնարավոր է տեղադրել 20 հրթիռ: Ընկերությունն արտադրում է նաեւ ուսումնական ավիառումբ, որը նախատեսված է կուրսանտների պարապմունքների համար: Արտադրում են  տարբեր դետալներ, որոնք նախատեսված են հրետանու, նռնականետերի, ավտոմատների, ատրճանակների համար: Նշենք, որ գործարանը պատկանում է ՊՆ-ին եւ արտադրությունը նախարարության պատվերով է:

Հայրենական արտադրություն մեր անօդաչու թռչող սարքերը ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության տարբերակներին: Ցուցահանդեսի շրջանակներում այս մասին խոսել է ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի գիտահետազոտական եւ փործարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Միքայելյանը: Նշենք, որ ռազմական ավիացիոն համալսարանի տաղավարում ներկայացված էին հայրենական արտադրության «Կռունկ 25-1», «X-55M» անօդաչու թեթեւ քաշային ինքնաթիռները, ինչպես նաեւ «Բազե» անօդաչու գերթեթեւ քաշային ինքնաթիռը:

Մասնավորապես «Կռունկ 25-1» ԱԹՍ-ն պատկանում է անօդաչուների միջին դասին: Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերից ամենամեծն է: Թեւերի բացվածքը 4200 մմ. է, երկարությունը՝2950 մմ., բարձրությունը 1200 մմ: «Կռունկ 25-1»-ի մեկնարկային թռիչքային քաշը կազմում է 55 կգ, օգտակար բեռի քաշը՝ 15 կգ: Սարքի միջին արագությունը 120 կմ/ժ է, առավելագույն արագությունը՝ 140 կմ/ժ: Թռիչքի առավելագույն տեւողությունը 210 րոպե է, գործողության շառավիղը՝ 150 կմ, ընդ որում՝ ծրագրավորված ինքնուրույն թռիչքի հեռավորությունը կազմում է 100, իսկ անմիջական կառավարման հեռավորությունը՝ 50 կմ: Թռիչքի աշխատանքային բարձրությունը 500-3000 մ է, առավելագույն բարձրությունը՝ 4000 մ:

Ներկայացված մյուս անօդաչու թեթեւ քաշային ինքնաթիռը «X-55M» է: Ինքնաթիռի թեւերի բացվածքը 3600 մմ. է, երկարությունը՝ 2330 մմ., բարձրությունը՝ 650 մմ: «X-55M»-ի մեկնարկային թռիչքային քաշը կազմում է 30 կգ, օգտակար բեռի քաշը՝ 5 կգ: Սարքի միջին արագությունը 130 կմ/ժ է: Թռիչքի առավելագույն տեւողությունը 90 րոպե է: Ծրագրավորված ինքնուրույն թռիչքի հեռավորությունը կազմում է 100, իսկ անմիջական կառավարման հառավորությունը՝ 50 կմ: Թռիչքի շահագործման բարձրությունը 80-4000 մ է, առավելագույն բարձրությունը՝ 4500 մ:

Ներկայացած 3-րդ սարքը «Բազե» անօդաչու գերթեթեւ քաշային ինքնաթիռն էր: «Բազե»-ն պատկանում է փոքր անօդաչու թռչող սարքերի դասին: Սարքի քաշը 5,5 կգ է, այն կարող է կրել մեկ կգ օգտակար բեռ: Սարքի միջին արագությունը 80 կմ/ժ է, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ: Անօդաչուն կարող է մոտ մեկ ժամ օդում լինել, անմիջական կառավարման հառավորությունը 30 կմ է: Թռիչքի շահագործման բարձրությունը 100-2000 մ է,

առավելագույն բարձրությունը՝ 3000 մ: «Հայկական կողմը արտադրում եւ օգտագործում է հիմնականում հետախուզական ԱԹՍ-ներ: Այս սարքերը, մասնավորապես, իրականացնում են հակառակորդի տարածքի լուսանկարահանում, տեսանկարահանում, ինչպես նաեւ կիրառվում են հրետանու կրակի ղեկավարման համար»,- նշել է գնդապետը:

Ասացինք, որ հայրենական արտադրություն հետախուզական ԱԹՍ-ները ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության սարքերին: Ըստ գնդապետի՝ սարքերն առանձնանում են իրենց անտեսանելիությամբ, մանեւրելու, ինչպեսեւ տարբեր բարձրութունների վրա ընթանալու հատկությամբ: Որակի տեսանկյունից մեր սարքերը ոչնչով չեն զիջում այլ երկրներում արտադրված սարքերին, պատրաստվում են ամենաժամանակակից նյութերով եւ հագեցած են նորագույն սարքավերումներով: Դրա հետ մեկտեղ, ինքնարժեքով հայրենի արտադրության ԱԹՍ-ները մոտ 10 անգամ ավելի էժան են Ադրբեջանի կողմից ձեռք բերվող իսրայելական արտադրության սարքերից: Ներկայումս իրենք չեն արտադրում հարձակվողական ուղղվածության ԱԹՍ-ներ, սակայն եթե ՊՆ կողմից նման խնդիր դրվի, ապա Ռազմական Ավիացիոն ինստիտուտի գիտական ներուժը լիովին բավարար է այն իրագործելու համար:

«Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել եւ պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մ հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան եւ խոցել այն: «ԱրմՀայՏեք-2016»-ի ընթացքում ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանը հայտնել է, որ սարքը արդեն 5500 մ վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մ հեռավորության վրա արդեն սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում: 1800-2000 մ վրա սարքը իդենտիֆիկացիայի է ենթարկում հակառակորդի զրահատեխնիկան ու հետեւակի մարտական մեքենաները: Սարքը մեզ մոտ ենք նախագծել, մեզ մոտ էլ պատրաստել ենք: Դրսից միայն որոշ դետալներ ենք ներմուծել: Սարքն ամբողջությամբ մեզ մոտ է պատրաստվել»:

«Արագած» ընկերության տնօրենը նշել է, որ անցած տարվա հոկտեմբերին սարքը փորձարկվել է, մեկ անգամ էլ փորձարկվել է այս տարվա ապրիլին. «Մենք արդեն ունենք պատվերներ ՊՆ-ից: Աշխատում ենք բանակի հետ եւ կաշխատենք, քանի որ բանակն ամենապարտաճանաչ վճարողն է»:

Աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, սակայն հայկականը իր որակով չի զիջում դրանց, եւ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է: Նշված ընկերությունն արտադրել է նաեւ շուրջօրյա դիտարկման սարք, որը եւս հնարավորություն է տալիս արդեն 3500-4000 մ հեռավորությամբ դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինված է, թե ոչ: Այս սարքով մառախուղի ժամանակ կարելի է 1000-1500 մ հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն՝ ավելի մեծ հեռավորությունից կարելի է տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռ համալրված չէ, այս պահին փորձարկումներ են: Երբ ավարտվեն, մեր ԶՈւ-երը կհամալրվեն նաեւ այս սարքերով:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ արդյունաբերության (նաեւ ռազմարդյունաբերության) զարգացումը մեր անվտանգության խնդիրներին է առնչվում: Իսկ որ մեր բանակը մեր միակ անդավաճան ապավենն է, շեշտել պետք չէ:

Հայկ Թորգոմյան եւ Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։