Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

Սկիզբը՝ թիվ 37-ում

http://www.hayary.org/wph/?p=5889Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

«Երբ Հիսուսը ծնվեց Բեթղեհեմում, առաջինը մոգյան քահանաներն էին, ովքեր, ըստ աստղերի դասավորության, իմացան Նրա մասին, եւ եկան երկրպագելու Նրան» («Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Մաս 1; գլ. 5:1; 5:3; 5:17): Այդ մոգյան քահանաները եկել են Մոկաց աշխարհից եւ Հիսուսին են բերել ոսկի (որպես վեհության խորհրդանիշ), զմուռս (որպես զորության խորհրդանիշ), կնդրուկ (որպես սուրբ իմաստության խորհրդանիշ):

Միքիա մարգարեն (Գլուխ 5, 2) ասում է. ՛«Եվ դու, ով Բեթղեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով իշխան լինի Իսրայելին, եւ նորա ելքը վաղուց հավիտենական օրերից է»:

Այստեղից հետեւում է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է Եփրաթա Բեթղեհեմում, որը համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին՝ ներկայիս Դերսիմի տարածքում, Արեւմտյան Եփրատի աջ ափին, Մնձուրյան լեռնաշղթայի արեւմտյան վերջավորության շրջանում:

Մովսէս Նաճարյանը իր «Լեզվաբանութի՞ւն թէ իմաստասիրութիւն» աշխատության վերանայված օրինակի (Հալեպ 2007թ.) «Կույս կենդանակերպ» բաժնում գրում է. «Մնձուրյան լեռներից վերեւ «Անահիտի լեռներ»-ն են, որոնց հետ խաչվող «Սեպուհ» եւ «Խաղտյաց լեռներ»-ը իրենց ուրվագծերով կազմում են «X»-աձեւ աթոռ իր ծածկով հանդերձ (պառկելաթոռի նման), որը պատմական «Անահիտի աթոռ»-ն է, «Կույս»-ի նստավայրը, եւ ճշգրտորեն համապատասխանում է աստղաբաշխական Կույս համաստեղության դիրքին: Հետեւաբար, աստղագիտական «Կույս»-ը նույն ինքն Անահիտ աստվածուհին է:  

Կենդանակերպի գլխավոր աստղերից կենտրոնականը կոչվում է Arich, որը տեղագրական առումով համապատասխանում է «Խաղտո Հառիճ»-ին: Իսկ «Spica» աստղը երկրի վրա «Սպիկոր» (Սուրբ Գրիգոր) լեռն է՝ որը անվանված եւ պատկերված է նաեւ որպես «Հասկ» (ցորենի կամ ընդհանրապես հացահատիկի պսակ):

Ըստ Մամունայի՝ «Spica» («Սպիկոր»-Մ.Ն.) աստղի հետ առնչվում են հնագույն ազգերի բազմաթիվ առասպելներ: Օրինակ, երբ մոլորակներից Սատուրնի եւ Յուպիտերի ուղեծրերը հատվել են Spica-ի մոտ, ապա քրմերը հասկացել են, թե երկրի վրա պետք է սկիզբ առնի ոսկեդարը»:

Նույն հեղինակը գրում է. թե Մեսիական (Փրկչական) մարգարեությունների մեջ Փրկչի ծնունդը Կույսից է՝ «հացի քաղաքում» (Բեթղեհեմում), որը զուգահեռ է դրվում Կույս կենդանակերպի եւ նրա «Spica»-«Հասկ» աստղը ներկայացնող տարածքի հետ:

Սա պատահականություն չէ, քանզի ո՛չ միայն Կույսի, այլեւ «հացի տուն»՝ «Բեթղեհեմ»-ի նախատիպը եղել է «Աստուածների երկրում»՝ Հայաստանում:

Հայ իրականության մեջ «Spica»-«Սպիկոր» լեռան շրջանը պատմականորեն կոչվել է «Դարանաղի», որտեղ «աղ»-ը առաջին հերթին «ուտելիք» է՝ որն էլ հատկապես «հացահատիկ»-ն է, իսկ «դարան»-ը (ինչպես մատենադարանը)՝ այն ամբարելու եւ պահպանելու վայրն է:

Հետեւաբար, «Բեթղեհեմ»-ի ճիշտ թարգմանությունն է «Դարանաղի»-ն, որ վաղ ժամանակներից սկսած եղել է հացահատիկի ընտրանի՝ «սելեկցիոն» սերմացուների առաջին կենտրոնը Երկրի վրա, եվ գուցե այդ պահեստարան-դարանը գտնվել է նույն «Spica»-«Սպիկոր» լեռան ընդերքում»:

Հայ պատմագիրներից Դարանաղի գավառի մասին հիշատակում է Փավստոս Բուզանդը, ով այդ եւ Եկեղյաց գավառները համարել է Լուսավորչի տոհմի սեփականությունը: Հեթանոսության շրջանում Դարանաղի գավառը կրոնական մեծ կենտրոն է եղել. այնտեղ է գտնվել (Անի ամրոցում) Արամազդ Աստծո  մեհյանը: Գավառի կենտրոնը Անի ավանն է եղել… Արեւմտյան Եփրատի աջ ափին, որի մոտ է գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին: Մյուս պատմական վայրերից են՝ Սեպուհ լեռը, որի բարձրությունն է 3030 մետր, Մանյա Այրը եւ Թորդան ավանը, որոնք հայտնի են եղել արգավանդ հողերով, սառնորակ աղբյուրներով եւ հանքային ջրերով:

Երեւի պատահականություն չէ, որ հենց այս գավառն է դարձել Լուսավորչի տոհմի սեփականությունը, որովհետեւ այստեղ է ծնվել Հիսուս Քրիստոսը:

Ամռանը ծնվել է. ձմռանն են նշում

Մովսէս Նաճարյանը իր հիշատակված աշխատության «Հայկական տոմար» հոդվածում, Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից (Երեւան, 1994, էջ 123) Սուրբ Սահակ Պարթեւ կաթողիկոսի մահվան առթիվ Կորյունի խոսքերն է մեջբերում. «Յառաջնում ամի երկրորդ Յազկերտի որդւոյ Վռամայ թագաւորին Պարսից, ի Բագրեւանդ գաւառի, ի գեւղն Բլուր, ի կատարել ամսոյն Նաւասարդի, յերրորդ ժամու աւուրն պաշտաման, որ եւ զաւր ծննդեան ի նոյն աւուր»:

Ապա բերում է Մանուկ Աբեղյանի թարգմանությունը. «Վռամի որդու Պարսից աշխարհին թագավոր դարձած Հազկերտի առաջին տարում, Բագրեւանդ գավառում, Բլրացվոց գյուղում, Նավասարդ ամսի վերջում, երբ եւ երանելիի ծննդյան օրն էին հիշում…»:

Եվ շարունակում է. «Այստեղ Աբեղյանը ճիշտ չի ընկալել գրությունը»:

Ապա ներկայացնում է իր թարգմանությունը. «Սուրբ Սահակ Պարթեւն մահացել է «Պարսից Վռամ թագավորի որդի Հազկերտ Երկրորդի առաջին տարում, Բագրեւանդ գավառի Բլուր գյուղում, Նավասարդ ամսի ավարտին, պաշտամունքի օրվա երրորդ ժամին, այն օրը, երբ նաեւ ծննդյան օր էր»:

Եվ շարունակում է. «Աբեղյանի սխալն առաջացել է դրանից, որ «ծննդեան» բառը ընկալել է «ծննդեանն»: Այսինքն՝ եթե սուրբ Սահակի մահվան օրը համընկած լիներ նրա ծննդյան օրվա հետ, ապա Կորյունը կգրեր «ծննդյանն»:

Մի տառն էլ այստեղ մեծ նշանակություն ունի եւ ամբողջապես փոխում է գրության իմաստը:

Նավասարդ ամսին հաջորդել է Նավասարդյան տոնախմբությունների Հավելյաց 5-6 օրական ամիսը, որն ըստ Կորյունի, մեր պապերը սկսել են «աւուրն պաշտանման»-ով, այսինքն՝ առաջին օրը նվիրվել է նախնիների հիշատակին եւ համարվել է «ննջեցյալների օր»: Դրա համար էլ, մենք հայերս այսօր էլ փոքր ու մեծ զատիկների մեռելոցի օրերում ոգեկոչում ենք նրանց:

Երկրորդ, Կորյունն այդ օրը կոչել է «օր ծննդեան», ինչը քրիստոնեության մեջ դրսեւորվել է, որպես Քրիստոսի հարության օր»:

Այստեղ նույնպես կատարվել է սխալ, որովհետեւ Կորյունը կոնկրետ է նշում՝ «օր ծննդեան», այսինքն՝ այդ օրն է եղել Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, որը եւ հետագայում համընկել է հարության օրվա հետ: Եվ ըստ մեր նախահայրերի հնագույն հավատքի՝ ունեցել ենք «մեռնող-հառնող» աստվածություններ (օրինակ՝ Արա Գեղեցիկը), իսկ Քրիստոնեության մեջ՝ Հիսուս Քրիստոսը:

Սրան զուգընթաց «օր ծննդեան»-ը նաեւ հացահատիկի «վերածննդի» օրն է: Դրա համար էլ որպես խորհուրդ, Քրիստոսին պատկերել են հացահատիկի փունջը ձեռքին, կամ գլխավերեւում: Եվ պատահական չէ, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրստոսը հացը վերցնելով, օրհնել, կտրել ու տվել է աշակերտներին ու ասել. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն է հայտնել, ու տվել նրանց ու ասել. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվելու է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:

Հնագույն ժամանակներից, ցորենը միշտ հավաքել են օգոստոսի 11-ից հետո (երբ Օրիոնի համաստեղությունն է ծագել) մինչեւ օգոստոսի 16-17, իսկ խաղողը օրհնվել է օգոստոսի 15-ից հետո (իմա՝ գուցե եւ օգոստոսի 22-ին, երբ Սիրիուսն է ծագել):

Խորենացին շատ ավելի հստակ է ասում (Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, ԳԱԱ, Երեւան, 1991, էջ 202). «Վաղարշ աշխարհախումբ տօն կարգեաց ի սկզբանն ամին նորոյ, ի մուտն Նաւասարդի»:

Մովսէս Նաճարեանն ասում է.

«Ի մուտն Նաւասարդի» խոսքի սխալ ընկալումից է առաջացել դարավոր թյուրիմացությունը, որովհետեւ հասկացվել է Նավասարդի «մուտքին, սկզբին»: Մինչդեռ «մուտ»-ը ինչպես «մայրամուտ» կամ «արեւամուտ» բառերում նշանակում է «արեւի մտնելը», «ցերեկի ավարտը», այդպես էլ «Ի մուտն Նաւասարդի» նշանակում է «Նավասարդի ավարտին»:

Խորենացու խոսքի թարգմանությունը այսպես կլինի. «Վաղարշ աշխարհախումբ տոն կարգեց Նավասարդի (ամսի) ավարտին, նոր ամիի սկզբում»:

Խորենացու «Վաղարշ ժամս որոշէ ելից եւ մտից» խոսքում եւս «մտից»-«մուտ»-ն ունի նույն բովանդակությունը, որտեղ «ելից»-ը արեւի ելքն է, արեւածագը, լայն իմաստով տարեսկիզբը, իսկ «մտից»-ը մայրամուտն է, ցերեկվա ավարտը, տարեվերջը»: Այստեղ Մովսես Խորենացին մատնանշում է, որ այդ տոնը՝ «օր ծննդեան»-ը ընկնում է օգոստոսի 17-22-ի արանքում (Նավասարդ ամսի ավարտից հետո եւ Հավելյաց ամսի մեջ):

Ըստ Մովսէս Նաճարեանի «Հայկական տոմար» հոդվածի՝ «Նավասարդի ամիսը համապատասխանում է «Առյուծ» կենդանակերպին, 19/18 հուլիս-17/16 օգոստոս: Նավասարդն ամիի 13-րդ ամիսն է, իսկ տարվա՝ 6-րդը: Սովորական տարիներին Հավելյացն սկսվել է օգոստոսի 18-ին, ավարտվել 5 օրից՝ օգոստոսի 22-ին: Նահանջ տարիներին սկսվել է օգոստոսի 17-ին, ավարտվել 6 օրից՝ նույնպես օգոստոսի 22-ին» (Մովսէս Նաճարեան, Լեզվաբանությո՞ւն թե իմաստասիրություն, Հալեպ, 2007, էջ126):

(պատկերը տեսնել՝ PDF տարբերակում- http://www.hayary.org/wph/wp-content/uploads/38-428.pdf )

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Նավասարդ ամսից հետո գալիս է Հավելյաց (կարճ եւ տոնական) ամիսը, որը սկսվում է օգոստոսի 17-ին եւ ավարտվում է՝ օգոստոսի 22-ին: Այստեղից հետեւում է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է օգոստոսի 17-22-ի միջակայքում:

«Ջրհոսի Դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարան»-ում կարդում ենք.

«8. Բեթղեհեմի բլուրների վրա բազմաթիվ ոչխարի հոտեր են եղել՝ իրենց հովիվներով:

  1. Հովիվները աստվածավախ, աստվածապաշտ մարդիկ լինելով՝ սպասել են ամենազոր Փրկչի գալստյանը:
  2. Եվ երբ ծնվել է մանուկը՝ ձյունաճերմակ հագուստով մի մարդ է հայտնվել նրանց եւ նրանք վախից վայր են ընկել» (Գլուխ 2-ի 8, 9, 10, էջ 41):

«Ավետարան ըստ Ղուկասի»-ում կարդում ենք.

«8. Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց

  1. հօտերը պահում էին:» («Աստվածաշունչ մատյան», Ստոկհոլմ, 1978 թ., Գլուխ 2-ի 8, 9, էջ 1156):

Այստեղից պարզ երեւում է որ Հիսուս Քրիստոսի ծնունդը տեղի է ունեցել ամռանը, երբ «բազմաթիվ ոչխարի հոտերը արածել են բլուրների վրա», «Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին»:

Ըստ Մաթեւոսի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ արեւելքի մոգերը արեւելքում տեսել են պայծառ աստղը եւ հետեւել են այդ աստղին: Իսկ ի՞նչ աստղ է դա եւ ե՞րբ է այն ծագել: Պարզվում է, որ մեր թվարկությունից առաջ 7թ. օգոստոսի 17-22-ի միջեւ տեղի է ունեցել եզակի դեպք, երբ Յուպիտեր եւ Սատուրն մոլորակները միավորվել են միասին եւ շատ պայծառ աստղի տեսքով երեւացել, եւ հետո արեւածագից մի փոքր շուտ երեւացել է Մերկուրին: Այդ մասին գրել է հայտնի հոգեւորական՝ Տերտուլիանոսը մ.թ. 2-րդ դարում, որը արդեն 17-րդ դարում հաստատել է աստղագետ՝ Կեպլերը, իսկ օգոստոսի 22-ին, նույնպես մինչեւ արեւածագը՝ վաղ առավոտյան, նրանց է միացել ամենապայծառ Սիրիուսը՝ «Սիրո Ուսուցիչ» Շնաստղը: Այստեղից հետեւություն. պատահականություն չէ, որ Արեւելքի աստղի նշանները ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը եղել է մ.թ.ա. 7թ. օգոստոսի 22-ին:

Այդ մասին Էդրիան Ջիլբերտը իր «Մոգերի գաղտնիքներ»-ը գրքում գրում է. «Եթե ընդունենք, որ Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 7թ.  հուլիսի 29-ին, ապա աստղագիտության տեսանկյունից, Սիրիուսը ներկայացնում է Մարիամին, Օրիոնը՝ Հովսեփին, իսկ այդ երեք մոգյան քահանաների աստղային համանմանություններն են՝ Յուպիտերը, Սատուրնը եւ Մերկուրին (ըստ նորագույն ավանդության): Յուպիտերը տվել է ոսկին, որպես հարստության խորհրդանիշ, Սատուրնը՝ զմուռսը, որպես հոգեւոր իմաստության խորհրդանիշ, Մերկուրին՝ կնդրուկը, որպես երկարակեցության խորհրդանիշ (էջ 310): …Ինձ համար պարզ էր, որ Հիսուսը կարող էր ծնվել ամռանը, Սիրիուսի՝ Շնաստղի ծագման օրը: …Նրա ծննդյան օրը կլիներ ոչ միայն հրեական մարգարեության, այլեւ եգիպտական եւ հալդեական աստղագետ-մարգարեների մարգարեության իրականացման օր (էջ 347)»:

Շարունակելի

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։