Մշտական կռիվ՝ իշխանություն-ընդդիմություն.- «քաղաքական աթոռ»՝ նույնարժեք սեղանի շուրջ… Նոր նախընտրական ծագմամբ կուսակցությունները եւս հին են՝ հնացած դեմքերի պատճառով…

Խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, սակայն վաղուց սկսվել է նախապատրաստությունը: Թե իշխանությունն իր ներքին տարբեր թեւերով, թե ընդդիմությունները ընկղմված են հաջորդ ընտրությունների բանակցություններում: Շատերն էին կարծում, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն ընդդիմադիր ուժերը ճակատամարտ կտան, քանի որ դա ոչ միայն փորձնական հակամարտություն էր լինելու 2017-ից առաջ, այլեւ հաջողություններ արձանագրելու դեպքում հիմք էր ստեղծվելու խորհրդարանական ընտրություններում ավելի պատրաստ հանդես գալու համար:

Բայց ՏԻՄ ընտրությունները, ինչպես նշեցին քաղաքական մեկնաբանները, ապտակ եղան ընդդիմությանը: Եվ դասեր չքաղելու դեպքում նույն ապտակը կստանան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Անգամ Ստրասբուրգում ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի նիստում զեկույց եղավ այն մասին, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրները պարզապես բացակա գրանցվեցին՝ բացառությամբ մի քանի բնակավայրի:

Թույլ էր նաեւ իշխանական մյուս կուսակցության՝ ՀՅԴ-ի մասնակցությունը, որը մի քանի հաջողություններ գրանցեց ընդամենը, որ բավարար չի կարելի համարել: Իհարկե, կարեւոր էր, որ Հանրապետության 2-րդ եւ 3-րդ խոշոր քաղաքներ Գյումրիում եւ Վանաձորում ընդդիմադիր կազմակերպությունները կարողացան որոշակի ուժ ցուցադրել, բայց ընդհանուր առմամբ, վերապահումով կարելի է դա ասել: Ընդդիմադիրներն անգամ ի վիճակի չեղան միավորվել այդ ընտրատարածքներում, որտեղ կարող էին միասնական հանդես գալով հաղթել հանրապետականներին: Թեեւ նկատի ունենալով հայաստանյան իրողությունը, պարզ է, որ դա չէր կարող լինել: Եվ բացի մայրաքաղաքից (այստեղ դեռ ընտրություններ պիտի անցկացվեն), մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ-ականները, քանի որ իշխող կուսակցությունն ընդհանուր առմամբ հավաքեց ձայների 75-80%-ը: Եվ սա լուրջ հենք է խորհրդարանական ընտրություններից առաջ: Երեւանում եւս իշխող է ՀՀԿ-ն, ու սա ոչ մի լավ բան չի խոստանում ընդդիմադիրներին, եթե նրանք չկարողանան միավորվել ու այդպես հանդես գալ:

ՏԻՄ ընտրությունների վերջնահաշվարկի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ այն հարցին, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն եւս դժվարությամբ է հաղթահարել սահմանված շեմը եւ, ըստ այդմ, արդյո՞ք ընդդիմադիր ուժերի հետ դաշինք կազմելու քննարկումներ կան: Պատասխան եղավ, թե շտապել պետք չէ, «պաշտոնական տվյալներից հետո՝ կլինեն  նաեւ բանակցություններ, մենք որեւէ բան չենք բացառում, բայց, համենայն դեպս, եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է, ոչ թե մենք, այլ իրենք իշխանության հետ դաշինք կազմելու մասին մտածեն»: Նշվեց նաեւ, որ ՀՀԿ-ն խտրականություն չի դնում, թե ում հետ դաշինք կկազմի. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, եթե իհարկե մեր նպատակները, մեր ծրագրերը կունենան եզրեր, ապա մենք պատրաստ ենք դաշինք կազմել»:  

Բայց ամեն բան ավարտվեց ինչպես միշտ. ինչպես նշեցինք, ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին եւ իշխանությանը դաշինք կազմելու առիթ «չընձեռեցին»: Որոշ համայնքապետեր ու ավագանու անդամներ «վաստակած» ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններից դուրս եկավ պարտված եւ հետագա հաղթանակներին անպատրաստ: Գուցե սա հասկանոլով են որոշ ընդդիմադիր ուժեր այլեւս խոսում մեկ միասնական ընդդիմադիր ուժի ձեւավորման մասին:

ՀԱԿ-ն ընդհանրապես հեռու մնաց ՏԻՄ ընտրություններից, բայց խորհրդարանականին պատրաստվում է: Կուսակցության վարչության նիստում քննարկել են 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցեր: Ըստ ամենայնի՝ ՀԱԿ-ը միայնակ կմասնակցի ընտրություններին:

ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ դիմակայություն է հասունանում։ Ամիսներ առաջ, երբ ՕԵԿ-ը դարձավ ՀՎԿ, նրան միացան մի շարք մանր ու անհայտ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ։ Արթուր Բաղդասարյանն էլ, ըստ իր բնավորության, միավորումից բոլորին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։ Այժմ, երբ այդ քաղաքական ուժերը սկսել են կազմել համամասնական ցուցակներ, միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտել անցողիկ տեղերում։ Այդ կազմակերպությունները քննարկում են արտահերթ համագումար հրավիրելու եւ «Հայկական վերածնունդ»-ի նոր նախագահ ընտրելու հարցը։ Նրանք վստահ են, որ  իրենք թվաքանակով շատ են, իսկ ՕԵԿ-ը մեկն է, հետեւաբար համագումարին իրենց ձայնը վճռորոշ կարող է լինել։ Հայտնի է դարձել, որ ՀՎԿ-ին միացած  կուսակցությունները ուզում են կուսակցության նախագահ առաջադրել ռուսամետ հայացքներով հայտնի, մի քանի անգամ սեքս սկանդալի կենտրոնում հայտնված Ռոբերտ Ահարոնյանին…

Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում  տեղի ունեցող  շրջադարձային իրադարձություններին շատ քիչ է մասնակցում խորհրդարանական մեկ այլ կուսակցություն՝ «Ժառանգություն»-ը: Կառույցի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի հաճախ  ճամփորդում է, քան մնում երկրում։ Ճամփորդության հիմնական վայրն էլ ԱՄՆ-ն է: Կուսակցությունն ունի ակտիվ գործիչներ, բայց դա ոչինչ չի տալիս ընդդիմադիր կազմակերպությանը:

ԲՀԿ-ն եւս փորձեց հաջողություններ գրանցել ՏԻՄ ընտրություններում, սակայն դրանք այնքան էլ խոստումնալից չեղան: ԲՀԿ-ի ներսում խոսում են Գագիկ Ծառուկյանին հետ կանչելու քայլարշավի մասին, ինչը պայմանավորված քայլ է ՀՀԿ-ի հետ: Բանն այն է, որ վերջերս ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է արտահայտվել Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Այս կարծիքը հնչել է ՀՀԿ ԳՄ նիստում, երբ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԲՀԿ նախկին ղեկավարի հնարավոր վերադարձին: Հարցը հնչել է ԳՄ անդամների կողմից։ Այստեղից հասկանալի է, որ ԲՀԿ-ն, որ մի ժամանակ մոռացել էր իր իշխանական նախագիծ լինելու մասին, վերստին կգործի կիսաիշխանական-կիսաընդդիմադիր ձեւաչափով:

ԲՀԿ-ից հեռացած քաղաքական գործիչներ-պատգամավորները, որոնք հիմնել են իրենց կուսակցությունները, գուցե նաեւ մտածեն ԲՀԿ վերադարձի մասին, ինչը քիչ հավանական է: Օրինակ՝ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միաժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում: Միաժամանակ, նա ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: Բայց հետո հրաժարվեց այդ նախաձեռնությունից:

Իսկ ահա, ՔՊԿ արտահերթ համագումարի արդյունքներով կուսակցությունը վարչության նոր կազմ է ընտրել, որն այսուհետ կղեկավարի արցախյան ազատամարտի մասնակից, նախկին ՀՀԿ -ական, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Եվ դառնալով ընդդիմադիրների վերագրյալ միասնական ճակատով հանդես գալու տարբերակին, նշենք, որ Սասուն Միքայելյանը ՔՊԿ արտահերթ համաժողովի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ։ Եվ ներքին ու արտաքին հիմնախնդիրներին լուծում տալու համար պետք է լուծել միայն մեկ խնդիր՝ կանխել իշխանության վերարտադրությունն ու իշխանության սահուն փոխանցումը՝ իրենց իրավահաջորդներին: Դրա համար, վերլուծելով անցյալ ժամանակաշրջանում ընդդիմադիր ուժերի գործունեութունը, առավել քան երբեւէ կարեւորվում է ուժեղ ընդդիմություն դերը, իշխանափոխություն կարող է լինել մեկ միասնական ընդդիմության պարագայում։

ՔՊԿ-ն՝ ի դեմս վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի, արդեն այդպիսի հայտարարություն է արել, որ հավակնում է դառնալ մեկ ընդդիմություն, քանի որ այդ պարագայում գաղափարական պայքար կլինի, արդյունքում հաջողության հասնելու հավանականությունը կմեծանա։ Այս արտահերթ համագումարին ներկա են եղել ՀՀՇ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Ի դեպ, ՀՀՇ ներկայացուցիչը համագումարը համարել է նախադեպային, քանզի չի եղել նման կուսակցություն, որի վարչությունը ընտրությունների վատ արդյունքներից հետո հրաժարական տա ու ընտրվի նոր վարչություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին միավորվելու եւ միասնական ուժերով ՀՀԿ-ին հաղթելու կոչ էր արել, այն ժամանակ մեղադրեց ՔՊԿ-ին, որը փոխանակ միավորվելու քայլեր աներ, հակառակը՝ սկսեց ԼՀԿ-ին զրպարտել, համագործակցության հնարավորությունները խաթարել եւն… ՔՊԿ-ի հայտարարություն-առաջարկը, ըստ Էդմոն Մարուքյանի, եւս կրում էր ոչ թե համագործակցային բնույթ, այլ ուներ քաղաքական շանտաժի տարրեր, չնայած, հանուն ընդհանուր հաղթանակի՝ ինքը հայտարարել էր, որ կմիանա ՔՊ-ի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին, եթե խանգարող միակ հանգամանքը իբր դա է… Բայց միավորումը չկայացավ եւ բոլորի գործողությունները, որ պիտի միտված լինեին ընդհանուր նպատակին, ի չիք եղան: Քաղաքական գործակցություն՝ նպատակների ու թիմերի միջեւ, այսօր էլ չկա:

Այլ քաղաքական ուժեր էլ են մեղադրանքներ հնչեցրել մեկ ընդդիմադիր ուժ ձեւավորողի նկատմամբ…

Շատերի համար է այն կարծիքը ձեւավորվել, որ ՔՊԿ-ն «քաղաքացիական պայմանագիր» է կնքել իշխող կուսակցության հետ: Իբր Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինեց: Նշվում է, որ դա ապրիլյան դեպքերից ու Խորենացու փողոցի իրադարձություններից եւ երկրի նախագահի կողքին կանգնելու կոչերից հետո պարզ էր արդեն: ֆ/բ օգտատերերի մի ստվար մասը «բացահայտում» է, որ «ՀԱԿ-ի օգտագործման ժամկետը սպառվեց եւ ՔՊԿ-ն առաջ մղվեց»… Անգամ օրինակներ են բերվել, թե այդ նույն ճանապարհով են անցել Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Հայկ Բաբուխանյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ շատ այլ «թունդ ընդդիմադիրներ»:

Նիկոլ Փաշինյանը նույնպես անցել է հակահարձակման եւ նշել է, թե «չի պատրաստվում միանալ այն կուսակցություններին, որոնք 2008-ին դե յուրե եւ 2013-ին դե ֆակտո պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, չի պատրաստվում մոռանալ, որ 2008-ին ՕԵԿ-ը «ընդդիմադիր հռետորաբանությամբ շահել է ընդդիմադիր զանգվածի ձայները եւ քաղաքական դավաճանության գնալով, դրանք դրել է Սերժ Սարգսյանի ոտքերի տակ»: Նա չի մոռացել նաեւ «2008-ի մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ մահվան դատավճիռ արձակած նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին», ով եւս դարձել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր եւ հիմնել է կուսակցություն (ասում են՝ այն պիտի փոխարինի ԲՀԿ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագծով) ու հավակնում է դառնալ ընդդիմության ղեկավար:

Որոշ վերլուծաբաններ, դեռ այն ժամանակ, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «հարձակումներ» էր գործում հատկապես կին պատգամավորների վրա, նշեցին, թե նոր ընդդիմադիր առաջնորդի կերպար են սկսում կերտել՝ ակտիվ կանանց «իրենց տեղը դնելու» գործընթացով… Հիշյալ պատգամավորը «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը վիճաբանեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ՝ հեգնելով, որ քաղաքական ուժի այս ներկայացուցիչը ներկայանում է որպես ավանդական ուժ՝ այնքան ավանդական, որ վերջին 1 տարվա ամենամեծ խնդիրն իրենց անունը փոխելն է. «Պաշտոնապես ասում եմ՝ Սերժ Սարգսյանի վաստակավոր ու երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու ցանկություն չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու… Ձեզ Սերժ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ գործընկեր…»: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին նկատի ունենալով նշեց. «Վեր է կենում այստեղ ասում՝ աղանդավորական խմբակները, ու սա ասում է մի խմբակցություն, որի ամբողջ կենսագրությունը մինչ բոլորովին վերջերս եւ գուցե մոտ ապագայում կառուցված է մեկ անձի (Գագիկ Ծառուկյանի) առավոտյան, միջօրեի եւ երեկոյան պաշտամունքի վրա»: Ապա հակադարձելով գործընկերոջը՝ շարունակեց. «Տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ, իրականության զգացումը մի կորցրեք, դուք այլեւս «Հայկական ժամանակ» օրաթերթի (հիշեցնենք, որ Զոհրաբյանի լրագրող եղած ժամանակ թերթի խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր,- խմբ.) լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք կատարյալ: Զգույշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, այդօրինակ բառեր մի օգտագործեք, որ Հովիկ Աբրահամյանը եւ Սերժ Սարգսյանը թույլ չեն տվել օգտագործել…»:

Երբ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձում էր հանդարտեցնել վիճակը, ապագա ընդդիմության առաջնորդի կերպարի մեջ մտած պատգամավորը նրան էլ «իր տեղը դրեց»՝ անտեսելով: Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ջրերը մի առվով չհոսեցին եւ այսպես շարունակ, մինչեւ միասնական ընդդիմության հայտարարությունը՝ «Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունների ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կապավոր էր դարձել կողմերի միջեւ: Բայց զինված խումբը հրաժարվեց նրա ծառայություններից՝ նշելով, որ պատգամավորը ավելի շատ իր քաղաքական գործերն է առաջ մղում, քան փորձում է միջնորդ լինել:

Ինչեւէ, ՔՊԿ-ն կրկին հանդես է գալիս միասնական ընդդիմության կոչով՝ Նիլոլ Փաշինյանին փոխարինելով նոր կուսակցապետով՝ Սասուն Միքայելյանով:

Սակայն, վերստին քաղաքական դաշտ են ցանկանում բերել Ծառուկյանին: Հաստատ հետ չի մնալու Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդեն ընդդիմադիր դաշտում են հայտնվել Արթուր Բաղդասարյանը (չնայած տեղեկություն կա, որ նրան սատարողներից՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարող է նոր քաղաքական ուժով հանդես գալ, եթե լինի ռուսական նոր պատվեր), Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ այլ բազմերանգ բնույթի հին ու նոր գործիչներ: Բացառված չէ, որ ընդդիմդիր ճակատում հայտնվի նաեւ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը:

Արամ Ավետյան

http://www.hayary.org/wph/?p=5881Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել…

Սկսվե՞լ է…

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի 2 աշխատակցի՝ առեւտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին եւ նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։

ԱԱԾ-ն ձերբակալել է Փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր, քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Իշխան Բարսեղյանի եւ քաղաքացու միջեւ միջնորդ լինելու կասկածանքով: Քրգործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ: Դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել Արդարադատության Խորհուրդը՝ բավարարելով Գլխավոր դատախազի միջնորդությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք 2 հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, ինչպես ասում են՝ «սեւ կասա»: Հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:

2000-անոց համագումարը

ՀՀԿ-ն նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համագումար կանցկացնի։ Հրավիրյալները կլինեն շուրջ  2000 հոգի՝ 800-ը՝ ՀՀԿ պատվիրակներ, 200-ը՝ հյուրեր։ Ասում են՝ պատվիրակների ընտրությունը չի ավարտվել, անգամ վերջնականապես որոշված չէ, թե ովքեր կլինեն իշխող քաղաքական ուժի հյուրերը։ Արտերկրից հրավիրված են Չինաստանի կոմունիստական, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» ու Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունները։ Ըստ ամենայնի՝ կհրավիրվեն նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական այլ ուժեր եւս, ինչպես արտերկրյա, այնպես էլ հայաստանյան եւ արցախյան: Այստեղ վստահորեն կարելի է ասել, որ արդեն հրավիրված է ՀՅԴ-ն, որպես իշխանական դաշինքի մեջ մտած կազմակերպություն։

Նախկին գործընկեր ու ներկայիս ընդդիմադիր հռչակված կուսակցությունների հրավիրման հարցը եւս քննարկվում է: Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը այս մասին կիմանան մի քանի օրից:

Իսկ այն հարցը, թե ովքեր են լինելու հաջորդ խորհրդարանի ՀՀԿ-ական կին պատգամավորները, արդեն որոշակիորեն հայտնի է: 2017թ. խորհրդարանական երկիր դարձած Հայաստանի ԱԺ-ում հաստատ կլինեն Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Սաթիկ Սեյրանյանը («168 ժամ» թերթի խմբագիրը): Մյուսների հարցում հստակություն չկա:

Նոր Սահմանադրության ու Ընտրական օր.-ի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն 1/4-ը կին պետք է լինի, ընդ որում, 1-ին համարից սկսած՝ ամեն քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12։

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է կազմել ՀՀԿ նախընտրական ցուցակը, որը քննարկումների փուլում է։ Չնայած սրան, նախագահականում արդեն հանդիպում են այն թեկնածուներին, ովքեր ամեն դեպքում անցողիկ տեղերում են լինելու: Չնայած խոսք կար, որ հաջորդ ԱԺ-ն կլինի առանց գործարարների, սակայն, նրանցից ոմանք եւս կանչվում են Բաղրամյան 26 նախընտրական բանակցությունների։

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։