Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

Սկիզբը՝ թիվ 1-ում

http://www.hayary.org/wph/?p=6006Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) եւ ինչից պիտի սկսել խնդիրների լուծումը:

Նախ նկատենք, որ ԲՀՊՏ-ներում առավել կարեւորվում է կենսաբազմազանության ներկայացվածությունը, քանի որ բուսական կամ կենդանական աշխարհի ամեն մի տեսակի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ էկոհամակարգերի հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության եւ կայուն զարգացման համար: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում հարստությամբ եւ բազմազանությամբ: Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների եւ չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը եւ տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ հարուստ ու ինքնատիպ կենսաբազմազանության ձեւավորման համար: Մեր հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4500 տեսակի սնկեր, մոտ 9000 տեսակի ստորակարգ եւ բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1 քառ. կմ-ին ընկնում է մոտ 107 տեսակ:  

Հարուստ է նաեւ կենդանական աշխարհը՝ շուրջ 17 500 տեսակի անողնաշար եւ  ողնաշարավոր կենդանիներ: Գենոֆոնդում առկա են ոչ միայն բազմաթիվ էնդեմիկ տեսակներ, մշակովի եւ ընտելացված տեսակների վայրի ցեղակիցներ, այլեւ արժեքավոր օգտակար տեսակներ, որոնց մի մասը գտնվում են կրիտիկական վիճակում, իսկ զգալի մասը՝ վտանգված կամ խոցելի են: Մեր երկրի օրենսդրությամբ պահպանության է ենթակա ամբողջ կենսաբազմազանությունը, սակայն առաջնահերթ պահպանության կարիք ունեն բույսերի ու կենդանիների կրիտիկական վիճակում գտնվող եւ վտանգված տեսակները:

Ճիշտ է, վերջին տարիներին Հայաստանում բույսերի եւ կենդանիների հազվագյուտ ու խոցելի տեսակների բացահայտման եւ գնահատման մասով զգալի քայլեր արվեցին, եւ դրանք հաստատվեցին Հայաստանի բույսերի եւ կենդանիների Կարմիր գրքերում, բայց անելիքներ դեռ կան, քանզի մեր ԲՀՊՏ-ների ճնշող մեծամասնությունում կենսաբազմազանության վերաբերյալ լիարժեք տվյալները բացակայում են: Կարմիր գրքում գրանցված գլխարկավոր սնկերի 40 տեսակներից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 33-ը: Առավել հարուստ է ներկայացված «Դիլիջան» ազգային պարկի տարածքը: Իսկ «Շիկահող» եւ «Էրեբունի» պետական արգելոցներում, «Արփի լիճ» եւ «Արեւիկ» ազգային պարկերում, ինչպես նաեւ պետական արգելավայրերի գերակշռող մասում տվյալների բացակայությունը վկայում է այն մասին, որ այս տարածքներում սնկերի տեսակային կազմի ուսումնասիրության աշխատանքներ չեն կատարվել: Կարմիր գրքում գրանցված 452 տեսակի բարձրակարգ բույսերից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը, կամ 36.7%-ը, որն անշուշտ բարձր ցուցանիշ չէ: Ընդ որում՝ Կարմիր գրքում գրանցված բարձրակարգ բույսերի ներկայացվածության մակարդակը համեմատաբար բարձր է «Շիկահող»-ում: Պետական արգելավայրերի տարածքներն աչքի են ընկնում Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների ներկայացվածության ցածր ցուցանիշներով: Ընդ որում՝ մի շարք արգելավայրերի վերաբերյալ տվյալներն ընդհանրապես բացակայում են:

Կարմիր գրքում գրանցված 155 տեսակի անողնաշար կենդանիներից 97-ը կամ 62.6 %-ը հանդիպում են ԲՀՊՏ-ներում: Տեսակների ներկայացվածությամբ աչքի են ընկնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Արեւիկ» եւ «Սեւան» ազգային պարկերը: Ներկայացվածության ցածր մակարդակ արձանագրվել է «Շիկահող» եւ «Էրեբունի» արգելոցներում, «Դիլիջան»-ում եւ «Արփի լիճ»-ում, պետական արգելավայրերում: Կարմիր գրքում գրանցված 153 տեսակի ողնաշարավորներից 100-ը կամ 65.3%-ը ներկայացված են ԲՀՊՏ-ներում: Ընդ որում՝ դրանցից շուրջ կեսը միաժամանակ հանդիպում են մի քանի ԲՀՊՏ-ներում: Տեսակների ներկայացվածությամբ առանձնապես աչքի են ընկնում «Խոսրովի անտառ»-ն ու «Շիկահողը», բոլոր ազգային պարկերը: Տեսակների ներկայացվածությունը ցածր մակարդակ ունեն հիմնականում պետական արգելավայրերում: Սակայն բնապահպանության նախարարությունը սա էլ է կապում անբավարար ուսումնասիրությունների եւ տվյալների բացակայության հետ:

Մեր երկրի լանդշաֆտն էլ է բազմազան: ԲՀՊՏ-ներում լանդշաֆտային բազմազանության ընդգրկուն ներկայացվածությունը ռազմավարական նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար: Մեր ԲՀՊՏ-ներում առավելապես ընդգրկված են ջրային լանդշաֆտները՝ 127 254.08 հա կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 4.28%-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում՝ 32.9%, սակայն դրա գերակշռող մասը բաժին է ընկնում Սեւանա լճի հայելուն (124 759.0 հա):

Անտառային լանդշաֆտները կազմում են 110 269.2 հա կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.7%-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում՝ 28.5%-ը: Լեռնամարգագետնային լանդշաֆտները զբաղեցնում են Հայաստանի ընդհանուր տարածքի 2.94%-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում՝ 22.6%-ը, տտափաստանային լանդշաֆտները՝ Հայաստանի ընդհանուր տարածքի 2.06%-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում՝ 15.8%-ը, կիսաանապատային լանդշաֆտները զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի 0.02%-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում՝ 0.2%-ը: Մասնագետները ասում են, որ Հայաստանի ԲՀՊՏ-ներում դեռ անբավարար են ներկայացված կիսաանապատային եւ տափաստանային լանդշաֆտները:

Ինչ վերաբերում է ջրային լանդշաֆտներին, ապա առանց Սեւանա լճի հայելու, դրանց մակերեսը կազմում է Հայաստանի ընդհանուր տարածքի 0.08%-ը: Հետեւաբար՝ նոր ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացում կիսաանապատային եւ տափաստանային լանդշաֆտների հետ մեկտեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ ջրային կամ խոնավ տարածքներին, որոնք հարուստ են հազվագյուտ կենսաբազմազանությամբ եւ ինքնատիպ համակեցություններով:

Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով, որոնցից շատերը համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության մաս կարող են կազմել: Պատմամշակութային հուշարձանների ժամանակային բազմազանությունն ընդգրկում է քարե դարի վաղ ժամանակներից մինչ մեր դարաշրջանը: Օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքը հարուստ է վաղ միջնադարյան եւ միջնադարյան 150-ից ավել պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում՝ այստեղ հաշվառված են շուրջ 15 գյուղատեղի, 9 եկեղեցիներ եւ վանական համալիրներ, 4 բերդեր ու ամրոցներ, ժայռափոր կացարաններ, հին գերեզմանատներ եւն: «Սեւան» ազգային պարկի եւ դրա պահպանման գոտու տարածքներում հաշվառված է պատմության ու մշակույթի 1458 հուշարձան, իսկ «Դիլիջան» ազգային պարկի ու դրա պահպանման գոտու տարածքներում՝ 473 հուշարձան: Այլ ԲՀՊՏ-ների վերաբերյալ տվյալները ստույգ չեն եւ ուսումնասիրման ու ճշգրտման կարիք ունեն: Փաստորեն, այս պարագայում էլ մեր տեղեկատվական հենքը թերի է: Իսկ սա արդեն շղթայական այլ խնդիրներ էլ է ենթադրում:

Բնապահպանության նախարարությունը խոստովանում է, որ չնայած այն փաստին, որ ՀՀ օրենսդրությունը ԲՀՊՏ-ների համակարգի արդյունավետ կառավարման համար հիմնականում բարենպաստ է, սակայն ԲՀՊՏ-ների կառավարման առանձնահատկությունների վերլուծությունն ի հայտ է բերել թույլ կողմերը (խոստովանանքը 2014թ. «վաղեմության» է, բայց բան չ փոխվել):

Դրանցից առաջինը ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների անկատարությունն է: ԲՀՊՏ-ների կառավարումը բնորոշվում է խիստ արտահայտված ուղղահայաց կառուցվածքով, որի անճկունությունը, տեխնիկական ու ֆինանսական միջոցների  պակասը խոչընդոտում է ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի տարբեր մակարդակների միջեւ կապերի ամրացմանը: Մասնավորապես՝ չնայած կանոնավոր կապերն առկա են գրեթե բոլոր ԲՀՊՏ-ների, տարածքային կառավարման եւ ՏԻՄ-երի ու հողօգտագործողների միջեւ, սակայն որոշումների կայացման ժամանակ ծագում են խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակով: ԲՀՊՏ-ների մասնակցային կառավարման, զբոսաշրջության կայուն կառավարման, որոշումների կայացման, կայուն ֆինանսավորման ապահովման գործում հաջողված փորձերն ու օրինակները քիչ են: Համայնքները սեփական միջոցներով ի վիճակի չեն ակտիվ մասնակցել ԲՀՊՏ-ների կառավարման գործընթացներին: Անբավարար է բնապահպանական դաստիարակության եւ կրթվածության մակարդակը:

Խնդիր է այն, որ ԲՀՊՏ-ների համակարգի տեխնիկական, մարդկային եւ ֆինանսական հզորություններն են սակավ: Կառավարման համակարգի աշխատողների միայն փոքր մասն ունի մասնագիտական համապատասխան որակավորում, պահպանության եւ հսկողության պարտականություններ կատարող աշխատողների թիվը նկատելիորեն ցածր է անհրաժեշտ քանակից, եւ այս սակավաթիվ ու ցածր աշխատավարձ ունեցող աշխատողներն անգամ իրենց պարտականությունները կատարում են տեխնիկական թերհագեցվածության պայմաններում: ԲՀՊՏ-ներում գիտական տեղեկատվության ձեռքբերման հնարավորություններն են սահմանափակ:

Պարզվում է՝ կառավարման պլաններն էլ են թերի արվում: Հայաստանում գործող ԲՀՊՏ-ներից կառավարման պլաններ ունեն «Խոսրովի անտառ» արգելոցը, «Սեւան», «Դիլիջան» եւ «Արփի լիճ» ազգային պարկերը: Բայց այս պլաններն էլ չեն կարող լիովին կատարվել, քանզի, ասացինք, մարդկային ու ֆինանսական ներուժն է անբավարար:

ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն: Սա էլ նախարարությունը նաեւ պայմանավորում է տեխնիկական զինվածության մակարդակով: Ու եթե ասենք, որ դա խորհրդային տարիների ժառանգություն է, ապա ամեն ինչ պարզ կլինի: Թերի են ձեռնարկատիրական գործունեության որոշ տեսակները (էկոզբոսաշրջության կազմակերպում, գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում, իրացում) եւ այդ գործունեությունից  ստացվող եկամուտների  նպատակային ու արդյունավետ  օգտագործումը: Չկա աշխատակիցների խրախուսման, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուների աճը խթանող մեխանիզմը: Եվ ամենակարեւորը, դարձյալ ըստ նախարարության, «ազգային պարկերի տարածքներում բնօգտագործման արդյունքում ստացվող տնտեսական եւ ֆինանսական օգուտների (բնօգտագործման վճարներ, բնապահպանական տուգանքներ, բնությանը պատճառված վնասի հատուցման գումարներ եւ այլն) հիմնական մասը չի վերադառնում բնապահպանության ոլորտ»:

Իրավիճակը շտկելու ինչ քայլեր է առաջարկել գործադիրը:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։