Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (2-րդ մաս) – Երբ «ընտրյալ» է համարում ոչ թե ինքն իրեն, այլ՝ օտարը նրան…

Սկիզբը՝ թիվ 1-ում

http://www.hayary.org/wph/?p=6004Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն է (վկայված Ք.ա. 28-րդ դարից), որը թե՛ անվամբ, թե՛ տեղագրորեն եւ թե՛ ջրհեղեղի հետ կապված ավանդությամբ զուգադրելի ու նույնական է Աստվածաշունչ մատյանի Արարատի հետ: Արատտա-Արարատը փրկիչ երկիր է ինչպես շումերական, այնպես էլ աստվածաշնչյան աշխարհընկալումներում: Ընդ որում, Աստվածաշունչ մատյանի համաձայն՝ Արարատի լեռներում կնքվեց Աստծո եւ մարդկության հավիտենական ուխտը, որի խորհրդանշանը դարձավ ծիածանը (Ծննդոց, 9, 12-13)…

Սա «ընտրյալ ժողովուրդ» հասկացության բացառիկ մի կիրառություն է ոչ միայն ժամանակի վաղեմության առումով, այլ հատկապես այն հանգամանքով, որ «ընտրյալ» է համարում ոչ թե ժողովուրդն ինքն իրեն (ինչպես հրեաներն ու ճապոնացիները), այլ՝ օտարը նրան, ընդ որում հակառակորդ ու մրցակից լինելով: Իսկ դա նշանակում է, որ մեր նախնիների աստվածընտրյալ լինելու մասին պատկերացումը գոյություն է ունեցել եւ ճանաչվել նաեւ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:  

Հայա Աստծո կապը Հայկական լեռնաշխարհի հետ առավել ընդգծվում է նրա որդու՝ բնության ու զարթոնքի Աստված Դումուզիի՝ Արատտա երկրի հովանավոր Աստված լինելով: Ուշագրավ է, որ միջագետքյան Դումուզի-Թամմուզը համապատասխանում է Օրիոնին, որն Աստվածաշունչ մատյանի հայերեն թարգմանության մեջ (Հոբ, 9,9) փոխարինված է Հայկով: Այսինքն՝ Արատտայի հովանավոր Աստվածը եղել է Հայկը: Հայայի որդի Դումուզիի անունը նշանակում է «հարազատ (իսկական) որդի», իսկ «Հայկ» անունը կազմված է «հայ(ա)» դիցանունից եւ–իկ մասնիկից՝ նշանակելով «հայ(ա)» Աստծո ներկայացուցիչ, որդի: Հայա (Էնկի) Աստվածը շումերա-աքքադական դիցաբանության մեջ արարչագործության գլխավոր դեմքերից է… Մենք սերում ենք արարչագործ, Աստվածների մեջ իմաստնագույն Հայա Աստծուց, որի որդին էր դյուցազն Հայկը: Նրա անունը նշանակում էր Հայ(ա)ի որդի, ներկայացուցիչ, այսինքն՝ հայ, ուստի եւ ինչպես Պատմահայրն է վկայում, նրա անունով կոչվեցինք բոլորս (Հայկ=հայ, Հայկք= Հայք-Հայաստան): Իսկ Աստծո անունով ժողովրդի ու երկրի անվանակոչումը հայտնի երեւույթ է հին աշխարհում:

Հայաստանի մասին Առաջավոր Ասիայում տարածված վաղնջական պատկերացումների առանձին դրվագները լիովին բավարարում են ուրվագծելու հին առաջավորասիական հոգեւոր ընկալումներում Հայոց երկրի եւ հայ ազգի կերպարը: Դրանց համաձայն՝ մեր լեռնաշխարհը, նախքան մարդկության արարումը, եղել է Աստվածների բնակության վայր, այստեղ է գտնվել դրախտը, որում արարվեց մարդկությունը, այստեղ էր գտնվում կենսատու արեւի կացարանը: Մեղսագործ մարդկության կործանումից հետո կրկին մեր երկիրը դարձավ մարդկության վերածննդի վայրը, ուր կնքվեց Աստծո ու մարդկանց հավիտենական ուխտը: Մեր երկրում են պահվել անմահության ու իմաստության խորհուրդները, տիեզերքը կառավարող սրբազան օրենքները: Աստվածային այդ երկրում ապրելու մենաշնորհն ունեին բարեպաշտ մեր նախնիները, որոնք ընտրյալներն էին բնության ու զարթոնքի Աստծո, որդիներն արարչագործ իմաստնագույն Հայա Աստծո, որի անունով էլ, թերեւս, կոչվեց մեր ազգը (Արտակ Մովսիսյան, «Սրբազան Լեռնաշխարհը», Եր., ԵՊՀ, 2006: 80 էջ):

Դեռ 1960թ. ակադեմիկոս Վ. Ստրուվեի հանձնարարականով հրատարակվեց հայագետ եւ բազմաշնորհ, հանճարեղ գիտնական Սուրեն Միքայելի Այվազյանի «Հիքսոսները» աշխատությունը, որը նա համարում էր ուշադրության արժանի գործ՝ «Հիքսոսների» անվան իր յուրահատուկ ազգային բացատրությամբ: Աշխատությունում Այվազյանն անդրադառնում է մ.թ.ա. 1710թ. Եգիպտոսի գրավմանը: «Այդ օտար զորքերը եկել էին Արարատյան լեռնաշխարհից եւ իրենց անվանում են «հակ», կամ դրա նման մի բան, քանզի եգիպտական լեզվում չկան այդպիսի հնչյուններ, այնտեղ ձուլման եղանակով մետաղ են ստանում, որից կարծրը աշխարհում չկա: Արագավազ եւ ուժեղ կենդանիները, որոնք լծված էին մարտակառքերին եւ ամուր զենք ու զրահը եւ սրերը, որոնք եգիպտացիները երբեք չէին տեսել, նրանց արագ հաղթանակ բերեցին»: Այսպես է մ.թ.ա. IV դարում պատմում եգիպտական քուրմ Մանեթոնը: Սուրեն Այվազյանը բազմաթիվ փաստերի հիման վրա ապացուցում է, որ «հիքսոսները» հնագույն հայերն են:

«Հիքսոսները» եգիպտացիներին ծանոթացրին երկաթի ստացման տեխնոլոգիային: Այդ փաստը հաստատում են աշխարհի շատ գիտնականներ՝ ընդունելով, որ երկաթի ստացումը մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսում կատարվել է Հայկական լեռնաշխարհում եւ այդ ժամանակ գոյություն ուներ «հիքսոսների» հայրենիք Հայասա պետությունը՝ «հայերի բնօրրանը» (տե՛ս Գ. Ղափանցյան):

«Հիքսոսների» ներկայությունը Եգիպտոսում, մարդկային մշակույթի պատմության վրա մեծ եւ հզոր հետք թողեց: Նրանք ստեղծեցին աշխարհում առաջին մեհենագրային (գաղափարագրային, սեպագրային) գրավոր այբուբենը: Այդ այբուբենը, ինչպես պարզեց ակադեմիկոս Վ. Վ. Ստրուվեն, իր ազդեցությունն է թողել փյունիկյան այբուբենի վրա, որից էլ հետագայում առաջացան աշխարհի համարյա բոլոր այբուբենները: Եթե «հիքսոսները», ինչպես Սուրեն Այվազյանը ապացուցում է, հայերի նախահայրերն են, ապա «հիքսոսների» եւ հնագույն հայերի այբուբենային համակարգերը պետք է համընկնեն: Եվ 1963թ. Մեծամորում Սուրեն Այվազյանի գտած մեհենագրերը (գաղափարագրերը) համընկան «հիքսոսների» մեհենագրերի հետ եւ նույնպես համընկան Մատենադարանում պահպանվող հնագույն հայկական ձեռագրերի հետ: Այդ այբուբենների մեջ կար ծագումնաբանական կապ: «Հիքսոսները» կատարելագործեցին եգիպտական տոմարային համակարգը՝ մտցնելով արեգակնային անշարժ սուրբ տոմարը: «Հիքսոսոները» եգիպտացիներին սովորեցրին ձի վարժեցնելը, անիվ, մարտակառքեր պատրաստելը, երկաթի մշակումը եւ ստացումը, երկաթյա զրահների եւ զենքերի պատրաստումը, քաղաքների կառուցումը, եւ ստեղծեցին ոռոգման համակարգեր, զարգացրին գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը (անապատային վայրերից աղի եւ այլ մետաղների արդյունահանումը):

Հայերի հետ կապված հետաքրքիր տեսակետ ունի Պավել Ֆլորենտսկին (մայրը արցախահայ է՝ Սափարովների ցեղից): Այդ ցեղը շատ ազդեցիկ եւ հանրահայտ է եղել եւ նրանց ճանաչել են, ու նրանց հետ հաշվի են նստել: Անձամբ Պետրոս Առաջինը դիմել է նրանց այսպես. «Բրատ»: Պարսից շահը Եվրոպա ուղեւորվելիս անպայման այցելել է  նրանց ընտանիքին: Նրանք հարս են բերել ֆրանսիական Բուրբոններից: Սափարովներն առանձնացել են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ, քաղաքավարությամբ եւ հարստությամբ: Նրանց տանը միշտ հյուրնկալվել է ակադեմիկոս Աբիխը, գեներալ Կոմարովը, ում դուստրն էր հայտնի գրող Օլգա Ֆորշը:

«Հայկական տոկունությունը, որի միջոցով է կարողացել գոյատեւել հին մշակույթ ունեցող ազգերից ամենահնագույնը, որը դժբախտություն է ունեցել բնակվել համաշխարհային պատմության ջրաղացքարերի արանքում եւ դրա համար էլ իր բազմադարյան գոյության ընթացքում միշտ ծեծվել եւ միշտ հալվել է: Այդ տոկունության շնորհիվ է, որ նա մեռած ազգերի ցուցակում տեղ չի գտել: Նրա պատմությունը, իր երկրի դիրքի պատճառով, դաժան ճակատագրի է արժանացել, որովհետեւ այն գտնվել է երկու կռվողների կրակագծում՝ համաշխարհային պատմության մեծ զինվորական ճանապարհին: Հայաստանի բոլոր հոգեւոր արժեքները, որոնք հանճարի ուժով են արարվել, փորձել են կառուցել ժամանակի արագահոս գետի մեջ, բայց դրանք անդադար քշվել են ժամանակի գետի կողմից: Ոչ մի ազգ իր ամբողջ կյանքի ընթացքում այդքան ուժ եւ եռանդ չի ծախսել իր հոգեւոր մշակույթի վրա, ինչպես հայերը, եւ ոչ մի ազգի օգտակար գործողության գործակիցը այդքան աննշան չի եղել, ինչպես հայինը: Վերջապես եւ այդ ազգի բացառիկ ապրելու կարողությունն էլ է սկսել սպառվել, եւ նա հոգացել է պահպանել իր ազգի համեստ քանակը: Իմ անձնական համոզմամբ՝ այդ ազգի հոգեւոր խնդիրն է լուծվել մյուս ազգերի մեջ՝ ներարկելով նրանց մեջ հայի հնագույն արյունը (իմա՝ «աստվածային» արյունը՝ խթանելով տվյալ ազգերի հոգեւոր զարգացումը)» (Պավել Ֆլորենտսկի, Իմ զավակներին: – Սամարա, 1993: 360 էջ):

Ի մի բերելով մեր այս եւ նախորդ հոդվածաշարը («Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը», «Լուսանցք», թիվ 41-43, 2016թ.)՝ հակիրճ ամփոփում կարող ենք անել. այն է՝

- Հայկական լեռնաշխարհում է Ահուրա Մազդան արարել 16 դրախտային երկրները եւ առաջին աստվածամարդուն՝ Հայամարդին:

- Առաջին դրախտավայրը եղել է Բարձր Հայքի Բյուրակնյա լեռների տարածքում, որտեղից եւ բխել են 4 դրախտային գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Երասխը եւ Ջեհյանը, որտեղ եւ Աստված բնակեցրել է Ադամին: Եվ դա եղել է մինչեւ Մեծ Ջրհեղեղը:

- Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում: Եվ սառցապատումից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը՝ Արաց կենտրոնը:

Վերջապես Արարչի կամոք եւ Հայկական կամքի ու միասնության շնորհիվ, հայությունը ազատագրեց Արցախը:

Ծագումնաբանորեն յուրաքանչյուր հայի համար շատ  թանկ է Արցախը եւ յուրաքանչյուր հայ հոգի ենթագիտակցաբար զգում է դա:

Վերջապես խոսեց հայկական հզոր գենը, եւ մենք այժմ անպարտ ենք:

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։