Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Ունենք սնդիկ բառի առաջացման երկրորդ տարբերակը՝ սնդիկ=սին+դիկ/դիք, որտեղ «սին» բառը նշանակում է սնամեջ, դատարկություն, իսկ «դիք» բառը նշանակում է զառիվեր, ուղղահայաց, այսինքն՝ սնդիկ=սին ու դիքդատարկ+ուղղահայաց/զառիվեր, որտեղ ուղղահայացը կամ դիքը բարոմետրի սնդիկի սյունն է: Այսինքն՝ սնդիկ նշանակում է սյան դատարկություն=սյան ոգի:

Այսպիսով՝ սնդիկ բառը կազմված է հայերեն սյուն/սին եւ դիկ/տիկ/դիք արմատներից, որտեղ «յու»-ն եւ «ի»-ն սղվել են:

Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն:

Սրանք իմ՝ մասնագիտությամբ քիմիկոսի տարբերակներն են: Ուրախ կլինեմ, եթե մեր լեզվաբաններն առաջարկեն այլ տարբերակներ եւս:

Սնդիկի եւ ոգի բառի հետ կապված մի հուզիչ պատմություն կա Բ. Կուզնեցովի «Վիշապի արյունից» գրքում:  

Ալթայի երկրամասում մի խումբ երկրաբաններ այցելում են մենակ ապրող Ալթայի հանրաճանաչ նկարիչ Չորոսովին: Նկարչի արվեստանոցում նրանց ուշադրությունը գրավում է մի նկար՝ «Լեռնային ոգիների լիճ» անվանումով: Նկարն ունեցել է այնպիսի չարագուշակ եւ ֆանտաստիկ տեսք, որ նկարչին հարցրել են՝ արդյո՞ք բնօրինակից է ստեղծվել այն: Ինչին ի պատասխան նկարիչն ասել է, որ նկարը բնօրինակից է՝ հենց լճի մոտ է այն նկարվել, որտեղից հազիվ կարողացել է հեռանալ եւ որից հետո հիվանդացել է:

Լճին այդպիսի անվանում է տրվել ոչ միայն աննկարագրելի գեղեցկության, այլեւ՝ վատ համբավի համար: Լճի խորհրդավորությունը մարդկանց դեպի այնտեղ է տարել, բայց հետո… ինչ-որ ուժեր կործանել են այդ մարդկանց: Այն ավելի գեղեցիկ տեսք ունի հատկապես ամռան տաք օրերին: Այդ ժամանակ էլ ամենավտանգավորն է եղել նրան մոտենալը: Հենց մարդիկ տեսնում էին արնակարմիր կրակներ ժայռերի վրա եւ կապտականաչ սյուներ լճի վերեւում, միանգամից սկսում էին գլխում ծանրություն զգալ, ուժերի հանկարծակի կորուստ, ճնշվածություն: Մարդիկ շնչահեղձ լինելով՝ մի կերպ էին փախչում չարագուշակ այդ տեղից: Ոմանք ճանապարհին մահանում էին, ոմանք էլ՝ հազիվ հասնում մոտակա յուրտին: Նրանք, ովքեր ողջ էին մնում, ընդմիշտ կորցնում էին ուժն ու քաջությունը:

Հրաժեշտի պահին արշավախմբի ղեկավարը նկարչից գնում է մի քանի կտավ, որոնց թվում «Լիճը» չկար: Չորոսովը, ուշադրությունից ազդված, ասել է, թե չի կարող հրաժեշտ տալ այդ նկարին, բայց խոստացել է այն նվիրել, երբ ինքը կմահանա՝ ավելացնելով. «Մի վշտացեք՝ դա կլինի շուտով՝ Ձեզ փոստով կուղարկեն»:

Եվ չորս տարի անց արշավախմբի ղեկավարի հասցեով գալիս է ծանրոց: Պարզ է դառնում, որ հիանալի նկարիչը մահացել է:

Հենց այդ ժամանակ երկրաբանը զբաղված է եղել սնդիկի հանքաքարի ուսումնասիրությամբ:

Ցրված լույսի տակ նա մանրադիտակի օգնությամբ զննում է մաքուր ապարի հղկուկը, որը համապատասխանում էր մաքուր կինաբարիսին (խռուկին): Մանրադիտակի ակնապակու տակ նա տեսնում է արնա-կարմիր ծփանքներ երկնագույն ֆոնի վրա, ինչը ժամանակիյ զարմացրել էր նրան, երբ նկարչի կտավի վրա այդ գույներն էր տեսել: Հանկարծ առաջացած միտքը ստիպում է իրեն զննել կտավը: Պարզվում է՝ գույները համընկնում են:

Կարճ ժամանակ անց երկրաբանը փոքրաթիվ խմբով ուղեւորվում է Ալթայ եւ մեծ դժվարությամբ հասնում լճի տարածք, որտեղ նրանց առջեւ մի աննկարագրելի տեսարան է բացվում. լճակը՝ մետաղական փայլով, իսկ լճակին շրջապատող ժայռերը կինաբարիսի առատությունից կարմիր ցոլքեր էին տալիս: Գաղտնիքը բացահայտված էր:

Սնդիկը, չնայած իր բարձր տեսակարար կշռին (13.6 գ/սմ3), ցնդում է շատ արագ եւ նրա գոլորշիները (մեծ խտությամբ) անցնող լույսի տակ կապտա-կանաչ երանգ են տալիս:

Եթե հաշվի առնենք սնդիկի արագ ցնդման հատկությունը, ապա կիսով չափ կարելի է ճիշտ համարել այն ենթադրությունը, որ «սնդիկ» բառն առաջացել է «ցունդ» չգործածվող արմատից:

Այստեղ էլ սնդիկ=ցունդ+դիկ/դիք=ցնդող ոգի, եւ քանի որ սնդիկը հոգիների շարքում առաջինն է, ապա ցնդող ոգի= սնդիկի ոգի=Ոգի:

Կարո Ղաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում ասվում է. «Հոգի ունեցող նյութ, կամ պարզապես հոգի (նույնն է նաեւ շունչ)-այն բոլոր նյութերն են, որոնք կրակի ազդեցությունից ցնդում են կամ գոլորշիանում (վերանում են): Սնդիկը շնչերի կամ հոգիների շարքում միշտ առաջինն է հիշատակվում: Նաշատիրը համարվել է երկրորդ հոգին, որ հայտնի է երկու կերպով: Ծծումբը հոգիների մեջ համարվում է վերջինը»:

Ամիրդովլաթ Ամասիացին գրում է, որ սնդիկի երկար թորման արդյունքում (6-7 անգամ) այն դառնում է մարգարտի նման սպիտակ:

Սուլեմա անունով բերդը, իջեւանատունը, լեռնանցքը գտնվում են Սյունյաց աշխարհում: Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ Սուլեմա բերդը հիմնադրվել է հայ Արշակունիների թագավորության ժամանակ Վայոց ձոր գավառի Սուլեմա իշխանի ձեռքով:

Քանի որ սուլեմա է կոչվում սնդիկի աղը (սպիտակ գույնի), ապա մնում է ենթադրել, որ այն եղել է իշխանի մականունը: Սպիտակավոր անունն է Սյունիքի գրչության կենտրոններից մեկը: Իսկ Եղեգնաձորի շրջանում է Սպիտակավոր վանքը:

Եթե սնդիկ բառը կազմված է հայերեն «սյուն/սին» եւ «դիկ/տիկ/դիք» արմատներից, ապա, կարծում ենք, Սիւնի, Սիւնիք անուններն առաջացել են «սյուն» արմատից (Սիւն-Սիւնի-Սիւնիք), որտեղ «սյուն»-ը ունի տարբեր արմատներ՝ սնդիկի սյուն, բնական քարե սյուն, որոնցով հարուստ է Սյունիքը, սյուն-Կենաց ծառ (Սիսիանի Անգեղակոթ գյուղում), Քարահունջ (Զորաց քարեր, Դիք-դիք քարեր) աստղադիտարանի մենհիրները եւ այնտեղ գտնվող հրաշք քարը, որը «գլուխ» է ստանում, Տաթեւի ճոճվող սյունը եւ այլն:

Սերգեյ Ումառյանի «Սյունիք դիցարան» գրքում քննարկվում է Սիւնի, Սիւնիք եւ Սիսական անվանումների ծագման հարցը:

Հայ եւ օտար գիտնականները էլ ինչ արմատներից ասես չեն բխեցնում նշված անվանումները, նույնիսկ կապում գոթերի, ասկերի եւ այլոց հետ:

Սյունիներ նախարարական տոհմի մասին ասվում է. «Ցուցաբերած ծառայությունների եւ սխրանքների համար արքաներից արժանացել են մեծամեծ պարգեւների ու պատիվների, արտոնվել են՝ բազմել արծաթե գահույքի, կրել մարգարտյա վարսակալ, վարազագիր մատանի եւ ոսկյա մական, հագնել կարմիր կոշիկ» (ՀՍՀ 10):

Արծաթե կահույք, ոսկե մական, կարմկր կոշիկ. այս ամենը մտորելու առիթ է տալիս:

Ալքիմիայում կարմիր գույնը Ադեպտների (Հետեւորդների) առանձնահատուկ նշանն է: Ձեռնադրման ժամանակ Ադեպտի գլխին հագցնում էին կարմիր գլխարկ՝ այսպես կոչված «փռյուգական թասակ» եւ ասում. «Ծածկիր գլուխդ այս թասակով, այն թանկ է արքայական թագից»: Այդ թասակը Միհրի պաշտամունքում կոչվում էր Liberia եւ համարվում էր բարձրագույն նշան (Ֆուլկանելլի, «Գոթական տաճարներ»):

Կարմիր գույնը կրակի խորհրդանիշն է, ցույց է տալիս ոգու առավելությունը մատերիայի (նյութի) նկատմամբ: Կարմիր վարդը ալքիմիայում նույնպես կրակի խորհրդանիշ է: Վարդան Մամիկոնյանին կոչել են Վարդան Կարմիր:

Շարունակելի

Գոհար Պալյան

Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։