Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Շարունակելով նախորդիվ տպագրված սննդային հավելումների թեման՝ միանգամից ասենք, որ չպետք է թույլ տանք, որպեսզի մեր երկիրը վերածվի արհեստական ուտելիքի շուկայի: Դրա համար երկու առաջնային բան է պետք. պետությունը սննդի անվտանգության ոլորտում անընդհատ խստացումներ պետք է անի, իսկ սպառողն էլ պետք է հասկանա՝ ինչ է ուտում՝ ա՞ղբ, թե՞ մթերք: Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց սթափեցնող կլինի: Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի բնական մթերքի օջախ լինելու, բայց չգիտես ինչու այստեղ էլ ենք ուզում աշխարհին նմանվել: Ինչու՞: Որպեսզի ուտենք ոչ թե ձուկ, այլ՝ ձկնանման ուտե՞ստ, ոչ թե երշիկ, այլ՝ երշիկանման ինչ-որ շաղա՞խ, խմենք ոչ թե կաթ, այլ՝ կաթի փոշի՝ հակաբիոտիկներով եւ սոդայով հագեցա՞ծ: Սա՞ ենք ուզում: Կարծում եմ՝ ոչ: Իսկ դրա համար սննդի շղթայի նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է մի այլ կարգի խիստ լինի:

Եթե ուսումնասիրենք եվրոպական երկրների փորձը, կտեսնենք, որ այստեղ սննդի ոլորտում խստացումները գնալով ավելի ու ավելի են ուժեղացվում: Արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում (սրա մասին մանրամասն խոսել ենք ԳՁՕ-ների թեման քննարկելիս): Հիմա ինչու՞ գնալ մի ճանապարհով, որ աշխարհին վաղուց զզվեցրել է:

Երկու տարի առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները երշիկեղեն արտադրողների շրջանում, սննդի անվտանգության տեսչության բացահայտումները պանրի, կաթնամթերքի ու մսամթերքի ոլորտներում սպառողներիս մի բան սովորեցրին. մեր առողջության մասին ինքներս պետք է մտածենք, որովհետեւ մեր գործարարները՝ թե արտադրողները եւ թե՛ ներմուծողները հաճախ անբարեխիղճ են լինում: Ու քանի որ շուկայում հատկապես գերիշխող դիրք զբաղեցնողների համար պատիժը մեղմ է սահմանված՝ տուգանքները փոքր են, սպառողը պետք է կրկնապատկի իր ուշադրությունը սննդամթերք գնելիս՝ հետեւելով բոլոր մակնշումներին: Ճիշտ է, դա նրանից ժամանակ է խլելու, բայց դե առողջության համար ծախսված ժամանակը ժամանակի վատնում համարել չի կարելի:  

Երշիկեղենի ու պանրի շուկայում ուսումնասիրություններից հետո հարց առաջացավ. ի վերջո, ի՞նչ ենք ուտում մենք՝ մսից պատրաստված երշի՞կ, թե՞ օսլայով, սպիտակաձավարով, ալյուրով շաղախված երշիկանման ինչ-որ բան: Կամ՝ ինպես հասկանալ՝ պանիրն իսկապե՞ս կպչուն է, թե՞ կպչունություն ապահովող հավելանյութեր են գործածվել: Նախ՝ պետք է գնել բացառապես մակնշված ապրանք (գոնե նշյալ ապրանքախմբերից), որովհետեւ դրա հետագծելիության շնորհիվ գոնե կարելի կլինի գտնել սննդամթերքի արտադրության ոլորտում խախտում թույլ տվածին: Ու քանի որ շուկան ողողված է սննդային հավելումներով հագեցած մթերքով, հարկ է գոնե իմանալ՝ թե որ հավելումն է անվնաս եւ որը՝ վտանգավոր: Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգն արդեն կա ու տարածվում է ՀՀ-ում արտադրվող, ներմուծված եւ իրացվող սննդամթերքի եւ սննդային հավելումների վրա: Կանոնակարգով սահմանվում են ՀՀ-ում թույլատրելի սննդային հավելումները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտագործմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները եւ նույնականացման ընթացակարգերը: Ըստ համապատասխան փաստաթղթի, սննդային հավելումները սննդամթերքին պետք է ավելացվեն անհրաժեշտ տեխնոլոգիական արդյունք ստանալու նպատակով միայն, տեխնոլոգիական հրահանգով եւ (կամ) բաղադրագրով հաստատված չափաքանակներով, բայց ոչ ավելի, քան առավելագույն թույլատրելի չափաքանակները:

Հստակ ասվում է, որ սննդային հավելում պետք է լինի միայն այն ժամանակ, եթե «բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ եւ օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի այլ միջոցներով»: Ուշադրություն հրավիրենք շարունակությանը՝ (հավելում պետք է լինի) «սննդամթերքի կայունությունն ապահովելու, պահման ժամանակահատվածն ավելացնելու կամ զգայորոշման ցուցանիշները բարելավելու համար՝ պայմանով, որ սննդամթերքի տեսքը, բնույթը, որակը չի փոխվելու եւ սպառողին մոլորության մեջ չի գցելու: Կամ՝ նախապատրաստման, մշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման, պահման եւ այլ գործընթացներում անհրաժեշտ որոշակի նպատակների համար, պայմանով, որ սննդային հավելումը չի թաքցնելու անորակ հումքի օգտագործումը կամ արտադրական շղթայում անցանկալի (այդ թվում՝ ոչ հիգիենիկ) գործընթացները»:

Մթերք կա, որում չի կարելի սննդային հավելում գործածել: Ավելի ստույգ՝ սպառողների որոշ խմբերի համար նախատեսված սննդամթերքում (կաթնային խառնուրդներ մինչեւ 12 ամսական երեխաների համար, կաթնային խառնուրդներ եւ հատուկ բուժիչ կաթնային խառնուրդներ 6- 12 ամսական երեխաների համար, լրացակեր 1-3 տարեկան երեխաների եւ մանուկների համար) արգելվում է հումքից կամ այլ բաղադրիչներից սննդային հավելումների փոխանցումը:

Ինչ վերաբերում է սննդային հավելումների մակնշմանը, փաթեթավորմանը եւ իրացմանը ներկայացվող պահանջներին: ՀՀ-ում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա նույնականացնել տվյալ խմբաքանակն ու դրա արտադրողին կամ ներմուծողին: Մեր երկրում իրացվող սննդային հավելումների մակնշման ժամանակ պետք է նշվի E դասիչը եւ անվանումը: Գյուղնախարարությունը ժամանակին պարզաբանել էր, որ արգելվում է E 127, E 154, E 160b, E 161g, E 173  եւ E 180 սննդային հավելումների (ներկանյութեր) իրացումը մանրածախ առեւտրի կետերում: Սպառողը պետք է իմանա, որ արգելվում է E 410, E 412, E 415 եւ E 417 սննդային հավելումների օգտագործումը ջրազրկված՝ մինչեւ ուտելը թրջում պահանջող սննդամթերքում: Փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412,  E 413, E 414, E 415, E 417, E 418 եւ (կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը:

Այսպիսով, եթե սննդամթերքի մակնշման վրա կա E դասիչը, ապա սա նշանակում է, արդեն ասել ենք, որ տվյալ մթերքը սննդային հավելում է պարունակում:

Կան սննդային հավելումներ, որոնք թույլատրվում են (դրանք շատ են, եւ ամբողջը ներկայացնել չենք կարող, ավելի լավ է՝ մտապահել արգելվողները): Թույլատրվում է, օրինակ, E 153 -ը՝ բուսական ածուխը, E 170-ը՝ կալցիումի կարբոնատը, E 171-ը՝ տիտանի երկօքսիդը, E 174 –ը՝ արծաթը, E 175-ը՝ ոսկին, E 220-ը՝ ծծմբի երկօքսիդը, E 260-ը՝ քացախաթթուն, E 284-ը՝ բորաթթուն, E 296-ը՝ խնձորաթթուն, E 330-ը՝ կիտրոնաթթուն, E 948-ը՝ թթվածինը, E 949-ը՝ ջրածինը:

Բայց այս ամենից զատ սահմանված են նաեւ սննդային հավելումների թույլատրելի չափաքանակները: Օրինակ, E 950-ը, որ կալիումի ացեսուլֆամն է եւ գործածվում է որպես քաղցրացուցիչ, համի եւ բույրի ուժեղացուցիչ, ջեմերում, դոնդողներում կամ մարմելադներում 1 կգ-ում առավելագույն թույլատրելի չափաքանակը 1000 մգ է: Այսինքն՝ նայելով խանութից գնված դոնդողի ծավալը եւ մանշման վրա գրված E 950-ի չափը, մաթեմատիկական պարզ հաշվարկով կարող ենք հասկանալ, թե սննդամթերքում ինչ ծավալի սննդային հավելում է գործածվել:

Ի դեպ, ըստ սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի, մեր երկիր ներմուծվող սննդային հավելումների մակնշումը պետք է համապատասխանի սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող որոշմամբ սահմանված պահանջներին: ՀՀ-ում իրացվող սննդային հավելումների մակնշման ժամանակ նշվում է E դասիչը եւ անվանումը:

Մասնագետները տեղեկացնում են, որ կան նաեւ սննդային հավելումներ, որոնց մասով առավելագույն չափաքանակներ չեն սահմանվում (բացառությամբ, երբ դրանք օգտագործվում են որոշ սննդամթերքներում): Դրանցից է E 170 կալցիումի կարբոնատը, E 172 երկաթի օքսիդները, E 174 արծաթը, E 175 ոսկին, E 260 քացախաթթուն, E 296 խնձորաթթուն: Խոսքն, իհարկե, չի վերաբերում այնպիսի սննդամթերքի, ինչպիսին կաթն է, թանը, կարագը, թռչնամիսը, մսամթերքը, մրգային եւ բանջարեղենային հյութերը:

Այսքանով հանդերձ՝ մասնագետները խորհուրդ են տալիս սննդամթերք գնելիս չխաբվել գույնին ու տեսքին, որովհետեւ աշխարհը վաղուց է փորձել այսպես ասած արհեստական ուտելիքը եւ այսօր ուզում  է բնականին անցնել: Հայաստանն ունի այդ բնականը եւ արհեստականը փորձելու իմաստ չկա: Օրինակ, մեր սուպերմարկետներում ներմուծված հավեր կան, որոնք համարյա 2 կգ-անոց են, եւ ճանապարհածախսով ու հարկերով միասին 1100-1300 դրամ արժեն, չհաշված, որ ամիսներով մնում են խանութում ու արտաքին տեսքը չեն կորցնում: Սա արդեն հստակ է, թե ինչ հավ է: Մինչդեռ վերջնահաշվարկում, նույնիսկ գնային առումով շահում է այն սպառողը, որ ուտում է տեղական (թեկուզ թռչնակերում հավելումներ լինեն) ու տնական (սա նույնիսկ արդեն շռայլություն է շատերի համար) հավ:

Հիշեցնենք, որ երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք կաթնամթերք արտադրող ընկերություններում ուսումնասիրություններ եղան, տխուր պատկեր բացահայտվեց: Իրականացվել էր  հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել էին 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում:

Միանգամից ասենք, որ ստուգված 11 ընկերություններից 7 ընկերությունների արտադրած կաթում սոդայի առկայություն էր հայտնաբերվել, ինչը, սակայն, չի թույլատրվում: Սոդա էր հայտնաբերվել «Թամարա եւ Անի» (կաթնամթերք), «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո»,  «Թամարա» ընկերություններում: Բացատրենք, որ սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, իսկ ընկերությունները սոդա օգտագործում են, որպեսզի կաթը շուտ չթթվի: Մինչդեռ տեխնիկական համապատասխան կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել: Այլ կերպ՝ կաթում սոդայի առկայությունը վնասակար է առողջությանը:

Բուսական յուղի առկայություն 11 ընկերություններից եւ ոչ մեկի կաթում չէր հայտնաբերվել: Փոխարենը բուսական յուղ էր հայտնաբերվել «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի արտադրած թթվասերում, ինչը նույնպես չի թույլատրվում (կաթի եւ կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգերը սա էլ են արգելում, քանի որ թթվասերը կենդանական ծագմամբ սննդամթերք է, իսկ բուսական յուղի օգտագործումը թույլատրվում է միայն կաթնային արտադրանքում):

11 ընկերություններից եւ ոչ մեկի ոչ կաթում, ոչ էլ թթվասերում չէր հայտնաբերվել կալիումի սորբատ (E 420-ն է սա): Ի դեպ, կաթի եւ թթվասերի մեջ սրանց օգտագործումն էլ չի թույլատրվում:

Թթվասերում կաթի փոշի հայտնաբերվել է 3 ընկերությունների արտադրանքում՝ «Թամարա եւ Անի», «Դուստր Մարիաննա», «Մուլտի Ագրո»: Ասենք, որ կաթի փոշու առկայությունը թթվասերում թույլատրելի է միայն այն դեպքում, երբ մակնշման մեջ այդ մասին կա համապատասխան գրառում: Սակայն եթե առաջին երկու ընկերությունները պատշաճ մակնշել են այդ մասին, ապա «Մուլտի Ագրո»-ի մասին նույնը ասել չէինք կարող. մակնշում չէր եղել:

Ի տարբերություն այս խախտումների, «Չանախ»-ի կաթում սոդա, թթվասերում բուսական յուղ եւ կաթի փոշի չէր հայտնաբերվել: Մաքուր էր նաեւ «Սիս Ալպ»-ի եւ «Վամաքս»-ի (Սյունիք կաթնամթերք) մոտ: Սա է պատճառը, որ «Չանախի» կաթը շուտ է թթվում (մաքուր է, հավելումներ չէին հայտնաբերվել): Բայց «Չանախ»-ն էլ հիմա չես կարողանում գնել, քանզի, ինչպես մեր վստահելի աղբյուրն է ասում, հիգիենիկ պայմանները պատշաճ չեն պահվում: Ուրախ կլինենք, եթե «Չանախ»-ը պատասխանի՝ հակառակն ապացուցելով:  Քանզի վստահեցնում եմ՝ ինձ պես շատ մայրեր էին երեխային բանանի հետ տրորած հենց «Չանախ»-ի կաթնաշոռ տալիս..

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն ժամանակ տրված հարցին, թե ինչն է ստիպում ընկերություններին թթվասերում օգտագործել կաթի փոշի եւ այդ մասին չմակնշել՝ այն դեպքում, երբ օրենքով կաթի փոշու գործածումը չի արգելվում, սննդի անվտանգության պետական ծառայության պետը  պատասխանեց. «Եթե հայտնեն, որ թթվասերում ոչ թե թարմ, այլ՝ կաթի փոշի է, ապա սպառման ծավալները կնվազեն: Ես հետաքրքրվել եմ ընկերություններից՝ արդյոք մակնշման մեջ կաթի փոշու առկայության մասին տեղեկատվության հրապարակումն ազդել է ապրանքի սպառման ծավալների վրա, ընկերությունները նշել են՝ ոչ: Մեր սպառողը բաղադրությունը չի կարդում, բայց մտավախություն կա, որ եթե կաթի փոշու առկայության մասին հայտարարեն, ապա սպառման ծավալները կնվազեն»:

Խնդրո առարկայի շուրջ բազմաթիվ հարցեր են ծագում. սոդայով կաթն ինչպես է ազդում մարդու առողջությանը, առողջությանը վնասած ընկերությունը ինչպես կպատժվի, ինչ կարգի պատիժ դա կլինի եւ այլն: Պարզվում է՝ խախտումների համար այս ընկերությունները պատժվում են ընդամենը 300 հազ դրամով: Ի դեպ, առավելագույն պատիժը 500 հազ դրամ է, այն էլ եթե առողջությանը վնաս է հասցվել ու կա որոշակի դեպք, բողոք եւ բժշկական համապատասխան տեղեկանքներ: Մեղմ չէ՞ արդյոք այդ 500 հազ դրամ պատժաչափը (այդպես է վարչական օրենսգրքով): «Իմ կարծիքով այդ չափը քիչ է»,-այդ ժամանակ անկեղծացավ սննդի անվտանգության պետական ծառայության պետը:

Ի՞նչ է ստացվում՝ փաստորեն, սոդայով կաթի օգտագործումից եթե առաջանա թեթեւ գլխապտույտ, սրտխառնոց, ապա այդ դեպքում ոչ ոք բժշկի չի դիմի, բայց տարիների ընթացքում այդ սոդան ի վերջ քայքայում է ստամոքսը, ստացվում է՝ ընկերությունները 300 հազ կտուգանվեն միայն, կշարունակեն իրենց գործը՝ փոխարենը վնաս տալով հազարավոր մարդկանց:

Այսպես կարող ենք շարունակել պանրի մասով, երբ կպչողականություն ավելացնող հավելանյութեր են գործածում եւ սպառողին թյուրիմացության մեջ ցում յուղայնության հետ կապված: Ի՞նչ անել: Սպառողը եթե նույնիսկ մակնշված ապրանք էլ գնի, մասնագիտական մանրուքները չի կարող հասկանալ: Այստեղ է պետության դերը: Նա պետք է ասի՝ այս ու այս տնտեսվարողները խաբում են, այս ու այսը՝ ոչ, սպառողն էլ արդեն կկողմնորոշվի: Նպատակը պարզ է՝ առողջ սերունդ-առողջ երկիր: Հակառակ պարագան, եթե կեղծավորություն չանենք, ապա հանցագործություն է սեփական երկրի ու բնակչի հանդեպ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։