Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (2-րդ մաս) – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի… Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6095  – Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պետությունը որոշել է զարկ տալ մեր ավանդական ըմբշամարտի՝ ազգային կոխի զարգացմանը: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված շատ ուսումնասիրություններում տվյալներ կան ռազմաֆիզիկական վարժությունների ու ավանդական խաղերի մասին: Այդ վկայությունների մեծ մասը վերաբերում է մենամարտի տեսակներին՝ մասնավորապես ըմբշամարտին, որը դեռ հնագույն ժամանակներից ֆիզիկական պատրաստության եւ ազգային սովորույթների անբաժանելի մասն է կազմել: Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջեւանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ եւ այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):

Հայկական ազգային կոխ ըմբշամարտը տարածված է եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Ստեփանավանի, Հրազդանի, Շամշադինի, Իջեւանի, Դիլիջանի, Ապարանի, Սիսիանի, Մարտունու, Նախիջեւանի շրջաններում, Ջավախքում, պատմական Հայաստանի տարածքներում՝ Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ:  

Հայաստանցի եւ հայ ըմբիշների հաջողությունները միջազգային ասպարեզում  սկսվում են Հայաստանի Տրդատ 3-րդ Արշակունի թագավորից, որը 281 թվականին կայացած հին հունական 265-րդ օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներում դարձել է հաղթող: Դա վկայում է պատմիչ եւ Տրդատ Մեծի քարտուղար Ագաթանգեղոսը: Հայկական ազգային կոխ ըմբշամարտը ընդգրկված է եղել հին հայկական նավասարդյան խաղերի ծրագրում: Դրանց նպատակն էր ցուցադրել հատկապես երիտասարդների ուժն ու ճարպկությունը: Մրցումները լինում էին ինչպես անհատական, այնպես էլ խմբային: Հայ ազգագրության ուսումնասիրություններում կան այդպիսի միջոցառումների բազմաթիվ նկարագրություններ: Հատկանշական է, որ Հայաստանի տարբեր շրջաններում մրցույթների կանոնները տարբեր էին, եւ նույն մարզաձեւն ուներ հաղթանակի, պարտության, պարգեւատրման ու հաղթանակը տոնելու տարբեր ձեւեր: Ավելին, շատերը կոխի մասին թյուր պատկերացում ունեն՝ ըմբշամարտի շարքում նրան պարզագույն տեղ տալով: Մինչդեռ հայտնի են կոխի մոտ 340 հնարքներ:

Ժողովրդական տոնախմբություններում այս ձեւը շատ է նկարագրվում. հանդիսատես ուխտավորներից, գլխավորապես գյուղացիներից մի ընդարձակ կրկեսի ձեւով շրջան է կազմվել, որի մեջտեղը դրվել է գոմեշի գլուխ (ներկայում՝ կենդանի ոչխար): Ասպարեզ են դուրս եկել գոտեմարտողները եւ պտույտ գալով գլխի չորս կողմը՝ աշխատել են հարմար կերպով միմյանց բռնել եւ գոտեմարտելով վայր գլորել ու ծնկել հակառակորդի կրծքին՝ որպես հաղթության նշան: Հաղթողը արժանացել է շրջապատողների խրախուսանքին ու գովասանքին եւ տեր է դարձել գոմեշի գլխին, որը ուժի ու քաջության խորհրդանիշ է:  Մարզիկները մրցությանը մասնակցել են մարզաչուխաներով (բրդե կտորից կարված երկար վերարկու) եւ կաշվե փափուկ կիսաճտքավոր կոշիկներով:

Նախքան գոտեմարտի սկիզբը ժողովրդական նվագարանների խումբը հնչեցրել է կոխի ավանդական պարային եղանակը՝ կանչը, եւ մրցակիցները կոխի ավանդական պարն են պարել, որից հետո միայն սկսվել է մրցամարտը: Մրցամարտն ուղեկցվել է երաժշտությամբ: Մարտի տեւողությունը եղել է 6 րոպե (այժմ մեծահասակների գոտեմարտի տեւողությունը 5 րոպե է, պատանիներինը՝ 4 րոպե): Այժմ ըմբիշները, ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, գոտեմարտում են 9 մ տրամագիծ ունեցող ըմբշամարտի մրցագորգի վրա հետեւյալ քաշային կարգերում (կգ)՝ պատանիներ – 45, 50, 55, 60, 66, 73, 81, 90, մեծահասակներ – 55, 60, 66, 73, 81, 90, 100  եւ մինչեւ 125:

ՀՀ-ում կոխի մրցումները սկսել են անցկացվել 1992թ.-ից: Ըստ Գեորգի Սահակի Թումանյանի՝ սկսած 1932թ., Խորհրդային Հայաստանում անցկացվել են հանրապետության առաջնություններ մինչեւ 1950թ.՝ ոչ միատեսակ կանոններով: 1951թ. սկսած՝ պարբերաբար մրցումներ կազմակերպվեցին  եւ անցկացվեցին հստակ մշակված ստույգ կանոններով՝ հաստատված իրավասու մարմնի կողմից: Խորհրդային Հայաստանում 1948-1987թթ. կոխ հայկական ըմբշամարտի պաշտոնապես կազմակերպված եւ անցկացված մրցումների արձանագրությունները պահպանվում են մեր ազգային արխիվում: 2015թ. ստեղծվել է «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հ/կ-ն:

Այժմ եթե հակիրճ ասենք, թե որոնք են ոլորտի խնդիրները, ապա պատկերը մտահոգիչ է. չկան մրցումների անցկացման, մրցավարական կանոնների եւ մարզաձեւն ուսուցանելու ծրագրեր: Չկա անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Չկան նաեւ կոխ ըմբշամարտի մարզչական կադրեր, պետք է վերապատրաստում անցնեն ազատ ոճի եւ հունա-հռոոմեական ըմբշամարտերի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչները: Ազգային մարզաձեւի քարոզչություն չի տարվում: Ազգային մարզաձեւի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներ չկան:

Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել: Ի դեպ, ընթացքում է հայկական ազգային կոխ ըմբշամարտի մրցավարական կանոններ, ուսուցանման մեթոդներ ու պատմական ակնարկ պարունակող ուսումնական ձեռնարկի կազմումը, որը նախաձեռնել են նախարարությունը, Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիան, եւ իրականացնում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագետները: Ֆինանսական ու կադրային հարցերը լուծելուց հետո պետք է աջակցել կոխ ըմբշամարտի կամավոր հիմունքներով ստեղծվող միավորումներին, մարզական ակումբներին, ասոցիացիաներին: Ինչու ոչ, թող մարզաձեւը տարածում ստանա, քարոզվի, երեխաների շրջանում կոխ ըմբշամարտի հանդեպ  հետաքրքրության սերմանվի: Անցկացվեն առաջնություններ, գավաթի խաղարկություններ եւ  պաշտոնական այլ մրցումներ: Նախարարությունը համոզված է, որ հայկական ազգային կոխ ըմբշամարտի տարածման համար մարզաձեւի խնդիրների շարքում անհրաժեշտ է կարեւորել դպրոցահասակ երեխաների ներգրավումը հայկական կոխ ըմբշամարտի պարապմունքների մեջ: Նախարարությունն իրեն դիտարկում է իբրեւ այս մարզաձեւի զարգացման ծրագրի կատարող եւ պատասխանատու, բայց համակատարողներ է համարում մշակույթի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններին ու Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիային:

Սա բոլորի գործն է, քանզի «հայկական ազգային մարզաձեւերը, այդ թվում՝ հայկական ազգային կոխ ըմբշամարտը յուրատեսակ միջոց են մարդու առողջության պահպանման եւ ամրապնդման, անհատի մարդկային եւ ազգային համընդհանուր արժեքային համակարգի ձեւավորման, բարոյա-կամային որակների զարգացման համար»:

Կոխը պետք է տարածել ու զարգացնել նաեւ Սփյուռքում, Արցախում, Ջավախքում, քանզի «դա հնարավորություն է ընձեռում նշանակալից լումա ներդնելու հայապահպանության եւ ազգային մշակութային ժառանգության պահպանության քաղաքականության մեջ եւ թույլ են տալիս մոռացության չմատնել ֆիզիկական դաստիարակության՝ դարեր շարունակ գործող ազգային համակարգը»:

Ըստ պատկան մարմնի, հայկական ազգային կոխ ըմբշամարտի մրցումների ժամանակ ի հայտ եկած լավագույն մարզիկները կարող են ընդգրկվել ազատ ոճի եւ հունա-հռոմեական ըմբշամարտերի, սամբոյի եւ ձյուդոյի ՀՀ-ի հավաքական թիմերում եւ շարունակել մասնագիտական առաջխաղացումը:

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կլինեն պետական եւ համայնքային բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները եւ նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. - Նկարում կոխի կանգնվածքների ձեւերից ընդամենը երկուսն են: Սա նրանց համար է, ովքեր կարծում են, որ կոխը մարզաձեւ չէ, քանզի դյուրին է եւ հաղթահարելու ու սովորելու բան չկա:

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։