Հայելու քեթրինյան արտացոլանքով (չգիտեմ ինչ է պատգամավորության թեկնածու Քեթրինի (Պողոսյան) Միհրանի պահապան հրեշտակի անունը, բայց ես հավատում եմ նրան…) – գողական քֆուր ուտեմ, թե սուտ եմ ասում… Երեւանը 2016-ին. «Մենք հաշվետու ենք» – շինարարություն եւ բարեկարգում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, քաղաքային կահավորում եւ ձեւավորում…

Հայելու քեթրինյան արտացոլանքով

Երբ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (արդեն նախկին պետ) մասով օֆշորային աղմուկ բարձրացավ, ես, որպես լրագրող, ինձ ստիպեցի բացարձակ անտարբերություն ցուցաբերել այդ գործի նկատմամբ: Միանգամից պարզ էր, եւ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ էի, գործն օդում էր մնալու: Դա էր հուշում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «հոգեւոր հայր» Նավասարդ Կճոյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր լինելու սկանդալը: Այդ իսկ պատճառով՝ Միհրան Պողոսյանի գործով զբաղվելը համարեցի անպտուղ մի բան, ժամանակի գերծախս: Մինչդեռ մեր երկրում այնքա՜ն հետաքրքրիր թեմաներ կան: Օրինակ, ինչպես է նախրապանը կարողանում օրերով առանց ուտելու սարերում մնալ, իրականում ինչով է սնվում, ինչ բույսերով, ինչպես է նախրապանը իրենց ժողովրդական բժիշկ համարողներից ավելի լավ ճանաչում մեր բուսական աշխարհը: Կամ՝ ինչ է առաջարկում նա կանանց՝ կրծքի «կիստաներից» ազատվելու համար, որպեսզի նրանք նույն այդ «կիստաների» պատճառով «Հրուշ ախպոր Խաչանուշ քրոջ մամոգրաֆիայի սպանդանոցը չհասնեն»: (Ընդգծումները քաղվածք են համացանցի տիրույթից, իմ գրչածայրից չեն դուրս թռել): Ինչեւէ, մասնագիտության բերումով ավելի հետաքրքիր թեմաներ կան պեղելու, քան մեր իշխանության ներկայացուցիչների հավանական արկածներն են դրսերում:

Բայց վերջերս Միհրան Պողոսյանին հեռուստաէկրանից տեսա, ու որոշեցի, այնուամենայնիվ, նրան մեկ անգամ արժանացնեմ մեր թերթի էջերում երեւալու պատվին: Որոշումս չեմ խախտում, սա լրագրողական նյութ չէ, այլ՝ մի փոքրիկ հուշ, մի աննշան ակնարկ մի մարդու մասին, ով սուրբ է եղել, իսկ նրան սատայի տեղ էին դրել: Գուցե ե՞ս էլ եմ սխալվել:  

Հետո՞ ինչ, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը գաղտնազերծել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում եւ մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր, ու, պարզվել է, որ  տվյալների այդ բազայում կան նաեւ հայաստանցիներ: ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը եւ նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են։ Հետո՞ ինչ, որ փաստաթղթեր կան, դրանց հավատա՞մ, թե՞  արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին:

«Քեթրին գրուպ»-ը տարիներ շարունակ հարստացել է բանանի, ցիտրուսային ու տրոպիկական մրգերի ներկրման շուկայում մենաշնորհային դիրք գրավելով, արդարադատության նախարարությանը «կցագրված» «Բեսթ ռիալիթի» ընկերության միջոցով գույքի գների «քցոցիով», BYD ավտոմեքենաների ներկրմամբ եւ դրանք արդարադատության նախարարությանը վաճառելով: Հետո՜ ինչ, որ փաստաթղթերով կա, որ տարիներ շարունակ բանանը Հայաստանում միջազգային գների համեմատ երեք անգամ թանկ է եղել, կամ պետության փողերով մարդը իր անձնական բիզնեսն է ծաղկեցրել: Բայց ասում է չէ՞, որ կապ չունի այդ ամենի հետ: Գուցե ճի՞շտ է ասում, տեսա՞ք, օֆշորի գործն էլ կարճվեց: Անմեղ մարդու գլխին հո գործ չէի՞ն կարելու:

Միհրան Պողոսյանինը միայն «Քեթրին» հասարակական կազմակերպությունն է, ու դրանով մարդը բարեգործությամբ է զբաղվում միայն: Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ցուցակագրել է Քանաքեռ-Զեյթունի բոլոր շենքերի բնակիչներին: Բնակիչներին ասվել է, որ նրանց հեռախոսներ կբաժանեն եւ եթե նկարեն ու  ցույց տան, որ Միհրան Պողոսյանի օգտին են քվեարկել, ապա հեռախոսները կմնան նրանց: Ով էլ ասել է, որ հեռախոսի կարիք չունի, խոստացվել է 35 հազար դրամ գումար: Մարդը ժլատ չէ, աջ ու ձախ փող է բաժանում:

Միհրան Պողոսյանն ասում  է՝ 30 տարեկանից ծառայել է պետությանը: 30 տարեկանից նրան ԴԱՀԿ են վստահել: Մի հարցում մանավանդ շա՜տ ճիշտ է ասում, ամեն մարդ չէր կարող այդ կառույցն այդքան տարի ղեկավարել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գերազանցապես անելու համար մարդկային հատուկ որակներ են պետք: Հարկադիրի տակ ընկածներն ու տուն կորցրածները դա հաստատապես կվկայեն: Իսկ բանսարկուներն ասում են, թե Միհրան Պողոսյանը ոչ մի արժանիք էլ չուներ, այդ պաշտոնին է նշանակվել ԱԱԾ-ում բարձր պաշտոններ զբաղեցնող քեռիների հաշվին: Այն նույն քեռիների, այն նույն ազգականների ու բարեկամների, որ զանազան գործեր են անում ու մեղքը բարդում ԴԱՀԿ պաշտոնը կամավոր լքած Միհրան Պողոսյանի վրա:

Հիմա ես ա՞յս մարդուն հավատամ, թե՞ ռեյտինգայինով նրա մրցակից Ռոբերտ Սարգսյանին, ով կյանքի դժվար ճամփեքով չանցավ՝ օֆշորային սկանդալի մեջ չհայտնվեց, աղմկահարույց պատմությունների մեջ չընկավ…

Համ էլ Միհրան Պողոսյանը եթե վախենալու բան ունենար, կգնար արտերկրում կապրեր, բայց մնաց հայրենիքում՝ պետությանը ծառայելու պատրաստակամությամբ: Եվ որտե՞ղ է իրեն պատկերացնում հարցին հեռուստաեթերում հնչեցրեց. «Ցանկացած տեղ»:

Իսկ ինչու՜ ոչ, այն ազատությունը, որ նա իր երկրում է վայելում, ուրիշ ոչ մի տեղ վայելել նրան թույլ չէին տա…

Չգիտեմ՝ ի՞նչ է Միհրան Պողոսյանին պահպանող հրեշտակի անունը, բայց ես հավատում եմ նրան:

Գողական քֆուր ուտեմ, թե սուտ եմ ասում:

Աստղինե Քարամյան

«Մենք հաշվետու ենք»

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6100ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)… «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը…

Շինարարություն եւ բարեկարգում – 2016թ. մայրաքաղաքում կառուցվել, բարեկարգվել, կահավորվել եւ նկարազարդվել է 340 բակային տարածք։ Կառուցվել է մինի ֆուտբոլի արհեստական խոտածածկով 9 դաշտ, ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել նախորդ տարիներին կառուցված մինի ֆուտոբոլի դաշտերում։ Բարեկարգված բակային տարածքներում տեղադրվել են 107 մանկական խաղեր եւ 315 մարզասարքեր:

Երեւանի փողոցների եւ բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի պահպանման եւ բարեկարգման նպատակով 2016թ. իրականացվել են շուրջ 800 հազ քմ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Աշխատանքների գերակշիռ մասն իրականացվել է բակային տարածքներում։ Միաժամանակ իրականացվել են շուրջ 10.000 քմ հողային պաստառով ճանապարհների հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ։

2017թ. ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն նույն սկզբունքներով, ինչը թույլ կտա ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագիրը։

2016թ. ընթացքում սալիկապատվել է 3.825 քմ մայթ՝ 67 հասցեներում եւ նորոգվել 1.316 գծմ եզրաքար՝ 53 հասցեներում:

2013-2016թթ. Երեւանում բարեկարգվել է 1600 բակ:

Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում - Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի պահպանման եւ շահագործման աշխատանքներին զուգահեռ՝ 2016թ. պատրաստվել են Երեւան քաղաքի թվով 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուսատուները փոխարինել էներգախնայող եւ ժամանակակից լուսատուներով՝ ապահովելով վերգետնյա բոլոր մալուխների անցկացումը ստորգետնյա եղանակով, ինչպես նաեւ ներդնել լուսատուների հեռակառավարման նոր համակարգ, որը հնարավորություն կտա լուսավորության հզորությունը կառավարել տարբեր ժամերին եւ ապահովել շուրջ 60% խնայողություն։ Միաժամանակ 2016թ. համայնքային միջոցներով լուսավորվել է 149 չլուսավորված փողոց-բակային հատված, այգի, ստորգետնյա անցում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Մաշտոց պողոտայի բոլոր լուսատուները փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով։ 2016թ. անցկացվել է 39,8 կմ լուսավորության նոր ցանց:

Քաղաքային կահավորում եւ ձեւավորում - 2016թ. Երեւանում վերանորոգվել եւ գունազարդվել է 26 կամարանցում: Նկարազարդվել է 256 բակային տարածք: Տեղադրվել են փողոցների նորաոճ 15 ուղենիշներ եւ ծառաբների չուգունե 30 ծածկույթներ: Տեղադրվել է անվճար հայտարարությունների 100 վահանակ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։