Սամվել Բաբայանի գործում էլի՞ զինակիցներ կլինեն – Ինչու՞ է ՕՐՕ դաշինքը Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հետ միասին պահանջում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ազատությունը… Գուցե շուտով ազատություն պահանջեն նաեւ «Նորք-Մարաշի գործ»-ով հայտնի բանտարկյալների՞ համար…

Նսխընտրական գործընթացներում կա որոշակիորեն շատախոսելու չափաբաժին, բայց երբ շատախոսելը վերածվում է շուտասելուկի, պարզ ամբոխահաճության, ապա դա դադարում է առնչվել իրականության հետ: Անգամ այդ նույն ամբոխը, ոմ համար շուտասելուկներ են հրապարակվել… հետո առանձնազրույցներքում միմյանց վերապատմելով զվարճանում են ուղղակի:

«Ելք» դաշինքի առաջին համարները ընտրապայքարի վերջնամասում փորձում են հանրահայտ շատ գործերի մասին կրկին բարձրաձայնել, դրանք, ասենք ՕՐՕ-ից կամ մեկ այլից խլելու համար: «ՊՊԾ գնդի գրավման գործը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ենք բացահայտելու»… նորից հայտարարեցին «Ելք»-ից, եւ Էդմոն Մարուքյանը մի անգամ ավել դա ասեց, քան՝ իշխանությունից տակավին վերջերս հեռացված նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը: Չնայած հիմա այս դաշինքը սեփական բացահայտման գործն ունի՝ Սամվել Բաբայանի կալանավորման հետ կապված: Բայց երեւի դա քիչ է թվացել 2 օր առաջ երթի դուրս եկած ՕՐՕ-ականներին, որոնց մի մասը, այդ թվում նաեւ Սեյրան Օհանյանը կնոջ հետ, ի պաշտպանություն Արցախի նախկին պաշտպանության նախարարի, գոռում էր նաեւ ազատություն «Սասնա ծռեր»-ին… Շուտով գուցե ազատություն պահանջեն նաեւ Նորք-Մարաշի զինված խմբի գործով բանտարկյալների համար:  

Ինչեւէ, ՕՐՕ դաշինքը պարբերաբար փորձում է այնպիսի իրավիճակ ներկայացնել, որ իրենց վրա ճնշումներ կան: Օրերս էլ այս դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը ԶԼՄ-ներով հայտարարություն է տարածել, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել իրենցի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ: Նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանն իր հերթին մարտի 24-ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝ պահանջելով հեռու մնալ ընտրություններից:

Մարտի 25-ին Պատվական Պոդոսյանն է հաղորդում եւ բացատրություն տվել ոստիկանությունում առ այն, որ Նարեկ Հարությունյանը իր հորաքրոջ աղջկա ամուսինն է, եւ ինքը նախընտրական քարոզարշավին  աջակցում է նրան, նաեւ տեղափոխում քաղաքացիների հետ հանդիպման, որի ժամանակ էլ ավտոմեքենայով մոտեցել ու սպառնալիքներ են հնչեցրել: Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Այս հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, ով հայտնել է, որ իր հաղորդմամբ եւ բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել  է քարոզարշավից դուրս գալու եւ  չմասնակցելու նպատակով:

Դառնալով Սամվել Բաբայանի խնդրին, նշենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատարին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել: Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը ասել էր, որ դատարանի որոշումն անպայման բողոքարկելու է, բայցՊԲ նախկին հրամանատարը ցանկացել է, որ ամեն բան ընթանա իր հունով: Նաեւ չի ընդունել, որ առնչություն է ունեցել ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ. ինչպես հայտարարել է դատախազությունը:

http://www.hayary.org/wph/?p=6166Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինք – ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, նա ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում… Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարում… Իսկ ՀՀԿ-ն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել…

Սամվել բանայանը ձերբակալվել է մարտի 22-ին: Կալանավորելու որոշում է կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս պահին ձերբակալված են 3 անձ:

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի եւ 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 235 հոդվածի 2-րդ մաս. «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:

Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի, տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ-ն: Մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրօր-ի 235-րդ հոդվածի 2-րդ կետին եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով հետախուզվող, ՀՀ քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:

Նշենք, որ վրացական կողմը հերքում է իր տարածքով «Իգլա»-ի տեղափոխման հնարավորությունը, բայց դեռ ընթանում է հետաքննությունը: Ռուսաստանի ԱԳՆ-ն եւս արձագանքել էր Վրաստանի տարածքով Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկություններին. «Վերջին օրերին նկատվում է Թբիլիսիի սադրիչ հայտարարությունների ու գործողությունների իսկական «հրավառություն»»: «Քարոզչական աղմուկի համար առիթ է դառնում ամեն ինչ. եւ Աբխազիայի իրավաչափ որոշումը՝ օպտիմիզացնելով անցակետերի թիվը Վրաստանի հետ իր սահմանին, եւ երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսիայի քաղաքացիներին թույլ է տալիս անհատական պայմանագրերով ծառայել ռուսական բանակում, եւ իբր թե Աբխազիայում հավելյալ ?-300 դիվիզոնի տեղակայման մասին լուրերը, եւ արդեն ամբողջությամբ ֆանտաստիկ մի պատմություն՝ Վրաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի փոխանցման մասին»:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։