Շռայլող աղքատի հոգեբանությամբ – 2 – Խնայողությու՛նն է զարգացման պայմանը… Անառարկելի  է, որ տնտեսության ճյուղերի էներգաարդյունավետության բարձրացումը պայմանավորում է ապրանքների (ծառայությունների) ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչի նվազեցումը եւ, հետեւապես, մրցունակության ապահովումը…

Սկիզբը՝ թիվ 14-ում

http://www.hayary.org/wph/?p=6212Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

Խոսելով մեր երկրում էներգախնայողության ծավալներն ավելացնելու հրամայականից՝ նշել էինք, որ այդ միջոցառումների իրագործումն անհրաժեշտ է տնտեսական զարգացումն ապահովելու պայմաններ ստեղծելու համար: Իսկ սա նշանակում է, որ միջոցառումները պետք է համալիր արվեն: Ու քանի որ մեկնարկում է 2017-2018թթ. էներգախնայողության գործողությունների ծրագրի (ԷԳԾ) երկրորդ  փուլը, ասենք, որ այն էներգաարդյունավետության բարելավման միջոցառումների ու ծրագրերի նոր խումբ է, որ անդրադառնում է շուկայի խոչընդոտներին՝ օգտագործելով այլ ոլորտներում մինչ այդ չբացահայտված էներգետիկ ներուժը:

Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, այս ծրագրով էներգաարդյունավետության բոլոր միջոցառումները միտված են վերջնական օգտագործողների կողմից էներգիայի սպառման ծավալների կրճատմանը եւ էներգիայի արտադրության ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Հարկ է ընդգծել, որ գեներացնող հզորությունների արդիականացումը, ինչպես նաեւ էներգիայի վերջնական օգտագործողների կողմից առաջնային էներգիայի սպառման կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումն ավելի նպաստավոր է, քան արտադրող հզորությունների ավելացումը: Նախարար Աշոտ Մանուկյանի խոսքերով՝ էներգախնայողությունը բացառապես մեկ ոլորտի խնդիր չէ: Շատ միջոցառումներ փոխկապակցված են եւ փոխադարձաբար օժանդակող: Նախատեսվելիք գործողությունները պետք է ուղղվեն տնտեսության տարբեր ճյուղերի էներգախնայողության միջոցառումներին:  

Օրինակ, էներգախնայողական պետական գնումների մասին կարող է խոսք լինել: Այն է՝ պետական գնումների պայմանագրերը պետք է ներառեն էներգախնայողության բաղադրիչներ, երբ ձեռք են բերվում ապրանքներ, ծառայություններ եւ աշխատանքներ: Էներգաարդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել, տեխնիկական բնութագրեր եւ գնահատման չափանիշներ պետական գնումների բոլոր ոլորտներում ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների համար։ Շոշափելի արդյունքով քայլ կարող է լինել էներգախնայողության միջոցառումների իրականացման ուղղությամբ բոլոր ոլորտներում ֆինանսական աջակցությունը: Հաշվի առնելով պետական բյուջեից ֆինանսավորման աղբյուրների սղությունը, այդ աջակցությունը կարող է լինել մասնավոր ոլորտի եւ դոնորների միջոցներով: Դա էլ մեկնարկային փուլում կարող է լինել հետեւյալ մեխանիզմներով. կամ իբրեւ անվերադարձ դրամաշնորհի ձեւով, կամ՝ էներգախնայողության ծրագրերի շրջանակներում գոյություն ունեցող եւ առաջացող շրջանառու միջոցներից: Դրանք կարող են գործածվել նաեւ հանրային (պետական-տարածքային-տեղական մակարդակում) ներդրումային ծրագրերի համար, որտեղ համապատասխան պետական կառույցը հնարավորություն կստանա տարեկան խնայողությունները ներդնել հետագա էներգախնայողության միջոցառումներում՝ ապահովելով էներգետիկ ծախսերի կրճատում հետագա տարիներին:

Տարիներ առաջ երբ անդրադարձել էինք այս թեմային, նկատել էինք, որ երկրներ կան, որտեղ դպրոցներում դասավանդվում է «Էներգախնայողություն» առարկան (Տաջիկստանում օրինակ): Այժմ մեզ մոտ էլ, ըստ ԷԳԾ-2-ի, նախատեսված է գործող կրթական համակարգում Էներգախնայողության ոլորտի մասնագետների ուսուցման համակարգի ստեղծումը՝ որպես տարբեր մասնագիտությունների ծրագրի մի մաս: «Էներգախնայողություն» առարկան պետք է ներմուծվի բոլոր մակարդակների կրթական ծրագրերում:

Գանք ԷԳԾ-ի 2-րդ փուլի միջոցառումներին: Նախարարությունը վստահեցնում է՝ դրանք հստակ քայլեր են, որոնց արդյունքը նկատելի է լինելու: Ասենք՝ շենքերի էներգետիկ բնութագրերի պահանջների կսահմանվեն՝ ընդ որում՝ ոչ միայն նոր կառուցվող, այլեւ՝ վերակառուցվող շենքերի համար: Շինարարական նյութերի համապատասխանությունը ստանդարտներին հավաստելու նպատակով փորձաքննության համակարգ կներդրվի: Կներդրվի նաեւ արտադրվող եւ ներկրվող ջերմամեկուսիչ շինարարական նյութերի համար հավաստագրման ու պիտակավորման համակարգ: Սպառողների էներգետիկ ծախսերի սպառման կրճատման նպատակով բոլոր սպառողներին էլեկտրաէներգիայի թվային հաշվիչներով ապահովելու մեխանիզմներ կմշակվեն ու կներդրվեն:

Նախատեսվող միջոցառումներից է նաեւ մեր երկրի բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների ցանկում համապատասխան կրթական ծրագրերի ներառումը, «Էներգետիկա եւ/կամ էլեկտրատեխնիկա» ոլորտի մասնագիտություններում «Էներգախնայողություն» առարկան կամ մոդուլը ներդնելը: Նախատեսվում է նաեւ հանրային շենքերում էներգախնայողության ներդրումների ֆինանսավորում: Պետական եւ համայնքային միջոցներից ֆինանսավորվող բոլոր շենքերի էներգախնայողության ներդրումների վերադարձելիությունը կապահովվի էներգախնայողության միջոցառումներից խնայված միջոցներով: Իսկ սոցիալապես անապահով խմբերին կառավարության աջակցության ծրագրերում էներգախնայողության միջոցառումների հնարավոր ներդրման մեխանիզմները կուսումնասիրվեն: Կուսումնասիրվի նաեւ այդ մեխանիզմների ներդրման հնարավորությունը:

Ինչեւէ, լայնածավալ՝ էներգախնայողությանը միտված միջոցառումներն օր առաջ սկսելը բոլորիս շահերից է բխում: Մենք, որպես սեփական էներգակիրներ չունեցող երկիր, անընդհատ կախված ենք լինելու միջազգային շուկայում դրանց գների բարձրացումից՝ քաղաքական ու տնտեսական բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Ու որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ կախվածությունը, պիտի զարկ տանք սեփական պաշարների հաշվին վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որոնց թվում եւ էներգախնայողությունն է: Ինչն, ի դեպ, մասնագետները, էներգիայի մի աղբյուր են համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր:

Էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ պետականորեն «ամրագրված» էր  շռայլելու ու վատնելու սովորույթը: Եվ այդ սովորույթը այսօր վերացնել չենք կարողանում, որովհետեւ այն տեխնոլոգիաներում է, շենք-շինություններում: Կենցաղում որոշ չափով կարողանում ենք, այն էլ՝ ներմուծված նորագույն՝ եվրոպական արտադրության սարքավորումների՝ սառնարանների, լվացքի մեքենաների, ջեռոցների, արդուկների շնորհիվ: Համեմատության համար կարելի է տեսնել ասենք՝ խորհրդային արտադրության եւ եվրոպական արտադրության լվացքի մեքենաների էներգիայի ծախսման տվյալները: Միանշանակ նույնը չենք կարող ասել էլեկտրական տաքացուցիչների մասով, քանզի սրանք, ճիշտ է, էներգիախնայող են, բայց քանի որ «աշխատում» են սովետական չջերմամեկուսացված շինություններում, դրանց ՕԳԳ-ն վերջնահաշվարկում միեւնույնն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների նյութերի, նախագծերի եւ դրանց առնչվող այլ գործոների հետ: Այսինքն՝ խնդրի լուծման համար մենք պիտի համալիր տարբերակներ մտածենք, էներգախնայող համակարգեր ներդնեք, մի խոսքով՝ մի ամբողջ շղթայական ծրագիր իրագործենք:

Էներգախնայողության ոլորտում հաջողության հասնելը հստակ արդյունքներ տալիս է:

Այդ ներուժն օգտագործելը մեծ հաջողությունների հանգեցրեց. այժմ զարգացած երկրների արտադրության աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին: Բանն այն է, որ  էներգախնայողության փորձը ցույց է տվել, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգածախսի 30-40%-ը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք ծավալով վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին: Այն, որ էներգախնայողությունը կարող է նպաստել էներգետիկայի զարգացմանը, հետեւյալ ձեւով է բացատրվում: Անառարկելի  է, որ տնտեսության ճյուղերի էներգաարդյունավետության բարձրացումը պայմանավորում է ապրանքների (ծառայությունների) ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչի նվազեցումը եւ, հետեւապես, մրցունակության ապահովումը, քանզի էժան է այն ապրանքը, որի արտադրությունում նվազ է էներգետիկ բաղադրիչը:

Հավելենք, որ էներգախնայողության միջոցառումների շարքում կար մեկը, որ առանձնակի ուշադրության է արժանի: Խոսքը գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի միջազգային լավագույն փորձի  ուսումնասիրության եւ Հայաստանում դրա ներդրմանն ուղղված ծրագրերի մշակման մասին է: Այս թեմային արդեն առանձին կանդրադառնանք:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։