Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր… Ինչն է խանգարում առերեսվել անցյալին – Թուրք սյունակագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը – Մարդիկ պետք է խոսեն այս մասին առանց դատարանի առաջ կանգնելու կամ օրենք խախտելու վախի…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը տալու Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ ազգայնականների երիտասարդական կառույցների նոր անդամները կշարունակեն տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը կպարտադրի երիտասարդ արորդիներին՝ ապրել եւ գործել հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման:

Այնուհետեւ, հայ արիների եւ ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կայցելեն Եռաբլուր՝ փառաբանելու արդեն անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը:

http://www.hayary.org/wph/?p=6242Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը.- Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Ապրիլի 24-ին խոնարհվեցին ու երդվեցին Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում…

* * *

Ինչն է խանգարում առերեսվել անցյալինԹուրք սյունակագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Թուրքական demokrathaber. org կայքի սյունակագիրներից Էրջան Քանարը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ անդրադարձել է ցեղասպանության թեմային: Նա փորձել է վերլուծել, թե որոնք են այն հանգամանքները, որոնք հետ են պահում Թուրքիայի ներկա եւ նախորդ բոլոր իշխանություններին ճանաչել անցյալի սխալն ու թույլ տալ սերունդներին առերեսվել դրան:  

Թուրք սյունակագրի հոդվածը ներկայացնում ենք ստորեւ՝ որոշակի կրճատումներով:- «Մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նորից պալատականներն ու մոտիվացված գրիչները սկսելու են կաթացնել պաշտոնական տեսակետից բխող թույնը:

Ես ավելի վաղ նշել եմ, որ Մերձավոր Արեւելքում եւ հատկապես՝ մեր շրջանում պետության՝ ցեղասպանության ու պատերազմի հանցանքներին առերեսվելը շատ ավելի բարդ երեւույթ է, քան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում եւ այլուր: Թուրքիան այդ մակարդակի բերելու համար մարդու իրավունքների պաշտպանները, մարդու ազատությունների համար պայքարողները պետք է շատ ջանք թափեն:

Պաշտոնական ներողոթյան օրինակները մենք տեսել ենք ԱՄՆ-ի, Չիլիի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Սերբիայի, Գերմանիայի, Բուլղարիայի դեպքերում:

Ավելին՝ Գերմանիան ընդունել է նաեւ, որ Հոլոքոստը ոչ միայն հրեաների, այլեւ գնչուների ցեղասպանություն էր։ Մինչդեռ եվրոպական մի շարք երկրներ այս հարցում դեռ դիմադրում են: Գերմանիան նաեւ ճանաչեց Հայոց ցեղասպանությանն իր մասնակցության փաստը:

Իսկ, օրինակ, Ճապոնիայում Թուրքիայի պես շարունակում են ապրել հերքման, ճնշման եւ անցյալը մոռացության տալու հոգեբանությամբ ու քաղաքականությամբ:

Անցյալին առերեսվելը նախեւառաջ ազատության ու արդարության հետ կապված խնդիր է:

Դրա միակ պայմանն, անցյալի դեպքերին ճիշտ ու համապատասխան անուն տալով, դրա շուրջ ազատ բանավեճ ծավալել կարողանալն է: Այս բանավեճերին երբեք իրենց մասնակցությունը չպետք է ունենան դատարաններն ու օրենքները:

Մարդիկ պետք է խոսեն այս մասին առանց դատարանի առաջ կանգնելու կամ օրենք խախտելու վախի: Սա թույլ կտա անցյալում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ պատմական ճիշտ տեղեկություններ ձեռք բերելուց զատ զբաղվել այդ ցավալի պատմության հետեւանքների վերացմամբ:

Ճշմարտության իրավունքը՝ որպես քաղաքական պահանջ եւ իրավունք, տեղ է գտել անգամ բազմաթիվ լատինամերիկյան երկրների սահմանադրության մեջ:

Ե՛վ Լատինական Ամերիկայում, եւ՛ Եվրոպայում, եւ՛ Ավստրալիայում պետության՝ անցյալին առերեսումը տեղի է ունեցել հիմնականում նախկին իշխանությունների գործած սխալների՝ օրակարգ մտնելուց հետո: Օրինակ՝ որեւէ ռազմական հեղաշրջումից կամ պատերազմից հետո:

Մինչդեռ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված միջազգային բոլոր օրենքներում տեղ գտած հանցանքներն իրականացվել են տարբեր իշխանությունների կողմից եւ պարբերաբար: Դրանք շարունակվում են մինչ օրս:

Հայոց ցեղասպանությունը, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Դերսիմի կոտորածները, ռազմական հեղաշրջումները, 1934թ. Թրակիայի 15.000 հրեաների վրա իրականացված հարձակումներն ու գաղթեցումը, 1942թ. կրոնական փոքրամասնությունների հանդեպ կիրառված ունեցվածքի հարկի օրենքը, 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի, Անկարայի ու Իզմիրի հույների եւ հայերի թաղամասերի ավերումն ու թալանը, 1963թ. Ստամբուլի վերջին հույների գաղթեցումը, ասորիների՝ ԱՄՆ գաղթեցումը, Սըվազի քրդերի կոտորածը…

Կարող ենք վերլուծել եւ փաստել, որ մեր տարածաշրջանում անցյալին առերեսվելուն խանգարող հիմնական հանգամանքները սրանք են՝ Թուրքիայում գործող իրավական համակարգը, առկա քաղաքական մշակույթը, երկրի առաջնորդին սրբացնող իսլամական կրոնը:

Բացի իշխանությունից ու նրա գործողություններից, կարող ենք նշել նաեւ դեռեւս երիտթուրքական մտածելակերպից չհրաժարված եւ այսօր մայր ընդդիմադիր կուսակցություն համարվող Ժողովրդահանրապետականներին: Չմոռանանք, որ նրանք, չնայած ընդդիմության շարքերում լինելուն, աջակցեցին իշխող կուսակցությանը՝ Կարո Փայլանին խորհրդարանի նիստերից հեռացնելու հարցում:

Անցյալին առերեսվելու հարցում Թուրքիայում առկա են նաեւ խորը սոցիալ-հոգեբանական արգելքներ:

Պետությունը վախենում է դավաճան դառնալ ազգայնամոլների զանգվածի առաջ եւ ամոթով մնալ նրանց առաջ: Նրանց այդ քայլից հետ է պահում նաեւ պատժի, փոխհատուցման եւ միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրելու վախը: Այստեղ առկա է նաեւ հասարակության հետտրավմատիկ շոկի եւ անցյալի հանդեպ ունեցած վախը:

Այս ամենը կհանգեցնի Թուրքիայի ամբողջ պաշտոնական պատմության գլխիվայր շրջվելուն:

Անասելի վնասվածք կարող է դառնալ ազգային հերոսներին վատ լույսի ներքո ճանաչելը, սերունդների համար պաշտելի անուններին ամոթով հիշելը:

Միանշանակ է, որ անցյալին առերեսվելու ճանապարհին արգելք է հանդիսանում նաեւ անորոշության վախը. այն վախը, թե ուր կհասնի այս ամենն ի վերջո»:

 «Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։