Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…

Մեր նախորդ թողարկմանը հանգամանալից անդրադարձանք թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներկրման ազգադավ գործունեությանը եւ դրա վտանգավոր հետեւանքներին: Երբ հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ ինչպես է վերածվում զենքի, ապա հասնում մեր երկրի սահման: Թե ո՞ր հայկական հանրապետության սահման, արդեն կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեր փողերով մեր զինվորներն են երբեմն զոհվում ՀՀ եւ ԼՂՀ սահմանային մարտական դիրքերում…

http://www.hayary.org/wph/?p=6248Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…

Եվս մեկ անգամ վերահաստատվեց, ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան ապօրինի է եղել։ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը լրատվամիջոցներին ասել է, որ «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերեւույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաեւ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու եւ ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:  

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում եւ ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քր.գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաեւ մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւս հարուցվել է քրեական գործ: Այն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով:

Ինչեւէ, փաստորեն, սահմանը բարձիթողի վիճակում է: Ադրբեջանական խնձորը հասավ մայրաքաղաք Երեւան, մարզեր, Արցախ: Ու դեռ պիտի պարզեն՝ ով է բերել: Սա նշանակում է, որ մեր մեջ կա մի կառույց, մարդկանց մի զանգված, որ զբաղվել է այս գործով եւ այսքան մեծ արագությամբ կարողացել է տարածվել Հայաստանով մեկ ու դեռ Արցախ էլ է հասել:…

Թեեւ վստահ եմ՝ տեղյակ են, թե ով է ներկրողը: Բայց սրանից ավելի կարեւոր մի հարց կա՝ ինչու՞ մինչ օրս արգելված չէ թշնամի երկրի ցանկացած տեսակի ապրանքի ներկրումը: Անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանում թույլ տրվի վաճառել որեւէ ապրանք՝ Product of Armenia մակնշմամբ: Հա, մի հարց էլ՝ ինչու՞ քրգործը ուշ հարուցվեց:

«Լուսանցք»-ի առաջ քաշած նախորդ վարկածը գուցե ճի՞շտ է դուրս գալիս: Այն է՝ լավ էլ գիտեն՝ ով է բերողը: Որոշել են թողնել՝ հասկանալու համար հանրության արձագանքը… Լավ, ասենք՝ բախտներս բերեց ու անվտանգ էր այս անգամ թշնամու խնձորը (սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համենայնդեպս, հաստատել էր): Իսկ հաջո՞րդ անգամ: Թե՞ ներկրողը վստահ է, որ այդ խնձորից իր երեխային բաժին չի հասնի: (Այս կարգի առեւտրականների մասով պարզ մարդկային արժանապատվության մասին չենք խոսում եւ անիմաստ հռետորական հարցեր չենք հնչեցնում):

Մի բան հստակ է. պատասխանատու մարմինները երկրի անվտանգության համար պետք է կոշտ քայլեր ձեռնարկեն, այլապես, ցավոք, մի օր ստիպված կլինեն հասկանալ, որ դիվերսիոն երեւույթները միայն ռազմական ձեւաչափում չէ, որ լինում են: Սրան էլ թե հավելենք թուրքական լոլիկի թեման, մի օր զանգվածային թունավորումների ականատես երեւի լինենք: Ի դեպ, զանգվածային թունավորում ասվածը պարտադիր չէ այսրոպեական ու կարճաժամկետ լինի: Երկարաժամկետ թունավորումների մասին (ավելի պարզ՝ երբ գործածածի հետեւանքը տարիներ հետո է միայն ի հայտ գալիս) խոսելիս մասնագետները հաճախ են Հռոմի օրինակը բերում…

Որոշ քաղաքական ու հասարակական գործիչներ ադրբեջանական խնձորի ներկրումը միանշանակ դիվերսիա են համարում՝ կիսելով այն մտայնությունը, որ չի բացառվում, որ հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, մի նոր ջարդ կարող էր լինել զանգվածային թունավորումներից: Նրանք չեն բացառում, որ հնարավոր է ներկրված ադրբեջանական խնձորների մի մասը միտումնավոր նորմալ վիճակում լինի, իսկ մի մասն էլ՝ թունավորված:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս ահազանգել է, ով ադրբեջանական խնձորի՝ հայաստանյան շուկայում հայտնվելու վերաբերյալ նույնպես հարցեր էր ուղղել  կառավարությանը, որոնց պատասխանները դեռ չի ստացել: Նրան չի բավարարել ՊԵԿ-ի հայտարարությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ, համարում է, որ ամբողջ շղթան բացահայտված չէ. «Պետք է հասկանալ, ո՞վ է բերել, ինչո՞ւ է բերել, ո՞նց է բերել, ո՞վ է պատժվելու, ինչո՞ւ  մինչ  այսօր չի ստուգվել դրա անվտանգությունը»:

Իսկ ՊԵԿ հայտարարությունը ոչ այս գործչին, ոչ էլ այլ քաղաքական գործիչների չի բավարարել, քանի որ ոչ բոլոր մեղավորներն են այս պահին ջրի երես դուրս եկել: Խնձորը տարածվել է, ինչպես նշեցինք, ամբողջ հանրապետությունով մեկ՝ ներառյալ Արցախը: Վտանգավորը նաեւ այն է, որ խնձորը հայտնաբերել է սպառողը, որից հետո պետական մարմնի ոչ բավարար հսկողության հետեւանքով ադրբեջանական խնձորները «դարձել» են ֆրանսիական, վրացական կամ տեղական:…

Արման Դավթյան

Հ.Գ. – Տարիներ առաջ Երեւանի խանութներում հայտնվեցին ադրբեջանական տետրեր՝ քարտեզով, որտեղ Ադրբեջանի քարտեզն էր՝ ոչ միայն Արցախն ու ազատագրված տարածքները կրկին զավթած, այլեւ՝ մինչեւ Սեւանա լիճ: Այդ տետրերից պրծանք կրկին հանրային աղմուկի շնորհիվ: Ո՞վ էր բերել: Իհարկե, պարզ չէ: Մեր պատկան մարմինները դա ոչ թե պարզելու, այլ՝ գումար աշխատելու համար են: Նույն ձեռագիրն է: Աչքիս ադրբեջանական ապրանք ներկրողներին կամ ներկրողին գտնելիս ուրիշ գործ հարուցենք՝ պարզելու դրա ազգը, տոհմը, ինչքը, ծագումը, հոգեկան վիճակը, ապրած մանկությունը…

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։