Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել (2).- Առաջին ֆոտովոլտային կայանները կունենանք Մասրիկում եւ Դաշտադեմում… Մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ…

Սկիզբը՝ թիվ 17-ում

http://www.hayary.org/wph/?p=6262Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել (1).- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…

Մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ: Մենք, սակայն, այդ ներուժը չենք գործածում՝ ի տարբերություն Եվրոպայի, որ հնարավորինս գործածում է այդ ներուժը այն պարագայում, երբ այնտեղ համապատասխան ցուցանիշը ընդամենը 1000 կՎտ. ժ./քմ է:

Փաստորեն, ունենք հարստություն, որին ձեռք չենք տալիս: Այսպես էր նախկինում եւ այսպես է հիմա: Բայց ապագան խոստանում է այլ լինել:

Հայաստանը որոշել է արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ կառուցել: Գործադիրը համապատասխան ծրագիրը հաստատելով՝ վստահություն հայտնեց, որ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցմամբ մեր երկրի տնտեսությունը կտարատեսականացվի, տնտեսական եւ էներգետիկ անկախությունը կամրապնդվի, էներգետիկ անվտանգության եւ հուսալիության մակարդակը կբարձրանա, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրություններ կստեղծվեն:

Ոլորտի զարգացման տեսլականը հասկանալու համար առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ՖՎ կայանների մասով ինչ կարգի սակագին պետք է ձեւավորվի, որ մրցունակ լինի:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը համոզված է, որ կձեւավորվի այդ մրցունակ սակագինը: Բանն այն է, որ վերջին տարիների ընթացքում մոտ 80%-ով նվազել է արեւային ՖՎ տեխնոլոգիաների արժեքը, ուստի եւ կապիտալ ներդրումների ծավալը՝ արդյունաբերական մասշտաբի արեւային ՖՎ տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձրել  է մրցունակ:  

Դարձյալ ըստ պատկան մարմնի, նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ դրա արդյունքում, ինչպես նաեւ Կլիմայի ներդրումային հիմնադրամի Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի միջոցներն օգտագործելով, եւ հավելյալ նման մեղմ ֆինանսավորում ներգրավելով, հնարավոր է էլեկտրաէներգետիկ համակարգում ՖՎ կայանների համար ստանալ մրցունակ  սակագին:

Սրա հետեւանքով կբացառվի բացասական ազդեցությունը վերջնական սպառողների համար սահմանված էլէներգիայի սակագների վրա: Սա էլ հնարավորություն կտա կառուցել ավելի մեծ հզորությամբ կայաններ, որն իր հերթին հետաքրքրություն կառաջացնի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների մոտ՝ մրցույթին մասնակցելու համար:

Տեղեկացնենք, որ արեւային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման նպատակով մեր կառավարությունը դիմել է հիշյալ հիմնադրամին՝ մեղմ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով։ Ընդհանրապես այդ նպատակով կազմված ներդրումային ծրագիրը հաստատվել է ֆինանսավորող կառույցի կողմից 2014թ.: Ներդրումային ծրագրի բաղադրիչներից մեկի համաձայն, հիմնադրամը, Համաշխարհային բանկը ՀՀ կառավարությանը Հայաստանում առաջին արեւային ՖՎ կայանների կառուցման եւ երկրում ՖՎ տեխնոլոգիաների ընդլայնման նպատակով հատկացնում են դրամաշնորհային եւ մեղմ վարկային միջոցներ:

Հաշվի առնելով Ներդրումային ծրագրի պատրաստման ժամանակահատվածը եւ նախատեսվող ընդհանուր ֆինանսավորումը, ծրագրով նախանշվում է 40-50 ՄՎտ արեւային ՖՎ կայանների կառուցում:

Սակայն այժմ, հաշվի առնելով արեւային ՖՎ կայանների կառուցման գների կտրուկ անկումը, այժմ առաջարկվում է նախատեսել մոտ 110 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ արեւային ՖՎ կայանների կառուցում եւ հնարավոր է, որ նույնիսկ մեղմ վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն չառաջանա:

Նշված հզորությունների շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ  էներգախնայողության հիմնադրամը ՀԲ հատկացրած 2 մլն դոլար դրամաշնորհով այժմ իրականացնում է ծրագրի նախապատրաստման գործընթացը:

Ի դեպ, կա նաեւ կազմված Հայաստանի արեւային քարտեզ, որի ճշգրտումը կատարվում է 4 տեղանքներում արեւային ներուժի չափումների հիման վրա:

Հիմք ընդունելով առկա տվյալները՝ արդյունաբերական մասշտաբի արեւային ՖՎ կայաններ կառուցելու նպատակով ընտրվել են 6 տեղանքներ, որտեղ հնարավոր է տեղադրել ընդհանուր մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արեւային ՖՎ կայաններ: Երկու տեղանքների մասով (Գեղարքունիքի մարզի Մասրիկ եւ Արագածոտնի մարզի Դաշտադեմ) իսպանական «Արիես ինժեներիա» խորհրդատվական ընկերությունը տեխնիկատնտեսական հիմնավորումներ է ներկայացրել: Մյուս չորս տեղանքների համար տեխնիկատնտեսական հիմնավորումները մշակման փուլում են:

Հավելենք, որ կառավարությունը նախատեսում է ծրագիրն իրականացնել մրցութային եղանակով՝ նվազագույն սակագին սահմանելու նպատակով:

6 կայանների մրցույթն ու կառուցումը մի քանի փուլերով կարվեն: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 50 ՄՎտ-անոց մեկ կայան, իսկ հաջորդ փուլերով՝ 60 ՄՎտ -անոց կայաններ: Բոլոր կայանների կառուցման համար նախատեսվող ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 129 միլիոն դոլար:

Հարկ է նշել, որ տեխնիկատնտեսական հիմնավորումներն ուղեցուցային են, որոնք պատրաստվել են մրցութային փաթեթով ներդրողներին ամբողջությամբ կամ մասամբ ներկայացնելու համար, սակարկելի են եւ կարող են ճշգրտվել մրցույթի արդյունքում: Ինչ օգուտներ են անկալվում, ինչ ռիսկեր հաշվարկվում, քանի աշխատատեղի մասին կարող է խոսք լինել եւ, ի վերջո, ինչու է անհրաժեշտ գնալ արեւային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ, ինչ միտումներ կան աշխարհում: Սրանք կարեւոր հարցեր են:

– Ինչու՞ զարգացնել արեւային էներգետիկան:

Երբ այս հարցն էի ուղղում բոլոր նրանց, ում հետ էլեկտրոնային կապ էի հաստատել (եվրոպական երկրներ), ովքեր արեւային պանելներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ էին եւ զբաղում էին նաեւ դրանց տեղադրմամբ, պատասխանը միանշանակ մեկն էր. որովհետեւ ոչ միայն արեւային, ընդհանրապես վերականգնվող էներգետիկան մաքուր է, մարդկանց առողջությունը չի վտանգում, բնության համար անվնաս է եւ տնտեսող է: Իսկ երբ հարցս փոխում էի, թե՝ ինչու՞ զարգացնել արեւային էներգետիկան Հայատանում, միանգամից պատասխանում էին. դուք դրանից շատ ունեք, ձեր արեւը սեզոնային չէ, տարին բոլոր է եւ այլն (մեր արեւային օրերի ու ներուժի ցուցանիշները ներկայացրել ենք նախորդիվ նյութում):

Երբ այս տարեսկզբին Երեւանում անցկացվեց «Էներգետիկայի շաբաթ-2017»-ը, 30-ից ավելի օտարերկրյա ընկերություն էին մասնակցում այդ խորագրի ներքո անցկացվող արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովին:

Որ ոլորտում տարվող քաղաքականությունը պետական հոգածությամբ է լինելու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ արձանագրվեց: Նա նշել էր, որ Հայաստանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի ծավալները՝ կառուցելով ոչ միայն արեւային, այլեւ՝ հողմային եւ երկրաջերմային էլեկտրակայաններ: Երկրի նախագահը շեշտել էր նաեւ, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արեւային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը, եւ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա: Եվ այս պայմաններում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին եւ կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Ինչեւէ, մեկնարկը տարեսկզբին տրվեց, հետո գործադիրը կայացրեց համապատասխան որոշումը եւ անցանք գործնական քայլերի:

Փորձեցի հասկանալ, թե աշխարհն ինչպես է գործածում արեւային էներգիան: Հետաքրքիր մի ցուցանիշ գտա. պարզվում է 2015թ. Գերմանիան ռեկորդ է գրանցել արեւային պանելներից արտադրված էլեկտրաէներգիայի ցուցանիշի մասով. այն ատոմային կայաններից ստացված էլէներգիայի ցուցանիշին հավասար է եղել: Այս երկրում արդեն 1.5 մլն-ից ավելի է արեւային համակարգերի թիվը:

Բայց միայն Գերմանիան չէ, որ առաջատար է: Այս ցանկում կարելի է գրանցել նաեւ ԱՄՆ-ին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային, Ճապոնիային եւ Իսպանիային: Չինաստանն է մեծ տեպմերով առաջ գնում. միայն 2016թ. վերականգնվող էներգետիկայի բնագավառը զարգացնելու համար մոտավորապես 84 մլրդ դոլարի ներդրում է արել: Հնդկաստանն էլ հետ չի մնում: Ավելին՝ այստեղ է աշխարհի ամենահզոր արեւային էլկայանը, «Չարանկա սոլար փարկ» է կոչվում՝ 214 ՄՎտ հզորությամբ:

Հայաստանում արեւային էներգետիկայի ոլորտը նոր-նոր է զարգանում, թեեւ տարներ առաջ այդ ուղղությամբ բավականին լուրջ քայլեր արվել են:

Այս տարի արդեն նախատեսվում է կառուցել Մասրիկ -1 կայանը (Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ)՝ 50 ՄՎտ-անոց: Մասրիկ-2-ը 15 ՄՎտ-անոց կլինի: Արեւային ֆոտովոլտային կայանների համար նախատեսված մյուս տեղանքներն են Թալինը (10 ՄՎտ-անոց դրվածքային հզորությամբ), Գագարինը (17 ՄՎտ-անոց), Դաշտադեմը (10 ՄՎտ-անոց), Մերձավանը (7 ՄՎտ-անոց):

Մասրիկ ՖՎ էլկայանի շահագործման բոլոր 25 տարիների համար հաշվարկվել է միջին սակագին՝ 6.39 ԱՄՆ դոլար 1 կվտժ-ի համար (7.67 դոլար ԱԱՀ-ն ներառած): Դաշտադեմի էլկայանի համար հաշվարկված սակագինը 6.63 դոլար է (ԱԱՀ-ն ներառած՝ 8.89 դոլար): Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հստակեցնում է՝ ցուցանիշները հաստատուն չեն եւ կարող են փոփոխվել:

Մրցույթը կազմակերպվում է առավել ցածր սակագին սահմանելու նպատակով:

Նշված 6 կայանների կառուցման համար կներդրվի շուրջ 129 մլն դոլար:

Օգուտ, անշուշտ, կունենանք: Այն ոչ միայն բնապահպանական է, այլեւ՝ սոցիալական ու էներգետիկ, չէ որ Հայաստանում առաջին անգամ արդյունաբերական մասշտաբի արեւային ՖՎ նախագիծ ենք իրականացնում:

Գանք սոցիալական արդյունքին:

Նախ՝ նախատեսվում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում ստեղծել մոտ 400 աշխատատեղ՝ արեւային ՖՎ կայանների կառուցման եւ գործառնությունների ընթացքում։

Կարեւոր է նաեւ այն, որ Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է զգալի չափով հետազոտական ներուժ՝ արեւային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման համար։ Ծրագրի իրագործումը կխթանի հետագա հետազոտություններն ու զարգացումները եւ կհեշտացնի տեղակայման, արտադրության եւ շահագործման կարողությունների փոխանցումը տեղական շուկային։

Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը: Նախ խոսում ենք տնտեսության տարատեսակացման մասին, ապա՝ մեր երկրի տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդման, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման եւ ծառայությունների կազմակերպման մասին:

Որ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցություններն էլ նվազում են, ավելի քա պարզ է:

Կարեւոր մի հանգամանք էլ կա, որին անհրաժեշտ է անդրադառնալ:

Բանն այն է, որ Հայաստանում էլէներգիայի արտադրման առկա պաշարների մեծ մասը ներկրվում է, ասել է թե՝ դրանց գնագոյացումները  տեղի են ունենում մեր երկրի տարածքից դուրս: Իսկ այդ պաշարները նորերով փոխարինելով, օրինակ՝ արեգակից փոխանցված ճառագայթների կիրառմամբ էլէներգիա արտադրելով, կարող ենք զսպել ներկրվող էներգակիրների գները, դրանց տատանումները՝ նույնպես։

Դա կարող է օգնել նվազագույնի հասցնելու այդ գնային տատանումների ազդեցությունը էլեկտրական էներգիայի վերջնական սպառողների սակագների վրա, դրանով իսկ նպաստել, որպեսզի էլէներգիայի մատակարարման ծառայությունները մատչելի լինեն բոլոր սպառողների համար։

Օգուտների շարքն ամփոփենք ամենաառաջնայինով՝ բնապահպանականով:

Այլ կերպ՝ արեւային ՖՎ ծրագրերի իրականացման հետեւանքով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ զրոյական են:

Ի դեպ, այժմ պատրաստ են առաջին փուլով նախատեսվող կայանի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության հաշվետվությունների նախագծերը, իսկ մյուսների մասով գործն ընթացքում է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։