Հրաձգության զարգացումը՝ հրամայական – (2) – Հանրակրթական դպրոցների 8-րդ եւ 9-րդ դասարաններում պետք է ուսուցանվեն կրակելու հիմունքներ, հրազենի կառուցվածքը, զենքի օգտագործման եւ հրաձգարանների շահագործման անվտանգության կանոններ…

Սկիզբը՝ թիվ՝ 18-ում

http://www.hayary.org/wph/?p=6277Հայաստանում դրանք անվճար ու վճարովի կգործեն.- Հրաձգության մարզաձեւի զարգացումը՝ օրախնդիր (1)… Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով…

Այն որ հրաձգություն մարզաձեւը մեր երկրում պետք է մասսայականացնել, հասկանալի պատճառներ ունի: Որ այս մարզաձեւի լեզուն մենք լավ ենք հասկանում, անհերքելի է. Հայաստանի հրաձիգները միշտ մեդալներ են նվաճել միջազգային մրցասպարեզներում ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանում: Օրինակ, ատրճանակ մրցաձեւում Խորհրդային Միության չեմպիոն ունենք՝ Կարլեն Բոստանջյանը (1961թ.-ին): 1971թ. Գագիկ Զոհրաբյանը հրացան մրցաձեւում է նվաճել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոնի կոչումը, իսկ 1972 եւ 1974 թվականներին դարձել է Խորհրդային Միության չեմպիոն: Խորհրդային տարիներին Զինաիդա Սիմոնյանը ատրճանակ մրցաձեւում դարձել է աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի չեմպիոն եւ 60-ից ավել ռեկորդների հեղինակ: Հետխորհրդային շրջանում՝ արդեն 1992թ. Բարսելոնի օլիմպիական խաղերում աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը փոքր տրամաչափի հրացան 50 մ վարժաձեւում նվաճում է հրաձգություն մարզաձեւում առայժմ միակ օլիմպիական ոսկին:

Շարունակել կարող ենք, բայց մեր խնդիրը թվարկումը չէ, այլ հասկանալը, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ մարզաձեւը մասսայականացնելու համար, երբ գործող հրաձգարանները ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, երբ սահմանամերձ շրջաններում հրաձգարաններ չկան, երբ եղած հրաձգարանները վերանորոգման կարիք ունեն եւ զինամթերքով ապահովվելու անհրաժեշտություն:  

Քանի որ խնդիրները մանրամասնել ենք, անցնենք լուծումներին: 2018-2024թթ. Երեւանում եւ մարզերում հրաձգարաններ կկառուցվեն, կվերանորոգվեն: Եթե պահանջարկը շատ լինի, ապա հաջորդող տարիներին էլ հրաձգարանների շինարարություն կարվի: Ուսուցումն ու մարզումներն անվճար կլինեն:

Հրաձգարանները կլինեն բացօթյա, 25-մետրանոց եւ 50-մետրանոց՝ գնդակային հրաձգության համար, ինչպես նաեւ «վազող թիրախ» վարժության սարքերով, որտեղ ծածկի տակ կլինեն կրակողները եւ թիրախները: Կկառուցվեն նաեւ 10 մ փակ հրաձգարաններ օդաճնշիչ զենքերից կրակելու համար, որոնք կունենան նաեւ «վազող թիրախ» վարժության սարքեր: Անհրաժեշտ է նաեւ վարչական տարածք համակարգիչներ տեղադրելու համար, պահեստասենյակ՝ զենքերը պահելու համար, առանձին սենյակ՝ չկրակողների սպասելու համար:

Հրաձգարանները կլինեն պարսպապատված, խստագույնս կպահպանվեն անվտանգության կանոնները: Հրաձգարանները պետք ապահովված լինեն բժշկական անձնակազմով եւ ջրամատակարարմամբ: Հրաձգարանները կշահագործվեն «Զենքի մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

Մասնավոր հատվածին կթույլատրվի տիրեր կառուցել, որոնք արդեն վճարովի կգործեն: Դրանք սեփականատիրոջը շահույթ ստանալու հնարավորություն կընձեռեն, միաժամանակ պայմաններ կստեղծեն նշանառություն եւ կրակել սովորելու համար: Տիրերը հրաձիգներին կշահագրգռեն հատուկ մրցանակներով, որոնք կտրվեն դիպուկ կրակելու համար: Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, լավագույն հրաձիգներին պետք է ընդգրկել ավելի հաճախակի հաճախողների խմբերում՝ հրաձգության ՀՀ պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների հավաքական թիմերը համալրելու համար:

Պատկան մարմինը համոզված է՝ հրաձգություն մարզաձեւը մասսայականացնելու համար պետք է սկսել դպրոցներից: Նախ որովհետեւ ինչպես բասկետբոլը եւ նետաձգությունը, հրաձգությունը եւս դիպուկություն է զարգացնում: Հրաձգությունը դաստիարակում է նաեւ բարոյակամային հատկանիշներ, ինչպիսիք են համառությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, մտավոր գործունեության կանոնակարգվածությունը: Նաեւ՝ հրաձգություն մարզաձեւի զարգացումն իր հերթին կխթանի բիաթլոն մարզաձեւի զարգացումը, ինչպես նաեւ պարարտ հող կստեղծի հետագայում հնգամարտ մարզաձեւը զարգացնելու համար (այստեղ Հայաստանը լավ ավանդույթներ ունի):

Գանք դպրոցներից սկսելուն: Գործադիրը համոզված է, որ հարկ է փոփոխություններ անել նախնական զինվորական պատրաստության դասերի վարման գործընթացում: Հանրակրթական դպրոցների 8-րդ եւ 9-րդ դասարաններում պետք է ուսուցանվեն կրակելու հիմունքներ, հրազենի կառուցվածքը, զենքի օգտագործման եւ հրաձգարանների շահագործման անվտանգության կանոններ:

10-12-րդ դասարաններում աշակերտները պետք է կանոնավոր հաճախեն հրաձգարան եւ կրակեն այնտեղ՝ շաբաթական առնվազն 1 անգամ: Հնարավոր է հրաձգարաններ հաճախումը կազմակերպել արտադասարանական կրթության շրջանակներում:

Հավելենք, որ ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են դառնալ պետական, համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները, նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրներ: Ծրագրի միջոցառումների համար պետական ֆինանսավորումը կարող է լինել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության, տարածքային կառավարման ու զարգացման եւ սպորտի ոլորտների գծով պետական ծախսային ծրագրերով եւ պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում՝ ելնելով ծախսային առաջնահերթություններից:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։