Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի (Կառավար= 15+1+28 +1+30+1+32=108): Ահա այս հաստատուն մեծությունն է Հայկ աստծո անմահության խորհրդանիշը՝ անկախ այն հանգամանքից, թե տարբեր ժամանակներում նա գիտակցության ինչ մակարդակներում է գտնվել եւ ինչ անվանաձեւերով է ներկայացել աշխարհին՝ Հայկ-Օսիրիս-Արդի-Արա-Խալդի-Քրիստոս…

Հայկ-Օսիրիսը Հայր Արեգակի ճառագայթման մարմնավորում է՝ ինքն Արեգակ-Ցուլ լինելով:

Ինչպես նշում է Մ. Գավուքչյանը, «Հայկ եւ Արա աստվածները նույն աստվածներն են տարբեր անվանաձեւերով. Հայկը՝ հրեղեն բնույթի, իսկ Արան՝ բուսական եւ արեւային բնույթի»:  

Արմեն Դավթյանի «Հայոց աստղային դիցաբանություն» գրքում ասվում է. «Վահ աստծո (կամ Վահեւանյան) դռանը զոհեր են մատուցում այն ժամանակ, երբ ծագում է հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունը խորհրդանշող ZUB, «ցուպ», «գավազան» աստղը՝ Կապելլան, որի հայկական անունն է Գավազան արքունի: Եթե շումերերեն ZUB-ը պարզապես ցույց է տալիս «ցուպ», ապա հայկականը մեզ տալիս է լրացուցիչ տեղեկություն՝ «արքունի»: Միջագետքյան ուշ ավանդույթում այս ցուպը համարվում էր Մարդուկի զենքը: Աստղի դասավորությունը ցույց է տալիս, որ սա Հայկն-Օրիոնի ձեռքի գավազանն է կամ զենքը: Այս աստղի ծագման հետ է կապված Խալդիին ուլեր զոհաբերելու պահը եւ ծեսը: Խալդիին զոհաբերել են 6 ուլ: Ուլ աստղը «գտնվում» է Ընձուղտից հարավ, Կառավարին կպած: Պայծառ աստղը (այսինքն՝ Կապելլան,-Ա.Դ.) համարվում է Ուլի փորը:

– Ուսին դրած «ուլ» տեսարանը զարմանալի մանրամասնությամբ կրկնում է աստղային երկնքի մի հատված: Կապելլա լատիներեն նշանակում է այծիկ, ուլ: Կապելլա աստղը Կառավարի գլխավոր աստղն է եւ ավանդաբար պատկերվում է իբրեւ ուլ՝ դրված Կառավարի ուսին: Պետք է ենթադրել, որ երկնքի այս տեսարանը ներկայացնում է ուլ զոհաբերելու հնագույն ծես: Այստեղից բխում է, որ Խալդի գերագույն աստվածը երկնքում ինքը Կառավարն է, որովհետեւ ուրիշ ոչ մեկի այծ կամ ուլ չի զոհաբերվում: Կառավարը կարող է մարմնավորել ոչ թե հենց Խալդի աստծուն, այլ նրան պաշտոն մատուցող քրմին (քրմապետ արքային): Հույների մոտ Կառավարը Փայետոնն է, որ միաժամանակ մարմնավորում է Յուպիտեր մոլորակը, այսինքն՝ Գերագույն աստծուն»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ Կառավարը հանդես է գալիս Խալդի անվան ներքո, եւ ինչպես Մելքիսեդեկը միաժամանակ ներկայանում է որպես արքա եւ քուրմ եւ մարմնավորում է Յուպիտեր (Լուսնթագ) մոլորակի հրեշտակին:

Օրինակ,տարբեր անուններով հանդես է գալիս նաեւ Թոթը, որը ծնվել է Ատլանտիդայում: Եգիպտոսում նրան անվանել են եգիպտական Թոթ, իսկ Հունաստանում՝ Հերմես (Հեր մեզ ( ՞):

Ուշագրավ է, որ Ա. Դավթյանի գրքում բիայնական դիցանունների ցանկում կա Սելի-ա անունով դիցուհի (AB. SINշ-ակոս-Selia-Կույս), որտեղ AB. SINշ գաղափարագիրը նշանակում է ակոս, ցել: Եթե կույսի փոխարեն դնենք ցել բառը, ապա կունենանք Սելի-ա-ցել անունը եւ ամենազարմանալին այն է, որ այս անվան թվային արժեքը, ինչպես եւ Կառավարինը, հավասար է 108-ի: MUL. APIN Ժողովածուում AB. SINշ-ի դիմաց գրված է Սալա (SALA):

Հայերենում ցել բառը նշանակում է հող, որ ցելում՝ ճեղքում են գութանով (արորով), վարած անմշակ հող:

Իր էությամբ հողը (երկիրը) մարմնավորում է իգական սկզբունքը, հետեւաբար բերրի է: Ուստի վարած արտը արական եւ իգական սկզբունքների միասնության խորհրդանիշն է:

Գ. Բրուտեանը («Հայոց օրացույց») հետեւյալ կարծիքի է. «Հայերի մոտ երկրագործությունը՝ հենց վարը երկիրը բեղմնավորելու գործողութիւն է, արօրը ինքը ըստ էութեան առնի անդամ է, որ բեղմնավորում է երկիրը, շինուած է հենց առնանդամի նմանութեամբ, անունն էլ «արօր»՝ գալիս է «այր» արմատից: Վարող բառն էլ նույնն է, եթե յիշենք Վարոց=առնանդամ նոյնանիշը»:

Հեղինակը գրքում մի ամբողջ գլուխ է հատկացրել Հայկին, որտեղից անհրաժեշտ մեջբերումներ կանենք՝ կապված մեր թեմայի հետ, եւ մեր տեսակետը կհայտնենք որոշ հարցերի շուրջ:

– «Ուշագրավ է, որ հնդիկների կողմից Հայկն աստեղատանը տրված է Praja-pati անունը, որ նշանակում է «Տերն Աստվածների»: Սա եւս ներդաշնակ է Հայկի եւ իր աստեղատան ընկալմանը, որպես Արարչի եւ նրա կերպարի: Նույն անունով հնդիկնեը կոչել են Կառավարի (Aur) աստղը, որ համապատասխանում է երկնային Կառավարի գլխին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Կառավարի համաստեղությունը եւս աղերսուած է եղել Հայկի հետ»:

Այստեղ նշենք, որ խոր անցյալում հնդիկները հեռու են եղել աստղագիտությունից, եւ այն տեղեկությունները, որոնք համարվում են հնդկական, նրանցը չէ, այլ թարգմանություն է հին հայկական ձեռագրերից: Կարծում ենք՝ հնդկական աղբյուրներից օգտվելիս այժմ պետք է զգուշորեն մոտենալ՝ հավաստիության տեսակետից:

– Արդ, էլի դառնալով Հայկ-Արարիչ զուգահեռին, նկատենք, որ նշուած տուեալները զատ այս ընկալմանը ներդաշնակ է նաեւ Շումերա-Բաբելական Նետ-Աղեղ համաստեղությանը: Մեծ Շան տեղում (ընդ որում նետն էլի ուղղուած է դեպի Հայկը), որ այստեղ կոչուել է Sib.zi.an.na-Ճշմարիտ հովիվ երկնի»:

Ավելացնենք, որ Sib.zi.an.na (Հուսալի հաղորդիչ երկինքների միջեւ) անվանումը տրվել է նաեւ Լուսնթագին: Կարծում ենք՝ երկու դեպքում էլ շումերագետնեը ճիշտ չեն վերծանել Sib (Sip) բառի իմաստը: Հայերենում սիպ (սիպ, սպիտակագլուխ) նշանակում է անգղ‘ թռչուն, հավ: Ուրեմն՝ Sib.zi.an.na-ն կնշանակի Սիպ (սիբ) աստված երկնի=Հայի (Հավի՝ թռչնի )աստված երկնի: Հայտնի է, որ Հայոց ձորը կոչվել է նաեւ Հավու ձոր:

Մեկ մեջբերում եւս. «Հայ ազգագրութեան մեջ պահպանուել են Հայկի (աստեղատան) եւ առավօտուայ արեւածագի կապը ցուցանող վկայություններ: Օրինակ՝ միջնադարյան ժողովրդական հայրեններում այսպիսի նմուշ կա.

«Էլա Խեյք, էլա լիւսին,

Կան էկան մեջ վարդնոցին,

Իրեյք հայերեն ասաց.

Մեյ վարդին, երկուս կարիբին…

– Կան ազգագրական այլ վկայություններ եւս, որ էլի ցույց են տալիս Հայկի պաշտամունքի կապը առաւօտուայ արեւածագի հետ:

Այսպես, օրինակ, Վանայ ազգագրութեան մեջ պահպանուել է այսպիսի սովորութիւն. փեսան եւ հարսը պասի երրորդ օրը արեւածագից առաջ ելնում են տանիքը եւ երգում «Էգ բարեւ» երգը: Ահա այդ հնագույն երգի որոշ հատուածներ.

-Էգ բարեւ, այ էգ բարեւ,

Էգն արեւուն տանք բարեւ,

Մեր թաքուորին շատ արեւ,

Վահ է՛, Վահ է՛, Վահ է՛…

* * *

Խեք բազիւքի տեմ կայնի ես,

Լոս-լուսնակի տեմ կայնի ես,

Լուսո-աստղի տեմ կայնիր ես,

Արեգական տեմ կայնիր ես:

– Ուշագրավ է, որ այստեղ ունենք Հայկ (Խեք) –ին դիմելու օրինակը, ընդ որում այդ դիմումը արւում է արեւածագից առաջ: Ուրեմն արեւածագից առաջ թագավորն ու թագուհին (փեսայ եւ հարս) կանգնում են Հայկի, Բոյլքի, Լուսնեակի, Լուսաստղի եւ Արեգակի դեմ: Դեռ սկզբի «Էգ բարեւ» խոսքում էլ էգ-ը, որ այսօր ընկալվում է որպես այգ, կարող է աղավաղված ձեւը լինել Խեյգ-Խեգ (Հայկի)»,- եզրակացնում է հեղինակը:

Ենթադրում ենք, որ Էգ Արեւը երկրի ներսում գտնվող արեւն է (ցենտրիկ արեւ), եւ քանի որ Կույսը երկրի խորհրդանիշն է, ապա երկտողը կարելի է բառափոխել հետեւյալ կերպ. «Կույս, բարեւ, այ Կույս բարեւ, Կույսն արեւուն տանք բարեւ»:

Արեւմտյան էզոթերկ ավանդույթում Կույսին անվանում են Արմատ, ճառագայթում (Salve, radix), որպեսզի նշեն, որ նա սկզբունք է եւ սկիզբ է ամեն ինչի: Նրան անվանում են նաեւ առեղծվածային Վարդ, Իմաստության կենտրոն, Ոսկե տուն եւ այլն:

Կույսը սուրբ թասն է (Graal): Գրաալը միաժամանակ թաս է (gracale) եւ գիրք (gradale), որովհետեւ ըստ առասպելի, Քրիստոսի կամ հրեշտակի ձեռքով թասի վրա գծագրված է եղել երկու լատիներեն S տառ: Իսկ մեր կարծիքով՝ գրված է եղել երկու հայերեն Տ տառ (տիւն, տյուն) տառ: Gracale=գրասալ բառը բաղկացած է հայերեն գիր եւ սալ արմատներից: Հայերենում սալ բառը նշանակում է տաշած կամ տափակ քար, իսկ սալա բառը նշանակում է տափակ կողով՝ հյուսված, գործված բարակ ճյուղերից:

Ուրեմն՝ տաշած քարի վրա գծագրված է հայերեն երկու Տ տառ (Տիայր+Տիրուհի) կամ (Տիրակալ +Տիրուհի):

Դասական ալքիմիան Քարը ճանաչում է որպես Քրիստոսի պատկեր: Քարի մասին խոսվում է ինչպես մարդու մասին: Քրիստոսի աղը (sel de Christ) պետք է ընկալել այլաբանորեն, որտեղ աղ=als=sel-sol, նշանակում է ոգի (արեւային ոգի):

Շարունակելի

Գոհար Պալյան

Նկարում արեւի երկրաչափական եւ մարդակերպ աստվածություններով ժայռափոր կոմպոզիցիաներ են (Գեղամա լեռներ)

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։