Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

Սկիզբը՝ թիվ 22-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս).- Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

3 օր առաջվա կարկուտը ցույց տվեց, որ գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրները օր առաջ լուծելը հրամայական է:

Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես: Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները փոխհատուցել (վնասի դեպքում պետության կողմից տրվող գումարները մասնակի աջակցություն են, որոնք, հաշվի առնելով ամեն տարի վնասների ավելացող ծավալները, ծանր բեռ են մեր պետության համար): Բայց, ինչպես արդեն ասել ենք, սա չի նշանակում, որ իրավիճակից ելք չկա: Գործադիրի հաստատած՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, ճիշտ է, համալիր ու ամբողջական լուծում խնդրին առայժմ չի տալիս, բայց քայլ է՝ այդ լուծումը գործնական տիրույթում տեղավորելու:

Խոսելով բնակլիմայական աղետների հետեւանքով գյուղատնտեսության վնասներից՝ ասել էինք, որ եթե կանխարգելիչ քայլեր չձեռնարկենք, ամեն հաջորդ տարվա վնասն ու կորած միլիոնները կարող են գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: Փորձենք հասկանալ, թե ինչ կանխարգելիչ քայլերի մասին է խոսքը: Ու կսկսենք կարկտահարության դեմ պայքարից. խնդիր, որ միայն մեր երկրի առջեւ չէ որ ծառացած է: Ուստի երբ քննարկենք կարկտահարության դեմ անելիք մեր քայլերը, զուգահեռ կխոսենք միջազգային փորձից:

Մեր գյուղնախարարությունը կարկտահարության դեմ պայքարը կարեւորում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երեւույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը, հետեւապես, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես՝ ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակակարկտային ներգործության արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպանության նոր միջոցներ:  

Հակակարկտային ծառայությունը հանրապետությունում ստեղծվել է դեռ 1964թ.: 1980-ական թվականներին այն ընդգրկում էր 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն 60 հրթիռահրետանային մարտկոցներով: 15 վարչատարածքային շրջանների ավելի քան 1,0 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա տարվում էին կարկուտի դեմ պայքարի աշխատանքներ: 1992թ. հակակարկտային պաշտպանության աշխատանքները դադարեցին: Պատճառները հայտնի են: (Ասենք, որ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային  երեւույթների վրա ակտիվ  ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի, որի կառավարման լիազորությունները վերապահված են արտակարգ իրավիճակների նախարարությանը):

2014թ. սկզբին գործում էին երկու ռադիոլոկացիոն կայան եւ 154 հակակարկտային կայանք, որից 145-ը ռադիոմոդեմային, իսկ 9-ը՝ շարժական՝ առանձնացված ՎՊՆ-ՎԼԱՆ (VPN-VLAN) կապուղիով: Այդ տարի տեղադրվեցին 80 «Զենիթ» տիպի՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կառավարվող հակակարկտային կայանքներ, որոնք տեղադրվեցին Արագածոտնի (7 կայանք), Արմավիրի (50 կայանք), Արարատի (18 կայանք)  եւ Լոռու (5 կայանք) մարզերում: Հայաստանի եւ Արցախի տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների միասնական կառավարման համակարգ ստեղծվեց, որով  2014-2015թթ. միասնական կառավարման  վերցվեցին վերոնշյալ կայանքները, որի արդյունքում զգալիորեն բարձրացավ հակակարկտային ներգործության աշխատանքների արդյունավետությունը: 2015թ. արդեն ՀՀ տարածքում հակակարկտային ներգործության աշխատանքներն իրականացվել են 2 ռադիտեղորոշիչով եւ 435 հակակարկտային կայանքով, իսկ 2016թ.՝ 496 կայանքի միջոցով:

Այնուամենայնիվ, հակակարկտային կայանքներով պաշտպանված է մեր երկրի մշակվող տարածքների շուրջ 8%-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ. դիտարկվել են թվով 661 կարկտավտանգավոր գործընթաց, մոտ 2,2 մլն կրակոց է արվել: 2014-2015թթ. տվյալների համեմատությունից պարզ է դառնում, որ կարկտավտանգավոր օրերի թիվն ավելացել է: Պաշտպանվող տարածքներում կարկուտի դեմ պայքարը հաջողությամբ է ավարտվել, իսկ հարակից չպաշտպանվող տարածքները պարբերաբար կարկուտի բաժին են դարձել:

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության կողմից հաշվարկվել է հանրապետության 4 մարզի  (Արմավիր, Արագածոտն, Լոռի, Արարատ) հակակարկտային կայանքների գործունեության արդյունավետությունը, որը, օրինակ, 2014թ. կազմել է 9,67 մլրդ, իսկ  2015թ.՝ 11,05 մլրդ դրամ: Մինչեւ 1992թ. հակակարկտային պաշտպանության քայլերի արդյունավետությունը կազմել է 94%, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ: Համեմատության համար նշենք, որ համաձայն Արագածոտնի եւ Լոռու ռադիոլոկացիոն հակակարկտային կայանների 2015թ. տվյալների, կարկտահարության դեպքերի ընդհանուր թիվը չպաշտպանվող տարածքներում  կազմել է 111, իսկ պաշտպանվող տարածքներում՝ 9, իսկ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի 16 գյուղերում տեղակայված 30 հակակարկտային գազագեներատորային կայանքների ռադիոմոդեմային հեռակառավարման մեթոդով պաշտպանության տակ վերցված շուրջ 2500 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ֆիզիկական արդյունավետությունը 2009թ. տվյալներով  կազմել է 55-75%:

Ի՞նչ անել, որպեսզի արդյունավետությունն ավելին լինի: Հայեցակարգում նշվում է, որ (մեջբերումը բառացի է) «հրթիռային եղանակի ներդրման արդյունքում անհրաժեշտ է ՀՀ տարածքում կամայականորեն տեղակայված գազագեներատորային հակակարկտային կայանքները  վերազինել եւ տեղակայել սահմանամերձ գոտիներում, ինչը կկանխարգելի  հանրապետության տարածք ներթափանցող մթնոլորտային ճակատային գործընթացների հետագա զարգացումը: Արդյունքում, կնվազի լրացուցիչ գազագեներատորային հակակարկտային կայանքների ձեռքբերման անհրաժեշտությունը, իսկ սահմանամերձ գոտիներում պաշտպանության տակ կվերցվի ավելի մեծ տարածք, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել կարկտահարության հետեւանքով գյուղատնտեսությանը պատճառվող վնասը»:

Գյուղնախարարությունն ասում է, թե ոլորտում ապահովագրական համակարգի բացակայության պայմաններում, կարկտահարությունների դեպքում, երաշխավորված բերքի ու տնտեսավարողների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի եւ պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100%: Սակայն, թյուրիմացությունից խուսափելու համար նկատում է, որ քանի որ ժամանակակից պայմաններում անհնար է իսպառ բացառել աղետների հնարավորությունը, անվտանգության եւ վնասների կանխարգելման ապահովումը ենթադրում է նաեւ այլ անհրաժեշտ ու բավարար պաշտպանվածություն եւ նախապատրաստվածություն բնության հնարավոր տարերային աղետալի երեւույթներից, մասնավորապես կարկտապաշտպան ցանցերի, գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն սորտերի եւ այլ միջոցների  կիրառմամբ ու դրանց  համատեղմամբ: Եվ միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել բնական աղետների կանխարգելմանն ուղղված ծախսերի փոխհատուցման առավել բարձր արդյունավետություն:

Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը

Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից:

Օրինակ, Չինաստանում եւ Մոնղոլիայում հիմնականում կիրառվում է այն եղանակը, որ նախկին ԽՍՀՄ-ում էր կիրառվում՝ հրետանային: Այս եղանակի սկզբունքն է կարկտային ամպերում բյուրեղագոյացնող ազդանյութ պարունակող հրետանային արկերով ցանքսի իրականացումը: Եթե ավելի պարզ ասելու լինենք, ապա արկերը համապատասխան պայթուցիչի միջոցով պայթում են պահանջվող բարձրության վրա՝ ցրելով ազդանյութն ամպի տվյալ հատվածում: Մեթոդի արդյունավետությունը մինչեւ  95% է: Այս եղանակի կիրառումը, սակայն, ՀՀ-ի տարածքում նպատակահարմար չէ հիմա, քանի որ հրանոթները համարվում են ռազմական տեխնիկա, իսկ հրետանային արկերը ռազմամթերք ու դրանց ձեռքբերումն ու պահպանությունը ոչ միայն ֆինանսական, այլեւ ռազմատեխնիկական բարդությունների հետ է կապված:

Սովետական մի եղանակ էլ՝ հրթիռայինը, այժմ կիրառվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Արգենտինայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Իտալիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Հունգարիայում, Վրաստանում եւ Չինաստանում: Հրթիռային մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, նախատեսված է կարկտաբեր ամպերում հետագծային ազդանյութային ցանքս իրականացնելու համար: Սա էլ է արդյունավետ եղանակ՝ մինչեւ 98%: Հրթիռների արձակումն իրականացվում է արձակիչ կայանների միջոցով, ավտոմատ ռադիոմոդեմային հեռակառավարմամբ: Ազդանյութի ցանքսը կատարվում է հրթիռում գտնվող հատուկ հրատեխնիկական բաղադրության այրումով, որի վերջանալուց հետո հրթիռն անմիջապես օդում  պայթում է կամ իջնում է անկարգելով: Ցանքսի իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է հրթիռների արագ արձակման հնարավորությունից, ինչն էլ արդեն պայմանավորված է արձակիչ կայանների ու հրթիռների տեսակներով: Միջինից հզոր մեկ ներգործման օբյեկտի (ամպի) ազդանյութային ցանքսի համար պահանջվում է շուրջ 20 հրթիռ, որով հնարավոր է պաշտպանել 16-30 հազ. հա տարածք՝ կախված հրթիռի եւ արձակիչ կայանքի տեսակից: Այս մեթոդի կիրառումը մեր երկրում, պայմանավորված բարձր արդյունավետությամբ, նպատակահարմար է, բայց մի շարք տեխնիկական ու կազմակերպչական բարդությունների հետ է կապված: Բանն այն է, որ հրթիռները կառավարվող չեն, այդ իսկ պատճառով չի բացառվում դրանց հետագծից շեղումը, եւ պայթյունը կարող է տեղի ունենալ չնախատեսված վայրում: Գուցե մեր օրերում զարմանալի թվա, բայց այդ հրթիռների արտադրության ընթացքում հաճախակի են նաեւ գործարանային խոտանները, որոնց պատճառով երբեմն տեղի են ունենում հրթիռների վաղաժամկետ պայթյուններ: Նաեւ՝ մինչեւ հրթիռների գործարկումը պահանջվում է ավիացիայի հետ համաձայնեցում: Եվ հաճախ է լինում, երբ ավիացիայի պահանջով հրթիռների կիրառումն արգելվում է (ասենք ինքնաթիռային թռիչքուղիները զբաղված են լինում), ինչը խոչընդոտում է ժամանակին հակակարկտային աշխատանքներին: Բացի այդ՝ այս եղանակի կիրառումը մեզ համար նպատակահարմար չէ սահմանամերձ գոտիներում:

Հակակարկտային պայքարի մեկ այլ եղանակ էլ կա՝ ինքնաթիռային: Այն լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Թաիլանդում: Սա արվում է ինքնաթիռներում տեղադրված ազդանյութի համար նախատեսված տարողություններից կամ արծաթի յոդիդի (AgI) պարունակող ազդանյութի պարունակությամբ՝ 26 մմ տրամաչափի հրափամփուշտների միջոցով: Եղանակի արդյունավետությունը 50% է (ի դեպ, ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում այս եղանակը համարում են նվազագույն ծախսատարը,-Ա.Մ.): ՀՀ տարածքի հակակարկտային պաշտպանության աշխատանքներում ինքնաթիռային եղանակի կիրառումը կապված է լուրջ բարդությունների հետ, քանի որ կարկտաբեր ամպերը ձեւավորվում են հիմնականում հանրապետության արեւմտյան սահմաններից դուրս: Այդ եղանակի կիրառմանը խոչընդոտում է նաեւ տարածքի բարդ բնապատկերը:

Կա մի եղանակ, որի կիրառումը մեզ համար նպատակահարմար է հատկապես հանրապետության սահմանամերձ գոտիներում, քանի որ գոյություն ունեցող այլ մեթոդներով սահմանամերձ գոտիները հնարավոր չէ պաշտպանել: Խոսքը  գազագեներատորային եղանակի մասին է: Այն կիրառվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բրազիլիայում: Գազագեներատորային հակակարկտային կայանքի աշխատանքի հիմքում ընկած է ձայնային թնդանոթում գազի պայթյունից գեներացված ձայնային ալիքների ազդեցությունը կարկտի առաջացման օջախների վրա: Եղանակի արդյունավետությունը 50% է:

Հակակարկտային կայանքն  ավտոմատացված է, ունի անկախ սնուցման, գազամատակարարման, ինքնավերահսկման, անվտանգության, հեռակառավարման համակարգեր:

Մյուսը ազդանյութով աշխատող վերերկրյա գեներատորային եղանակն է, որ գործածում են Իտալիան, Շվեյցարիան, Բրազիլիան: Այս եղանակի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության համար

նախատեսված ազդանյութերից ստացված բյուրեղագոյացնող մասնիկների մեծ քանակի արտանետումը մթնոլորտ: Արդյունավետությունը մինչեւ 45% է: Մեկ գեներատորի պաշտպանող տարածքը կազմում է մինչեւ 500 հեկտար: Մյուս եղանակների համեմատ ամենաէժանն է եւ հեշտ սպասարկվողը:

Մեր երկրի տարածքում այս մեթոդի կիրառումը նույնպես ընդունելի է, քանի որ մեթոդը կիրառվելու է գազագեներատորային կայանքների եւ հրթիռային եղանակի համալիր օգտագործմամբ, որը կավելացնի պաշտպանվող տարածքների ծավալները համեմատաբար փոքր ծախսերով:

Մի եղանակ էլ կա՝ էլեկտրաֆիզիկականը, որ արտոնագրվել է Ռուսաստանում, սակայն կարկտի դեմ պայքարի աշխատանքներում չի անցել բազմամյա փորձարկումներ: Եղանակի էությունը ամպերի իոնների միջոցով էլեկտրաստատիկ դաշտի փոփոխությունն է:

Ըստ մեր գյուղնախի, 2004թ. Հայաստանի տարածքում հայ եւ ռուս մասնագետների կողմից իոնային գեներատորները տարբեր աշխատանքային ռեժիմներով փորձարկվել են, սակայն ստացված արդյունքները հիմնավոր չեն եղել:

Եվ ձեռնտու տարբերակը

Այսպիսով, հակակարկտային աշխատանքների նշված եղանակներից մեր երկրում կիրառման համար նախընտրելի է համարվում բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային եղանակը, բացառությամբ հանրապետության սահմանամերձ գոտիների, որտեղ հնարավոր է համարվում գազագեներատորային եւ ազդանյութով աշխատող վերերկրյա գեներատորային եղանակների կիրառումը:

Ինչպես ենք պաշտպանելու մեր գյուղատնտեսությունը երաշտից, ջրհեղեղից, սելավներից, ցրտահարությունից, կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։