«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – Այս մասին ահազանգում են եւ՛ բնապահպանները եւ՛ – «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն… Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի – Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին…

«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է

«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վարդեւան Գրիգորյանին՝ Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով: «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն: Այն բաց է միանալու համար:

«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը դիմում է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ԱԺ ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը հետ կանչելու եւ ընդհանրապես օրակարգից հանելու համար, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկի ջրի կորուստների համար պատասխանատուներին եւ օրենքի նախագծի հիմքում ընկած կեղծ տվյալներ ներկայացրած անձանց:

«S.O.S. Սեւան»-ը, դիմելով ԱԺ նախագահին եւ պատգամավորներին, պահանջում է մերժել օրենքի նախագիծը, քանի որ այն անհիմն է եւ անօրինական:

«S.O.S. Սեւան»-ի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. «Սեւանը քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սեւանա լճի մասին» օրենքում:  

ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրառի ազդեցությունը Սեւանա լճի վրա: Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով:

Նախագծի հիմնավորման 1-ին կետը վերաբերում է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությանը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ բացակայում են ջրամբարների եւ ջրհոսքերի հաշվարկները, մոնիտորինգի արդյունքները: Նշվում է, որ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաեւ խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների:

«Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սեւան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա»,- նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ 2001-2012թթ. Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 30.8 մլն դոլլար արժողությամբ Համաշխարհային բանկի «Ոռոգման զարգացման համակարգ» վարկային ծրագիրը, որի համաձայն՝ Արաքս գետի ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման համակարգ: Եթե այս ծրագիրը լիարժեք իրականացված է, ապա Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէ, իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները:

Նշենք, որ ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ. «Սեւան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 502,240.0 հազ. մ3, ջրտուքը՝ 326,440.0 հազ. մ3, կորուստը`175,800.0 հազ.մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը: 2014թ. «Սեւան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 559,800.0 հազ. մ3, ջրտուքը կազմել է 353,190.0 հազ. մ3, կորուստը`206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:

Օրենքի նախագծում նշված է. «Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության, 2016թ. համեմատ 2017թ. գրանցվել է գետերի շուրջ 20% սակավ ջրատվություն, 2017թ. հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված՝ 2017թ. հունիսի 20-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն»:

Այստեղ բացակայում են ջրամբարների լցվածության տվյալները եւ հիմնական պատճառները, թե ինչու ջրամբարները չեն լցվել: Տնտեսական հիմնավորումը թերի է, քանի որ բացակայում է Սեւանա լճի էկոհամակարգին պատճառվելիք տնտեսական վնասի գնահատականը, այդ թվում՝ ձկնային պաշարների, ջրի որակի վատացման, կենսաբազմազանության կորստի եւ այլն:

Նախագծում բերված տվյալները, թե 2001թ-ից մինչեւ 2017թ. հունիսի 19-ը լճի մակարդակը բարձրացել է 4,59 մ-ով,  չի համապատասխանում իրականությանը: Նշված թիվը հաշվարկվել է մեթոդական անթույլատրելի սխալներով: Այս թվում ներառված է 2011թ. Բալթիկ ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկված կորեկցիայի 20 սմ-ը, եւ երկրորդ՝ 2017թ. հունիսի ամենաբարձր մակարդակի տվյալները համեմատել են 2001թ. լճի ամենացածր մակարդակի հետ, ինչը մեթոդական կոպիտ սխալ է եւ հանգեցնում է մի քանի տասնյակ սանտիմետր մակարդակի արհեստական բարձր ցուցանիշի: Իրականում լճի մակարդակը 2001-2017թթ. բարձրացել է 3,94 մ հունվարի 1-ի դրությամբ: Հետեւաբար, լճում  ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5.12 միլիարդ մ3-ով, այլ ոչ թե 6 միլիարդ մ3-ով:

Ինչ վերաբերում է նախագծում նշված մուլտիպլիկատիվ էֆեկտին, ապա այն միայն բացասական բնապահպանական ազդեցություն կունենա, ինչը պետք է բացառվի Սեւանա լճի համար՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք»…

Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի

«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը change. org-ում ստորագրահավաք է նախառնել՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի։

ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Սևանա  լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական,  ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է  «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում:

Լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին: Մակարդակի իջեցման հետեւանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:

Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին «Սեւան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրկորուստը կազմել է 175,800.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը, իսկ 2014թ-ին` 206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:

Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին:

«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը`ի դեմս 72 կազմակերպությունների, այս պահանջն արդեն ուղարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Տես նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=6406#more-6406 – Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։