Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

Այս տարի ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման: Այս մասին ահազանգում են բնապահպանները եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Ողբերգորեն ծիծաղելի իրավիճակում ենք հայտնվել. բանն այն է, որ ոռոգման խնդիրը մշտառկա է մեր երկրում, եւ մենք ամեն անգամ այդ խնդիրը լուծելու դյուրին ճանապարհ ենք «գտնում»՝ Սեւանա լիճը: Ոռոգման խնդիրը գնալով ավելի է սրվելու եւ ի՞նչ, ոչնչացնելու՞ ենք լիճը:

Ըստ Բարդուղ Գաբրիելյանի, վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի հաշիվ լվացվող ափերի՝ Սեւանա լճում կենսածին տարրերը եւ օրգանական նյութերն ավելացել են: Վիճակը մոտ է 1970- ական թվականներին, երբ տեղի էր ունենում լճի ճահճացում: Այսօր ճահճացումից փրկում է միայն ջրի մակարդակի բարձրացումը: Եթե Սեւանի մակարդակն իջնի, կխթանենք ճահճացման գործընթացը: Տարիների աշխատանքը ջուրը կլցվի: Բացի այդ՝ կունենանք ջրի որակի եւ ձկնաբուծական միջոցառումների վատացում: Մենք պետք է թեկուզ մի քանի սանտիմետրով բարձրացնենք Սեւանը:

Կառավարության հիմնավորումը, թե Սեւանը չի վնասվի ավելորդ ջրբացթողումից, մեղմ ասած, համոզիչ չէ: Նախագծում մասնավորապես ասված է, թե ծրագրի հիմնական նպատակն է՝ «Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը»:  

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողնման 170 մլն խմ չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչեւ 270 մլն խմ: Եվ որ էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասաբար չեն ազդի, քանզի լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչեւ ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ – 1900,91 մ), արդյունքում՝ ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ խմ-ով (459 սմ x 13 մլն խմ/սմ): Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ հաշվարկների՝ կարող է բերել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18սմ-8սմ) Սեւանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված՝ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի օրենքով սահմանված Սեւանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները:

Ի՞նչ է ստացվում, եթե անգամ, սահմանվածից մի քանի սմ ավելի է բարձրացել, պետք է իջեցնե՞նք արհեստականորեն: Բայց չէ՞ որ լիճը դեռ չի հասել իր բնական վիճակին, այն եզրագծին գոնե, որ կարողանանք ասել, թե Սեւանը փրկված է: Ա՛յ պետական պաշտոն զբաղեցնող անշնորհակալ այրեր, լիճը դեռ շարունակում է կեղտաջրեր ընդունել ու այդքանով հանդերձ չի մահանում, որ ձեզ կերակրի, որ երկիր կերակրի, մի քանի սմ-ն աչքների՞դ երեւաց: Հազար ափսոս մեր բնությունը, որ բազմաթիվ երախտամոռների է կերակրում՝ պետական պաշտոնյայից սկսած մինչեւ շարքային քաղաքացի…

Իրականում գարշահոտ սու՛տ է ոռոգման պատրվակը: Իրականում լիճը չեն թողնելու բարձրանա, քանի դեռ ափամերձ տարածքներում ապօրինի կամ օրինական շինություններ են: Բազմիցս ենք ասել՝ Սեւանը ազգային արժեք է, իսկ հանուն այդ արժեքի եթե հարկ է, ուրեմն կարելի է նաեւ շինությունները քանդել տալ: Ինչի՞ մասին է խոսքը:

Ստորեւ տպագրվող նյութը Սերժ Մանուկյանին՝ հայկական բնաշխարհի մասին չքնաղ պատմություններ գրողին, տրամադրել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը: Սերժ Մանուկյանն էլ, ով մեզ պես Սեւանի խնդրով մշտահոգ է, այն սիրով հանձնել է մեզ:

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը սա գրել է 19 տարի առաջ: Ցայսօր ոչինչ չի փոխվել: Ցավոք: Ու չի փոխվել, որովհետեւ Սեւանին տիրոջ աչքով չենք նայում:

Եկեք տե՛ր կանգնենք

Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…Հրաշագործ է այդ քմահաճույք կոչվածը, որ բոլորովին էլ նման չի մարդու, կամավոր մարդու քմահաճույքին, բնությունը ուրիշ բան է: Ուզել է Մասիսներ ստեղծել կամ Արագած, Նեմրութ… Խնդրեմ, կան: Ձորեր է փորել՝ մեկը մյուսից գեղեցիկ, հովիտներ, լճեր արարել: Մի խոսքով, ինչ կա Հայաստան լեռնաշխարհում, այդ հրաշագործի ստեղծածն է, ինչպես եւ Սեւանը, որը հազար-հազար տարիներ առաջ մեծ գոգավորություն, մեծ հովիտ է եղել, որտեղ էլ սարերից իջել են գետ ու գետակներ, աղբյուրներ, եւ միանալով իրար, դուրս են հոսել այդ «գոգավորության» ամենացածր տեղից… Զանգու կոչեցյալ գետի տեսքով: Եվ այդ հնոցում՝ նրա փորած, ճեղքած հունը՝ Զանգվի ձորը, որը ձգվում էր նախկին Ախտայից մինչեւ Երեւանի հին կամուրջը… Զանգվի ձորը: Եվ այդ նույն քմահաճույքով մի օր մի քանի ցնցումներից փակվել է Զանգվի առաջը, եւ 34-35 գետ ու գետակների խոսող ջուրը կուտակվել է, տակն առնելով գյուղ ու գյուղակ: Եվ… Նորից ելք է գտել նորից ամենացածր ափից դեպի նույն Զանգվի հունը: Եվ այսպես՝ մինչեւ կդառնար Գեղամա լիճ՝ Սեւան, իր կղզիով, թերակղզիներով, երկար ու ձիգ հովտում՝ 75-80 կմ երկարությամբ եւ դրա կեսի լայնությամբ… Մի հրաշք պատկեր, բնանկար, աստվածային վրձնով նկարված…

Լեգենդ չէ գրածս: Լեգենդը հետո կլինի եւ առանց բնության քմահաճույքի, մարդկանց ցանկությամբ, որոնք լճի մեջ չտեսան «ուրիշ բան», բացի արքայական իշխան ձկնից: Սեւանի ծծվող ջրերից գողացած միլիոնավոր աղբյուրներից առատ, զվարթ անձրեւներից բացի…

Տե՛ր Աստված, ի՞նչ չէր տվել, ի՞նչ էր մոռացել տալ Սեւանը, բացի այդ «բացիներից»: Եվ մի օր այդ աներեւույթ «բացին»՝ այդ վիշապը, չոքեց Սեւանի ափին:

Լեգենդը…

Մինչեւ Հայաստանի նոր տերերը՝ բոլշեւիկ հայերը, գլխի կընկնեին Սեւանից ինչ-որ մի բան էլ պրճոկել… Ռուսաց հզոր տիրության թագավորին, Նիկոլայ 1-ինին Թագավորական ակադեմիայի կողմից ներկայացնում են Մուղանի անապատային դաշտավայրը «ջրովի» դարձնելու մի շատ շահավետ ծրագիր, որով հնարավոր կլիներ անծայրածիր բամբակի դաշեր ունենալ, որով բամբակի պահանջի հարցը կարող էր մասամբ լուծվել… Ռուսական ակադեմիկոսներին ընդամենը մի ստորագրություն էր պետք. Նիկոլայ թագավոր ամենայն Ռուսիո…

Իսկ այդ թագավորը չի շտապում ստորագրություն դնելու… Երբ ուզենա, կարող է դնել գրչի մի հարվածով, իսկ մինչ այդ «հարվածը», հայտնում է իր թագավորական կամքը՝ տեսնելու այդ լիճը եւ նաեւ բիբլիական լեռը՝ Արարատը, որը Սուրբ Գրքերում հիշատակվում է անհիշելի ժամանակներից…

Երբ հասնում է Երեւան եւ բարձրանում «Պասկեւիչյան բլուրը», Մասիսը, հակառակի պես ծածկված է լինում անթափանց ամպերով, իսկ թագավորները, ինչպես հայտնի է, սպասելու հնարավորություն չունեն: Հենց բլրի վրա էլ ասում է իր երեւելի ատենախոսությունը՝ «Ինչ արած, ես չտեսա Արարատ սարը, բայց նա էլ չտեսավ ինձ, Ռուսիո տիրակալ Նիկոլային»: Եվ ճանապարհը շարունակում է դեպի Սեւանա «Երկնագույն գեղեցկուհին»: Այստեղ լինում է ճիշտ հակառակը. այդ երկնագույն գեղեցկուհին գեղեցկուհու սրտաբաց անփութությամբ ցուցադրում է իր բոլոր հմայքները՝ կես ժամը մեկ փոխելով իր քմայքների բազմազանությունը՝ սկսած փոթորկից, վերջացրած հայելու պես ջինջ ու երկնագույն ջրահարսի նազելի պռկները…

Եվ կանգնած է եղել անծայրածիր Ռուսաստանում լճեր, ծովեր տեսած թագավորը՝ ապշած, հիացած իր տեսածով: Իսկ Ելենովկա գյուղի ամենահին «մալականներից» մեկը տեսել է, ինչպես բարձրացավ թագավորական աջը եւ կտրուկ իջավ՝ ապշած հնչեցնելով իր երկրորդ ատենաբանությունը՝ «Թող ծփա այս անձեռակերտ երկնագույն գեղեցկուհին, ինչպես ծփացել է մեզանից առաջ»:

Ահա եւ լեգենդը:

Իսկ թագավորները… Հետո իմացանք, որ իրենց վերագրված «բազում չարագործությունների» հետ իրենց պետությանը, ազգին նաեւ անգնահատելի ծառայություններ են մատուցել: Այդ նույն թագավորը կհիմնադրի Պետերբուրգի արվեստի եւ ճարտարապետության ակադեմիան՝ հիմք դնելով ազգային արվեստի, կստեղծի «Ռուսական  թանգարանը», իսկ իրենից առաջ, Եկատերինա 2-րդից սկսած, պարզապես կթալանեն Եվրոպան՝ հիմք դնելով Էրմիտաժի թանգարանի անբավ հարստությանը՝ հավաքելով եվրոպական հանճարների լավագույն ստեղծագործությունները: Ռեմբրանդից սկսած մինչեւ Վան Դեյկ, Յորդանս, վենետիկցիներ՝ Տիցիան, Վերոնեզե, Տինտորետտո եւ այլն. լավագույն եւ ընտիր գործեր եւ գլուխգործոցներ, որոնցով եվրոպական ոչ մի թանգարան չի կարող մրցել: Այդպիսին են եղել այդ թագավորները, որոնք չեն ուզել, որ Սեւանը դադարի ծփացող երկնագույն գեղեցկուհի լինելուց: … Իսկ եթե հեռուն գնանք՝ «Վերածնության դարաշրջան», կհասկանանք, որ չէին լինի արվեստի, պոեզիայի հսկաները, եթե չլինեին այդ թագավորները: Այդպիսին է եւ Սեւանը՝ աշխարհի մեծագույն հրաշալիքներից մեկը, անձեռակերտ, բնության քմահաճույքով, սիրով ստեղծված, որին դարանակալ սպասում էր մի ուրիշ ճակատագիր… Ինքը՝ Սեւանը, ազատվելու, փախչելու տեղ չուներ, միակ «փախուստի» տեղը իր ստեղծած Զանգուն էր, որը եւ դարձավ նրա «արյունատար երակը»: Սեւանը բարձրացել էր 2000 մ-ից ավելի բարձունքը՝ իր առաջին թշնամին… Ա՜խ, ուր էր թե ցածում լիներ, այսինքն հենց Երեւանի տարածքում… եւ Երեւանն էլ՝ ծովափնյա քաղաք: Բայց բարձրում էր, այդպես էր ստեղծված, այդ էր նրան վիճակված՝ բարձր, երկնագույն, նախանձելի գեղեցիկ, «անպարկեշտ», հրապուրիչ… Եվ առաջին «հրապուրվողները» եղան ոչ միայն բանաստեղծները, նկարիչները, որոնց արածը անկեղծ հիացմունքն էր, երգ ու նկար ստեղծելը, այլեւ «տեսան» նաեւ մեր հայ գիտունները… Ո՛չ թե գեղեցկությունը, այլ բարձրությունը տեսան: Մի ամբողջ կաճառ, գիտունների մի ողջ «արմֆան» աչքերը չռեց այդ չարաբաստիկ բարձունքին…Եվ գրեցին-հորինեցին ծրագրեր, մանրակրկիտ հուշիկներ՝ բարձրագույն մաթեմատիկական հնարքներով, իսկ այդ ծրագրերը նայողներն արդեն թագավորները չէին: Ծրագրերը նայողները սովորական հայեր էին՝ «գործիչներ», կիսատ-պռատ կրթության տեր, որոնց նպատակն էր Հայաստանը դարձնել առաջավոր բուրժուական երկրների նման երկիր, որին էլ առաջին հերթին հարկավոր էր իր տեղը գտնել 15 հանրապետությունների շարքում: Իսկ առանց էներգետիկ բազայի ոչինչ անել հնարավոր չէր, քանի որ երկիրը զուրկ էր եւ՛ էներգիայից, եւ՛ հումքից: Ասածն՝ ասած էր, եւ հայ բոլշեւիկները գործի անցան՝ հավատալով գիտունների «ծրագիր» հեքիաթին, որ Սեւանը մի փոքր նեղացնելով, այսինքն՝ ջրի հայելին փոքրացնելով, ջրի գոլորշիացումը նույնպես կպակասի, եւ Սեւանը մշտապես կմնա նույն մակարդակին, իսկ «ավելորդ» ջրով հրաշքներ կարելի է իրագործել: Եվ ո՛չ միայն հրաշքներ: Եղավ այդ «հրաշքը»: Նախատեսված 4-5 էլեկտրակայաններից սկսվեց «Քանաքեռգէսի» շինարարությունը, իսկ Զանգուն ճիշտ երկու անգամ ավելի հոսք ունեցավ: Իսկ մյուս ՀԷԿ-երն էլ կառուցվեցին 20-30 տարիների ընթացքում… Սեւանը սկսեց իջնել դեռ միայն «Քանաքեռգէսի» համար: Այսինքն՝լիճը սկսեց ցամաքել ընդամենը ծրագրերի մեկ հինգերորդ մասի կատարման պարագային, իսկ հեքիաթը՝ լճի գոլորշիացման, մնաց հեքիաթ. գիտունիկների հաշվարկները բնության տարերքի հետ գործ չունեին: Շուտով Սեւանա կղզին դարձավ թերակղզի… Վարպետ Իսահակյանի ողբն ու լացը չօգնեցին, չօգնեցին նաեւ մյուսների բողոքն ու լացը: Լացով լիճ չես լցնի:

Իսկ ահա Երեւանի ազգային ռադիոն ամեն օր, օրը երեքից չորս անգամ, թութակի պես կրկնում էր մի բազմախորհուրդ իմաստություն՝ «Կաթիլ, էլի կաթիլ, դառնում է ծով, խնայեցեք ջուրը», իսկ թե որ ջրի մասին, որի կաթիլներից է ծովը լինելու, չէր ասում, խորամանկում էր: Սեւանի ջրի մասին չէր իհարկե խոսքը: Սեւանի ջուրը խորանարդ մետրերով են հանում, միլիոնավոր խորանարդ մետրերով են ծծում: Սեւանի մասին չէր խոսքը, քանի որ նույն ռադիոն կասի, որ Սեւանը բարձրացել է 13 սմ եւ նորից կխորամանկի, չի ասի՝ ինչից է բարձրացել, ինչ չափումներից: Իսկ մի քանի օր հետո… «տխուր» լուրերի արանքում կասի, որ Սեւանը իջել է 8 սմ, եւ նորից կխորամանկի, քանի որ ոչ ոք չգիտի եւ չի էլ կարող իմանալ, ինչ է մնացել Սեւանում, ինչից է 14 սմ բարձրանում, իջնում: Դա թվաբանական աղյուսակի հետ էլ կապ չունի, պարզապես գիտեն, որ ողջ ժողովուրդը, հասարակ հայ մարդիկ սրտատրոփ սպասում են մի բարի լուրի, մինչդեռ Սեւանի մասին լուրերը դարձել են ձեռ առնելիք, պարզապես «իզդեվայուտսյա նադ լյուդմի», իսկ այդ Սեւանը, երբեմնի երկնագույն գեղեցկուհին, մեր

հեքիաթային ջրահարսը, վերջին շունչն է տալիս: Երբեք այսքան ցածր չէր եղել Սեւանի ջրի մակարդակը… Այո, չկա այդ մակարդակը, որից 13 սմ բարձրանար, չկա, իջնում է ու իջնում: Իսկ ինչու՞ է իջնում, գուցե էլեկտրակայանների համար, որոնք բոլորը ընդամենը մեկ քառորդ կարողությամբ են գործում, իսկ ջուրը հոսում է ջրանցքով բերնեբերան լիքը… Գուցե ոռոգմա՞ն համար է պետք, այդ դեպքում էլ հասկանալի չէ, ինչու են այգիները չորանում, խաղողը՝ հատկապես, որ նախկինի մեկ հինգերորդի չափ էլ չի մնացել. քանդել-թափել են, տեղը ցորեն են ցանել, որ գոնե հաց ունենան: Բայց ինչու՞ է ջուրը հոսում Սեւանից եւ հոսում ջրանցքով տարվա բոլոր եղանակներին՝ լրիվ, բերնեբերան ջրանցքով: Ինչու՞ է հոսում, երբ գործում է ատոմակայանը, որի տված էներգիան մի քանի անգամ գերազանցում է մեր ունեցած-չունեցած արդյունաբերություն կոչված խամաճիկը: Տեր Աստված, գոնե ձմեռվա ամիսներին, աշնան բերքահավաքից հետո նվազեցնեն հոսքը: Չէ որ 3-4 տարի ապրեցինք մթի, ցրտի մեջ, մինչդեռ ջուրը պարապ հոսել է: «Բառադի»՝ ասում են սեւանցիք, երբ Սեւանի ջուրը դատարկ տեղը հոսում է, եւ անիծում են, հայհոյում միաժամանակ: Բայց ինչ, պարոն գյուղատնտեսության նախարարին պե՞տք է ինչ-որ մի խորանարդ մետրով ջուր, ինչի՞ համար, ընդամենը ծախելու՞, հարկ հավաքելու՞: Ու՞ր են պարոն Մովսեսյանի այգեգործությունը, գյուղատնտեսությունը, ու՞ր են, ի՞նչ է անում ողջ նախարարությունը ձրիակերների կազմով, որ գյուղացին բերքով ապահովի քաղաքը: Պարոն նախարարը սիրում էր «առաջավոր» երկրներն օրինակ բերել, հատկապես հարկերը հավաքելու համար, իսկ այդ առաջավորներից ամերիկացի ֆերմերը քանի տոկոսն է երկրի բնակչության եւ ինչպես է կերակրում իր երկիրը, եւ ոչ միայն իր. սերմացու են տալիս նաեւ մեզ՝ ձրի բաժանելու, իսկ ջուրը հոսում է: Մեր «ֆերմերը» ընդամենը իրեն է կարողանում կերակրել… Իսկ ինչի՞ համար է գյուղի մարմնին կպած այդ նախարարությունը, այդ պալատը, երբ մշակված բերքն անգամ տեր չունի, մնում է ծառի տակ, բանջարանոցում, իսկ ջուրը գնում է, գնում է, լցվում Արաքս եւ Կասպից ծով: Խնդրեմ:

Եթե միայն պարոն Մովսեսյանը լիներ ջրի վատնողը, բայց մի ամբողջ նախարարություն է: «Բնության պահպանություն» կոչվածը ինչի՞ եւ ու՞մ համար է, երբ Սևանը աչքի առաջ ցամաքում է… Քաղաքը այլանդակվում, բակերը աղբանոցի վերածվում, այգիները, պուրակները «կաֆելներով» պատվում… Քաղաքի կենտրոնում անգամ երկրորդ հարկերից դռներ են բացվում կազինոների համար… Սա ինչ բանդագուշանք է. եւ այդ բոլորից պետական բյուջեն ընդամենը հարկերով պիտի լցվի:

Իսկ այդ բոլոր «բառադի» նախարարությունները Սեւանի հետ են առնչվում, Սեւանի հոգսով տառապում, ոչնչով չեն օգնում, «այլ ընդհակառակը»… Իսկ ջուրը հոսում է:

Սեւանի ամենացածր մակարդակը նկատելի եղավ 78-79 թվերին, որը սակայն շատ ավելի բարձր էր, քան այսօր, ինչ-որ 13-14 սմ-ների հաշիվ չէր: Այսօրվա մակարդակից ջուրը մետր ու կես բարձր էր, բայց այդ ցածր մակարդակի ժամանակ, 1974-ին, տեղի ունեցավ մի զարմանալի միջադեպ, որի նմանը Սեւանի շուրջը ապրողները չէին տեսել երբեք: Սեւանի «երկրորդ» ձուկը՝ սիգը, որը տարիներ առաջ էր բնակություն հաստատել Սեւանում, զանգվածաբար «ինքնահրկիզման» ցույց կազմակերպեց, եւ միլիոնավոր ձկներ սատկած ափ թափվեցին: Ոչ ոք չկարողացավ բացատրել տեղի ունեցած ողբերգությունը, հրավիրված ճապոնացի մասնագետներն էլ գլուխ չհանեցին: Իսկ տեղացիների ասելով՝ կերի բացակայության պակաս է եղել: Ինչ որ է, այդ «ցույցն» էլ չօգնեց, որ սիգ ձուկը գազանաբար չվերացնեին Երեւանի ու Թբիլիսիի շուկաների համար: Բայց թերեւս ինչ-որ նշանակություն ունեցավ այն ժամանակների մեր «տերերի» համար, եւ ահա, 80-ական թթ. Սեւանի ջրի գործածման խիստ հսկողություն սահմանվեց, եւ Սեւանն սկսեց բարձրանալ, սկզբում աննկատ, ինչպես ռադիոն կասեր սանտիմետրերով, 13, 14 եւ այլն: Եվ արդեն 80-ական թթ. վերջերին այնքան բարձրացավ, որ հասավ Շորժայի մեր հանգստյան տան կառույցներին, եւ մենք մտածում էինք ճաշարանը տեղափոխել ավելի բարձր տեղ, իսկ ալիքներն այնպիսի թափ ու զորություն առան, որ փոթորիկների ժամանակ հիանում էինք լճի հզորությամբ: Ափին, երկարությամբ, ավազի մեջ խրված հին քառակուսի մի բարկաս կար՝ տասնյակ տոննանոց, միայն քիթը՝ ցռուկը, մնաց ջրից դուրս, որից ջահելները ջուրն էին նետվում:

Այդ բոլորը տեղի ունեցավ, հիմա կարելի է ասել, հիշարժան քարտուղար Կարեն Դեմիրճյանի օրոք, եւ դա հավաստում եմ ես, քանի որ ամենը իմ եւ մեր բոլոր նկարիչների հազարանոց կոլեկտիվի աչքի առաջ է եղել.ամեն տարի ընտանիքներով 4-5 հարյուր մարդ էր հանգստանում Շորժայի հանգստյան տանը: Թվերի, տոկոսների «փայտյա» լեզուն թողնենք բագրատյանական դպրոցի այսօրվա հետնորդներին, որոնք դեռ կշարունակեն միամիտ ժողովրդին հիմարացնել իրենց «հաջողություններով», նույն տոկոսներով, թվերով, որոնց իրենք էլ չեն հավատում եւ այդ «ծտի» լեզվով խոսելով էլ կփորձեն «ճշտել» կամ ստուգել: Ահա, այդ է ամենօրյա բարբաջանքը, իսկ մենք խոսում ենք մեր շուրջը նայելով, «իրեղեն» փաստերով, որոնք ոչ մի ջվալում չես պարտկի: Այդպես, մեր հանգստի տան բոլոր հին կոմունիկացիաները հիմա մնացել են ցցված օդի մեջ: Ջուրը մեր ճաշարանի մոտից 15 մետր հեռացել է, քաշվել: Նավ-բարկասը մնացել է ավազի վրա, իսկ իրենից հետո էլ ափը հեռացել է 4-5 մետր: Սեւանն էլ համեստորեն կծկվել է, քաշվել, տեղ-տեղ էլ ջրի տակի եղեգներն են մնացել ափին: Լիճն այնքան է անզորացել, որ այլեւս չի «բարկանում»: Կուզեր բարկանալ, իհարկե, այս բարբարոսության, անմարդկային մեր արարմունքի վրա, չի կարողանում, ճար ու հնար չունի, ալիք չունի: Լեռնացող ալիք չունի, որ բարձրանա իսկականից, ճողփում է ափերին, գունաստվերի առաջվա կապույտ արճճագույնը չունի, դեղնականաչ է դարձել ջուրը, նկարելու բան էլ չի հիմա: Կատարվել է սարսափելին. Սեւանը չի լեռնանում, որ ինքնամաքրմամբ զբաղվի, ինքն իրեն մաքրի հազարավոր հանգստացողների կեղտից, եւ ջուրն էլ, որ հաճախ ափով խմում էինք, էն չի, աղբյուրի վճիտությունը չունի, խամրել է, պղտորվել, ինչպես գինու հետ է լինում, երբ ուզում է համը փոխել դեպի քացախը:

Հրամեցեք, պարոնայք, եւ ինքներդ տեսեք սա՝ ձեր իսկ «կոտրած ձեռքով» կատարած «բարեփոխությունը»: Առանց հիդրոմետերեոլոգիական չափերի, Աստծո տված պարզ աչքով, այս է Սեւանի վիճակը, պարոնայք: Եվ քեզ, հայ ժողովուրդ, որ մի սիգի քաջություն էլ չունես, թույլ չեն տվել, որ ասես, բարկանաս, գոռաս այդ խրթվիլակ «տերերի» վրա, թե հերիք է ստախոսեք, զազրախոսեք Սեւանի մասին, գործ, միայն գործ է հարկավոր, ամեն կաթիլը եւ ոչ խորանարդ մետրերը հաշվել ու հաշվել, որ ռադիոյի թշվառ ատենախոսը մի սուտ ունենա ասելու՝ «կաթիլ-կաթիլ ծով է դառնում»: Ծով մեզ պետք չէ, Աստված մեզ լիճ էր տվել՝ աշխարհի բոլոր լճերից գեղատեսիլ, չնաշխարհիկ, խմելու ջրի անբավ հարստություն, որի արժեքը երկու տասնամյակ հետո ողջ աշխարհն զգալու ու շոշափելու է, երբ ջրի պակասը դառնա «ջրի սով»:

Հիմա խոսենք պարզ դպրոցական թվաբանության լեզվով, որ անգամ բլեյանները հասկանան: Եթե ավազան է լցվում մեծ քանակությամբ ջուր, իսկ դուրս է հոսում երկու անգամ ավելի, այդ ավազանը կլցվի՞ երբեւէ: Սեւանն են լցվում, բացի իր սեփական աղբյուրներից, 34-35 գետ ու գետակ, չհաշված Արփայի թունելով եկածը: Ափի բարձրության պատճառով գոգավորության մեջ լիճ էր գոյացել: Այդ գոյացածից մենք վատնեցինք համարյա թե կեսից ավելին, գումարած նաեւ Արփայի ջուրը: Ներհոսքը Սեւանի ավազան ավելի քիչ է հիմա, քան արտահոսքը: Հարց է ծագում. ի՞նչ է սպասում Սեւանին: Ցամաքել է սպասվում, պարոններ, անպատասխանատու, անհոգ, հանցագործ պարոննե՛ր, ցամաքել, ճահիճ դառնալ է սպասվում, որից հետո էլ՝ հովիտ դառնալ:

Ես չգիտեմ, թե Սեւանի ձրի ջուրը, որ միլիոնավոր խորանարդ մետրերով հոսում եւ դառնում է միլիոնավոր դրամներ, ու՞մ գրպանում է հանգրվանում, բայց հանգրվանում է, չէ՞:

…Դժվարը ջրի անկման չափը որոշելն էր, բարկասը մնացել էր ավազին տնկված, իսկ ափը հեռացել էր 5-6 մետր: Դրա ձեւն էլ գտանք, փորեցինք բարկասի քթի տակը, մինչեւ հասավ ջրի մակարդակին, եւ ուղղահայաց ձողը ցույց տվեց ջրի անկման չափը՝ 2 մետր 38-40 սմ: Ահա թե ինչքան էր իջել ջուրը Կարեն Դեմիրճյանի ժամանակներում բարձրանալուց հետո: Տեր Աստված, գոնե մի օգուտ տված լիներ այդ սեւանցիների ասածով «բառադի» գնացող ջուրը, գոնե աշխատած լինեին այդ էներգիայով ձրի սեփականաշնորհված գործարաններ, ձեռնարկությունները, գոնե գյուղատնտեսությանը օգնած լիներ, որ կերակրեին ոչ միայն իրենք իրենց, որ համապատասխաներ իրենց ընտրած նախագահի կարգախոսությանը, թե ինքներդ կերակրեք ձեզ, «պետությունը կերակրող հայր չի եւ ոչ էլ դայակ»:

Ո՛չ ձեռնարկությունները աշխատատեղ ստեղծեցին, ո՛չ գյուղացին կերակրեց… Ժողովուրդը մնաց «հումանիտար» բակլայի ու ոսպի «ումուդին», որ պիտի բաժաներ «Փարոս» կոչեցյալ կազմակերպությունը, որ չգիտի էլ, թե իսկական սովյալները ովքեր են: Սեւանի այսօրվա առավել քան ողբալի վիճակի մասին բոլոր մեր ասածները, մեր պարզ անմիտում տվյալները, գիտական չլինելով հանդերձ, պարզ, անկեղծ, հարյուր տոկոսանոց ճշմարտություն են, իսկ ճշմարտությունից խուսանավողները անխիղճ, անաստված խաբեբաներ են, եւ անբացատրելի է այդ խաբեբայությունը, չէ՞ որ Սեւանը իրենցն է նաեւ: Չգիտես, ինչու՞ են ուզում սեւ համառությամբ կործանել Աստծո տված միակ բարիքը, որ ունի ժողովուրդը: Ինչո՞վ բացատրել այս ակնհայտ, ճչացող, աղաղակող թշնամությունը, ովքեր են այդ պարոն կոչվածները՝ մարդ են, հայ են, թե թուրք են: Եվ հարկ չկա թշնամիներ որոնել հարեւանների մեջ, որոնք բոլորովին էլ պարտավոր չեն «Սիրելի բարեկամներ դառնալու մեզ համար»: Թշնամին մեր կողքին է, մեր գլխին, ուսերին նստած, աչքածակ, անկուշտ, վիշապի ախորժակով, բոլոր թշնամիներից թշնամի, որի նկատմամբ է, որ պիտի լինել անողոք եւ դաժան, ինչպես իրենք են: Ահա թե ում դեմ է, որ պիտի համաժողովրդական կռիվ հայտարարել, իսկ ճշմարիտ թշնամին դեռ կսպասի: Ուրեմն պահենք մեր աստվածային պարգեւը՝ Սեւանը մեր սեփական թշնամիներից եւ պահենք ազգովի. այսօր սա մեր ժողովրդի հարցերի հարցն է, մնացածը անհամեմատ անկարեւոր են, երկրորդական: Մնացած բոլոր հարցերը, Սեւանի գոյատեւման հետ համեմատած, կենսական չեն, սովորական հարցեր են «անցման շրջանի», անշնորհք, անպտուղ ղեկավարության ստեղծած, որոնք լուծման համար ընդամենը հարկավոր է լինել ազնիվ, անկաշառ եւ ոչ հակառակը: Մարդկության պատմությունը դեռ չի տեսել, որ ագահ մարդը բարի գործի պետքական լինի: Ժողովուրդը գործ ունի չարչիների, գողությամբ տռզած մի խումբ տականքների հետ. ոչ մի սպասելիք նրանցից, ոչ մի ազգօգուտ գործ: Այսպես ասած 4-րդ իշխանությունն էլ այստեղ անելիք չունի, բանի տեղ դնող չկա, ընդունված, փորձած, հաստատված ձեւ է՝ լռություն: Իսպանացի մեծ նկարիչ Գոյան ասել է՝ «Լռությունից հրեշներ են ծնվում»: Ինքն էլ չէր լռում, փշոտ խարազանով ձաղկում էր աջ ու ձախ, չխնայելով անգամ թագավորներին: Իսկ հրեշներ ծնվեցին նաեւ մեզ մոտ եւ դրանք անհամեմատ շատ են հրեշավոր մի բուռ փոքրիկ երկրի համար: Այդ հրեշները հեքիաթների մեջ են պոզով-պոչով, սուր ատամներով, փռչոտ, իսկ սրանք՝ մերը, սովորական մարդակերպ են սկսած պարլամենտականից մինչեւ նախարարների տեղակալ խորհրդականները, մի  ամբողջ համակարգ աթոռավորների՝ կաշառակեր, գող, անկուշտ, ագահ: Բոլորը, ինչպես ժողովուրդն է ասում, իրար բերան թքած: Շղթայական ռեակցիան պատրաստ է: Փրկող չէ դատախազը, ընդամենը մի պարլամենտականի քրեական պատասխանատվության կկանչեն, ողջ պարլամենտը կրծքով դեմ կկանգնի: Բայց չէ որ մենք հռչակագրյալ սահմանադրություններով ժողովրդական ազատ երկիր ենք հաստատել, ոչ ավելի ոչ պակաս՝ ժողովրդավարական: Իսկ ու՞ր է այդ ժողովուրդը եւ ինչ կապ ունի այդ մարդասպանների ոհմակի հետ: Ողբերգություն է, որ սպասում է ամեն մեկին, ով կփորձի պատժելիության մասին մտածել անգամ: Սեւանի հարցում կարող էր լուրջ դեր ունենալ այսպես կոչված 4-րդ իշխանությունը՝ լրագրողների մեծ բանակը, որպեսզի նրանց բողոքից, չդադարող «վայնասունից» իշխանությունները օր ու արեւ չունենային: Բայց հզոր բողոքի ալիքների փոխարեն եղավ նույն՝ խեղճացած Սեւանի ալիքների նման ափերին զարնող հոգեվարքի ճողփյուն ընդամենը, քանի որ հենց իրենք լրագրողները, երբեք իրենց իշխանություն չզգացին, եւ հենց դրա համար էլ, ինչպես իրենք են դառնացած ասում, «իրենց շան տեղ դնող չկա»: Բայց ախար շուն կա եւ շուն էլ կա: Եթե այսօրվա բեւեռային լայկաների կամ ձեռնասուն շնիկների բարակ վնգստոցի նման պիտի «հաչվի», իսկապես ոչ ոք շան տեղ չի դնի: Իսկ եթե մեր գելխեղդ բողարների նման «գելահաչ» տրվի ողջ գյուղով մեկ, ո՞ր գելը սիրտ կանի գյուղին մոտենալ: Այո, Սեւանին էլ չէին մոտենա այդ սուտ գելերը, որոնց գելությունը աթոռից ընկնելու հետ դառնա իրենց տիկինների շնիկների նման զզվանքի արժանի բան: Իսկ կենտահաչով ընդամենը կարելի է եւ հաճելի լինել երեք իշխանությունների քնձռոտ գայլերին: Բայց քանի դեռ բանը «չախչախին» չի հասել, եկե՛ք, այո՛, եկեք բոլորս, ողջ մտավորականությունն էլ հետներս, «հաչենք» անդադրում վայնասունով: Օր ու արեւից զրկենք այդ սուտ ու քնձռոտ, չակերտավոր գայլերին: Այդպես է. կա Սեւանը, կա Սեւանը խժռող, ձրիակեր, պետական գանձարանը թալանող, գող ու կաշառակերների նախկին ու այսօրվա հղպացած, սանձազերծ բյուրոկրատիայի մի ամբողջ ոհմակ, որի համար Սեւանը, մեր Սեւանը, ժողովորդին՝ մեզ սնող Սեւանը, ընդամենը ձրի հանգստանալու վայր է, անտեր-անտիրական, անօգնական մի գոյություն է: Բայց այն մերն է: Եկեք հավաքվենք՝ (ու՜ր ես Ձենով Օհան) գրողներ, լրագրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, եւ դուք, պարոնա՛յք ակադեմիկոսներ, հացադուլ հայտարարած, իր անգին կյանքը վտանգած Համբարձումյանի հետնորդներ, եւ դու՛, ժողովու՛րդ հայոց, եկե՛ք, քանի դեռ Սեւանը շնչում է, եկեք, որ ուշ չլինի եւ չդառնանք լուռ, գլխիկոր հուղարկավորներ:

Եկե՛ք, ովքեր իրենց համարում են Թումանյանի, Սպենդիարյանի, Թադեւոսյանի, Սարյանի, Չարենցի, Պարույրի զարմիկներ, թոռներ ու ծոռներ, եկեք տե՛ր կանգնեք, ձեր Տիրամայր, երկնագույն գեղեցկուհին՝ Սեւանն է կանչում:

Էդուարդ Իսաբեկյան, 1998թ.

(տե՛ս նաեւ «S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – http://www.hayary.org/wph/?p=6405#more-6405)

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։