Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա (2-րդ մաս) – Մատուցվող ծառայությունների դիմաց ի՞նչ կարգի գումար է գանձվելու: Դա ձեռնտու կլինի՞ գյուղացիական տնտեսությունների մեծ մասին… բոլոր թվային տվյալները, որոնք ներկայացված են այս ամփոփագրում, ունեն ամրության մեծ պաշար, քանի որ ներկայացվածը թվեր են՝ ծրագրի ընդլայնման հոռետեսական սցենարի համար…

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=6455Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա (1-ին մաս) – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…

Երբ անդրադառնում էինք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ձեւերին ու պայմաններին, հարց առաջացավ, իսկ ի՞նչ են անելու այն գյուղացիական տնտեսությունները, որոնց հողակտորները փոքր են, այսպես ասած սովետական տեխնիկային հարմար չեն (օրինակ՝ բելառուսական տեխնիկան այսօր էլ դեռ սովետական չափանիշների տրամաբանությամբ է արտադրվում) եւ լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել չեն կարող: Առաջ եկավ խնդրի լուծման մի տարբերակ, որ մասնավոր հատվածից էր: Խոսքը գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման մասին էր, ինչին եւ մենք անդրադարձանք:

Շարունակելով թեման՝ գանք այն հարցին, թե ինչ կարգի ներդրումներ են պետք կայանի ստեղծման համար, ինչ հեռանկարի մասին կարող է խոսք լինել՝ հաշվի առնելով այն, որ գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցները բավականին սուղ են:  

Մինչ այդ՝ փակագծերում մի հանգամանք կարեւորեմ: Ինձ հետաքրքրում էր՝ արդյո՞ք ներկրվելիք տեխնիկան կաշխատի Հայաստանում: Ասենք՝ եթե հողակտորների փոքր չափսերով պայմանավորված՝ բելառուսական, ռուսական տեխնիկան հարմար չէ, կարող է հարմար չլինել նաեւ եվրոպականը՝ այս անգամ էլ մեր ծանր գրունտով պայմանավորված: Պարզվում է՝ այս խնդիրը հաշվի առնված է: Փորձնական ճանապարհով արտասահմանում (Գերմանիա, Կանադա) ստուգվել է ծրագրում օգտագործվելիք ընտրված տեխնիկայի մոդելների կիրառման արդյունավետության համապատասխանությունը տեխնիկական անձնագրերում ներկայացված տվյալների հետ՝ հաշվի առնելով ՀՀ-ում առկա սահմանափակումները (հենց ծանր գրունտ եւ այլն):

Գանք մեր հարցադրումներին՝ մատուցվող ծառայությունների սակագների մասով:

Արդեն ասել ենք, որ ծրագիրը փորձնական փուլով է սկսվելու: Հաջող մեկնարկի համար նախատեսվում է ներգրավել 88 աշխատակից՝ 433 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով (ներառյալ հարկերը), որոնց թիվը 2-րդ տարվա ընթացքում կգերազանցի 142-ի (միջին աշխատավարձը՝ 434 հազար), իսկ 5-րդ տարվա ընթացքում կլինի ավելի քան 726 (միջին աշխատավարձը՝ 440 հազար): Գործադիրը վստահեցնում է, որ «ծրագրի մեկնարկի համար առկա է բարձր որակավորում եւ հեղինակություն ունեցող մասնագետների ու մենեջերների թիմ: Այս կորիզի շուրջ է նախատեսվում ամբողջացնել աշխատակազմը»:

Մատուցվող ծառայությունների դիմաց ի՞նչ կարգի գումար է գանձվելու: Դա ձեռնտու կլինի՞ գյուղացիական տնտեսությունների մեծ մասին: Գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ ծրագրի մեկնարկին հացահատիկայիններ (ցորեն) մշակող հողօգտագործողներին կմատուցվի մեքենայացված ծառայությունների ամբողջական ցիկլ. հողը վարելու, հարթեցնելու, որոշակի հեռավորությամբ սերմն ու պարարտանյութը ցանելու եւ հողի հետցանքսային մշակման (խտացում, ակոսիկներ) բոլոր գործերը կարվեն լավագույնս: Ընդ որում, ըստ պատկան մարմնի, ծառայությունների մատուցման գներն առաջադրվելու են այնպես, որ ինքնարժեքին ավելացվի շահույթի այնպիսի չափաբաժին, որը կապահովի ծրագրի անխափան անընդհատ ընդլայնում եւ շահառուների քանակի հնարավորինս արագ տեմպերով ավելացում: Գները մրցակցային կլինեն, այլ կերպ՝ մոտ 30%-ով ցածր շուկայում մատուցվող նմանատիպ ծառայությունների գներից: Ավելին՝ երկարաժամկետ կտրվածքով ծառայությունների գները կնվազեն:

Բացի այս՝ հաշվի առնելով ներկայումս հողօգտագործողներին հասանելի ցածր արդյունավետության տեխնիկայի գներն ու որակը՝ այն կլինի ավելի ցածր, քան նմանօրինակ սեփական տեխնիկայի օգտագործմամբ մեքենայացված աշխատանքների ինքնարժեքը (հաշվի առնելով մաշվածությունը (ամորտիզացիան)):

Հետագա տարիներին արդեն այլ մշակաբույսերի, այդ թվում եւ կարտոֆիլի տնկման համար կներդրվի աշխարհում կիրառվող առավել արդյունավետ տեխնիկա, ինչը հնարավորություն կտա մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք մինչ այժմ ՀՀ-ում չեն կիրառվում, սակայն կարող են ապահովել բերքի աննախադեպ որակ: Նախատեսվելիք շատ տեխնոլոգիաներ կիրառում են Հոլանդիան, Գերմանիան եւ հա-ից 60 տ կարտոֆիլի բերք են ստանում: Իհարկե, միայն մեքենայացված ծառայությունները չեն պատճառը, այլեւ տնկանյութի որակը, բուժումները եւն:

Մասնավոր այն ընկերությունը, որն առաջարկել է այս ծրագիրը եւ ստացել կառավարության հավանությունը, 5 տարվա կտրվածքով միայն նորագույն տեխնիկայի ձեռքբերմանը կուղղի 13.7 մլրդ դրամ: Կառավարությունը կնպաստի ծրագրի արագ մեկնարկին (մինչեւ 2017թ. աշնանացան)՝ աջակցելով 700 մլն դրամով, որ կուղղվի տեխնիկայի ուղղակի գնմանը: Տեխնիկայի նկատմամբ սեփականությունը կփոխանցվի մասնավորին միայն դրա արժեքի (700 մլն դրամ) եւ հավելավճարի  ամբողջական մարումից հետո:

Իսկ եթե հանկարծ տեխնիկան խոտանվի եւ մասնավորը չկարողանա գործը հաջողել, պետական միջոցներն ինչպե՞ս են վերադարձվելու: Ըստ գործադիրի եւ գյուղնախարարության, մտահոգվելու կարիք չի լինի, քանզի «մինչեւ տեխնիկայի դիմաց ամբողջական մուծումների ավարտը (հնարավոր է նաեւ դրանից հետո), նախատեսվում է ապահովագրել տեխնիկայի խոտանման բոլոր ռիսկերը՝ ապահովելով պետական միջոցների հետվերադարձը ցանկացած պարագայում»:

Ի դեպ, այդ 700 մլն-ով նախատեսվում է ձեռք բերել AXION 930 մոդելի (կամ համարժեք) 7 տրակտոր (կամ համարժեք) 7 գութան, «Ամազոն», «Ռոստսելմաշ» կամ այլ ընկերությունների համապատասխան հզորության ցանքս իրականացնող մինչեւ 4 համալիր գյուղմեքենաներ եւ այլն:

Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման այս գործը, որ 6 փուլով կարվի, 25 տարի կտեւի: Առաջին 15  տարիների ընթացքում ենթադրում է ավելի քան 270 մլն. դոլար ներդրումներ եւ ուղղակիորեն առնչվում է ՀՀ-ում շուրջ 320 հազար հողօգտագործող ընտանիքների (շուրջ 1 մլն մարդ) հետ: Փորձնական փուլի հենց սկզբում 1,012 մլրդ. դրամ ծավալով ներդրումները թույլ կտան ներգրավել մոտ 10 հազ. շահառու ընտանիք: Գյուղնախարարությւոնը նկատում է, որ այս ծրագիրն ուշագրավ է հետեւյալով: Բանն այն է, որ տեխնիկայի եւ տեխնոլոգիաների նախատեսվող ծավալի ու որակի ներդրումների օրինակներ Արեւելյան Եվրոպայի երկրներում  դեռեւս չկան, իսկ գերազանցապես մանր գյուղացիական տնտեսություններ ունեցող երկրներում նման ներդրումներ չեն էլ ծրագրվում համակարգային մոտեցման բացակայության պարագայում ֆինանսական արդյունավետության անբավարարության պատճառով: Պետությունը կաջակցի մասնավորին՝ «Իդաս» ընկերությանը, որը համոզված է, որ կկարողանա ամբոջովին փոխել մեր գյուղաբնակների կենցաղը, կավելացնի նրանց եկամուտները՝ դրանից բխող մուլտիպլիկատիվ էֆեկտով:

25 տարին շատ չէ՞ արդյոք, որովհետեւ մարդիկ ինչքան էլ երկարաժամկետ ծրագրի տրամաբանությունն ու արդյունավետության հեռանկարը պատկերացնեն, կարճաժամկետ փոփոխություններ էլ են ուզում տեսնել: Ինչպես ասացինք, գործընթացը հենց այս աշնանացանի սեզոնից էլ ուզում են սկսել, իսկ 6 փուլերը ոչ միայն մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են, այլեւ ներդրվելու են  զուգահեռ նախորդող փուլի որոշակի մակարդակ ապահովելուն պես: Ու որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասենք, որ խոսքը միայն տեխնիկայի ձեռքբերմանը չէ որ վերաբերում է, այլ՝ տեխնոլոգիական, գիտական, ֆինանսական, ապահովագրական գործոններ էլ է ներառում: Ու որպեսզի անվստահության համար տեղ չմնա, մատնանշվում է, որ «բոլոր թվային տվյալները, որոնք ներկայացված են այս ամփոփագրում, ունեն ամրության մեծ պաշար, քանի որ ներկայացվածը թվեր են՝ ծրագրի ընդլայնման հոռետեսական սցենարի համար»: Բացի այդ, ըստ գործադիրի, ընկերությունը ծրագրի մեկնարկի միջնաժամկետ կտրվածքում կարող է ներգրավել զգալի փոխառու միջոցներ՝ ընդլայնման տեմպերը արագացնելու համար:

Մեզ մնում է հավելել, որ ծրագիրը կդիտարկի գյուղնախարարությունը կամ նրա լիազորած մարմինը: Իսկ մասնավոր ընկերությունը պարտավոր է (պահանջի դեպքում) առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել գյուղնախարարություն:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։