ՀՀ-ին ԼՂՀ-ի վերամիավորումը՝ իրավիճակային խնդիր.- Ադրբեջանն այլեւս հասկանում է, որ Արցախի խնդիրը չի լուծվելու ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով… Այլեւս չի հանդուրժվի Թուրքիայի եւ Ադրբեջանի գոյությունը (նաեւ՝ Քուրդիստանի) հայկական տարածքների վրա… Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, փորձել սպանել անչափահասներին… Հերքվել է հայկական զինուժի կողմից ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու լուրը…

Ադրբեջանն այլեւս հասկանում է, որ Արցախի խնդիրը չի լուծվելու ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով, ահա այս միտքն էլ անկանոն գործողությունների է մղում Բաքվին: Ավելին՝ Իլհամ Ալիեւի խորհրդականները գուցե երբեմն հուշում են, որ սադրանքներն ու պայմանավորվածությունների խախտումները խիստ անհրաժեշտ են, որպեսզի հայերը գոնե այսուհետ չմտածեն առաջխաղացման մասին, ինչը կհանգեցնի հայկական բռնազավթված այլ տարածքների ազատագրմանը… Իսկ որ դա հնարավոր է այսօր, հասկանում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք մտածված են իրենց հայտարարություններում մեղադրում երկու կողմերին էլ եւ կոչ են հղում երկու կողմերին՝ հավասարապես…

Այսինքն՝ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդիրը իրավիճակային սառեցման մեջ է… Արցախն այլեւս չի լինի Ադրբեջանի կազմում, դա քննարկման տեղ չունի, իսկ կլինի անկախ, թե Հայաստանի մաս, կորոշի տվյալ ժամանակի իրավիճակը:

http://www.hayary.org/wph/?p=6461Բաքուն գիտի, որ կորցրել է Արցախը – Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած այլ համապետական միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում… Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի բոլոր առումներով զարգացումները…

Իսկ մինչ այդ աշխարհի գերտերությունները պետք է աշխատեն պահպանել այս իրավիճակը, որպեսզի հայերը նորանոր տարածքներ ազատագրելով՝ չփոխեն Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում ծավալումների ընթացքը: Հայկական հաղթարշավի դեպքում աշխարհի վերաբաժանման կիզակետը իրավամբ նորից Հայկական լեռնաշխարհը կդառնա, ինչը այլեւս չի հանդուրժի Թուրքիայի եւ Ադրբեջանի գոյությունը հայկական տարածքների վրա, իսկ Քուրդիստան կոչված մեկ այլ արհեստական պետության արհեստական քարտեզները դուրս կհանի Արարատյան աշխարհից…

Այսպես՝ բոլորը գիտեն, որ Արցախը բուն հայկական հող է, այսօր անկախ երկիր է, վաղը վերամիավորվելու է Հայաստանին… Բայց համարում են, որ ամեն բան իր ժամանակն ունի…

Եվ Հայկական լեռնաշխարհում իր միացյալ հայրենիքը վերականգնող Հայաստանի Հանրապետությունը համայն հայության ջանքերով պիտի մոտեցնի այն ժամանակը կամ իրավիճակը, որը ամեն բանի ժամանակը կդարձնի արդիական եւ միջազգային օրակարգի առաջնային հարց:  

Այսօր միջազգային հանրության համար Արցախում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, նախագահական նոր ընտրությունների արդյունքները չզարմացրեցին եւ սպասելի էին: Իսկ սահմանային իրավիճակը դեռ կշարունակի նույնը մնալ: Ինչպես նշվեց՝ մեծ պատերազմ չի լինի, իսկ փոքր բախումները ծավալումներ չեն ստանա, քանի դեռ տարածաշրջանի նոր քարտեզը չի դրվել սեղանին…

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Մի պետություն, որը բացահայտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել եւ մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը: Եվ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»:

Իսկ «Արցախպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ «Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, եւ դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն  3 անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ. բուն հանրաքվեն, մյուս 2-ը՝ Սահմանադրության ընդունումն ու փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը, վերջերս անգամ կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ եւ հաստոցավոր հակատանկային նռնականետ, ինչպեսեւ աաջին անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, հայկական կողմը լիարժեք վերահսկում է իրավիճակը՝ իր ձեռքում պահելով ռազմավարական նախաձեռնողականությունը։ Հակառակորդի այսպիսի գործողությունները կարելի է որակել որպես ահաբեկչության հերթական դրսեւորում։ Ավելին, սա ահաբեկչություն է ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության նկատմամբ։ Նման ահաբեկչական քայլեր ադրբեջանցիները կատարում են ոչ միայն սահմանին, այլ նաեւ քաղաքական ու իրավական դաշտում։ Խոսքը, մասնավորապես, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման մասին է….

Այս համապատկերին Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում Հայաստանում էր Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը՝ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Այցի ընթացքում քննարկՎել  Է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

Սակայն համանախագահող երկրների դիվանագիտական ջանքերը արդյունքներ չտվեցին, ինչը հասկանալի է, ինչի մասին խոսեցինք վերեւում, որ հարցը իր լուծման ժամանակին է սպասում…

«Այս տարվա հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը, ավելի քան 1 տարի անց, ձեռնարկեց հերթական սադրանքը. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր»,- ասել է Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող մեր երկրի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ իր կրակակետերը տեղադրելով բնակավայրերի մերձակայքում, Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան:

Այդպիսի սադրանքներից, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի 2016թ. գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին: Սակայն անպատիժ մնալով՝ Բաքուն չի խուսափում իր սադրիչ քաղաքականությունից: Իսկ այսօր նոր գագաթաժողովի մասին խոսելը աննպատակ է թվում, քանի որ Սերժ Սարգսյանը ոչիչն չի կարող խոսել Իլհամ Ալիեւի հետ, ով միայն ճոռոմաբանում է պատերազմից, բայց այդպես էլ իր երկրի բանակը չհասցնելով գոնե մարտունակության միջին մակարդակի:

Մի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի հետ կապված նոր բան ակնկալելը բավականին բարդ է: «Մենք ունենք նպատակ, որպեսզի այսուհետ յուրաքանչյուրի արարքին տրվի համապատասխան գնահատական եւ չգործեն ներկայիս երկակի ստանդարտները»,- ասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ շարունակելով Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի խոսքը՝ բոլոր սադրանքներին տրվելու են համաչափ, անգամ անհամաչափ պատասխաններ…

Հայաստանում արդեն շատերն են համոզված, որ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների կողմ, անգամ հիշեցնում են, որ ԱՄՆ դեսպանը նշել է, որ «անկախ Արցախը պետք է որոշի իր բախտը, քանի որ Հայաստանը այդտեղ միշտ տանուլ է տալիս»: Իհարկե դա այդպես չէ, սակայն եթե Արցախը պիտի որոշի իր բախտը, ուրեմն արդեն որոշել է, ինչու՞մն է բանը ցայսօր: Հակադրվելով ԱՄՆ դեսպանի խոսքին՝ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ նշել է, որ հետեւելով այդ խոսքին՝ «ՀՀ-ն ժամ առաջ պետք է միանա ԼՂՀ-ին, եւ բանակցություններն անցկացնի այդ հայկական կողմը»:

Մի խոսքով՝ Արցախի բանակցություններին մասնակցությունը կմոտեցնի միջազգայնորեն անկախության ճանաչման հարցը, իսկ մեկուսացումը՝ վերամիավորումը Հայաստանի հետ:

Իսկ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը սփյուռքի հայության տարբեր հատվածներին ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը,, ինչպես նաեւ պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել սփյոջռքահայերի  գործունեությունը եւ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում համատեղ իրականացվող ծրագրերը։

Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, փորձել սպանել անչափահասներին

ԼՂՀ ճակատում խոշոր աղմուկի չհասնելով, ադրբեջանական զինուժը փորձեց ՀՀ ուղղությամբ միջազգային աղմուկ բարձրացնել: Հատկապես վերջին սադրանքից հետո, երբ հայկական կողմը հրետակոծել էր ադրբեջանական բնակավայրերում թաքնված թշնամական զինուժին, զոհեր էին եղել ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հատվածներում…

Եվ ադրբեջանական լամուկները փորձել են նույնն անել Հայաստանի սահմանամերձ գյուղերի նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: Գնդակոծությունից վնասվել է նաեւ անասնագոմը, որը վառվել է, այնտեղ եղած խոտի դեզից: Ցավոք, հրդեհը տարածվել է եւ այրել ամբողջ անասնակերը, անասուններին փրկել հաջողվել է: Գնդակոծության հետեւանքով վառվել է նաեւ գյուղի ջրաղացը»…

Հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով  խաղաղ բնակիչներին։ Մասնավորապես՝ կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի՝ 2000թ. ծնված բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար  թաքնվել է քարի հետեւում եւ  շուրջ 2 ժամ մնացել այնտեղ:

Տեւական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետեւանքով ոչնչացվել ու վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն. դրամ։

Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է 5 քրեական գործ. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, եւ եւս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վնասված, ոչնչացված գույքի սեփականատերերը ճանաչվել են տուժող:

Հուլիսի 21-ին, ժամը 23։00-ից մինչեւ 01։00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Ըստ Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանի, 2 ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ են հնչել: «Տուժածներ չկան, նյութական վնասներ գրեթե չենք ունեցել»,- ասել է նա:

Նախկինում գյուղի ուղղությամբ շատ են եղել կրակոցներ, բայց վերջին մեկ տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, չնայած դիրքերի ուղղությամբ գրեթե ամեն օր կրակոցներ լինում են. պատմել են գյուղացիները: Ինչեւէ, գյուղերում կյանքն ընթանում է բնականոն հունով, ամենօրյա հոգսերով ու գործերով: «Մենք վախկոտ ժողովուրդ չենք»,- եզրափակում են խոսքը գյուղացիները:

Հայկական զինուժը նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների: Նույն վիճակն է եղել նաեւ Արցախի ուղղությամբ, որտեղ ՊԲ-ն է դիմել պատասխան գործողությունների եւ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  եւ՛ ՀՀ սահմանամերձ շրջաններում էր լինում եւ՛ ԼՂՀ:

Նա Արցախի ՊՆ Լեւոն Մնացականյանի հետ քննարկվել է բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական 2 հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հերքվել է ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու լուրը

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է արել եւ պաշտոնապես հերքել Ադրբեջանի տարածած լուրերը հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մասին: Մասնավորապես ասվում է. «ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է Բաքվի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, ըստ որի, իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպեսեւ խաղաղ բնակավայրերը։ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ՀՀ ԶՈւ-ն սահմանի ողջ երկայնքով որեւէ գործողություն չի իրականացրել եւ նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել։ Ավելին. ի տարբերություն Ադրբեջանի նման մշտական գործելաոճի, մեր զինուժը երբեք եւ որեւէ պարագայում նշանառության տակ չի վերցնում խաղաղ բնակավայրերը, եւ պնդումները դրանք գնդակոծելու վերաբերյալ պարզունակ ապատեղեկատվություն են, կամ՝ ադրբեջանական կողմի ապագա սադրանքների համար տեղեկատվական նախապատրաստության փորձ»։

Մեր ՊՆ-ն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացրել է, որ որեւիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների եւ կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։

Սին մեղադրանքների գործելաոճից խուսափելու լավագույն տարբերակը 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարումն է, նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը»։

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։