Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

Ընդդեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի, որոնք վաճառվել են Ադրբեջանին եւ գործածվում են հայկական զինուժի դեմ, Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցելով, այլեւ կխորացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմա-պաշտպանական ոլորտում:

Թեհրանը չի բացառում, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաեւ Իրանի դեմ: Այս հարցերի շուրջ Իրանում պայմանավորվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ պետությունների պաշտպանական գերատեսչոզւթյունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Վիգեն Սարգսյանի հանդիպել է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ եւ նրանք համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ նույնպես քննարկվել են երկկողմ կարեւորության եւ տարածաշրջանային մի շարք հարցեր:  

Պաշտոնական Թեհրանի համար այնքան էլ դուրեկան չի եղել Իսրայելի տարածաշրջանային աշխուժացման փորձերը, հատկապես՝ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդումը: Հայ-իսրայելական հարաբերությունները եւս մտահոգել են իրանական կողմին: Ուստի հայ-իրանական համագործակցության խորացումն անվտանգության հարցերում կայունության պահպանման որոշակի գործոն է նկատվել: Իսրայելը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը զգացինք նաեւ մենք՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմում:

Իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր կիրառվեցին: Իսրայելի արտոնագրով Ադրբեջանը արտադրում է անօդաչու թռչող սարքեր: Ի դեպ, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Հայաստանն ու Իրանն իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ համատեղ պայքարի ծրագիր կարող են մշակել, ինչը առաջնային խնդիրներից է հայ-իրանական համագործակցության պաշտպանական ոլորտում: Անցյալ տարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքային այցով ժամանեց Բաքու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այդ օրերին հայտնեց, որ պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել: Հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ու Իսրայելի ՊՆ-ների միջեւ համաձայնություն է կայացվել Թել Ավիվի կողմից Բաքվին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շուրջ։ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, թե այդ համակարգը գնելու Ադրբեջանի շահագրգռվածությունը մեծացել է Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգի ձեռք բերումից հետո:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին, նշել է, որ «ընդհանուր առմամբ դա բնական է, Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե կան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն, որ պետությունները միմյանցից այնուամենայնիվ մեկուսացված չլինեն. այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»:

Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին, փոխնախարարը հստակեցրեց. «Մենք միշտ ելնում ենք մեր շահերից, երբ կառուցում ենք հարաբերություներ»: Անդրադառնալով նաեւ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, Շավարշ Քոչարյանն նշեց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է եւ հրապարակային հնչել է. «Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետություն, այդ թվում նաեւ մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից եւ այլ հարցերից»: Իսկ Իսրայելի հետ ռազմական համագործակցության առումով նա ասել է, որ զենքի վաճառքը մի բան է, իսկ ռազմական համագործակցությունը այլ բան եւ հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Իսկ առհասարակ, հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար շատ կարեւոր են եւ հետագա զարգացումն ու հետեւողականությունը միշտ պահպանվելու են: Հատկապես, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով դեպի Եվրոպա ուղղությունը հետաքրքրում է նաեւ եվրոպական կողմին («Մետաքսի ճանապարհ» նախագծով՝ նաեւ չինական կողմին):

Իսրայելի հետ հարաբերությունների մասով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, թե կարծում է՝ դեռեւս ամեն ինչ դիվանագիտական էթիկայի սահմաններում է եւ ոչ ավելին: «Չեմ տեսնում այդ պետության հետ լուրջ հեռանկարներ, առավել եւս ռազմական ոլորտում, որովհետեւ հասկանում ենք, որ սա միայն հայ-իրանական հարաբերություններին չի վերաբերում, վերաբերում է նաեւ իսրայել-ադրբեջանական հարաբերություններին, հայ-ռուսական հարաբերություններին եւ ընդհանրապես տարածաշրջանի շատ այլ կապեր խոչընդոտում են նման հարաբերությունների զարգացմանը Հայաստանի եւ Իսրայելի միջեւ»:

Քաղաքագետը նկատեց, թե առաջին հերթին հենց Իսրայելի շահը  տարածաշրջանում, ցավոք, ավելի հակված է աջակցելու թուրքական գործոնի ուժեղացմանը, քան հայկական: «Դրա համար, կարծում եմ, այս հայտարարության հիմքում որեւէ լուրջ զարգացման եւ համագործակցության խորացման հեռանկարներ չկան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ըստ այդմ՝ Իսրայելից զենք գնելու անհրաժեշտություն չկա, քաղաքագետը պատասխանել է, թե Հայաստանը բոլոր տեղերից զենք գնելու անհրաժեշտություն ունի: «Եթե որակը եւ գինը լավ են, կա անհրաժեշտություն, բայց դրա իրականացման մեխանիզմները բավական բարդ է պատկերացնել, որովհետեւ գիտեն, որ հակազդեցությունը մեծ է լինելու եւ եթե ընտրության հարց էլ լինի Իսրայելի առջեւ՝ որ շուկան պահի, հայկական, թե թուրք-ադրբեջանական, նախընտրելի կլինի թուրք-ադրբեջանականը»,- ասել է նա:

* * *

Օրերս հայտնի դարձավ, որ իսրայելական օպերատորները մերժել են Բաքվի՝ հայկական դիրքերի վրա հարձակվելու խնդրանքը:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է Բաքվից ստացած բողոքը, որի համաձայն Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները  հրաժարվել են կատարել Ադրբեջանի զինված ուժերի պահանջը, որը վերաբերում էր հայկական դիրքերի վրա հարձակվելուն:

Բաքուն ցանկանում է անօդաչուների հնարավորությունները փորձարկել կենդանի ուժի վրա, այն ուղարկելով հայկական դիրքեր, ինչն առաջացրել է անհամաձայնություն:

Իսրայելի ՊՆ կանոնների համաձայն, զենքի մատակարարներն իրավունք չունեն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցել այլ երկրների տարածքում ռազմական գործողություններին, եթե չկա նախարարության հրահանգըը, որը լինում է խիստ բացառիկ դեպքերում: Այս սկանդալն ապացուցում է՝ Իսրայելը կամա, թե ակամա մասնակից է Արցախի դեմ թշնամական գործողություններին, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Իսրայելում:

Այն առավել լուրջ բնույթ է ստանում հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորման համապատկերում: Եթե Իսրայելը բարեկամական հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ, պետք է բացահայտի ճշմարտությունն ու պատասխանատուներին: Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքել է տեղեկությունները, հայտնել է, որ իրենք երբեք կրակի կենդանի թեստավորում չեն կատարում, իսկ անօդաչուի կառավարմամբ զբաղվում է գնորդը, եւ հենց գնորդն է կրում հետագայում տեղի ունեցողի պատասխանատվությունը:

Արդեն մի քանի օր է, ինչ իսրայելական կողմը պետական մակարդակով քննարկում է այս հարցը:

Հայտնի է դարձել, որ Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է ժամանակակից զենքերի վաճառքը պայմանավորված կողմի հետ՝ առանց նշելու տվյալ երկիրը: Ըստ տեղեկատվության՝ նման պայմանավորվածություն եղել է Սերբիայի եւ Ադրբեջանի հետ: Քանի որ աղմուկը Ադրբեջանի շուրջ է, հասկանալի է, որ չեղարկումը եւս այդ ուղղությամբ է արվել:

Արտակ Հայոցյան

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։