Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=6505Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Ինչպես նկատեցինք նախորդիվ, Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը:

Ու որպեսզի նաեւ հաշվարկների հետ կապված ծավալումներում չսխալվենք, զուգահեռ հարկ է դիտարկել, թե, ասենք, այս տարածքում քանի ձկնաբուծարան կա, քանի ՀԷԿ է կառուցված եւ կառուցվելու՝ հնարավոր ազդեցությունը ջրերի մակարդակի վրա թույլ տալու կամ արգելելու նպատակով: Թե ինչ քայլեր է որոշել ձեռնարկել գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, կներկայացնենք դեռ, բայց դրանք հասկանալու համար նախ գանք այն հարցին, թե ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում:

Ջուր խմում են այս տարածքում գյուղատնտեսական, ձկնաբուծական, հիդրոէներգետիկական, արդյունաբերական ոլորտները:

Գյուղատնտեսությունն այս տարածքում տնտեսության առաջնային ճյուղերից է. 456 հազ 900 հա գյուղհող կա: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Ախուրյանի ՋԿՏ-ում ոռոգման նպատակով թույլատրված տարեկան ջրօգտագործումը կազմում է 1343,3 մլն խմ: Ոռոգման ենթակառուցվածքների վատթար վիճակի պատճառով ջրակորուստները ցանցում կազմում են մոտ 50%: Այն դեպքում, երբ շուրջ 18 հազ հա գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր չեն մշակվում Ախուրյանի ՋԿՏ-ի ստորին հատվածում (Մեծամորի գետավազանում)՝ հիմնականում ոռոգման ջրի պակասի պատճառով:  

Ինչ վերաբերում է ձկնաբուծությանը: Բնապահպանության նախարարության տվյալներով՝  2016թ. հունվարի 1-ի դրությամբ Ախուրյանի ՋԿՏ-ում գործում են 85 ձկնային տնտեսություններ՝ տարեկան 157,3 մլն խմ  թույլատրված ջրօգտագործմամբ եւ  141,6 մլն խմ թույլատրված հետադարձ հոսքով: Այս 85 տնտեսությունը 964 հա հողատարածք է զբաղեցնում եւ ջրառն էլ հիմականում անում է 176 ստորերկրյա բարձրորակ ջրաղբյուրներից: Վերջին 6-7 տարվա ընթացքում ձկնաբուծությունը լայն թափ է ստացել: Նկատենք, որ այս տնտեսությունները ջրառը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրատար հորիզոններից են անում, իսկ հետադարձ ջրերը վերադարձնում են մակերեւութային ռեսուրս (Մեծամոր եւ Արաքս գետեր): 2013թ. 2500 տոննա ձուկ է արտադրվել, որի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, արաբական երկրներ:

Հիդրոէներգետիկայի մասով նշենք, որ այս տարածքում գործում է 12 փոքր ՀԷԿ՝ ընդհանուր 29,368 կՎտ հզորությամբ: Ախուրյանի ՋԿՏ-ի փոքր հիդրոէլեկտրակայաններից ամենահզորը Գյումրի ՀԷԿ-ն է՝ 5280 կՎտ հզորությամբ եւ 6,4 խմ/վ հաշվարկային ելքով: Արմավիրի մայր ջրանցքի վրա ամենահզորը Արմավիրի ՀԷԿ-ն է՝ 2040 կՎտ հզորությամբ եւ 22 խմ/վ հաշվարկային ելքով: Թեեւ Ախուրյանի ջրավազանային տարածքում ՀԷԿ-երը ընդհանուր առմամբ փոքր հզորության են, սակայն, ըստ բնապահպանության նախարարության, կարող են էական ճնշում գործադրել ջրային պաշարների վրա: Հիմա էլ երկու այլ փոքր ՀԷԿ-եր են կառուցվում՝ Շենիկ եւ Բաղրամյան:

Արդյունաբերական ոլորտի ջրխմումի մասով էլ ասենք, որ ջրառն արվում է հիմնականում սննդի արդյունաբերության, թեթեւ արդյունաբերության եւ հանքարդյունաբերության ճյուղերում: 2016թ. հունվարի դրությամբ արդյունաբերական նպատակներով տարեկան ջրօգտագործումը Ախուրյանի ՋԿՏ-ում կազմել է 33,1 մլն. խմ: Բայց սա ընդհանուր ջրառի 2,7%-ն է ընդամենը:

Համեմատության համար ասենք, որ ընդհանուր ջրառի 49%-ը ՀԷԿ-երի բաժինն է. 2016թ. հունվարի դրությամբ էներգետիկական նպատակով տարեկան ջրառը Ախուրյանի ՋԿՏ-ում կազմել է 610,7 մլն. խմ:

Ախուրյանի ՋԿՏ-ի կառավարումը հաջողելու համար հարկ է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ այս տարածքի բնակավայրերի կոյուղու եւ արդյունաբերական կեղտաջրերը անմիջապես թափվում են գետերը, քանի որ չեն գործում մաքրման կայանները, կոյուղագծերի եւ արդյունաբերական ջրագծերի ցանցերը հնամաշ են եւ դրանց 70-80%-ը շարքից դուրս է եկել: Որպես արդյունք՝ բոլոր կեղտաջրերը, ներառյալ կենցաղային, արդյունաբերական եւ ոչ արդյունաբերական, հեռացվում են առանց մաքրման:

Գործադիրին տրամադրած տվյալներից որոշ մանրամասներ էլ ներկայացնենք: Ըստ այդմ, փոքր ՀԷԿ-երը էական ճնշում են գործադրում ջրային ռեսուրսների վրա Ախուրյան գետի առանձին հատվածներում բնական հոսքը չպահպանելու պատճառով, ինչպես նաեւ խափանում են գետի անընդհատությունը եւ փոխում հիդրոլոգիական ռեժիմը: Ձկնարտադրությունն Ախուրյանի գետավազանում ճնշում չի գործադրում գետավազանի մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակի ու որակի վրա: Բայց այ ձկնարտադրության նպատակով ջրառը Մեծամորի գետավազանում զգալի ճնշում է գործադրում Մեծամոր գետի, ինչպես նաեւ ստորերկրյա, մասնավորապես՝ գետավազանի Արմավիրի եւ Վաղարշապատի տարածաշրջաններում, եւ մակերեւութային ջրերի վրա: Վերջին 7-10 տարվա ընթացքում ստորերկրյա ջրային պաշարների ինտենսիվ օգտագործումը Մեծամորի գետազավազանում (ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման ծավալը 2013թ. գրեթե 3 անգամ գերազանցել է թույլատրված ծավալը) հանգեցրել է ստորերկրյա ջրերի մակարդակների անկմանը, շատրվանող հորատանցքերի եւ աղբյուրների մակարդակների ու ջրաելքերի կտրուկ նվազմանը: Այս իրավիճակը հանգեցրել է Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների խմբի ելքերի կտրուկ կրճատմանը:

Սրա հետ կապված տվյալ է ներկայացնում նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ որի՝ հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների համաձայն՝ Մեծամոր գետի հոսքը Տարոնիկ դիտակետում (գետի վերին հոսանք) 1983-2013թթ. ժամանակահատվածում նվազել է մոտ 6 անգամ՝ 17,8-ից մինչեւ 3 խմ/վ: Միեւնույն ժամանակ ձկնարտադրության նպատակով ստորերկրյա ջրերի օգտագործման հետեւանքով զգալիորեն կրճատվել է Մեծամոր գետի ջրային ռեժիմը:

Խնդիր է նաեւ ոչ ճիշտ հորատումը (տարիներ առաջ նմանատիպ մեկ այլ խնդրի անդրադարձել էինք հանքարդյունաբերության ոլորտում, երբ բազալտի ու մարմարի հանքերը երբեմն սխալ հորատումների ու պայթեցումների պատճառով զգալի կորուստ էին ունենում: «ՀՀ»-ում իմ դիտարկումն արդյունք տվեց (այն ժամանակ «Լուսանցք»-ը դեռ չէի հիմնադրել,-Ա.Մ.), եւ երկրի նախագահի վերահսկողական ծառայությունը ոլորտում ստուգումներ սկսեց՝ հետագայում արդյունքը մեզ տրամադրելով,- Ա.Մ.): Օրինակ, Մեծամորի գետավազանում ստորերկրյա հորատանցքերի չկարգավորված հորատումը, ներառյալ՝ առանց նախագծերի եւ ոչ ճիշտ տեխնիկական կառուցվածքով հորատումը, ինչպես նաեւ հորատանցքերի միջեւ սահմանված 500 մետր հեռավորության չպահպանումը խախտել են ջրատար հորիզոնների միջեւ գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապը: Հատկապես խիտ ցանցով հորատված հորատանցքերի պատճառով ավելացել է ջրատար հորիզոնների միջեւ գոյություն ունեցող հիդրոերկրաբանական պատուհանների քանակը՝ հանգեցնելով տարբեր ջրատար հորիզոնների ջրերի միախառնմանը եւ ջրերի քիմիական կազմի փոփոխությանը. այլ կերպ՝ ջրերի հանքայնացումը բարձրացել է մինչեւ 0,3 գ/լ: Խախտվել է նաեւ ջրատար հորիզոնների ելքի բաղադրիչը. կտրուկ նվազել են բնական աղբյուրների ելքերը:

Այս նույն խնդիրն, ի դեպ, կար նաեւ Արարատյան ջրավազանային տարածքում…

Մինչդեռ պետք է հաշվի առնել շատ կարեւոր մի հանգամանք. տնտեսության զարգացումը երբեք չպետք է լինի բնապահպանության վատթարացման հաշվին: Երկու ոլորտն էլ մեկ շղթայում դիտարկելն է ճիշտ:

Հավելենք, որ զարգացած երկրներում ջրավազանային տնտեսության հարցերը քննարկում են կոշտ թափոնների աղբավայրերի հարցերի հետ մեկտեղ:

Պատճառներն առավել քան հասկանալի են, ուստի այստեղ չենք մանրամասնի:

Միայն կհավելենք, որ մեր պարագայում էլ այս երկու հարցերը միասին հաշվի առնվել են (ավելի ստույգ՝ փորձում են հաշվի առնել): Քանզի Ախուրյանի ՋԿՏ-ում թափոնների կառավարմանն առնչվող հիմնահարցերը մնում են առաջնային ու արդիական, քանի որ բացակայում են սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական պահանջներին համապատասխան կենցաղային թափոնների աղբավայրերը, չի իրականացվում արդյունաբերական եւ կենցաղային թափոնների տարանջատված հավաքում, ինչպես նաեւ չեն իրականացվում թափոնների գոյացման կանխարգելմանը, դրանց հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, oգտահանմանը, հեռացմանը, վնաuազերծմանը եւ թաղմանը ուղղված գործողություններ:

Բնապահպանությանը նախարարությունը գործադիրին տեղեկացրել է, որ Ախուրյանի գետավազանի Գյումրիի, Արթիկի, Մարալիկի եւ Ախուրյանի քաղաքային աղբավայրերը անմխիթար վիճակում են:

Գյումրի քաղաքի աղբավայրը, որն ունի մոտ 40 հա տարածք, չունի սանիտարական պաշտպանիչ գոտի: Չի կատարվում արդյունաբերական եւ կենցաղային թափոնների կուտակման հաշվառում: Հատուկ վտանգավոր թափոնները չեն տարանջատվում եւ տեղադրվում են ընդհանուր աղբավայրում: Քաղաքի տարածքի տարբեր հատվածներում՝ ձորակներում, գետակների մեջ եւ այլն, նույնպես առկա են շինարարական աղբի ու կոշտ կենցաղային թափոնների մեծաքանակ կուտակումներ, ինչը նկատելիորեն բարդացնում է քաղաքի բնապահպանական վիճակը: Քաղաքի տարածքի աղբակուտակումները տեղումների եւ ձնհալքների ժամանակ ողողվում են ջրով, եւ դրա հետեւանքով վտանգավոր միացություններ են ներթափանցում ստորգետնյա ջրային ավազաններ:

Նաեւ՝ Ջրառատ համայնքի թունանյութերի նախկին պահեստի տարածքում այժմ ձկնաբուծական տնտեսություն է գործում: Բայց պահեստի դեռեւս կանգուն երկու շինություններում կան հարյուրավոր կիլոգրամներ թունաքիմիկատներ, որոնց մի մասը պարկերի, մյուսը՝ տակառների մեջ է, իսկ որոշ մասը սփռված է պահեստի տարածքում: Թունաքիմիկատների պարկերը պատառոտված են եւ քանդված շինություններից հեշտությամբ քամու ու անձրեւաջրերի միջոցով տարածվում են դեպի ձկնաբուծարան ու շրջակա միջավայր:

Դեռ 2011թ. չեխական «Արնիկա» կազմակերպությունն այնտեղից նմուշներ է վերցրել եւ պարզել, որ որոշ պարկերում ԴԴՏ-ի պարունակությունը 50%-ից ավելի է: Փորձաքննված պարկերից մեկում 1 կգ թունաքիմիկատում 647 գրամ ԴԴՏ է եղել: Պարկերում պահպանում են նաեւ ԴԴՏ-ի քայքայման նյութեր՝ մետաբոլիտներ եւ այլ նյութեր, որոնք բոլորն էլ ունեն բարձր թունունակություն:

Ինչեւէ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ախուրյանի ջրավազանային տարածքում որոշ տվյալների առումով էլ բացեր են եղել, ինչը մեծապես կարող է խանգարել խնդիրների լուծմանն ուղղված ծախսարդյունավետությանը:

Այդ բացերից մեկը մեկը վերաբերում է հենց նրան, որ, օրինակ, չկան ճնշում-ազդեցություն վերլուծության հաշվետվության մշակման ընթացքում հիմնական որոշ տվյալներ: Եվ, բնապահպանության նախարարության համոզմամբ, եթե այդ տվյալները հասանելի լինեին, զգալիորեն կփոխվեր որոշ ճնշումների բնույթի եւ ազդեցության վերաբերյալ փորձագիտական դատողությունների ձեւն ու ուղղվածությունը եւ դա մեծապես կաջակցեր մշակելու վտանգված ջրային մարմինների խնդիրների լուծման ծախսաարդյունավետ գործողությունների ծրագիր:

Այլ կերպ՝ Ախուրյանի ջրավազանի բնական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, հատկապես ջրի էկոլոգիայի մասով, շատ սակավ է: Ի դեպ, դարձյալ ըստ բնապահպանության նախարարության, սա վերաբերվում է ոչ միայն Ախուրյանի ջրավազանային տարածքին, այլեւ՝ ամբողջ Հայաստանին: Կենսաբանական դիտարկում չի արվում, ինչը «բնականաբար, անհնար է դարձնում բնապահպանական նվազագույն հոսքի պահանջների սահմանումը եւ, հետեւաբար գնահատումը, թե արդյոք այդ պահանջները խախտվել են մարդու գործունեության հետեւանքով, թե ոչ»:

Ախուրյանի ջրավազանային տարածքում նույնիսկ հողօգտագործմանն առնչվող տվյալներն են սակավ, չհամակարգված. որոշ տվյալներ համայքներում են, որոշները՝ մարզպետարաններում:

Նույնիսկ շատ կարեւոր

ոլորտների համար, ինչպիսին է  գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության մեջ պարարտանյութերի կիրառումը, մասնակի տվյալներ հասանելի չեն: Շատ մոտավոր փորձագիտական գնահատման մեթոդ է կիրառվել օգտագործված պարարտանյութերի ծավալի հաշվարկման եւ, հետեւաբար, տարածքի ջրային պաշարների վրա բուսաբուծության ազդեցության գնահատման համար:

Այլ խնդիրներ էլ կան. օրինակ, չկարգավորված հորատումները (նույնատեսակ խնդրի անդրադարձել էինք Արարատյան ջրավազանային տարածքի թեման ներկայացնելիս):

Բայց նախ ասենք, որ Ախուրյանի գետավազանում կա գետային հոսքի աճ՝ 1953-2013թթ. տեղումների աճի հետեւանքով։ Այդ աճը հասնում է 15%-ի՝ Ախուրյան-Հայկաձոր, 18%-ի Ախուրյան-Ախուրիկ եւ 10%-ի՝ Կարկաչուն-Ղարիբջանյան դիտակետերում: Ի տարբերություն Ախուրյանի գետավազանի՝ Մեծամորի գետավազանում Մեծամոր գետի փաստացի հոսքը 1991-2013թթ. ընթացքում զգալի փոփոխության է ենթարկվել: Մեծամոր գետի ինտենսիվությունը հիմնականում նվազել է: Այդ նվազումը կապված է վերջին տարիների ընթացքում Մեծամորի գետավազանում ստորերկրյա ջրային ռեսուրսների ինտենսիվ օգտագործման հետ, ինչը հանգեցրել է ստորերկրյա ջրերի մակարդակների անկմանը, շատրվանող հորատանցքերի եւ աղբյուրների մակարդակների ու ջրաելքերի կտրուկ նվազմանը: Այս իրավիճակը հանգեցրել է Մեծամոր-Ակնալիճ աղբյուրների խմբի ելքերի կտրուկ կրճատմանը: Մեծամոր գետի հոսքը Տարոնիկ դիտակետում 1961-1990թթ. բազիսային հոսքի նկատմամբ նվազել է 38.4%-ով, իսկ Էջմիածին դիտակետում՝ 36.8%-ով:

Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն, Մեծամորի գետավազանում ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման ծավալը 2013թ. շուրջ 3 անգամ գերազանցել է թույլատրելի ծավալը: Մեծամորի գետավազանում ստորերկրյա հորատանցքերի չկարգավորված հորատումը, ներառյալ՝ առանց նախագծերի եւ ոչ ճիշտ տեխնիկական կառուցվածքով հորատումը, ինչպես նաեւ հորատանցքերի միջեւ սահմանված 500մ հեռավորության չպահպանումը հանգեցրել է, ինչպես ասացինք, ջրատար հորիզոնների միջեւ գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապի խախտման: Հատկապես խիտ ցանցով հորատված հորատանցքերի պատճառով ավելացել է ջրատար հորիզոնների միջեւ գոյություն ունեցող հիդրոերկրաբանական պատուհանների քանակը: Խախտվել է նաեւ ջրատար հորիզոնների ելքի բաղադրիչը. կտրուկ նվազել են բնական աղբյուրների ելքերը: Որպեսզի ավելի հասանալի դառնա, ասենք, որ Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների խմբի ելքը 1983թ. վայրկյանում 17.8 խմ-ից կրճատվել եւ 2013թ. հասել է մինչեւ 3 խմ վայրկյանում:

Մի հարց էլ կա, որ չքննարկել չենք կարող, քանզի երբ խոսում ենք որեւէ տարածքի ջրավազանային կառավարումից, անպայման պետք է ներկայացնենք այդ տարածքում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները: Դրանք շատ բան կարող են հուշել խնդրի առկա պատճառների եւ դրանց հեռանկարային լուծումների մասին: Ըստ այդմ, տեղեկացնենք, որ Ախուրյանի ջրավազանային տարածքում են գտնվում «Արփի լիճ» ազգային պարկը եւ «Որդան կարմիր» պետական արգելավայրը:

«Արփի լիճ» ազգային պարկը կառավարության որոշմամբ է ստեղծվել 2009թ.: Այն ընդգրկում է Արփի եւ Արդենիս լճերն ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազաններն ու ողողատները: Պարկում ընդգրկված են նաեւ Աշոցքի կաղամախու անտառները, Կապուտան եւ Ակնա լեռնային լճակների էկոհամակարգերն ու Հայաստանի ջրաճահճային հանդակները: Պարկի ստեղծումը նպատակ ունի ապահովելու նշված տարածքների էկոհամակարգերի պահպանությունը: 2011թ. կառավարության որոշմամբ այս ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմեց 21179,3 հա: «Արփի լճի» տարածքում ՀՀ բույսերի եւ կենդանիների Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության  կարմիր ցանկում գրանցված տեսակներ կան: Պարկի տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22-ը գրանցված են մեր կարմիր գրքում: Կան նաեւ 30 հազվագյուտ տեսակի կաթնասուններ, թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում: Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում  Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցանկում գրանցված, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» Դարեւսկու իժը (Vipera Darevskii), որը գրանցվել է նաեւ ՀՀ-ի կենդանիների Կարմիր գրքում:

«Որդան կարմիր» պետական արգելավայրի մասով ասենք, որ այն ստեղծվել է 1987թ.: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծամորի ավազանում: Նրա տարածքն ընդգրկում է աղուտային էկոհամակարգերի մի փոքր տեղամաս՝ 219,85 հա մակերեսով: Այս արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտը Հայաստանի էնդեմիկ արժեքավոր միջատն է՝ որդան կարմիրը, որն ապրում է որդանախոտ եւ եղեգն բույսերի վրա:

Ընդգծենք, որ այս արգելավայրն Արարատյան դաշտի գրեթե անհետացած աղուտային համակեցությունների վերջին հանգրվանն է, որի պահպանությունը մեծ նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար նաեւ միջազգային մակարդակով:

Բնության հատուկ պահպանվող տարածքների մեկ այլ կատեգորիա են սանիտարահիգիենիկ պահպանման գոտիները, որոնք կարգավորվում են կառավարության համապատասխան որոշմամբ, ըստ որի հարկ է առանձնացնել  ջրապահպան գոտիները: Սակայն, ինչպես գործադիրին տեղեկացրել է բնապահպանության նախարարությունը, բացառությամբ մի քանի խմելու խոշոր ջրաղբյուրների, ներառյալ՝ 22 կապտաժների, 6 քլորացման կայանների եւ 2 օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրային ռեսուրսների, ջրօգտագործման կառույցների, սանիտարահիգենիկ ջրապահպանման գոտիները Ախուրյանի ՋԿՏ-ում փաստացիորեն առանձնացված չեն եւ դրանց պատշաճ պահպանում չի իրականացվում: Մինչդեռ սանիտարական պահպանման գոտիները պետք է ընդգրկեն ջրային ռեսուրսների պահպանության համար նախատեսված բոլոր տարածքները: Իսկ դրանք են ջրային պաշարների այն բոլոր խոցելի տեղերը, որոնք կարող են առաջացնել ջրային պաշարի բնական վիճակի  խախտումներ եւ վնասել մարդու առողջությանն ու բարեկեցությանը:

Թե ինչ միջոցառումներ է նախատեսում գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, որպեսզի Ախուրյանի ՋԿՏ-ում հավասարակշռի ջրային պաշարների առաջարկն ու պահանջարկը, որպեսզի ճիշտ ժամանակին բացահայտի ռիսկերն ու կանխարգելի ճիշտ պահին, կխոսենք մեր այս հոդվածաշարի ամփոփումում:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։