«Ադրբեջանական լվացքատան» փնթիությունը – Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում, առավել եւ, որ եվրապաշտոնյաներ կան կեղտաջրերում… Բացի եվրոպական կառույցներից, Բաքվի փողերի լվացման եւ մարդու իրավունքների խախտումների հարցերով քննարկումներ են լինում նաեւ ԱՄՆ-ում… Անդրադարձ նաեւ հայասպան ռամիլ սաֆարովի «հունգարական ծախու գործին»…

http://www.hayary.org/wph/?p=6508Ադրբեջանական առ եւ տուր. ծախու եվրոպացիների գործերը – Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի կաշառատվության գաղտնի ծրագիր է իրագործել – ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը… Նախկինում եւս եղել է – բայց «ռուսական լվացքատուն»… Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ…ԵԽԽՎ. Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ…

Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում եվրոպացիների կողմից, հատկապես, որ դրանք առավելապես առնչվում են հենց եվրոպական պաշտոնյաներին, դիվանագետներին եւ այլոց:

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդարադատության համակարգի վերաբերյալ, հատկապես խոսքի ազատության եւ արդարադատության ոլորտներում: Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախի եւ ռումինացի Ցեզար Ֆլորին Պրեդայի կողմից հեղինակած բանաձեւի նախնական տարբերակում ափսոսանք է հայտնվում, որ վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են նվազեցնել գործադիր իշխանության հաշվետվողականությունը խորհրդարանի նկատմամբ, իսկ դատարանների անկախությունը շարունակում է մնալ ոչ բավարար:

Հիշեցնենք, որ վերջին սահմանադրական փոփոխությունները ալիեւների կլանին տալիս են խանական կամ սուլթանական կարգավիճակ, ինչը թույլ կտա երկիրը վերածել խանության: Նախագահ Իլհամ Ալիեւի 1-ին տեղակալը իր կինն է՝ Մեհրիբան Ալիեւան, ինչը նշանակում է, որ խանական ընտանիքը հաջորդ նախագահի պաշտոնում դիտարկում է կամ սույն տիկնոջը կամ Իլհամ Ալիեւի որդու թեկնածությունը:

Հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել խոշոր չափերով փողերի լվացման գործում Ադրբեջանի կառավարության ունեցած կապի առնչությամբ՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին անհապաղ սկսել անկախ եւ անկողմնակալ քննություն:  

Բացի եվրոպական կառույցներից, Ադրբեջանի փողերի լվացման եւ մարդու իրավունքների խախտումների հարցերով քննարկումներ են լինում նաեւ ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն իր հերթին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Առաջարկը սենատորն արել է Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018թ. ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ: Պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ: Հիշեցնենք, լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:

ԱՄՆ-ն շարունակում է չվստահել Ադրբեջանին, երկրի պատկան մարմինները շարունակում են ուշադրությամբ ուսումնասիրել իրենց՝ Ադրբեջան այցելած օրենսդիրներին, նրանց վրա այդ երկրի հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով: Այս մասին գրել է նաեւ ադրբեջանական «Բաստաինֆո»-ն: Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի Սան Դիեգոից կոնգրեսի 17 անդամներ այցելություններ են կատարել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան: Կոնգրեսականների ճանապարհորդական ծախսերը, չնայած նրան, որ պետությունը գումար է հատկացրել, հոգացել են տարբեր ադրբեջանական ընկերություններ, հասարակական կազմակերպություններ եւ այլն: Ադրբեջան այցելած կոնգրեսականների մեջ հիշատակվում են Լուիս Գուտիերեշի, Ջիմ Մքդերմոթի, Շեկլի Լիի, Բիլլ Լոնգիի անունները, որոնք 1 տարվա ընթացքում 45 անգամ այցելել են Ադրբեջան: ԱՄՆ պատկան մարմինները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը նման անվճար ճանապարհորդություններ կազմակերպելով կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ կոնգրեսականների գործունեության վրա: Ուստի, տարեսկզբին քննարկվում էր նաեւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր կոռուպցիոն կապերն ադրբեջանցի պաշտոնյաների հետ…

Իլհամ Ալիեւի ընտանիքի ֆինանսական դերը՝ Մերձավորարեւելյան ահաբեկիչներին զենք առաքելու գործում, եւս ուսումնասիրությունների փուլում է: Վերջերս էլ բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի հրապարակված սենսացիոն բացահայտումները ապացուցում են, որ Ադրբեջանը վտանգավոր երկիր է դարձել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ համաշխարհային գործընթացների մեջ: Լրագրողի բացահայտումների եւ մնացյալի մասին «Լուսանցք»-ը գրել է իր նախորդ թողարկումներում եւ որոշակի արդյունքների ու հետեւությունների դեպքում կրկին կանդրադառնանք:

Իմիջիայլոց, մի նախկին խնդրի եւս անդրադարձ է եղել, մեզ համար զազրելի մի դեպքի մասին է խոսքը, երբ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց, իրականում՝ վաճառեց Ադրբեջանին: Այն ժամանակ խոսքը 3 մլն դոլարի մասին էր, բայց իրականում վաճառքը եղել է 7 մլն դոլարի դիմաց: Այս մասին գրել են նաեւ միջազգային զլմ-ները՝ գրելով «ադրբեջանական լվացքատան» նոր մանրամասների մասին:

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2012թ.՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հակակոռուպցիոն ըtlոtszց կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում հայասպանին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ:

MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ: Ուշագրավ է, որ 7 մլն. դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել է Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Արդեն 2014թ. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Հետագայում եւս երկու երկրի պաշտոնատար անձանց հանդիպումները շարունակվեցին ջերմ մթնոլորտում:

Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած Metastar Invest LLP-ն այն ընկերությունն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ում դեմ Իտալիայում այս պահին հետաքննություն է իրականացվում: Հետաքրքիր է, որ նույն Լուկա Վոլոնտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաեւ Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դեմ քննադատությունները ԵԽԽՎ պատգամավորը որակել էր որպես «վհուկների որս»:

Velasco International-ը, ում պատկանում էր հունգարական բանկում բացված հաշիվը, սերտ կապեր ունի Հունգարիայի եւ Ադրբեջանի հետ: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյուբովին: Ըստ panorama.am-ի հեղինակած հոդվածի, ըtlոtszց ընկերության ներկայացրած բացահայտումներում երեւում է, որ ադրբեջանական ընկերությունների հետ գործարքներում ներգրավված են եղել նաեւ Վիկտոր Օրբանի կառավարությանն առընթեր հետախուզական ծառայության գործակալը, վարչապետի գլխավոր խորհրդականի ներկայացուցիչը եւ այդ երկրում կարեւոր պաշտոններ զբաղեցնող այլ անձինք: Մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ժամանակահատվածում Ադրբեջանից Հունգարիա կատարված գումարային փոխանցումները բացահատում են այդ կառավարության կողմից նման քայլի շարժառիթները: Հունգարիայի քաղաքական ղեկավարությունը, անտեսելով բոլոր նորմերը, 7 մլն. դոլարի դիմաց պարզապես «վաճառել» է ադրբեջանցի մարդասպանին, ով Բաքու ժամանելուց անմիջապես հետո հռչակվեց «ազգային հերոս» ու ազատ արձակվեց՝ ոչ մի րոպե պատիժ չկրելով քնած ժամանակ հայ սպային կացնահարելու համար:

Դառնալով ադրբեջանական կոռուպցիոն սկանդալին՝ նշենք, որ այդ հարցով Արմեն Աշոտյանը դիմել է ԵԽԽՎ պատգամավորներին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ եւ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների շուրջ: Անդրադառնալով Սփյուռքի հետ կապված պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական գործընթացները, կատարված աշխատանքները, համագործակցության հիմնական մեխանիզմները, կարեւորել Հայրենիք-Սփյուռք արդյունավետ փոխգործակցային հասարակության ձեւավորման եւ զարգացման դերն ու նշանակությունը, այս համատեքստում՝ Սփյուռքի հետ կայուն եւ արդյունավետ համագործակցային հարթակների ստեղծումը:

Իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծել է Սփյուռքի հետ գործակցության ոլորտում ինքնակազմակերպման ռեալ եւ գործուն մեխանիզմների ներդրման եւ իրականացման կարևորությունը, Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում գլոբալ հարթակի ստեղծման դերը՝ նորարարական կրթական ցանցերի, տնտեսական շուկաների, սոցիալական եւ քաղաքական նախապայմանների առկայությամբ պայմանավորված, ինչպես նաեւ նշված ոլորտներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման նշանակությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ առկա փորձին ու իրականացված ծրագրերին:

Արմեն Աշոտյանը Սփյուռքի հետ հարաբերությունների կառուցման գործում, գլոբալ տրանսֆորմացիոն գործընթացների համատեքստում կարեւորել է նաեւ ցանցային համագործակցության ձեւավորումը՝ ներառյալ խորհրդարանական համագործակցության արդյունավետ հարթակի ստեղծումը:

Իր ելույթում հայ պատգամավորը նաեւ կոչով դիմել է ԵԽԽՎ պատգամավորներին՝ իրենց պետություններում, ինչպես նաեւ ԵԽԽՎ մակարդակում հետամուտ լինելու ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի շուրջ լիարժեք հետաքննության անցկացմանը՝ այդ կառույցի ժողովրդավարական համբավն ու հեղինակությունը վերականգնելու համար:

Կոնֆերանսի ընթացքում ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ծանր է տարել Հայոց ցեղասպանության մասին հայ պատգամավորի հիշատակումը եւ ժխտողականությամբ է հանդես եկել: Արմեն Աշոտյանը ստիպված է եղել վերջում կրկին անդրադառնալ հարցին։

Այսպես, միջազգային ամենատարբեր հարթակներում թուրքական ժխտողականությունն ու ադրբեջանական կաշառատվությունը նորանոր բացահայտումների են ենթարկվում, եւ թյուրքական տարրի հակադարձման ուժը հետզհետե սպառվում է:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։