Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…

Սկիզբը՝ թիվ 33-ում

http://www.hayary.org/wph/?p=6536Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Զ. Սոլականը «Ուրարտու՞ ոչ Առարդա, Նաիրի. Բի-յայնա» գրքում (մեջբերումներ անելիս ոչ մի ուղղում՝ նույնիսկ կետադրական, չենք անում,- խմբ.) «Բագրատունիք» վերնագրի ներքո գրում է. «Բի-յայնա Դավթե-փուլուշիներում պահպանվել է եւ քաղաքանուն, եւ մարդու մասնագիտություն Հու-Բագ վանկով սկզբնավորված: Bag-ra-di-ni նշանակում է «բագրադիով լինի», «կրակարարով, կրակադիրով, լուսարարով լինի»:

Ինչպես տեսնում ենք, «հուր», «կրակ» բառը Բագրատունիների տոհմանվան բաղադրիչ մասն է կազմում, ինչը վկայում է Հայկ-Վահագնի (Հավ-ագն-ի) հրեղեն բնույթի մասին, որից սերում են Բագրատունիները:

Նույն գրքում հեղինակը Շանբատ անունով աստղը արդեն վերագրում է Սանատրուկին, միայն այն բանից ելնելով, որ նա, ըստ Խորենացու, ծնվել է ձմռան մի բուք օր, եւ նրան փրկել է ճերմակ շունը՝ Սանբատը, Շանբատը:

Կարծում եմ՝ ոչ թե ժայռագրություններն են աղաղակում (ինչպես նախորդիվ մեջվերել ենք Սոլականի ասածը), այլ հենց ինքը՝ հեղինակը, ով իրեն է վերապահում «պատմական ճշմարտության» վերականգնման իրավունքը՝ չունենալով դրա համար լուրջ փաստարկներ, եւ խոսում է այնպիսի վստահությամբ, որ միայն զարմանք եւ ծիծաղ է առաջացնում:

Ըստ Սոլականի, Հրվ. Եռանկյուն համաստեղությունը (Triangulum Australe) կրել է Հայկ Հաբեթոսթե անունը:

Այժմ տեսնենք՝ այս առումով ինչ է գրում Արմեն Դավթյանը «Հայոց աստղային երկինք» գրքում. «Այս համաստեղության այժմյան «Եռանյունի» անունը գալիս է Պտղոմեոսից, որ արդեն չգիտի, ի տարբերություն հայերի եւ շումերների, որ եռանկյունի հիշեցնող գծապատկերը «արոր» է: Շումերերեն այն կոչվում է mulAPIN (URU, ENGAR)-«գութան, արոր, խոփ»-Եռանկյունի+Անդրոմեդայի գամմա: ENGAR-«գութան»-անճար գութան (նախագութան, նախաարորագութան)  

GU.DA.AN.NA համաստեղությունը հայ բանահյուսության մեջ ունի տառացի զուգահեռ՝ Գութ(ա)նի աստղ: Գութնի աստղը նույն գիշերավարն է, որ ունի երկու աստղային կոդ: Իբրեւ մոլորակ Գութնի աստղը Վեներան է, իբրեւ աստղ Ցուլի a»:

Նախագութանը կամ նախա-ար-որ-ը «նախ-ար-ար» բառի այլաբանական իմաստն է կրում: Արորի մասին խոսել ենք մեր նախորդ հոդվածաշարում՝ «Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավարը» («Լուսանցք», մայիսի 26-ից մինչեւ հունիսի 23-ի համարներում): Մինչդեռ վկայակոչելով Հ. Աճառյանին՝ Սոլականը «նախարար» բառը ներկայացնում է որպես պարսկական արմատ ունեցող վերառում:

Ի գիտություն՝ շատ դեպքերում Աճառյանն էլ է սխալ եղել, երբ բազմաթիվ բնիկ հայերեն արմատներ «անհայտ ծագում ունեցող» արմատների շարքին է դասել եւ համարել փոխառություն այլ լեզուներից:

Վարուժան Վասիլյանը «Առասպելներից մինչեւ Բյուրական» գրքում գրում է. «Սրանից նույնիսկ հազար հինգ հարյուր տարի առաջ այս աստեղատան Հայկ անունն արդեն խորին եւ հինավուրց ավանդույթ էր: Այնքան հաստատուն եւ արմատական, որ հարատեւել է հազարավոր տարիներ: Ո՛վ գիտե, դեռ որ անհիշելի ժամանակներից եկել հասել է 5-րդ դար եւ Օրիոնի փոխարեն մեսրոպատառ մեր մատյաններում առանց երկմտելու գրել են Հայկ: Հետո նույնպես շարունակել է հարատեւել ու կիրառվել է ընդհուպ մինչեւ 17-18-րդ դարերը»:

Ռաֆայել Մաթեւոսյանի «Բագրատունիներ» գրքում ասվում է. «Բագրատունիների տոհմի նախահայրը, ըստ Խորենացու, հրեա Շամբատն է, որին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը գերի էր վերցրել, երբ նվաճել էր Երուսաղեմը: Հայոց թագավոր Հրաչյան խնդրել էր Նաբուգոդոնոսորից ազատել նրան: Դրանից հետո Հրաչյան Շամբատին բնակեցրել է մեր երկրում, որից սերվեց Բագրատունիների ցեղը:

Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից: Բայց պատմագիրը խրատում է մեկենասին (Սահակ Բագրատունուն) չհավատա նման «հիմար խոսքերին», որովհետեւ իբր «ոչ մի հետք կամ ապացույց չկա այդ խոսքերում, որ ցույց տա նրանց ճշմարտությունը» (II ԻԲ):

Մաթեւոսյանը նաեւ նշում է. «Սակայն Բագրատունիները մյուս տոհմերի համեմատ ունեն այն առավելությունը, որ նրանց ծագման մասին կա եւս մեկ հավաստի եւ վստահելի աղբյուր՝ դա Անանունի կամ Մար Աբաս Կատինայի պատմության մի հատվածն է, որը կցված է Սեբեոս պատմիչի «Պատմությանը»: Անանունը հաղորդում է Բագրատունիների նախնիների ծագումնաբանական ակունքը, որը սկիզբ է առնում Արմենակից՝ Զարեհ-որդի որդվոց Արամենակի, ապա Արմոգ, ապա Շավարշ, ապա Փառնավազ: Սա ծնում է Բագամին եւ Բագարատին, եւ Բագարատից ծնվում է Բյուրատը, նրանից Ասպատը: Եվ Բագարատի որդիները ժառանգում են իրենց ժառանգությունը արեւմտյան կողմում, «այսինքն Անգեղ տունը», որովհետեւ «կոչեցաւ Բագարատ եւ անգեղ» (Պատմութիւն Սեբեոսի աշխատասիրությամբ Գ. Ազգարյանի, Ե. 1979, էջ 51):

Արամենակի որդիներից է Բագարատ Փառնավազյանը, Մեծ նախարարը: Ըստ Անանունի, սա է դիմավորում Տրդատ Ա-ին (Արշակ փոքրին), թագադրում է նրան եւ նստեցնում գահին: Եվ թագավորը նշանակում է այս Բագարատին հայր արքայի եւ եղբայր, եւ տալիս է նրան տերության իշխանությունը (նույնը՝ էջ 54)»:

Երբ կարդում ենք Սահակ Բագրատունուն խրատ տալու այն հատվածը, որտեղ ասվում է «ոչ մի հետք կամ ապացույց չկա ավանդազրույցում, որ ցույց տա Բագրատունիների սերումը Հայկի սերնդից», միանգամից կասկած է առաջանում, որ դրանք Խորենացու ասածները չեն: Այնպիսի տպավորություն է, որ Խորենացու համար ավելի պատվաբեր է Բագրատունիների սերումը հրեա Շամբատից, քան Հայկից, ինչը բացառվում է:

Անկասկած, այդ տեքստը կեղծարարներն են մտցրել «Հայոց պատմության» մեջ՝ հաստատ իմանալով, որ Խորենացու «Հայոց պատմության» բնագիրը ոչնչացված է:

Սահակ Բագրատունին հրավիրել էր Խորենացուն իր մոտ եւ հանձնարարել էլ գրել «Հայոց պատմությունը», այլ ոչ թե Բագրատունիների տոհմի ծագումնաբանությունը:

Կարծում ենք՝ երիտասարդ Սահակ Բագրատունին տեղյակ էր իր՝ Հայկյան սերնդից ծագման մասին, կասկած չի եղել նաեւ Խորենացու մոտ, հակառակ դեպքում նա նրան չէր ասի. «… բայց դու չվախեցար իշխան, երբ որոշեցիր ինձ առաջարկել գրելու մեր ազգի պատմությունը՝ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնի, որը ես կշարադրեմ՝ հորից որդի ծննդաբանությունը տալով  ըստ դարերի, մի բան, որ Սուրբ գիրքը պահեց միայն հրեա ազգի պատմությունը, իսկ մյուսների, իբրեւ արհամարհելի եւ իր նշելուն անարժան, դուրս թողեց՝ լքելով մոռացության»:

Եկեղեցու կողմից հալածված ազատամիտ Պատմահայրը ինչու՞ է ասում՝«բայց դու չվախեցար իշխան», որովհետեւ նա մտահոգված էր Բագրատունու հետագա ճակատագրով՝ հանկարծ նա չտուժի Հայկյան ծագումի հիշատակումից, այլ ոչ թե նրա «հրեական» ծագման ի հայտ գալու պատճառով:

Այն սուրբ գիրքը, որի մասին խոսում է Խորենացին, եւ որով էլ այժմ ղեկավարվում է մեր եկեղեցին՝ աղավաղված ձեւն է իսկական Սուրբ գրքի, որ գրել են մեր նախնիները: Զեղծարարները Սուրբ գիրքը յուրացրեցին, աղավաղեցին եւ այն արժանացավ նույն ճակատագրին, ինչ-որ «Հայոց պատմությունը»:

Հայտնի ռուս պատմաբան Լ. Ն. Գումիլյովը գրում է. «Կարդալով Աստվածաշնչի Հին կտակարանը, անհնարին է չկասկածել այն տեղեկությունը, որ իբր մ.թ.ա. առաջին հազարամյակում Մերձավոր Արեւելքի ամբողջ պատմությունը պտտվում էր Իսրայելի եւ Հուդայի (ԼցՊպ-Իուդեÿ) շուրջ: Իրականում, ինչպես այժմ բոլորս լավ գիտենք, Իսրայելը եւ Հուդան եղել են մերձավորարեւելյան աշխարհի խուլ ծայրամասեր, որոնց ճակատագրերը որոշում էին այլ ժողովուրդները եւ պետությունները (Լ. Ն. Գումիլյով, «Հնարովի թագավորության փնտրտուքները»)»:

Ուշադրության է արժանի Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» գիրքը, որտեղ ասվում է. «Հայկյան թագավորության տոհմից սերած Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրեց վերագրված ծագումը՝ հրեա Շամբատից: «Հայոց պատմությունը» որպես Սահակ Բագրատունի իշխանի պատվիրած մատյան եւ Բագրատունյաց տոհմային սեփականություն՝ երկար ժամանակ մնացել է գրվանի տակ (արգելված), եւ թույլ է տրվել դրանից օգտվել միայն առանձին պատմիչների՝ այն էլ Բագրատունյաց օտար ծագումը չհիշելու պայմանով»:

Մուշեղյանը նաեւ նշում է. «Որքան ինձ հայտնի է, առաջին հեղինակը, որ հիշատակում է այդ մասին, 8-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, որը գրեթե բառացի մեջ է բերում Խորենացուց հետեւյալ հատվածը. «Իսկ եթե յաղագս Բագրատունեայն կամիցիս գիտել՝ Պարույր՝ որդի Սկայորդւոյ, կոչեր Հրաչեայ՝ թագավոր Հայոց որդի Հայկայ, որ խնդրեաց յարքայեն Բաբելացոց զմի ոմն ի գերելույն Հրէից՝ Շամբատ, անուն զոր ածեալ բնակեցոյց երկրին Հայոց մեծավ պատուով: Ի իմանէ սերեցավ ազգն Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին յապետականի»:

Եվ վերջապես այդ դժգոհության ամենացայտուն ապացույցն է, որ 775 թվին Բագրեւանդի ճակատամարտում կրած պարտությունից Վասակ Բագրատունին իր ընտանիքով անցավ Վրաստան, նոր միջավայրում վիրահայ Բագրատունիները ընդունեցին հրեական ծագումը, այն էլ ոչ թե գերի Շամբատից, այլ՝ հրեաների թագավոր Դավիթ մարգարեից: Անշուշտ, այս իրողության արձագանքն է Հովհաննես Դրասխանակերտցու մոտ տեղ գտած այն արտահայտությունը, թե Բագարատը սերում է հրեա Շամբատից՝ «Նախ զԲագարատ, որ ի Շամբաթայ Հրէէ էր, զորմե համբվեն լինել յազգե Դավիթի»:

Ուշադրություն դարձնենք մեջբերված երկու բառի վրա՝ «Հրէից Շամբատ» եւ «ի Շամբատայ Հրէէ էր», որտեղ պարզ երեւում է, որ երկու դեպքում էր «հրեա» բառ չկա, եւ ամենակարեւորը՝ Հրէ, Հրէէ բառերը գրված են մեծատառով: Եթե Հրէէ բառը նշանակում է հրեա, ապա այն պետք է գրվեր փոքրատառով, այլ ոչ թե մեծատառով:

Ուրեմն՝ Հրէէ-ն ծածկանուն է, որի իմաստը Խորենացին շատ լավ իմացել է, իսկ տգետ կեղծարարները այն հասկացել են իբրեւ «հրեա» կամ միտումնավոր «Հրէէ»-ն դարձրել են հրեա եւ ներկայացրել որպխես վստահելի տեղեկություն:

Բ. Սարգսյանը «Հ. Դրասխանակերտցու Հայոց պատմություն» գրքում ցույց է տալիս, թե ինչպես է Դրասխանակերտցու տեքստը էականորեն տարբերվում աղբյուրից (էջ 160-161): «…Հայաստան եկածների մասին Խորենացին հատուկ ցուցում չունի, այլ միայն, որ բուլղարների երկրից էին, հետեւաբար՝ բուլղարներ: Դրասխանակերտցին նույնը պահելով երկրի անունը, նրանց համարում է հրեաներ…»:

Այս եւ այլ օրինակները ցույց են տալիս, որ Խորենացու «Հայոց պատմությունը» կեղծվել է:

Եթե հաշվի առնենք Կաղանկատվացու վկայությունը, ապա կարելի է ենթադրել, որ արդեն 8-րդ դարում գոյություն է ունեցել «Հայոց պատմության» կեղծված օրինակը: Սա է պատճառը, որ Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրենց վերագրած ծագումը հրեա Շամբատից եւ նույն պատճառով է, որ երկար ժամանակ «Հայոց պատմությունը» մնացել է գրվանի տակ:

Ըստ երեւույթին Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «հայոց պատմության» կեղծված օրինակը 18-րդ դարում ընկել է նոր կեղծարարների ձեռքը, որոնք հին աղավաղումներին ավելացրել են նորերը, եւ ահա երկու դար է, ինչ քրքրում են կեղծված «Հայոց պատմությունը», ու ոչ ոք չի խոսում Խորենացու ձեռքով գրված բնագրի մասին:

Ինչպես նշում է Ի. Սեմյոնովը, հրեաները Շամբատ անուն չունեն եւ իբր Խորենացին այն հորինել է նկատի ունենալով, որ Շամբատը համահունչ է հրեական «շաբբաթի» հետ:

Շաբբաթ (շաբաթ) եբրայերեն բառացի նշանակում է հանգիստ, շաբաթվա յոթերորդ օր: Այսինքն՝ ասելով Շամբատ Բագարատ, պետք է հասկանալ հանգիստ Բագարատ կամ յոթերորդ օրվա Բագարատ. անիմաստ ու անհեթեթ մի բան:

Սեմյոնովի կարծիքով, որպեսզի Սմբատ -Շամբատ կապը ավելի ակնհայտ լինի, Խորենացին ձեւափոխել է Սմբատ Բագարատին Շամբատի, եւ որ շամբա-ն նույն շաբբաթ-ն է, բայց՝ պարսկերեն:

Այս՝ սահմանափակ դատողության տեր հեղինակը նույնիսկ հարկ չի համարել պարզել, թե ինչ է նշանակում այս բառը հայերեն, չէ՞ որ Խորենացին Հայոց պատմությունը պարսկերեն չի գրել:

Շամբ բառը հայերեն նշանակում է ճահճուտ՝ ծածկված եղեգներով, իսկ շամբուտը՝ եղեգով ծածկված, եղեգ բուսած տեղ, եղեգնուտ: Հայոց լեռնաշխարհում շամբ-ով բազմաթիվ տեղանուններ կան: Օրինակ՝ հնում արեւմտյան Եփրատի վերին հոսանքում գոյություն է ունեցել Շամբ Կարնո անվանումով ճահճային համակարգ, իսկ Սյունիքում ներկայումս կա Շամբ գյուղ: Ճահճուտներով են ծածկված եղել Արարատյան դաշտավայրը եւ Արաքս գետի որոշ հատվածները:

Շումերական Էրիդու քաղաքը, որտեղ գտնվել է Հայա-Էա-Հայկի տաճարը, շրջապատված է եղել շամբուտներով (ճահիճներով), որոնք եղել են նրա սիրած զբոսավայրերը:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։