Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…

«Լուսանցք»-ը անդրադարձել է աշխարհի անկախական շարժումներին եւ հանգամանալից ներկայացրել, թե որ աշխարհամասի որ երկրներում դրանք արդեն հասունացած վիճակում են եւ ընդամենը մի առկայծում է անհրաժեշտ, որպեսզի շղթայական ծավալումներ ընթանան:

Ամենածավալուն հոդվածն այդ ուղղությամբ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանինն է, որ հրատարակվել է 2013թ. («Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը», «Լուսանցք» թիվ 23 (286)): Հայ արիների առաջնորդը նշել է, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ հիմնականում տրոհվում են որոշակի պետություններ, նորերն են առաջանում՝ ստեղծելով նոր իրավիճակներ: Հիմնականում անկախական շարժումներ ունեցող երկրներն են տրոհվում, քանի որ այդ ժամանակ միայն խթանել է պետք եւ մնացյալը կատարվում է ինքնըստինքյան… Նա անդրադարձել էր աշխարհի  բոլոր այն պետություններին, որոնք տրոհվելու միտում ունեն, քանի որ ունեն անկախության ձգտող տարածքներ եւ այնտեղ բնակվող բնիկներ կամ այլազգիներ:

http://www.hayary.org/wph/?p=3248Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Անգամ Աֆրիկայում, որ որոշիչ որեւէ դեր չունի աշխարհաքաղաքական հարցերում, եւս լինում են տրոհվող երկրներ: Սա էլ տեղային ռազմա-քաղաքական հարցերի լուծմանն է ուղղված, ինչը հիմնականում կրոնական ուղղությամբ է իրականացվում: Վերջին բաժանումներից են Ջիբութի եւ Էրիթրեա պետություները, որ առանձնացան Եթովպիայից, զրկելով Աֆրիկայի համար այս նախնական երկիրը ծովային սահմաններից: Նույնը կատարվեց երբեմնի ծովային երկիր Սերբիայի հետ, երբ Հարավսլավիայի մասնատումից հետո բռնությամբ մասնատեցին նաեւ Սերբիան (քանի որ առավելապես ռուսամետ էր ու ընդդիմանում էր արեւմտյան ծրագրերին): Իսկ աֆրիկյան վերջին մասնատումը եղավ Սուդանի հետ՝ այն տրոհելով Հյուսիսային (քրիստոնեական) եւ Հարավային (մահմեդական) Սուդանների: Նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ ոչ միայն աֆրիկյան շատ երկրներ…  

Ըստ վերոնշյալ հոդվածի հեղինակի, եզակի դեպքեր կան, երբ հատվածային փուլերում երկրներ են վերամիավորվել. ինչպես Եվրոպայում Գերմանիաները (եւ Բեռլինները, որ քաղաք-պետության կարգավիճակ ունեին), իսկ Ասիայում՝ Եմենները: Նկատենք, որ այս օրինակներում սոցիալիստական հատվածներն են վերամիավորվել-ձուլվել կապիտալիստականին, իսկ ահա պորտուգալական եւ անգլիական թզուկ գաղութ-պետություններ Աոմինի (Մակաո) եւ Հոնկոնգի դեպքում վերամիավորումը եղել է սոցիալիստական երկրի՝ Չինաստանի հետ, չնայած Պեկինի առջեւ պայման է դրվել՝ չխաթարել այդ տարածքների կյանքը՝ վարչա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական վիճակը, եւ աստիճանաբար ներքաշել չինական քաղաքական ու տնտեսական ոլորտներ:

Այսինքն՝ աշխարհի վերաձեւման համար առաջնային չէ, թե ինչ եւ ինչպես է տրոհվում կամ միավորվում, միայն թե այն պետք է ընթանա ընդհանուր ծրագրի շրջանակներում եւ վերջաբանը պիտի բավարարի նոր աշխարհակարգի տերերին… Այստեղ է, որ հայ արիների առաջնորդը չի բացառել նաեւ Հայաստանի բռնազավթված հատվածների վերամիավորման հնարավորությունը՝ հերթական վերաձեւման ժամանակ: Իսկ այդ վերաձեւումն ընթանում է:

Ըստ «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածի, կազմաքանդման եզրին է նաեւ Իսպանիան: Այս երկիրն ունի 17 ինքնավար մարզեր, ինչպես ԽՍՀՄ-ն ուներ 15 հանրապետություններ եւ տասնյակ ինքնավար մարզեր ու շրջաններ: Հատկապես ակտիվ անկախական տարածքներ են համարվում Կատալոնիան, Բասկերի երկիրը-Բասկոնիան եւ Գալիցիան: Այս տարածքներում բնակվողները հստակորեն իրենց այլ ազգեր են համարում եւ ոչ երբեք իսպանացի: Բասկերը անգամ ծագումնաբանական արմատներ են հայտնաբերել (ինչպես բավարացիները (Գերմանիա) եւ բրետոնները (Բրիտանիա-Անգլիա), վերջերս նաեւ կելտերի մասին է խոսքը (Իտալիա) եւ այլք) Հայաստանում: Հայկական լեռնաշխարհի բավականին տեղանուններ եւ անուններ են կրկնվում Բասկոնիայում: Բասկոնիան Բիլբաո կենտրոնով – Բասկերի երկրի մի հատված է, մյուս մասն էլ Ֆրանսիայի տարածքում է, սահմանակից են եւ կարող են միանալ անկախական պայքարով:

Անկախանալու դեպքում բասկերի երկիրը ունի Բիսկայի ծովածոցը եւ ելք դեպի Ատլանտյան օվկիանոս: Կատալոնիան հայտնի է նաեւ որպես Բարսելոնայի երկիր, Տարրագոնա կենտրոնով, ունի ելք դեպի Միջերկրական ծով: Իսկ Գալիցիան, որ հայտնի է Լա-Կորունյա կենտրոնով, ծովով նույնպես դուրս է գալիս Ատլանտյան օվկիանոս:

Այսինքն՝ անկախանալու ամենակարեւոր նախադրյալներից մեկը՝ չհայտնվել շրջափակման մեջ, ունեն իսպանական ամենաակտիվ անկախական երկրամասերը… Սա այն է, ինչը չունի Իրաքյան Քուրդիստանը եւ հանրաքվեից հետո հայտնվել է շրջափակման ու սեղմվող օղակի մեջ:

Այսօր Իրաքյան Քուրդիստանից ոչ պակաս աղմուկ է բարձրացրել Կատալոնիան: Անգամ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն էր աջակցում Կատալոնիայում անցկացվելիք հանրաքվեին: Նա իր Twitter միկրոբլոգում Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է «առաջին համացանցային պատերազմը աշխարհում»։ «Կատալոնիայում առաջին համաշխարհային ինտերնետ պատերազմը սկսվեց, քանի որ եւ՛ ժողովուրդը, եւ՛ կառավարությունը կիրառում են համացանցը հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվեն կազմակերպելու համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնելով հեռահաղորդակցության ցանցերը, գրավելով կապի շենքերը ու գրաքննության ենթարկելով հարյուրավոր կայքեր»,- գրել է Ասանժը: Ըստ նրա, Կատալոնիայի իրադարձությունները մարդկանց ու պետության միջեւ ամենազանգվածային հակամարտությունն է Արեւմուտքում՝ Բեռլինի պատի անկումից հետո։

Իհարկե, կային մարդիկ, որ դեմ էին հանրաքվեին, բայց նրանց քանակը շատ քիչ է: Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույցին մասնակցեցին Իսպանիայի միասնականության կողմնակիցները, որ մի քանի տասնյակ մարդիկ էին: Նրանք ծածանել են Իսպանիայի, կատալոնական ինքավարության եւ ԵՄ-ի դրոշները՝ վանկարկելով՝ «Կեցցե Իսպանիան»։ Այս ցուցարարների համար Իսպանիայի կազմում մնալը համարվում էր բոլորի համար ամենալավ որոշումը:

Համաձայն Իսպանիայի միասնականության կողմնակիցների տվյալների, ըստ նախնական հարցումների՝ Կատալոնիայի անկախության օգտին կողմ է եղել ինքնավարության բնակչության 41%-ը, 49%-ը՝ դեմ։

Բայց իրականում այլ էր թվագրությունը: Չնայած Մադրիդի դիմադրությանը: Իսպանական ոստիկանության գործողությունների հետեւանքով շուրջ հազար մարդ է տուժել, շրջանի իշխանություններին հաջողվել է քվեարկությունն ապահովել ընտրատեղամասերի 96%-ում: Նախնական տվյալներով անկախանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90%-ը:

Հանրաքվեին հակազդելու պատասխանատվությունը ինքնավարության ղեկավարությունը դրել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի վրա, ում հրամանով էլ տեղի են ունեցել ոստիկանական բռնությունները: Իսպանիայի վարչապետն անգամ հայտարարել է, որ այսպիսով խախտվել է երկրի Սահմանադրությունը եւ իրենք իրավունք ունեն լուծարել ինքնավարությունը: Կատալոնիան էլ դիմել է Եվրամիությանը՝ պահանջելով պաշտոնապես դատապարտել Իսպանիայի իշխանություններին՝ շրջանի անկախության հանրաքվեին միջամտելու եւ քվեարկության ընթացքում Կատալոնիայի բնակիչների իրավունքների ու ազատությունների խախտումների համար: Բարսելոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կատալոնիայի կառավարության արտասահմանյան գործերով դեպարտամենտի ղեկավար Ռաուլ Ռոմեւան հայտարարել է, որ շրջանի իշխանությունները բանակցություններ են վարում ԵՄ-ի հետ: «Մենք արդեն խնդրել ենք արձագանքով հանդես գալ»,- շեշտել է նա: Սակայն, տրամաբանական էր, որ ԵՄ-ն չպիտի ճանաչեր անկախության հանրաքվեն:

Վերջին տարիներին անկախության հանրաքվեի բովով անցած (ընդամենը մի քանի տոկոս չբավարարեց) Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջոնը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել փոխել Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ կապված քաղաքականությունը, որն ընթացել է ոստիկանության հետ բախումների համապատկերին: Նրա խոսքով՝ «անկախ անկախության վերաբերյալ կարծիքից՝ մենք պետք է նման տեսարանները դատապարտենք»: Նա Իսպանիային կոչ է արել քաղաքականությունը փոխել, քանի դեռ որեւէ մեկը լրջորեն չի տուժել: «Մարդկանց թու՛յլ տվեք խաղաղ քվեարկել»…

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկնաբանելով Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները, նշել է. «Քաղաքացիների տպավորիչ արձագանք: Լեգիտիմություն եւ արժանապատվություն»՝ նկատի ունենալով քվեարկության արդյունքները:

Իր հերթին Մադրիդն է արձագանքել: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ասել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվե տեղի չի ունեցել»: Միեւնույն ժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել Կատալոնիայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:

Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյին կոչ է արել հրաժարական ներկայացնել՝ կապված Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում իսպանական ոստիկանության բռնարարությունների հետ: «Եթե սա ժողովրդավարություն է, ապա ոստիկանության գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի երկխոսելու հնարավորություն ունենանք»,- ասել է նա: Կոլաուն պետք է քվեարկեր դպրոցներից մեկի ընտրատեղամասում, սակայն նա չի կարողացել դա անել, քանզի ոստիկանները դպրոցին հասանելիությունն արգելափակել են: Նրա խոսքով՝ Իսպանիայի վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ իր քաղաքական պարտականությունները չի կատարել:

Հետաքրքիր է, որ Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է կատարել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը Կատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը փակելու մասին, ինչը նշանակում է Կատալոնիան ներքին զորքեր ունի…

El Pais-ը նշում է, որ Կատալոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցների փոխարեն դատարանի որոշումը կատարել են Քաղաքացիական գվարդիայի եւ ազգային ոստիկանության ուժերը, որոնց կառավարությունը Կատալոնիա է ուղարկել: Նրանք արգելափակել են ավելի քան 1,5 հազար ընտրատեղամաս, որոնց մեծ մասի ինտերնետն անջատված է, իսկ Իսպանիայի ոստիկանության աշխատակիցները կոտրում են տեղամասերի մուտքի դռները, առգրավում քվեատուփերը, Կատալոնիայի քաղաքացիներին բռնությամբ դուրս բերում տեղամասերի տարածքից եւ կալանավորում անկախության կողմնակիցներին:

Հիշեցնենք, որ Կատալոնիան Իսպանիայի պետբյուջեի հիմնական սնուցողն է: Ինքնավարությունը հզոր տնտեսական ներուժ ունի:

Սպասենք ծավալումներին:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։