3-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը  որոշել է  հոկտեմբերի 17-ին խորհրդարանում կազմակերպել խորհրդարանական լսումներ, որի մասնակիցները կքննարկեն  «Ընտանեկան բռնության  կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Փաստորեն, այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից, երեւի թե նոյեմբերին ստորագրվելիք ԵՄ-ՀՀ ասոցացման պայմանագրին ընդառաջ…

Չնայած բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ կազմակերպությունների ու անհատների դիմադրությանը, չի բացառվում, որ պաշտոնական Երեւանը ստիպված է լինելու մինչեւ տարեվերջ ընդունել այս օրենքը: Բայց ընդդիմադիր տրամադրությունները մեծ են եւ նշվում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օրենքի այս խայտառակ նախագիծը չընդունվի:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում, եւ այս մասին բարձրաձայնում են, ինչպես նշեցինք, ոչ միայն կազմակերպությունները, այլեւ անհատներ: Բերենք մի քանի օրինակներ: Հրապարակախոս Լիա Ավետիսյանը հայտնել է, որ  օրենքի նախագծում կան կետեր, որոնք ընթերցելուց պարզապես  զարմանում ես. «Այնտեղ մի այնպիսի կետ կա, որի համաձայն՝ ծնողը չպետք է միջամտի երեխայի կյանքին, նաեւ՝ սեռական, եւ սա ինչպե՞ս հասկանանք։ Օրենքի այս  նախագիծը  միտված է խարխլելու հայ ընտանիքի ամուր հիմքերը։ Ըստ հրապարակախոսի, եթե նախատրամադրվածություն լինի, ապա «երբ ծնողն իր երեխային ասի՝ թեյ խմիր, հետո դպրոց գնա», որ սոված չմնա, սա կարող է նաեւ դիտվել բռնություն, քանի որ, ըստ այս օրենքի, երեխան ինքն է որոշում, թե ինչ անի … եւ պիտի անի այն՝ ինչ կցանկանա՞…  

Այս օրինակը պարզունակ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, եթե երեխան սովից ուշաթափվի անգամ, ապա դա նրա իրավունքն է, ահա եվրամեխը… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ սկսվելու է զավակների պայքարն ընդդեմ ծնողների… Իսկ երեխաների համար այն խաղի պես հետաքրքիր է լինելու, ինչը ավելի է հետաքրքրելու, ձգելու է մանուկներին:

«Ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար Հանրապետությունն արդեն ունի անհրաժեշտ օրենսդրական բազան,- ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ապա հավելել,- որեւէ մեկը չի հերքում, որ խախտումներ լինում են, բայց նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտություն պարզապես չկա»։ Ըստ քաղաքագետի, եթե մենք իսկապես ուզում ենք լուծել այդ խնդիրը, որն անկասկած կա եւ անգամ հրատապ է մեր հասարակության համար, ապա պետք է այլ տեղից սկսել։ Նրա կարծիքով՝ հուշելու կարիք չկա՝ բոլորին է պարզ, որ խոսքը առաջին հերթին կրթության մասին է, հետո նաեւ այն արժեքների, որ պետք է սերմանել մարդկանց մեջ։

Համաձայնելով այն մտքին, որ «մեր ժողովուրդն ամենեւին էլ վայրի չէ, ինչպես դա ներկայացնում են «լավագույն մարդիկ»», մենք եւս կարծում ենք, որ մեզանում վաղուց արդեն լուծված են այն խնդիրները, որոնք շատ «առաջադեմ» հասարակություններում նոր են ծագում։ Անհերքելի է, որ ընտանիքներին վերաբերող հարցերում առավել եւս, քանի որ շատ ավելի բարձր եւ գիտակից մակարդակում են մեր ընտանեկան հարաբերություները, քան եվրոպաներում, ամերիկաներում, ռուսաստաններում… Քաղաքագետը պնդում է, որ ընտանեկան բռնությունը միակ հարցը չէ, որ ծագում է կրթության որակի բացակայությունից։ Հետեւաբար, հետեւանքների դեմ պայքարից պետք է անցնել պատճառները բացահայտելու եւ բուժելու մարտավարությանը, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։

Անցնելով բուն թեմային՝ նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ եւ հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ մասնավորապես նշեց, որ քննարկումը բոլորի համար օգտակար ու հետաքրքիր կլինի: « Նախ պետք է շեշտեմ, որ վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու հանրային պահանջը: Պաշտոնապես 2012-2016թթ. ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Ավելին, քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17%-ը: Բացի այդ, 2015թ. միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47%-ը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: 2017թ. 1-ին կիսամյակում քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով»:

Ապա նախարարը նկատել է, որ ընտանեկան բռնությանն ավանդաբար ներհատուկ է «լատենտայնության բարձր մակարդակ եւ տուժողների մեծ մասը տարբեր սոցիալ-տնտեսական եւ մշակութային պատճառներով իրավապահներին չի դիմում»: Եվ, ըստ նրա, ստացվում է, որ յուրաքանչյուր սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործ քննելիս, որը կատարվել է ընտանիքի անդամների միջեւ, բացահայտվում է այդ ծանր հանցագործությունների նախորդած ընտանեկան բռնության տեւական պատմություն:

«Հասարակական կազմակերպությունների տվյալներով միայն կանանց շրջանում ընտանեկան բռնության հետեւանքով աջակցության համար իրենց դիմած տուժողների թիվը 2016թ. եղել է շուրջ 5000: Այնուամենայնիվ, գործող օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնությանը համարժեք արձագանքելու, զոհերին պաշտպանելու եւ աջակցելու, ընտանեկան բռնությունը կանխարգելելու արդյունավետ ու բավարար գործիքակազմ: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, չի վարվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր եւս: Ընտանեկան բռնության մի շարք մահացու ելքերով դեպքեր հնարավոր կլիներ կանխել, եթե ունենայինք այդ պաշտպանական մեխանիզմները»,- նշել է արդարադատության նախարարը:

Նշվում է, թե օրենքի ընդունումը նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով, ինչպես նաեւ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ու կոմիտեի հանձնարարականներով:

Հասկանալով, որ այս ծաղկաքաղ մտքերը չեն ազդելու այսօրինակ օրենքներից զգուշացող մարդկանց մտայնության վրա, նախարարը փորձեց այլ կերպ մոտենալ հարցին: Նա հակառակ կողմից անդրադարձ կատարեց՝ նշելով, թե ցանկանում է հատուկ նշել, թե հատկապես ինչ չի սահմանում նախագիծը:

Ըստ նրա՝ «նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որեւէ նոր հիմք ու կարգ: Այս մասով շարունակում են գործել Ընտանեկան օրենսգրքում ամրագրված կարգավորումները: Մենք չենք գնացել քրեական պատասխանատվության խստացման ճանապարհով եւ չենք որդեգրել պատժողական քաղաքականություն: Նախագծի նպատակն է, ինչպես երեւում է դրա վերնագրից, կանխարգելել ու պաշտպանել: Ուստի, նախատեսվող սահմանափակումները կրում են ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ բնույթ: Նաեւ նախատեսված է հաշտարարության եւ բռնություն գործադրած անձի համար հոգեբանական օգնության հնարավորություն՝ մի կողմից ընտանիքը պահպանելու, մյուս կողմից՝ նոր բռնությունները կանխելու նպատակով»:

Ապա նշվեց, թե նախագիծը  սահմանում է՝ 1. Պաշտպանական նոր մեխանիզմներ՝ անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների տեսքով: 2. Տուժողի համար պետության կողմից աջակցության կենտրոնների եւ ապաստարանների հիմնադրում, աջակցության հաշվեհամարի բացում: 3. Ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որի հետեւանքով կնվազեցվի դրա լատենտայնությունը եւ ավելի հստակ պատկերացում կունենանք դրա ծավալների մասին: 4. Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի ձեւավորում՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ամուր հիմքերով: 5. Ոլորտին առնչվող համապատասխան մասնագետների պարբերական վերապատրաստման պահանջ:

«Առավել պրոֆեսիոնալ քննարկումներ են անհրաժեշտ մտահոգությունները վեր հանելու, փարատելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին: Քննարկում է եղել օրենքի նախագծի ընդդիմախոսների հետ, եւ հիմա էլ փորձում են հասկանալ տարբեր դիրքորոշումները:

Ըստ ՄԻՊ-ի՝ օրենքի նպատակներից մեկը պետք է լինի ընտանեկան արժեքների խթանումը եւ ընտանեկան ավանդական արժեքների ամրապնդումը, ընտանիքի պաշտպանությունը: Նա նկատեց, թե պետք է նաեւ հաշվի առնել, որ ընտանիքում բռնության դեպքերը աճի միտում ունեն, ինչն իհարկե մտահոգող է:

«Միայն ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներից, շատ դեպքեր կան, որ գործող օրենսդրական կարգավորումները պատշաճ հնարավորություն չեն տալիս արձագանքելու,- նշել է պաշտպանը, ապա համաձայնել,- նախագծում առավել շատ քննարկման առարկա են դարձել հոգեբանական ու տնտեսական բռնությունների մասը: Այդ քննարկումները, որին մենք էլ ենք մասնակցում, հենց դրան են ուղղված՝ փորձում ենք հասկանալ, թե որոնք են այդ մտահոգությունները եւ հնարավոր կիրառության ժամանակ որտեղ կարող ենք խնդիր ունենալ»:

Հարցին, թե ի վերջո ավանդական հայկական ընտանիքին ուղղված ռիսկեր կա՞ն, որոնցից մտահոգվելու առիթ կա, Արման Թաթոյանը նշել է. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն՝ այդ թվում սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները: Առաջարկելու ենք ձեւակերպումներ, որոնք հատկապես կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբեւէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները»: Այն դիտարկմանը, թե կան մարդիկ, ովքեր ասում են «ես եմ, իմ կինը, ինչո՞ւ եք ներխուժում ընտանեկան վեճերի մեջ», պաշտպանը նշել է, որ «Սահմանադրությամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Պետության համար առողջ հասարակություն ունենալու համար չափազանց կարեւոր է, որ ընտանիքի բոլոր անդամները լինեն լրիվ առողջ, որովհետեւ երեխան ունի ընտանիքում ապրելու լիիրավ իրավունք։ Հետեւաբար՝ ընտանիքում պետք է մեծանա առողջ երեխա, ու նաեւ պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները: Իհարկե, այս օրենքը չի վերաբերելու երեխային խրատելուն, ծնողական ապտակին եւ դաստիարակությանը»:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանն էլ կարծիք է հայտնել, որ «Ընտանեկան բռնությունների դեմ» օրինագիծը հասարակական պահանջ եւ անհրաժեշտություն չունի: «Այդ օրենքը հասարակական պահանջ չունի այն ձեւով, ինչ ձեւով, որ ներկայացվում է: Մինչեւ օրենքի դրույթների մեջ մանրանալը, քննարկելը, վտանգները կամ լավ կողմերը քննարկելը պետք է նայել այդ օրենքը պե՞տք է, թե պետք չէ: Այսինքն՝ նման օրենքի նախագիծ, որ դրված է հասարակական քննարկման, որ շուտով կառավարությունը ԱԺ-ում նախաձեռնությամբ հանդես կգա, նման օրենքի նախագծի անհրաժեշտություն չկա եւ հիմնավորում ենք՝ ինչու չկա»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այդ նախագիծն առարկայական վտանգներ է պարունակում, իսկ ինքը չի հերքում որ մեր ընտանիքներում կա բռնության աճ՝ միջանձնային հարաբերություններում, ծնող-երեխա, ընտանիքի անդամներ: Բայց առաջարկում են, որպեսզի այդ բռնության աճը դադարեցվի, նվազագույնի հասցվի առանց նոր վտանգների: Նախ պետք է հասկանալ, թե այդ ընտանիքներում ինչու է միջանձնային հարաբերություններում բռնությունների քանակն ավելացել: Եթե այդ հարցերի պատասխանը տանք, կհասկանանք՝ նման օրենք անհրաժեշտ է, թե ոչ»:

Նա հիշեցրել է, որ Արդարադատության նախարարությունը նշել է, որ 2012-2016թթ. ընտանեկան բռնության 3571 դեպք է եղել: «Նշված է նաեւ, որ դա մտահոգիչ է: Մենք էլ ասում ենք, որ մտահոգությունը չափորոշիչ չէ, չափորոշիչն այն թվերն են, որ ներկայացված են: Նշված թվերը նման օրենքի պահանջ չեն առաջացնում»:

Այլ բանախոսներ էլ այս առումով խոսել ու նշել են, թե 3-4 միլիոնանոց հայաստանահայության մեջ 3-4 հազար դեպքը չի կարող չափանիշ ու չափորոշիչ լինել եւ օրենքի առիթ դառնալ... Ոմանք էլ արդարադատության նախարարի խոսքը մեջբերելով՝ «Կնոջը եւ երեխային ծեծելը մեր ազգային ավանդույթը չէ», հավելում էին, որ ոչ ազգային ու նաեւ քրեական երեւույթների դեմ պիտի գործեն իրավապահ մարմինները, ինչն էլ իրականացնում են համապատասխան մարմինները եւ եվրապարտադրանքների գերի դառնալու համար անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանության հարցը եվրաիրավական դաշտ տեղափոխել:

Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը:

«Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս Սոչիում մասնակցել եւ ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Ըստ նախարների, խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձեւաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության սերտացման ուղղված երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք արժանացել են նախարարների հավանությանը։

ԱԳ նախարարները հավանության են արժանացրել «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը։

Այս մասին խոսել է նաեւ մեր երկրի ղեկավարը: «Համատեղ աշխատանքի մեկ այլ կարեւոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը՝ հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»,- իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի մասնակիցները hավանություն տվեցին 2019թ. ԱՊՀ-ում Գրքի տարի հռչակելու որոշման նախագծին: Անդրադարձ է արվել Հայրենական Մեծ պատերազմում հաղթակակի 75-ամյակի նշմանը։ ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. ապրիլին Մինսկում։

Հայկ Թորգոմյան եւ Անի Մարության

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։