Տիրատոն. հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Այսօր, հոկտեմբերի 16-ին, հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչների առաջին խումբը Տիրատոնը նշեց վաղ առավոտյան Զվարթնոցի հինավուրց տաճար այցով: Այս տաճարում, որտեղ պահպանվում են Տիր Աստծո տաճարի մասնիկները, խորհրդապաշտական երկրպագություն եղավ, որի ժամանակ հայ արիները Տիր Աստծուց խնդրեցին իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:  Հայ արիների ու հեթանոս ազգայնականների երկրորդ խումբը միաժամանակ, դարձյալ վաղ առավոտյան, ծիսական արարողություն կատարեց Քարահունջի աստղադիտարանի տարածքում: Ծեսը սկսեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներ Արմոգը, Արեգն ու Արամը՝ ծիսական կրակը վառելով ութանկյուն ջահով: Սրբազան ծեսը կատարվեց ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության: Քրմերը խոկալու պայծառություն խնդրեցին Իմաստնության Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը: Եվ խոհեմություն ու ուժ խնդրեցին՝ այլեւս երբեք չկորցնելու գտնվածն ու գտնվելիքը: Ու քանի որ Տիր Աստվածը համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի, ավանդույթ-սովորույթների պահապան հովանավորը, ուստի սրբազան ծեսի մասնակիցները Տիրատոնի օրը երդում կերան՝ ամեն օր անդադրում պայքար մղել  ընդդեմ մեր մշակույթն ու ավանդույթները կործանել ցանկացողների:

Լինելով արարչածին ազգ, ունենալով արարչակնիք գեն, եւ ունենալով Տիր Աստված, մենք չէինք կարող լինել անգրաճանաչ եւ անայբուբեն… Քրմերը ձոն հղեցին առ Տիր Աստված՝ ցանկալով, որ Նա հայոց միտքը միշտ արթուն ու զգոն պահի:

Սրբազան ծեսից հետո ութանկյուն ջահից կրակ ստացավ ծեսի մասնակից զույգը, որի ամուսնության 44-րդ տարեդարձը հենց Տիրատոնի օրը լրացավ: Նրանք էլ իրենց հերթին վառեցին մյուս մասնակիցների լապտերները: Տիրատոնի կրակները նրանք իրենց օջախներ կտանեն՝ ի պատգամ հայոց ընտանիքների մեծ սիրո ու հարգանքի հենքով կառուցքի անխախտության:

Տիրատոնը կշարունակվի գինըմպումով, երգ ու պարով, 44-ամյա ընտանիքի՝ տոնին նվիրաբերած 44 գաթաների համտեսով:

Երեկոյան Տիրատոնի երկու խմբերն էլ կհավաքվեն ՀԱՄ երեւանյան գրասենյակում՝ Հոգեւոր հանձնախմբի հետ  քննարկելու ներքին որոշ հարցեր, որոնց «լուծման» օրենսդրական ներկայիս «տեսքը» մտահոգում է մեր հանրությանը: Քննարկմանը կմասնակցի նաեւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

http://www.hayary.org/wph/?p=6571Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված ՏիրինՀայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորությանԱյս օրերին նաեւ Ուսուցչի տոնն էՍերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն էՀայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովըԱշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

16.10.2017թ. Քարահունջ-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։