Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Բացելով Հայոց պարի մասնատուփը՝  շարունակենք ներկայացնել մեր երգերի ու պարերի հզոր բառագանձարանի ուսումնասիրությունը:

Խոսենք «պատգամ» բառի ծագումից եւ գաղափարական մեկնաբանությունից:

Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ /ՆՀԲ/

Մեր մշակույթի, լեզվի մեջ «պատգամ» բառն ունի աստվածային խոսքի, ուղերձի իմաստ, այն համարվում է երկնային խոսք, աստվածային խոսք: Պատգամ բառը կազմված է երկու բաղադրիչից՝ պատ+գամ: Այժմ մեկնաբանենք «պատ» բառը եւ տեսնենք «պատ» բառը մեր լեզվի մեջ ինչ իմաստներով է հանդես գալիս:

Պատ բառը բնիկ հայերեն բառ է, մեր նախնիների լեզվամշակույթի մեջ պատ է համարվել երկինքը, որը պատ է դարձել ամենայնի, պատ՝ երկրի համար: Պատ-երկինքը մեր լեզվում ունեցել է նաեւ «լույս» իմաստը, բնականաբար, երկինքը նաեւ լույս է բերում: ՆՀ Բառարանում պատը ներկայացնում է նաեւ հետեւյալ մեջբերումով՝ «Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ» (Շիրակացի): Օդք շուրջք, հուր պատ առեալ, հաստատութիւնն շրջակայ- Մխիթար Այրիվանցի:  

Պատ բառի բազմաթիվ համաձեւերը գոյություն են ունեցել մեր նախնիների լեզվում, որոնք դարձել են հնաբանություններ եւ փոխարինվել են այլ արդիական բառերով, հիմնական մասն էլ հայերենից փոխառնվել է այլ ժողովուրդների կողմից. այդ բառերը շատ են իրաներեն լեզվում, իսկ ժամանակի ընթացքում հայերենում մոռացվել կամ դուրս են մղվել գործածությունից:

Գամ – բառը հայերենում ունի մեխ, բեւեռ, ժամ, գալ, իղձ, կամք իմաստները: Այսպիսով՝ պատգամ նշանակում է ՝ կամք, գամային որոշում, պատվեր Երկնքից: Ուսումնասիրելով «պատ» բառի համաձեւերը կամ համաձեւ նույնանունները մեր լեզվի մեջ, ներկայացնենք «պատ» բառի ծագումը՝ ըստ դիցական իմաստաբանության:

«Սասունցի Դավիթ» ԽաչՊատՐաԱստեն վեր աջ թեւին

«Սասունցի Դավիթ» էպոսի մեր էպիկական հերոսները կրում են ԽաչՊատՐաԱստեն վեր աջ թեւին, որը պետք է մեկնաբանել՝ Պատ-Երկնքից Րա -Ար Աստծո ուղարկած Խաչը՝ վեր աջ թեւին: Padre -Պադրա- Հայերենի պատ-երկինք եւ Ռա-Րա-Ռահ Աստված բառերի միացությունն է, Պադրա- Padre բառ լատիներեն լեզվում ունի Սուրբ Հայր իմաստը:

Պատգոչ-բանբեր

Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր: Հայերենի պատգոչ-բանբեր բառը իրաներենում դարձել է պատգոս՝ չ/ս, իսկ հայերենում մոռացվել եւ դուրս է եկել գործածությունից: Կազմված է պատ + գոչ բաղադրիչներից, պատ-երկինք եւ երկնային ձայն գոչ-գոս բառերից: Գոչ բառը հայերենում ունեցել է մեծ թմբուկ, դհոլ իմաստը:

Գոչ, գոռոչ- գոռոց բառերը հայերենի բնաձայնական բառերի շարքին են պատկանում, այս հիմքից են կազմված «խորոզ»-աքլոր եւ բազմաթիվ այլ բառեր: Շումերերենում gurus- բառն ունի «Բարձր», «Տեր» իմաստը: Շնորհալի. «Եդեսիան գոսեր»- այստեղ՝ Եդեսիա գոչեր -խոսել իմաստն ունի՝ ց-չ-ս հնչյունական անցումով: Պատ- երկիք եւ գոս-գոչ իմաստով, երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից: Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը:

Եթե փորձենք ըստ բառագանձի վերականգնել մեր նախնյաց կյանքը, ապա կստանանք հետեւյալ նկարագիրը՝ ըստ մեր նախնյաց պատկերացումների՝ Աստվածների պատգամը եկել է Պատգոչ-բանբերի միջոցով. այն մտել է Աստվածների Տաճար, ընդունվել է տաճարներում, մեհյաններում, եկեղեցիներում եւ կատարվել է գոչ-երկնքից եկած գոչ- կոչը, դիցական ձայնը, խոսքը, աղոթք, ծիսական գործողությունը:

Պատգոչ, պատգամ, գոչ- դհոլ, տաճար-գավազան բառերը բնիկ հայերենի հնախոսական, պատմադիցական բառեր են, որոնք կազմել են ծիսական արարողակարգերի հիմնական գործագամերը: Ահա այս երեւույթը, ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական: Տաճարներում եւ մեհյաններում ծիսական արարողակարգերը դարձել են պարեր: Օրինակ՝ հայկական իշխանական պարերը կրում են հայ դիցերի, աստվածների պատգամները, պատգոչերը, հրովարտակները:

Հրովարտակ - Հրո+վարդ+ակ, հրո վարդ -խոսք բառի ծագումնաբանական մտածողությունը կապված է դիցապատմական ավանդազրույցների հետ: Բառը կազմված է հուր+վարդ+ակ արմատներից: Հուր-բառն ունի Արեւ- հուր-կրակ իմաստը, վարդ –բառը հուր կարմիր թերթեր ունեցող վարդն է՝«Վարդ» վառեալ կարմիր ծաղիկը, ակ- շրջան, կրակի շրջան: 1.Վարդապետ բառը կազմված է վարդ-վառեալ ծաղիկ, հրակարմիր խոսք, բառիմաստից, Wort- գերմաներեն ՝«բառ», word – անգլերեն՝ բառ, հայերենում վառ-Վարդ- բառ- գերմաներեն-Wort: Վարդապետ բառը հայերենում ունի՝ խոսքի, բառի ուսման առաջնորդ վարպետ իմաստը: Վարդ-Վարդապետ բառը հնախոսական դիցաբառ է, կապված է Վահագնակրակի կարմիր բոցի, Վահագնի Աստղիկի դիցապատումի հետ՝ Հրովարդակ:

Տաճար, գավազան

Տաճարը հայ մշակույթի մեջ ունի երկու իմաստ, գավազան եւ դիցական պալատ: Տաճար է համարվում կարճ ու հաստ գունդ գլխով գավազանը, որի կլոր գլուխը երկրագնդի իմաստն ունի (Փայտ գլուխը գունդ -Մալխասյանց էջ 368):

Տաճարագիր՝ դաճ-տաճ-դաճելու գործիք: Տաճար-Գավազանը համարվել է պատգոչ, բանբեր, որը տաճարներ եւ մեհյաններ է բերում Արարչական խոսքը: Տաճարը որպես պատգոչ գավազան շնորհված է պատգամական առաքելությամբ. Վարդ -վարդապետական խոսքի առաջնորդության, -Ասա -ասողական, բանախոսական եւ -Մական-վրայի, վերեւի, բարձր, գերագույն խոսքի գավազան: Գավազանը օժտված է եղել աստվածային իշխանությամբ, հրաշագործությամբ, այն հաղորդում է զորություն, իմաստություն, հավիտենություն:

Տաճար-Դիցատաճար, եկեղեցի, բառի ծագումնաբանական մեկնաբանությունը Տաճար՝ տայ ի ճառ, տայ ի ճառագ..

Ըստ ՆՀ Բառարանի՝ «տաճար» բառն ունի ունի տայ ի ճառ, պատգամ ի մեհենի, հրո ճառ իմաստները: Տաճարը համարվում է Արարչի պալատ, ապարանք: Տաճարը համարվել Դիցերի, Աստվածների պատգամախոսարան, տաճարներում են կատարվել Դիցերի ծիսական արարողակարգերը, բնության, զարթոնքի, ազգի պահպանման, դիցերի ուղարկած պատգամների ծեսերը, գոչերը, ազդերը: Տաճար բառը հայ բանահյուսական բառագանաձարանում հանդիպում ենք հետեւյալ բառակապակցություններում. Ի տայ վեր Աստված եւ դիք, տայ ի ճար, տայ ի ճառ, տայ ի ճառագ, տայ ի ջահ: Տաճար բառն ունի նաեւ սեղան, բազմակ, արքունիք իմաստները: Իգդիրում թոնրի կրակի վրայ երդվում են՝ ասելով «այս տաճարը վկա»: Սալմաստում շատ բորբոքված կրակին նայելիս ասում են- Սիվտըկել է իշխո տաճար(Հր.Աճ.): Տաճարաշինությունը Հայկական բարձրավանդակում առանձնապես ծաղկում է ապրել դեռեւս Արրատա-Ուրարտական ժամանակաշրջանում:

Վերականգնելով արդեն մոռացված դիցապատմական բառագանձի խճանկարը՝ կարողանում ենք կազմել արեւապաշտական ժամանակաշրջանի տաճարային եւ մեհենական համակարգի քրմական եւ ծիսական արարողակարգերի նկարագիրը, ասելիքը, խոսքը:

Հարկ եմ համարում փակագծերում անհրաժեշտ մի նշում անել: Տաճար-եկեղեցի-բառի գաղափարային իմաստը կապված չէ Տաճիկ-տաջիկ բառի հետ, այն արմատական զուգադիպություն է: Tat-cik- թաթ-թաթար, տաճիկ-տաջիկ անվանել են արաբներին, ովքեր եկել եւ բնակվել են Միջագետքում: Տաճիկ բառը կազմված է թաթ+ ճիգ բառարմատից, այն ունի ճիգ, ծանրության տակ ճկվելու եւ արագավազ իմաստները, «տաճիկ ուղտ, Փավստոս Բուզանդ դ. 47. էջ 134, արագավազ երիվարս, տաճիկս, Փավստոս Բուզանդ դ. 54. էջ141: Tazik-tacik-tajik Միջագետքցի արաբ, երբ արաբը մեծացել է Պարսկաստանում՝ ustr-tazik -ուղտ արագավազ, tac- վազել բառից, թուքերեն tazik-արագավազ, որսի շուն: Երբ արաբները դարձան մահմեդական, ընդունեցին իսլամ, տաճիգ անվանեցին մահմեդական բոլոր ցեղերին: Սելջուկներին տանջանք, չարչարանք ու նեղություն տալու պատճառով անվանել են Տաճիկ-տաջիկ:/Հր. Աճառյան Տպագիր հատոր 4, Էջ 365/

Մեհյան - մեհյան կամ մեհենական բառի արմատը Միհր անունն է՝ Մի Հուր, Արեգակ իմաստով: Միհրը Հայոց արեւապաշտական դիցարանում հայ հավատքի Արեգակի, Լույսի, Ճշմարտության Աստվածն է: Հին հայկական տոմարում յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը կոչվել է Արեգ-Միհր, իսկ յոթերորդ՝ փետրվար ամիսը, կոչվել է Մեհեկան -Մե Հուր-եկ իմաստով: Մեհեկան ամսին Հայոց երկրի վրա վառում են «Մի հրո շրջան, մի հուրի եկը՝ մեհեկանը, մէհուրէկի, կրակ- տրնդեզ, նախապատրաստե լով Արեգակնագալը՝ Արեգակի ծնունդը: Միհրի աստվածության վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ եւ Փոքր Մհերներն են։ Հայաստանում Միհրին նվիրված ծիսական կառույցները համարվել են մեհյաններ: Միհրին նվիրված տաճարը գտնվել է պատմական Հայաստանի Դերջան գավառի Բագահառիճ ավանում, Գառնիում:

Մուսասիր - ըստ Հրաչյա Աճառյանի հայերենի արմատական բառարանի, մուռ-ը բնիկ հայերեն արմատով բառ է, որից կազմվել են մռմռալ-մուռինես, մուռ տաճականով-աղմուկ ապստամբություն բառիմաստները:

Մուսե արջասպ – սեւ թանաք-սեւ գրություն, մուստ/ր-մուստառ: Մուսիր-մուսուր նշանակում է սուրհանդակ, որ մարդկանց դատարան կամ ատյան է տանում: Հետեւաբար Մուսա-սիր բառը ունի դատաստանագիր իմաստը:

Մուսասիր բառի աճառյանական այս մեկնաբանությունը լուսաբանում է Ardin-Արդին տաճարի՝ Մուսասիր իմաստային վերանվանումը: Բանն այն է, որ Մենուան Արդինի տաճարը պետության հոգեւոր կենտրոն էր դարձրել, հայ Արեւ դիցերի դիցարան: Իսկ Ասորեստանի թագավոր Սարգոնը տաճարը կողոպտեց, Արդին տաճարը անվանեց Մուսասիր: Արդին արեւապաշտական տաճարը դարձավ դատարան, դատ ու դատաստան՝ տաճար ավերողների եւ գերեվարողների համար: Միգուցե այդ էր պատճառը, որ Ասորեստանի հզոր կայսրությունը կործանվեց, վերացավ երկրի երեսից: Հայ ժողովրդի ասածով՝ «Մուռը հանեց»:

Հայ դիցապատմական մշակույթի մեջ մեզ հայտնի հնագույն տաճարներից են երկնքի ու երկրի արարիչ Արամազդին նվիրված-ծիսական տաճարը Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Մայր դիցուհի Անահիտի տաճարը Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանում, Արտաշատի տաճարները, Վիաշապաքաղ Վահագնի գլխավոր մեհյանը Աշտիշատում, որը կոչվել է Վահեվանյան, Տարոնի գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա Քարքե Լեռան Լանջին: Վահագնի եւ Աստղիկի սրահը կոչվել է «Սենյակ Վահագնի», Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում, Միհրի Գառնիի արեւապաշտական տաճարը։ Արամազդի պատգամախոս, Դպրության, պերճախոսության աստված Տիրին նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում ՝ Երազամույն։

Տաճարի եւ մեհյանի ամբողջական, գաղափարական եւ բառագիտական մեկնաբանությունը տալուց հետո կարող ենք հստակորեն համոզված հաստատագրել, որ տաճարներում են կատարվել Աստվածներին նվիրված ծիսական արարողակարգերը, տաճարներում եւ մեհյաններում են ծիսական արարողակարգերը դարձել պարեր, եւ հայկական պարերը կրում են հայ դիցերի աստվածների պատգամները, հրո վարդ ակ ճառերը, որոնք պարել են հրապարակներում:

Ի դեպ, ասեմ, որ Հնդկաստանի Թաջ Մահալ տաճարը կրում է Տաճար-Մեհյան անունը: Տաճար եւ Մեհյան գաղափարական միասնությունը հիմք է դարձել Հնդկաստանի Թաջ Մահալ 1632-1653-թթ. տաճարի անունը կնքելու համար: Ըստ Մահադխ համալսարանի պրոֆեսոր եւ պատմաբան Մանիշ Սինխանի՝ պարզվում է, որ Հնդկաստանի պատմագրության ժամանակի մեջ հայերի թողած գրավոր արժեքները փաստում են, որ Հայերը Հնդկաստան են ուղեւորվել դեռեւս Ք.ա երկրորդ հազարամյակից՝ Ասորեստանի թագուհի, ծագումով արամեացի Շամիրամի հետ, Ք.ա 327թ. Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակի կազմի հետ…

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։