Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=6574Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

Շվեդիան էլ է բնապահպանական հարցերին շատ նրբանկատորեն մոտենում: Հանքերի շահագործման թույլտվություն տալիս է միայն այն բանից հետո, երբ մեկ այլ մասնագիտական ընկերություն, ոչ հանքը շահագործող ցանկացող ընկերության վարձած, դրական եզրակացություն է տալիս: Ընդ որում, ընկերությունը հանքի շահագործման ծրագրում պետք է նշի նաեւ, թե շահագործելուց հետո ինչպես է փակելու հանքը եւ թե բնապահպանական ինչ ծրագրեր է իրականացնելու այդ տարածքում, որպեսզի փոխհատուցի տարիների շահագործման վնասները:

Նորվեգիայում բնապահպանական հարցերին մեծ ուշադրություն են դարձնում եւ չեն թաքցնում, որ Հյուսիսային ու Նորվեգական ծովերի այսպես ասենք հատակային գոտու աղտոտման պատճառը նավթային արտադրությունն էր: Եթե ինչ-որ բան չմտածեն, դա կվնասի նաեւ ձկնային արդյունաբերությանը: «Կանաչներն» այս մասին մշտապես են ահազանգում:

ԱՄՆ-ի փորձին չենք անդրադառնա, քանզի այն լավագույններից չէ: Ընդհանուր առմամբ՝ նման է ռուսաստանյան փորձին, դրա կրկնությունն էլ Հայաստանում է՝ թեկուզ հենց տեխնոլոգիական գործոններով պայմանավորված:

Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն: Հապա ի՞նչ ասենք մեր պարագայում:  

Մենք պետք է առավել քան խիստ լինենք:

Եվ դա շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ, ինչպես փաստում են մասնագիտական տվյալները, մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում: Համեմատության համար նշենք, որ աշխարհում այդ թիվը 16-18 է: Տարբերությունը, վստահաբար, ակնառու է: Հետեւաբար, մենք պետք է այնպես անենք, որ հանքարդյունաբերության տված վնասն ավելի շատ չլինի, քան օգուտը: Եվ ուրեմն՝ հանքարդյունաբերության զարգացումը բնապահպանական մասից անջատ չպետք է լինի: Ըստ այդմ, ի՞նչ է որոշել մեր գործադիրը:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, որ հենց հայեցակարգի մշակողն է, ոլորտի զարգացման հետ մեծ հույսեր է կապում: Ճիշտ է, ներկայումս համաշխարհային ապրանքային շուկաները անկում են ապրում, ընդհանուր առմամբ մետաղների գներն ընկել են եւ պահանջարկի մակարդակը ցածր է, բայց հանքարդյունաբերության ոլորտը ցիկլային է, եւ վաղ թե ուշ շուկան վերելք  կունենա եւ, ըստ այդմ, մենք էլ կշահենք. ի հայտ կգան նոր ներդրումներ: Այս առումով, ըստ նախարարության, կարեւորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարեւոր է ունենալ կայուն, պարզ եւ թափանցիկ իրավական դաշտ: Իսկ  ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու եւ ոլորտի կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն, որը թույլ կտա ի հայտ բերել համեմատական առավելությունները: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման եւ ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այն մարտահրավերներն ու հնարավորությունները կառավարելու համար, որոնք ի հայտ կգան այդ փուլում:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը չի հերքում, որ հանքարդյունաբերությունը դրականից զատ (աշխատատեղեր, տեղական բյուջեներ վճարված հարկեր) բացասական հետեւանքներ էլ է թողնում (բնապահպանական եւ առողջապահական խնդիրներ):

Դրականի մասով ասենք. 2015թ. հանքարդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 31,1%, իսկ ՀՆԱ-ի մեջ՝ 2,1%: 2010-2015թթ. Հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից վճարված հարկերը կազմել են տարեկան շուրջ 40 մլրդ. դրամ: Հանքարդյունաբերությունը էական մասնակցություն ունի ՀՀ արտահանման մեջ: Վերջին 6 տարիների ընթացքում այն կազմել է 2,38 մլրդ ԱՄՆ դոլար: Հանքարդյունաբերությունն էական մասնակցություն ունի նաեւ մարզերում աշխատատեղերի ապահովման գործում: Վերջին 6 տարիների ընթացքում ոլորտում զբաղվածների թիվը միջին հաշվով կազմել է շուրջ 9600 մարդ:

Բայցեւ՝ «չնայած դրական փոփոխություններին եւ տնտեսության մեջ ունեցած դերին, պետք է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման եւ վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով»:

Նկատենք, որ ոլորտում կայուն զարգացում ասվածը ենթադրում է երեք բաղադրիչների՝ բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական, համահունչություն, ներդաշնակություն:

Նախարարությունը հավելում է. «Շրջակա միջավայրի վրա ներգործությունը պետք է ընդերքօգտագործողների կողմից պատշաճ կառավարվի, իսկ նրանց գործունեությունը չպետք է նշանակալի ռիսկ առաջացնի հարակից համայնքների կամ հողօգտագործողների համար պոչամբարների պատահական արտահոսքի կամ լեռնատեխնիկական վթարի հետեւանքով»:

Այս առումով ի՞նչ վիճակ է մեզ մոտ:

Թողնենք, որ կրկին Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը խոսի: «Այսօր իրականացվող օգտակար հանածոների արդյունահանման եւ երկրաբանական ուսումնասիրության հետ կապված աշխատանքները մեծ մասամբ հիմնվում են խորհրդային տարիներին կատարված աշխատանքների վրա: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում շատ քիչ բան է արվել երկրաբանական հետախուզման եւ նոր հանքավայրեր բացահայտելու առումով, ինչը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ հանքարդյունաբերության ոլորտում պաշարների արդյունահանման անընդհատությունը եւ արդյունահանման նույն մակարդակը չապահովվի: Սա ինքնին վտանգում է ոլորտի տնտեսական կայունությունը, ինչպես նաեւ Հայաստանի ամբողջ տնտեսությունը, եթե հաշվի առնենք վերջինիս համար ոլորտի հարաբերական կարեւորությունը»:

Շարունակենք դարձյալ պատկան մարմնի տվյալներով. պինդ օգտակար հանածոների արդյունահանման գործող ծրագրերից ոչ մեկը չի կարելի համարել բնապահպանապես կայուն: Որովհետեւ պինդ օգտակար հանածոներ արդյունահանող փոքր ընկերությունները, որոնք ընդգրկված են խորհրդային շրջանում հայտնաբերված հանքավայրերի վատ կառավարվող արդյունահանման/ հետախուզման ծրագրերում, զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին:

Ընդհանուր առմամբ, ընդերքօգտագործող ընկերությունները չունեն համապատասխան ծրագրեր, եւ «նրանց կողմից չեն հատկացվում համապատասխան ֆինանսական միջոցներ հանքերի տեղամասերի, պոչամբարների վերականգնման եւ մելիորացիայի համար: Ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ներկայացվող հանքերի փակման ֆինանսական երաշխիքները եւ շրջակա միջավայրի պահպանման դրամագլխին հատկացվող միջոցները բավարար չեն նպատակին ծառայելու համար, իսկ նախկինում (նախքան մասնավորեցումը) պետության կողմից հանքավայրերի շահագործման արդյունքում կառուցված եւ շահագործված պոչամբարները, որոնք մասնավորեցումից հետո տրամադրվել են նոր սեփականատերերին, չունեն  պետության եւ նոր սեփականատիրոջ միջեւ պարտավորությունների բաշխման ֆորմալ կարգավորում: Հանքավայրերի պաշարների հաստատման եւ տնտեսական յուրացման արդյունավետության գնահատման ժամանակ չեն հաշվի առնվում հնարավոր բնապահպանական ռիսկերը»:

Ամփոփելով իրավիճակը՝ պետական մարմինը նշում է, որ Հայաստանում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների մեծ մասը լիարժեք կերպով չի ապահովում կայունության բոլոր երեք տարրերի պահանջները միաժամանակ, իսկ առկա տվյալները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ նույն իրավիճակն է նաեւ ոչ մետաղական օգտակար հանածոներ արդյունահանողների մեծ մասի մոտ:

Այդ թերությունների պատճառները բազմազան են, ներառյալ ընկերությունների անպատասխանատու վարքագիծը, ինչպես նաեւ աշխատանքների վերահսկողության եւ հսկողության համար պատասխանատու կառույցների փոխհամաձայնեցված գործողությունների իրավական դաշտի բացակայությունը, ինչպես նաեւ տեղի ունեցող խախտումների դիմաց համարժեք պատասխանատվության ենթարկելու գործիքների բացակայությունը կամ ոչ բավարար լինելը:

Հիմա՝ գանք այն հարցին, թե ոլորտում տիրող վիճակը շտկելու համարինչ է առաջարկում գործադիրը՝ ի դեմս Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության:

Օրինակ՝ հարկ է համարում բարելավել հանքերի փակման եւ հանքարդյունաբերության հետեւանքով խախտված ռեկուլտիվացման համար պահանջվող ֆինանսական երաշխիքների հաշվարկման մեխանիզմները: Նաեւ՝ պետք է մշակել լքված, ապօրինի, ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված, կոնսերվացված հանքերի կառավարման պլանները: Ի դեպ, այս պլաններն էլ պետք է ֆինանսական հաշվարկներ ներառեն:

Գործադիրը մտադիր է ուսումնասիրել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հեռանկարները Հայաստանում:

Պետք է ուսումնասիրել եւ մշակել հանքարդյունաբերության ազդեցությունը համայնքների զարգացման վրա: Անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել հանրային առողջությանը եւ աշխատանքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Մի խոսքով, գործադիրն ընդունում է, որ հանքարդյունաբերության ոլորտը, լինելով մեր երկրի արդյունաբերության կարեւոր ոլորտներից մեկը, դեռ չունի հստակ քաղաքականություն եւ ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական՝ ոլորտի կայուն զարգացում ապահովելու համար: Ուստի, որպես առաջնային լուծում կմշակվի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն: Կներգրավվեն շահագրգիռ կողմերը՝ կառավարություն, ոլորտի հետ առնչվող ճյուղային նախարարություններ, քաղաքացիական հասարակություն, հանքարդյունաբերող կազմակերպություններ, պոտենցիալ ներդրողներ, ազդակիր համայնքներ, միջազգային դոնոր կազմակերպություններ եւն: Ռազմավարության մշակման համար կպահնաջվի մեկ տարուց ավել ժամանակահատված, բայց այն կներառի 5-10 տարիների ռազմավարական գործողությունները:  Մի բան հաստատ է՝ այս ոլորտը զարգացնելու համար այն պետք է վերանայել: Դատելով միջազգային լավագույն փորձից, որին այդքան ուզում է հետեւել Հայաստանը, այդ վերանայում ասվածը անպայման պետք է խստացում ենթադրի: Ինչքան խիստ պահպանվեն նորմերը, այնքան քիչ կլինեն բնապահպանական, սոցիալական եւ, ըստ այդմ, հենց տնտեսական վնասները: Սա մի շղթա է, առանց որի ամբողջական պահպանման, անհնար կլինի օգուտներ քաղել ի շահ պետության ու քաղաքացու:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։