Ի՞նչ կտա առանց երրորդ կողմի հանդիպումը Արցախի խնդրին – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ… Ըստ Հայաստանի նախագահի՝ մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս… Բաքուն շարունակելու՞ է իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, թե՞…

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ինչպես նախատեսված էր՝ հոկտեմբերի 16-ին, Շվեյցարիայի  Ժնեւ քաղաքում: Հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ: Սակայն պիտի նշենք, որ այս հանդիպումը հերթականներից մեկն է ըստ էության, եւ չի կարող բեկումնային լինել։

Սեղանին դրված օրակարգային հարցերը հայտնի են, վաղուց մտած են փակուղի եւ դրա մեղավորը ցայսօր պատասխանատվության չի ենթարկվել: Իլհամ Ալիեւի համար նման հանդիպումների ավարտը հավասարազոր է այդ օրվա պայմանավորվածությունների ավարտին… Եվ նա կարող է բոլորովին այլ, անգամ հակառակ տեսակետը հայտնել Բաքու հասնելուն պես, ու անտեսել ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ որոշումները…

Սա այլեւս ծիծաղելի է, բայց իրականություն է, եւ հենց այս ԵԱՀԿ-ական անպատասխանատվությունն է պատճառն ադրբեջանական ամենաթողության եւ տարաբնույթ խախտումների:

Եթե Ադրբեջանն էլի կոշտացնի իր դիրքորոշումները եւ սադրանքների մարտավարությունն ընտրի, ապա Հայաստանն այս անգամ առանց երկմտանքի պիտի դադարեցնի բանակցությունները, ինչպես դա արեց հայ-թուրքական արձանագրությունների դեպքում՝ սառեցնելով դրանց վավերացումը, քանզի թուրքական կողմը հայ-թուրքական երկխոսությունը վերածել էր ոչ միայն նախապայմանների փաստաթղթի, այլեւ՝ եռախոսության՝ հայ-թուրքաադրբեջանական՝ հատկապես Արցախի խնդրի ներգրավմամբ:

Եթե եղավ այնպես, ինչպես նշվեց, ապա Բաքուն շարունակելու է ինչպես իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, այնպես էլ՝ չի դադարեցնելու անընդհատ զինվելու, մրցավազքը շարունակելու քաղաքականությունը։  

Ոստի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի կարողանա պահպանել հին ու նոր պայմանավորվածությունները եւ հետեւի դրանց իրականացման ընթացքին: Որովհետեւ հակամարտությունը ինչքան արտաքնապես հանդարտ է երեւում, այնքան էլ ավելի է խորանում ըստ էության՝ որպես տարածաշրջանային պայթուցիկ, ինչը վտանգավոր է դարձնում իրավիճակը հետագայի հետ կապված։

Ինչեւէ, համանախագահները գոհ են ժնեւյան բանակցություններից, այդ մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել։ ԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությունը այս անգամ ավելի դրական ու կառուցողական է դիտարկվել: Նախագահների հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը։ Ավելի ուշ նախագահները բանակցությունները շարունակել են առանձին:

«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում,- ասվում է հայտարարության մեջ:- Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն վերականգնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսված այս անմիջական բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Իսկ մոտ ապագայում համանախագահները կկազմակերպեն աշխատանքային  հանդիպումներ արտգործնախարարների հետ»:

Պետք է նշել, որ մեր պատվիրակությունը ժամանել է Ժնեւի «Կուանտրան» միջազգային օդակայան եւ այստեղից ուղիղ մեկնել բանակցությունների վայր: Ի դեպ, Շվեյցարիայի տարածք մտնելիս, Հայաստանի նախագահին ուղեկցել են այդ երկրի 2 ռազմական օդանավեր: Սա, ըստ արարողակարգի, հարգանքի նշան է համարվում:

Չնայած այս ջանքերին եւ ընդունելությանը, որոշ քաղաքագետներ, նաեւ ընդդիմադիր գործիչներ համարում են, որ Սերժ Սարգսյանը չի կատարել իր խոստումը: Նախագահն ասել էր, որ նոր հանդիպում չի լինի, քանի դեռ Բաքուն չի կատարում նախկին պայմանավորվածությունները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ չեն հայտարարում, որ  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են վերսկսել բանակցային գործընթացը։ Հայկական կողմից նման պատրաստակամություն կա, սակայն բանակցությունները տեղի չեն ունենում ոչ թե այն պատճառով, որ նախագահները պատրաստակամ չեն, այլ այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կատարում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բանակցային գործընթացը կասեցված է առավելապես այս պատճառով»,- ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։  Նա ենթադրում է, որ մի նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր կատարի, «հակառակ պարագայում որեւէ արդյունքի սպասելը տեղին չէ, ինչպես որ տեղին չէ նոր հանդիպման փաստը, քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվել»։

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մինչ հանդիպումն ասել էր, թե ակնհայտ է, որ բանակցային գործընթացում առաջընթացի դրական որեւէ միտում չկա, քանզի սահմանային սադրանքներն ու խախտումներն ամենօրյա են: Ուստի, ըստ փոխնախարարի, լուրջ սպասելիքներ գրեթե չկան:

Այսօրինակ տեսակետ է հայտնել նաեւ ազգագրագետ եւ ընդդիմադիր հանրային գործիչ Հրանուշ Խառատյանը, ով էլ հենց մեղադրում է Հայաստանի նախագահին՝ իր խոստումը չպահելու մեջ: «Երեւանը ցույց տվեց, որ հաշտվել է այն մտքի հետ, որ Վիեննայի համաձայնագիրը կարող է չգործել,- հայտնել է ազգագրագետը, ապա հավելել,- որովհետեւ Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի շարունակի բանակցությունները, քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը կյանքի չի կոչվում, բայց գնաց բանակցությունների»։

Շատ է խոսվում տարածքների մասին՝ կարգավիճակի դիմաց, նշել է նա՝ շեշտելով, որ նախկինում կողմ էր այդ մոտեցմանը: Սակայն ապրիլյան պատերազմից հետո հասկացել է, որ վտանգը կարող է անսպասելի մեծանալ եւ ըստ այդմ՝ ոչ մի փոխզիջման այլեւս կողմ չէ։ «Ո՞վ է կանգնելու երաշխավոր կարգավիճակի դիմաց տարածքների համար։ Ռուսաստա՞նը: Աշխարհում ո՞ւմ համար է նա երաշխիք կանգնել ու այնտեղ պատերազմ չի եղել։ Չկա նման երկիր։ Հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերը պետք է դնել մի կողմ, քանի դեռ դրանք կետ առ կետ բացահայտված չեն լինի։ Եվ, ընդհանրապես, ուր է նայում մեր դիվանագիտությունը»…

«Իլհամ Ալիեւը հերթական անգամ պլանավորում էր բանակցությունների ընթացքում հասնել իր մեկնաբանության գերակայությանն ընդունված սկզբունքներում,- հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, – ես շատերի նման համարում եմ, որ այս հանդիպման նպատակն ընդհանուր լարվածության մեղմումն էր, ոչ թե կոնկրետ պայամանվորվածությունների ձեռքբերումը»:

Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ընդհանուր բանակցությունների ավարտից հետո նաեւ առանձնազրույց է տեղի ունեցել: Իսկ ավարտից հետո Սերժ Սարգսյանը  մեկնել է Շվեյցարիայում մեր երկրի դեսպանություն, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ պաշտոնական Երեւանը համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Մեր երկրի ղեկավարն այս մասին նշելով հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ, առավել հաջողությամբ կշարունակվեն: Նա ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով:

Շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը նշել է. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ եւ՛ Ադրբեջանի նախագահը, եւ՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որեւէ հայ ղեկավար չի կարող ընդունել այնպիսի որոշում, որ հակառակ դիրքորոշումն ունենա եւ իրականացնել, եւ դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը Ժնեւում կարճատեւ հանդիպում է ունեցել նաեւ Կիլիկիո թեմի Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով  Բրյուսել մեկնելու ճանապարհին ցանկացել է հանդիպել նախագահին:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գոհունակություն են հայտնել նաեւ երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Համարում են, որ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ պատրաստակամությամբ՝ շարունակել լարվածության թուլացումը շփման գծում:

Հայտարարություն է տարածել նաեւ Արցախի ԱԳ նախարարությունը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարեւոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի  կողմից սանձազերծված  ագրեսիայի արդյունքում։ Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջ մղման հիմքերից մեկն է 1994 եւ 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաեւ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։

Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին եւս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»։

«Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Ժնեւում, արդեն իսկ դրական է։ Բայց ավելի կարեւոր է, որ այդ հանդիպումը միայն հանդիպում չլինի, այլ ունենա համապատասխան ելք։ Խնդիր այն է, թե որքանով հնարավոր կլինի հետամուտ լինել օրակարգային խնդիրների լուծմանը»,- նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նրա խոսքով, եթե կա հանդիպում, ապա կա նաեւ քննարկման նյութ, որի շուրջ կարելի է բովանդակային լուծումների հանգել։ «Այլ հարց է, որ Ադրբեջանին կրկին պետք է հետ վերադարձնել իրականություն։ Իսկ իրականություն վերադարձնելու համար անհրաժեշտ է նշել այն մեխանիզմները, որոնք պետք են շփման գծում իրավիճակը կայունացնելու համար։ Բացի այդ, պետք է շեշտել, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում  ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու առումով Ադրբեջանը չպետք է շփոթի ներքին հռետորաբանությունը եւ արտաքին

հայտարարությունները։ Կողմերը պետք է պայմանավորվեն սկզբունքների շուրջ։ Հայկական կողմն ունի իր օրակարգը եւ հասկանում ենք, որ անհրաժեշտ է այս օրակարգով առաջնորդվել»,- ասել է քաղաքագետը։

Եվ այսպես, ամփոփենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որը բովանդակային առումով ամենակարճն էր այդ ձեւաչափով բանակցությունների սկզբից ի վեր: Սակայն, դատելով համանախագահների հայտարարությունից, դրական է գնահատվել երկու կողմերի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները եւ գոհունակություն են հայտնել նախագահների անհատական հանդիպումից:

Ըստ մեր վերլուծաբանների, երբեք չի եղել գոնե մեկ դեպք, երբ կարծիքները համընկնեն: Նույնն արել են նաեւ կողմերի այն լրատվամիջոցները եւ քաղաքական մեկնաբանները, ում մի ձեռքն ազատ է, իսկ մյուսը խորացել է նախագահական տեղեկատվական «արտահոսքի» մեջ: Անկախ վերլուծաբանները եւ քաղաքական մեկնաբաններն արդեն սովորել են «արտահոսքի» տարբեր կտորներից հավաքել տվյալ պահի պատկերը, որը հարաբերականորեն արտացոլել է իրական վիճակը:

Տեսակետ կա, որ Ժնեւի հանդիպումը յուրահատուկ էր: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո կողմերը հանդիպեցին դեմ դիմաց, բաց տարածքում, ուր հնարավոր չէր գաղտնալսել (ընդգծում ենք այս պահը) եւ ճշտեցին իրենց տեսակետները: Մինչ այս Սարգսյան-Ալիեւ հանդիպումներն անցել են փակ սենյակներում եւ միշտ խոսակցությանը ներկա են եղել մի քանի կողմեր: Նշանակում է՝ կողմերն ասել են միմյանց այն, ինչը մինչ օրս չի ասվել…

Ի՞նչ կտա նման բացախոսությունը: Ինչպիսի՞ ընթացք կստանա հանդիպումների շարունակականությունը: Ինչպե՞ս կդրսեւորեն ադրբեջանցիներն իրենց սահմանային գոտիներում: Ինչքանո՞վ կլինեն համարժեք ԵԱՀԿ ՄԽ արձագանքները ժնեւյան եւ նախկին բոլոր պայմանավորվածությունները խախտվելու դեպքում… Եվ ամենակարեւորը՝ կփոխարինի՞ իր երկակի չափորաշիչների գործելաոճը ԵԱՀԿ ՄԽ-ն, թե՞…

Չնայած ենթադրում ենք պատասխանները, սակայն դեռ սպասենք առաջիկա օրերի իրադարձությունների զարգացմանը: Հատկապես, որ ինչպես Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն է նշել ելույթում՝ հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցելով Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին՝ «Բաքուն արդեն ձգտում է Լեռնային Ղարաբաղի խնդրին հաղորդել եւ՛ միջէթնիկական եւ՛ միջկրոնական բնույթ»:

http://www.hayary.org/wph/?p=6561Ինչու՞ է շահարկվում Մինսկի խմբի հարցը – Բաքուն վաղուց է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը՝ Թուրքիայի ներգրավվմանը որոշիչ մակարդակում… Ինչու՞ է շահարկվում՝ թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, կամ՝ ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են… Իսկ Արցախի հարցը ազգային ինքնորոշման եւ մարդկային իրավունքների տիրույթներում է եւ խնդրի միջազգային ճանաչումն անշրջելի՛ գործընթաց է…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։