ՄԻԵԴ-ը մերժել է Սիսի կաթողիկոսարանի հայց-պահանջը – Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է հեռու մնում ճշմարտությունից եւ արդարությունից՝ մերժելով նունիսկ մեր դատի ստանձնումը… Պայքարը պետք է շարունակել՝ սկիզբ դնելով համընդհանուր Հայոց պահանջատիրությանը…

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է ընդունել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությամբ ներկայացված դատական հայցը, որով Վեհափառ Հայրապետը Թուրքիայից պահանջում էր վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը. այս մասին հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի շենքում կայացած Եվրոպայի հայերի 4-րդ համագումարի ժամանակ:

«Մեծ եղավ մեր եւ մեր իրավական հանձնախումբին անակնկալը, երբ Եվրոպական Դատարանի կողմից մի դատավոր մերժեց ընդունել մեր դատի քննությունը՝ հակառակ իրավական հանձնախումբին կողմից բազմիցս կատարված դիմումագրերին: Ինչպե՞ս կարող է պատահել, որ միջազգային իրավագետների եւ Եվրոպական դատարանի մասնագետների պատրաստած ավելի քան 900 էջից կազմված, պատմաիրավական լուրջ հիմնավորումներով ներկայացուած թղթածրարի ընդունելիությունը մերժվի անհատ դատավորի կողմից: Միջազգային դատավարական օրենքների համաձայն, դատավորը պարտավոր է լսել հայցը։ Այդ դեպքում ինչպե՞ս են մերժում նման խնդրանքը:

Ինչպե՞ս է Եվրոպական դատարանն ուղորդում դիմել թուրքական դատարաններ՝ քաջ իմանալով, որ հարյուրավոր դատավորներ, փաստաբաններ, նույնիսկ Սահմանադրական դատարանից եւ Սիսի դատի իրավական հանձնախմբի անդամներ բանտարկված են: Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է հեռու մնում ճշմարտությունից եւ արդարությունից՝ մերժելով նունիսկ մեր դատի ստանձնումը: Այս երեւույթը ընդվզում է առաջացնում հայ ժողովրդի մոտ, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են եւ պայքարում արդարության եւ մարդու իրավունքների համար»,- ասել է Վեհափառ Հայրապետը:  

Արամ Ա կաթողիկոսը հավելել է, որ Եվրոպան մարդու իրավունքներին հավատացող համայնք է, հետեւաբար արդարադատությունը պետք է վեր դասի աշխարհաքաղաքական ամեն տեսակ նկրտումներից: Նորին Սրբությունը կոչ է արել վերատեսության ենթարկելու դատը եւ շեշտել է. «Մեր ժողովուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության եւ Սիսի կաթողիոկսարանի վերադարձի թե թուրքական դատարաններում, թե ՄԻԵԴ-ում»։

Այս խնդրին անդրադարձել է նաեւ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նա նշել է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921թ.: Առաջին նմանօրինակ հայցադիմումը ներկայացվեց Թուրքիայի Հանրապետության Սահմանադրական դատարան, քանի որ այդ հայցով բարձրացվում էին սեփականության իրավունքի հարցեր, որոնք ստորին ատյանի դատարաններն իրավունք չունեն անվավեր ճանաչել այն բազմազան օրենքները, որոնք Թուրքիայի կողմից ընդունվել են 1915թ. եւ հետագա տարիներին: Թուրքիայի Արդարադատության նախարարության թելադրանքով, Սահմանադրական դատարանը Հայոց եկեղեցու հայցը փոխանցեց ստորին ատյանի դատարաններին: Սակայն, 2016թ. դեկտեմբերի 8-ին Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբանները որոշեցին սույն հայցով ուղղակի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ստրասբուրգ, Ֆրանսիա»:

Միջազգային օրենքի տեսանկյունից, Թուրքիայի ստորին ատյանի դատարան հայցի ներկայացումից հրաժարվելը չափազանց կարեւոր է, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները, որ ցանկացած գործ մինչեւ ՄԻԵԴ ներկայացնելը, նախ պետք է սպառի իրավական պաշտպանության բոլոր տեղական միջոցները, սկսած հայցի ներկայացումից ամենաստորին ատյանի դատարան եւ վերջացրած երկրի բարձրագույն դատարանով:

Ըստ «Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագրի, 2017թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, ով մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը՝ այն համարելով անընդունելի: Մինչեւ այս հայտարարությունը, դատական գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Հարութ Սասունյանը դիմել է Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր՝ հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով եւ տեղեկացել է, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, եւ որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռեւս 2017թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից հայտնել են, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:

Այնուհետեւ դիմում է հղվել Կաթողիկոսարանի իրավական խմբի անդամ եւ Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Փայամ Ախավանին՝ հետաքրքրվելով, թե ինչու ավելի վաղ Կաթողիկոսարանը որեւէ հայտարարություն չի արել՝ 6 ամիս առաջ հայցադիմումի մերժման վերաբերյալ: Պրոֆ. Ախավան բացատրել է, որ ՄԻԵԴ-ի դատավորը նամակը սխալ հասցեով էր ուղարկել… Այնուհետեւ կաթողիկոսարանը գրեց այդ դատավորին՝ «հայտնելով իր լուրջ մտահոգությունը դատական սխալի համար, որ մի դատավորը կարող է մերժել լավ փաստարկված գործը, ու մինչեւ վերջերս սպասել է ստանդարտ պատասխանի, որ չեն կարող բողոքարկել, եւ որոշումը վերջնական է»:

Եվ 2017թ. հոկտեմբերի 19-ին, ինչպես վերը նշվեց, Արամ Ա կաթողիկոսը Բրյուսելի իր ելույթում խստորեն դատապարտեց ՄԻԵԴ-ին՝ «ավելի քան 900 էջից կազմված, պատմաիրավական լուրջ հիմնավորումներով» եկեղեցու հայցը մերժելու համար: «Ինչո՞ւ մեր իրավական խմբին լսումների հնարավորություն չտրվեց: Մի՞թե այժմ բոլորը վախենում են ընդդիմանալ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի փաստերին: Մենք ապշած ենք եւ խորապես հիասթափված այս արդարության վիժումից, հատկապես, ժամանակակից պատմության այս կարեւորագույն ժամանակահատվածում, երբ ակնկալվում է, որ Եվրոպան հավատարիմ կմնա իր արժեքներին ու սկզբունքներին»:

Սակայն, ինչպես միշտ, կարծես այս անգամ էլ արդարությունը պատմական ու իրավական առումներով նսեմացվեց աշխարհաքաղաքական շահերի առջեւ…. Եվրոպական արդարադատությունը ցույց տվեց, որ մնում է քաղաքական ու տնտեսական շահերի համակարգի կրող: Այս դեպքում ի՞նչ երաշխիքներ է տալու նույն Եվրոպան հայերին, որ ցանկանում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով դեպի եվրոհամագործակցություն տանել Հայաստանին…

Միջազգային իրավունքի պրոֆեսոր Փայամ Ախավան ՄԻԵԴ-ի դատավորի որոշումն անվանել է «խայտառակություն»: Այնուհետեւ «Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագրին ուղղված իր էլեկտրոնային նամակում նա հավելել է. «Մի քանի փորձառու ՄԻԵԴ փաստաբանների կարծիքով, սույն որոշումն ամբողջովին անընդունելի է։ Չպետք է մոռանալ, որ մեր խորհրդատուն եղել է Թիմ Էյք QC-ն [անգլիական Թագուհու կողմից վավերացված փաստաբան], ով ներկայումս ՄԻԵԴ-ի բրիտանացի դատավորն է։ Նա, իհարկե, չի կարող գործում ներգրավված լինել, սակայն շատերի մոտ այն զգացումն է, որ Դատարանը շատ է վախենում հետհեղաշրջային Թուրքիային ընդդիմանալ նման վիճահարույց հարցերում»։

Պրոֆեսորը նաեւ հայտնել է, որ այս դատական գործընթացի հաջորդ քայլերն են «կամ հայցը կրկին ներկայացնել որոշ նոր փաստերով հանդերձ, ինչպես օրինակ, թուրքական դատարաններ որոշ հանգամանքների պատճառով դիմելու անհնարինությունը, կամ վերադառնալ թուրքական դատարաններ, մեծ ծախսեր անել ու կրկին վերադառնալ ՄԻԵԴ։ Սա ծիծաղելի որոշում է, քանի որ բոլորն էլ հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունենալու։ Սա շատ վիճահարույց հարց է, եւ ՄԻԵԴ-ը չի ցանկանում զբաղվել դրանով»:

Ամեն դեպքում ճիշտ են այն առաջարկները, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հրապարակի իր դատական հայցի ամբողջական փաստաթղթերը, այդ թվում՝ 600 էջանոց դիմումը Թուրքիայի Սահմանադրական դատարան եւ 900 էջանոց հայցադիմումը ՄԻԵԴ, ինչպես նաեւ դրանց պատասխանները։

Ի վերջո, սա մի պարզ հարց չէ, այլ առնչվում է Թուրքիայից հայ ժողովրդի կալվածքների պահանջներին, որը կդառնա նախնական քայլերից մեկը՝ Հայոց պահանջատիրության, որ դեռ պիտի առաջ քաշվի:

http://www.hayary.org/wph/?p=6602ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությոան մասին – ԱՄՆ-ի պետքարտուղար. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։