Սլաքը փոխելու պարտավորությունը (2-րդ մաս) – Որից հետո պետք է գործը կալմեջ անենք (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք… 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր…

Սկիզբը՝ թիվ 39-ում

http://www.hayary.org/wph/?p=6614Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության…  Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…

Ինչպես նկատել էինք նախորդիվ, Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք: Քանի որ «Լուսանցք»-ում մենք խոսել ենք եւ սպանդանոցների եւ կոշկագործության մասին, այսօր կկենտրոնանանք շղթայի միջին օղակի՝ կաշեգործության ոլորտի ուղղությամբ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել վերջին 3-4 տարիներին: 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր: Այս մասին գրել ենք եւ տվել «մեխանիզմները» (ինչպես է դա եղել), երբ խոսել ենք հայկական կոշիկի՝ իբրեւ ապրանքանիշի, համբավի վերականգնման անհրաժեշտության մասին: Եվ իրավիճակը լավագույնս նկարագրում էին ոլորտի մասնակիցները, ինչը նույնպես ներկայացրել ենք:

Գանք այսօրվան: Գործադիրն այս տարեսկզբին որոշեց արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակությունը բարձրացնել՝ արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով: Եվ այդ ճյուղերից է կաշվե իրերի եւ կոշիկի արտադրությունը: Պետք է ասենք, որ ցավոք, հայկական կաշեգործության երբեմնի ավանդույթներից քիչ բան է մնացել այսօր։ Բայց նաեւ բարեբախտաբար, դա ամենեւին չի ենթադրում, թե կաշեգործության ոլորտում հեռանկար չունենք: Բայց դրա համար նախ մենք պետք է այնպես անենք, որ անմշակ հումքը չարտահանենք:  

Տարիներ առաջ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը առիթով ասել էր, թե 2014թ. Հայաստանից արտահանվել է մոտ 270 հազար հատ անմշակ մորթի (խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի եւ գառան), իսկ 2015թ. առաջին կիսամյակում՝ 92 հազար հատ։ Մասնագետները գնահատել էին, որ մենք կարող ենք որակյալ կաշվի արտադրություն ապահովել, միաժամանակ նաեւ մեծ քանակով արտահանել։ Այսինքն՝ թեթեւ արդյունաբերության ճյուղերից կաշեգործությունը եւս կարող է հեռանկարային լինել։ Չմոռանանք, որ թեթեւ արդունաբերության ճյուղը կառավարությունը գերակա է հռչակել, մշակել ու հաստատել է զարգացման հայեցակարգը եւ դրանից բխող ռազմավարությունն ու միջոցառումները։ Դիտարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են կաշի արտադրող ընկերություններին հումք ձեռք բերել մատչելի պայմաններով, հետեւապես նաեւ արտահանել։ Եվ, ըստ այդ ռազմավարության, առաջին հերթին փորձ է արվելու ապահովել կաշվի տեղական հումքի բազան։ Ապահովում է, թե ոչ, ինչ է փոխվել այս տարիների ընթացքում, փորձենք հասկանալ վիճակագրական տվյալներից ելնելով:

Նայենք, թե ընդհանրապես 2015 եւ 2016թթ. ինչքան կաշի եք ներմուծել եւ արտահանել, ու թե մասնավորապես, ինչքան կաշի ենք արտահանել Թուրքիա՝ ի լրացումն հոդվածաշարում արծարծված խնդրի (երբ հումքն ատահանում ենք Թուրքիա ու հետո մեր իսկ հումքը, արդեն մշակված, թանկ ներկրում Թուրքիայից):

Այսպիսով, ինչպես մեր հարցերին ի պատասխան տեղեկացնում են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, եթե 2015թ. Հայաստան է ներկրվել 937.0 հատ դաբաղած կաշի, կաշեթաղանթ խոշոր եղջրավոր անասունների  (6.5 հազ ԱՄՆ դոլար մաքսային արժեքով), ապա 2016թ. այդ թիվը մեծացել է՝ հասնելով 1,400.6 հատի՝ 56.5 հազ դոլար հաշվարկով: 2015թ. համեմատ 2016թ. ներմուծումն ավելացել է նաեւ «դաբաղած կաշի, կաշեթաղանթ այլ կենդանիների մորթուց» ապրանքի մասով՝ 65.5 հազ հատից հասնելով՝  465.6 հազար հատի: Նվազել է լրացուցիչ մշակած դաբաղումից հետո խոշոր եղջրավոր անասունների մորթուց կաշվի ներկրումը. եթե 2015թ. ցուցանիշը 44.4 տոննա էր, ապա 2016թ.-ինը՝ 13.9 տոննա: Չնայած փոխարենն ավելացել է նույն ապրանքի ներկրումը, այսպես ասենք, այլ չափման միավորով. 2015թ. նույն կաշվից ներկրվել է 103.4 հազ.քմ, իսկ 2016թ.՝ 203.0 հազ քմ: 2015թ. համեմատ 2016թ. նվազել է նաեւ լրացուցիչ մշակած դաբաղումից հետո ոչխարի կամ գառան կաշվի ներկրումը՝ 83.9 կգ-ից դառնալով 23.0 կգ:

Արտահանման թվերը նայենք: 2015թ. արտահանել ենք 161.8 հազ հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ (նկատի ունենանք, որ ոլորտում զարգացած երկրները հումքի արտահանում չեն թույլատրում, քանզի հումքի արտահանումը իրականում արտահանող երկրին ոչինչ չի տալիս), 2016թ. 123.1 հազ հատ: 2015թ. համեմատ 2016թ. նվազել է նաեւ ոչխարի անմշակ մորթու եւ գառան մորթիկի արտահանման ծավալը. ցուցանիշը, համապատասխանաբար, 28.2 հազ հատից հասնելով 15.5 հազ հատի: Թեեւ մաքսային արժեքն է ավելացել. եթե 28.2 հազ հատ մորթու պարագայում այն 29.0 հազ դոլար էր, ապա 15.5 հազ հատի պարագայում 54.8 հազ դոլար է: 2015թ. համեմատ 2016թ. շատ ենք արտահանել խոշոր եղջերավոր անասունների կաշեթաղանթ, դաբաղած կաշի, ոչխարի մորթուց կամ գառան մորթիկից կաշեթաղանթ, դաբաղած կաշի, նաեւ՝ այլ կենդանիների մորթուց դաբաղած կաշի: Ավելին՝ ոչխարի ու գառան մորթի 2015թ. չենք արտահանել, իսկ 2016թ. երկրից դուրս ենք տարել 113.8 տոննա: 2015թ. զրոյական էր նաեւ այլ կենդանիների մորթուց կաշեթաղանթը, մինչդեռ 2016թ. համապատասխան ցուցանիշը 889.0 կգ էր եւ 438.7 հազ հատ:

Հիմա, դարձյալ ըստ ՊԵԿ-ի տվյալների, նայենք, թե ինչքան կաշվի հումք ենք արտահանել Թուրքիա: Փաստորեն, արտահանման առյուծի բաժինը դարձյալ Թուրքիային է բաժին ընկնում: 2015թ. 161.8 հազ հատ խոշոր եղջերավոր անասունի անմշակ մորթուց 148.8 հազ հատը Թուրքիա է գնում: Նույն պատկերը 2016թ.-ին է. 123.1 հազ հատի 116.4-ը Թուրքիայի բաժինն է: Խոշոր եղջերավոր անասունների կաշեթաղանթի ու դաբաղած կաշվի պարագայում էլ նույն իրավիճակն է. գերակշիռ մասը Թուրքիա է արտահանվում:

Սա այն դեպքն է, երբ արտահանման ծավալների ավելացումը չի գոհացնում: Եվ սա այն դեպքում, երբ մեր կաշեգործները հումքի պակաս ունեն: Ձեռք բերելիս էլ թանկ է արժենում, ինչն էլ վերջնական արտադրանքի առումով նրանց բերում է գնային ոչ մրցունակ հատված: Հետեւաբար, հաջողելու համար մենք պետք է կարողանանք ստեղծել տեղական հումքով կաշվե արտադրանք: Այս դեպքում որակին կավելանա նաեւ ձեռնտու գինը եւ՝ մրցունակությունն ապահովված է:

Հիմա՝ ի՞նչն է խանգարում, որ մեր՝ անասունների մորթու տերերը մորթիները հանձնեն տեղական կաշեգործներին:

Երեւանի նախկին կաշվի գործարանի հիմքի վրա ստեղծված «Արլեդեր» ընկերությունը, որ Պակիստանում, Չինաստանում գործարաններ ունեցող եւ Եվրոպայում ամենից շատ բաճկոններ վաճառող հոլանդահայ Հայկազյան ընտանիքին պատկանող «Արմա» ընկերությունն է ստեղծել, որոշել է զարկ տալ հայկական կաշվի արտադրությանը: «Արլեդեր»-ը մեկ անգամ չէ, որ վստահեցրել է, որ գործարանը կարող է վերամշակել Հայաստանի ամբողջ կաշվի հումքը: Այժմ ամբողջ արտադրանքը՝ արդեն կաշին արտահանվում է Չինաստան, Պակիստան, Վրաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ:

Այս ընկերության տնօրենը նշել է, որ Հայաստանի կաշին աշխարհում որակական հատկանիշներով լավագույններից է, եւ եթե անասունների մորթը ճիշտ կազմակերպվի՝ սպանդանոցներում (դրա համար էլ խոսեցինք սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայից,- Ա.Մ.), ապա կաշին ավելի որակյալ կլինի, ինչպես բացատրում է՝ Ա սորտից չի վերածվի Դ սորտի:

Այս տարվա ապրիլին Վահագն Կարագուլյանը խոսել էր այն մասին, թե ինչու երկրի ամբողջ հումքը, ասենք, իրեն չի տրվում, երբ կա դրա վերամշակման հնարավորությունը, այլ՝ արտահանվում է Թուրքիա, ինչը կոպիտ սխալ է ոչ միայն այն պատճառով, որ հումքն է արտահանվում՝ համապատասխան եկամուտներ նվազեցնելով, այլ՝ որ այդ հումքը ռազմավարական է համարվում (թե ինչու, սա այս նյութի քննարկման առարկան չէ): «Թեեւ մեզ հետ մեծածախն արդեն աշխատում է, բայց եւ վախենում են հին կապերը կորցնել: Հավանաբար մտածում են՝ թուրքերի հետ վատ-լավ առեւտուր ենք անում, իսկ երեւանյան գործարանը՝ ով  գիտե, այսօր կա, վաղը չկա: Բայց մենք չենք շտապում ոչ մեկին տարհամոզել: Արտադրությունն ամբողջությամբ կստեղծենք, հետո արդեն տեսանելի կլինի»,- նշել էր տնօերնը:

Ինչեւէ, նրանք դեռ տարեսկզբին նախատեսում էին այս տարեվերջին Հայաստանում վերականգնել կաշվի արդյունաբերության լիակատար շրջափուլը: Գուցե այս դեպքում, երբ արդեն հաջողությունը, տեսանելի լինի, մեր առեւտրականները տեղական հումքը հանձնեն տեղական արտադրանք տվողին: Հաջողությունը տեսանելի է, մանավանդ, որ պետական աջակցությունն այս գործում կա:

Եվ, իբրեւ ամփոփում, մի պատմություն հիշեմ:

Տարիներ առաջ, երբ հետխորհրդային Հայաստանում նոր-նոր էր գործարար խավը ձեւավորվում, երկրի նախագահի (Ռոբերտ Քոչարյանի,-Ա.Մ.) մարզային մի այցից հետո գրեցի. «Հայաստանում գործարարությունը ոտքի է կանգնում»: Տեխնիկական վրիպակի պատճառով գնացել էր՝ «Հայաստանում գործակալությունը ոտքի է կանգնում»:

Հաջորդ օրը զանգեր, զանգեր՝ էլ պետական կառույցներից, էլ մասնավոր հատվածից, էլ քաղաքացիներից: Անգամ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից էին զանգել, թե՝ այդ ի՞նչ գործակալություն է ոտքի կանգնում, ինչի՞ մասին է խոսքը (որոշակի գործարար ծրագրերի ՀԲ-ն այդ ժամանակ արդեն աջակցում էր):

Ես էլ չասացի, որ տեխնիկական կամ սրբագրական վրիպակ է (նախագահականը թեեւ տեղյակ էր), բացատրեցի, որ խոսքը այն գործարար հատվածի մասին է, որ գալիս է այդ գործը, ոլորտը կալելու, ստանձնելու, իր ձեռքը վերցնելու, դրա համար էլ տվել եմ՝ գործակալություն: Մեր նախագահին դուր էր եկել այդ բացատրությունը, եւ հաջորդ մարզային այցերի ժամանակ, երբ ինչ-որ ձեռնարկություն էր բացվում, լրագրողների հետ զրույցում երկու-երեք անգամ գործածեց այն՝ ասելով՝ «Երբ այս գործը կալմեջ անենք»:

Այո, կհաջողենք, երբ գործը կալմեջ անենք՝ գյուղացու անասունի մորթից սկսած մինչեւ կաշեգործություն, կաշվե իրերի արտադրանք:

Իսկ հանուն հաջողության, ինչու ոչ, կարող ենք անգամ առեւտրականներին ուղղորդել՝ հստակ ու բացատրելի մեխանիզմներով:

Արմենուհի Մելքոնյան

* * *

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի եւ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 տնտեսվարող այս տարվա մարտի 14-17-ը մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցել է «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին:

Մասնակցության հիմնական նպատակ եղել է արտահանման խթանումը, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաեւ միջազգային շուկա մուտք գործելն ու նոր գնորդներ ձեռք բերելը:

Նախորդ տարի հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «MosShoes» 3 ցուցահանդեսի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, հանդիպումներ են կայացել շուրջ 600 պոտենցիալ գնորդների հետ, արդեն իսկ արտահանման շուրջ 300 միլիոն դրամի պայմանագրեր են կնքվել։

«Հայկական կոշիկը պահանջված է ռուսական շուկայում՝ որակ-գին օպտիմալ համադրության եւ գեղեցիկ ու հարմարավետ լուծումների շնորհիվ։ Դեռեւս խորհրդային շրջանում հայկական կոշիկի հանդեպ ձեւավորված դրական կարծիքը դիզայներական նոր լուծումների շնորհիվ ավելի է ամրապնդվում: Դրա վկայությունը ցուցահանդեսների օրերին հայկական տաղավարի շուրջ տիրող ակտիվությունն է։ Բացի այդ՝ հետզհետե նկատում ենք, որ ցուցահանդեսին մասնակցել ցանկացող հայ արտադրողների հետաքրքրությունը նույնպես մեծանում է»,- նշել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:

«MosShoes»-ը կոշիկի եւ կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, որին տարեկան այցելում են 10-12 հազար մասնագետներ, ոլորտի մեծածախ գնորդներ։

Ավանդաբար ցուցահանդեսին մասնակցում են 500 առաջատար կազմակերպություն ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ եվրոպական երկրներից՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի արտադրանքը:

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է արդեն 4-րդ անգամ: Մասնակիցների թվում են «Զեննի», «Մաքսոլ», «Ավա Շուզ», «Վարդան եւ Գեւորգ Պետրոսյան», «Սիմար», «Երամար», «Արմա Լեդեր» ընկերությունները, «Արսեն Բադիկյան», «Կարեն Թարվերդյան», «Տիգրան Սիմոնյան» անհատ ձեռնարկատերերը:

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։