Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ – 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (3-րդ մաս),- Ավանդական եղանակներից զատ եղանակներ էլ կան, որոնք կարող են գործածվել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով… Այս մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ է տալիս շենքերն ուժեղացնել առավել կարճ ժամկետում՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու…

Սկիզբը՝ թիվ 41, 42-ում

http://www.hayary.org/wph/?p=6652Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=6639Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (1-ին մաս)  – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Դեռ 2014թ. երբ մեր բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը կառավարությունում քննարկվեց, տվյալ էր մեջբերվել, ըստ որի 2013թ. դրությամբ միայն բազմաբնակարան շենքերի թվում՝ 421 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն (անբավարար տեխնիկական վիճակ) եւ ենթակա են վերականգնման ու ուժեղացման, 26 շենք ունի 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ), որոնց բնակիչները ենթակա են վերաբնակեցման: հասկանալի է, որ գումարներ կպահանջվեն: Ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը:  

Այդ ժամանակ քաղաքաշինության նախարարությունն ասել էր, թե կպահանջվեն ոչ միայն «հսկայական ֆինանսական ներդրումներ», այլեւ «տասնյակ տարիների ժամանակահատված», ինչը, ներկայիս տնտեսական հնարավորությունների պայմաններում, անիրատեսական է դարձնում պահանջվող ծավալով միջոցառումների իրականացումը: Միայն 3-րդ աստիճանի վնասվածության 421 բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ուժեղացման համար, խոշորացված հաշվարկներով, կպահանջվի շուրջ 250 մլրդ դրամ, իսկ «ներկայիս տնտեսական պայմաններում դա հնարավոր կլինի իրականացնել ոչ պակաս քան 30 տարում: Բացի այդ հանրապետությունում շահագործվող բնակարանային ֆոնդը հիմնականում կառուցվել է 1960-1980-ականներին, որից անցել է շուրջ 40-50 տարի: Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ շենքերի պահպանման պարտադիր նորմերի կատարման դեպքում դրանց ծառայության ժամկետ է սահմանված միջինը 100 տարին, հասկանալի է դառնում, որ այդ շենքերն արդեն իսկ կիսով չափ սպառել են իրենց ծառայության ռեսուրսը եւ տասնյակ տարիներ հետո դրանց ուժեղացումը տեխնիկատնտեսական առումով լավագույն դեպքում կարող է գնահատվել աննպատակահարմար: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ նաեւ նկատի ունենալով վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման հետ կապված խնդիրները, համապատասխան մոտեցումներ ցուցաբերելու համար շենքերի նկատմամբ առաջնահերթություն սահմանելու խիստ պահանջ է առաջանում»:

3 տարի անց գործադիրը կրկին անդրադարձավ այդ խնդրին եւ որոշեց, որ, անկախ գումարներից, բնակֆոնդի սեյսմակայունությունը պետք է բարձրացնել, քանզի աղետի պարագայում վնասն անհամեմատ ավելի կլինի՝ թե մարդկային եւ թե գումարային ռեսուրսների առումով: Կանխարգելելը միշտ էլ արդյունավետ է, նույնիսկ եթե գումարային միջոցներն են սակավ, քանզի մարդկային կապիտալը ամենամեծ կապիտալն է եւ վերջ: 

Ի՞նչ հաշվարկներն են ներկայացվում այժմ:

Ըստ քաղշինպետկոմի (կոմիտեի նախագահը Նարեկ Սարգսյանն է: 2014թ. քաղաքաշինության նախարարը նույն Նարեկ Սարգսյանն էր,-Ա.Մ.), սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ շենքերի սեյսմակայունության բարձացման միջոցառումների իրականացումը խիստ ծախսատար է եւ դժվար է իրագործնել ֆինանսավորման մեկ աղբյուրի հաշվին: Մասնավորապես՝ փորձագիտական գնահատականների համաձայն, հանրապետությունում առկա ավելի քան 545 հազար շենքերից տարբեր նշանակության բարձր ռիսկայնություն ունեցող 117 հազար շենքերի միայն տեխնիկական վիճակի հետազննությունների եւ անձնագրավորման համար կպահանջվի մոտ 35,0 մլրդ դրամ, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի համար՝ մոտ 6 մլրդ դրամ: Շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը նախատեսվում է համաֆինասավորման սկզբունքով՝ պետական եւ համայնքային բյուջեների, մասնավոր եւ այլ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին՝ համապատասխան  գործիքների կիրառմամբ, այդ թվում նաեւ՝ վարկային միջոցների ներգրավմամբ: Ընդ որում, բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում չի բացառվում շենքերի տեխնիկական վիճակի եւ անձնագրավորման իրականացման աշխատանքների դիմաց շենքերի սեփանականատերերի կողմից կատարվող վճարների մասնակի սուբսիդավորումը: Ամեն դեպքում, ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցներն ու ծրագրերին մասնակից կողմերի մասնաբաժինները կհստակեցվեն առանձին նպատակային ծրագրերի մշակման ժամանակ:

Հիմա գանք այն հարցին, թե շենք-շինությունների սեյսմակայունության բարձրացման ինչ ձեւեր ու տեխնոլոգիաներ կան ընդհանրապես:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ընդհանուր կանոններ ու տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են ըստ շինության վիճակի: Նկատի ունենանք, սակայն, որ շենքերի վերակառուցումը այնպիսի գործընթաց է, որ երբեմն առավել բարդ է, քան բուն՝ զրոյից սկսած շինարարությունը: Եթե շինությունը պատմական չէ, հարուստ երկրներում գերադասում են սկսել զրոյից: Մենք պետք է նայենք, թե ինչն է հարմար մեր բնակֆոնդի վիճակից ելնելով: Շենքերի վերակառուցման մակարդակը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի դրա տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում՝ սեյսմիկ խոցելիության գնահատականի հաշվառմամբ՝ ելնելով վերակառուցման միջոցառումների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից:

Ամենակարեւորը՝ պիտի հաշվի առնվեն նաեւ հիմնատակի գրունտների բնութագրերը (այս դեպքում նմանատիպ երկրներում լուծումները միմյանցից շատ չեն տարբերվում): Մենք շենքերի վերակառուցման ժամանակ նախապատվությունը կտանք այն մեթոդներին, որոնք հնարավորություն են տալիս շինարարական աշխատանքներն իրականացնել առանց բնակիչների տեղահանման: Չնայած շենքերի կոնստրուկցիաների զանազանությանը, գոյություն ունեն դրանց ուժեղացման որոշակի ավանդական եղանակներ, որոնք կարող են օգտագործվել շինարարական աշխատանքների ժամանակ: Օրինակ, կրող կոնստրուկցիաների էլեմենտների կտրվածքներն են մեծացնում կամ կրող կոնստրուկցիաների եւ առանձին էլեմենտների հաշվարկային երկարությունը նվազեցնելու եւ կայունությունը բարձրացնելու նպատակով կոշտության էլեմենտներ են ներառում:

Կամ՝ կրող կոնստրուկցիները պարփակում են երկաթբետոնե շապիկներով:

Կամ՝ հիմնական կրող կարկասի հետ կոշտ կամ հոդակապային միացում ունեցող պատշգամբներ են անում: Կա նաեւ կոնստրուկցիաների բեռնաթափման եղանակը՝ ծանր էլեմենտներն առավել թեթեւ էլեմենտներով փոխարինելու միջոցով: Նաեւ՝ կոնստրուկցիաներում ճաքերի եւ առանձին էլեմենտների կցվանքների մոնոլիտացման եղանակը եւ այլն:

Ավանդական եղանակներից զատ եղանակներ էլ կան, որոնք կարող են գործածվել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով: Եվ, ի դեպ, որոնց կիրառությունը կարող է առավել արդյունավետ եւ տնտեսապես առավել նպատակահարմար դարձնել շենքերի սեյսմակայունության բարձրացումը, իսկ առանձին դեպքերում՝ միակ արդարացված տարբերակը լինել: Ասենք՝ սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր են օգտագործվում, օրինակ, շենքն ամրացնելիս թույլատրվում է կիրառել տատանումների դինամիկական մարիչներ, մարումը բարձրացնող կոնստրուկցիաներ, սեյսմամեկուսացում անել ռետինամետաղե շերտավոր հենարանների օգնությամբ, գոյություն ունեցող շենքը միացնել նորակառույց կոշտ կցակառույցի հետ: Կամ՝ շինության հիմքի մակարդակում ռետինամետաղական շերտավոր հենարանների օգնությամբ շենքերի սեյսմամեկուսացման մեթոդն են կիրառում:

Այս մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ է տալիս շենքերն ուժեղացնել առավել կարճ ժամկետում՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու: Ինչն էլ իր հերթին բերում է շինարարական աշխատանքների համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների զգալի խնայողության:

Մի խոսքով, սա այն ոլորտն է, որտեղ անհնար է կիրառել, այսպես ասած, մասսայական պարտադիր մեթոդը, ամեն շենքի համար անհատական մոտեցում պետք է կիրառել:

Բայց մի բան հաստատ է, եթե մենք սպասենք գումարներ ունենալու հարմար ժամանակահատվածին, աստված մի արասցե, աղետի պարագայում կարող ենք մեծապես տուժել եւ անդառնալի կորուստներ ունենալ: Գործը պետք է սկսել հենց այսօր: Ընդհանրապես, ճապոնական օրինակը ցույց է տալիս, որ աղետի վնասները հնարավորինս քիչ են լինում, եթե այդ աղետին պատրաստված ենք «սպասում»:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։