Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

Ամսվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։

Նոյեմբերի 9-ի գործադիրի նիստից հետո լրագրողներն ամենաշատը սպասում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին եւ Աննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին՝ ի վերջո հասկանալու՝ պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն (ԳՁՕ-ացված արտադրանք կիրառելու հետեւանքներին, տարբեր երկրների փորձերին, օրենսդրություններին եւ գիտական բանավեճերին «Լուսանցք»-ը նախորդիվ անդրադարձել է)։  

http://www.hayary.org/wph/?p=6653Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…  

Մեր առաջին զրուցակիցը՝ Իշխան Կարապետյանը, նախ նկատեց, որ «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստան ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1%-ը ընդհանուր ներկրման մեջ, եւ, հետեւաբար, չի կարծում, թե դա մեծ ռիսկ է պարունակում։ «ԳՁՕ-ների մասով գիտության մեջ դեռեւս կան տարբեր քննարկումներ։ Մեր ծառայությունը գործողություններ է իրականացնում իր լիազորությունների շրջանակում ու ուսումնասիրում է շրջանառության գործընթացը»,- հավելեց ՍԱՊԾ պետը։

Նրա տեղեկացմամբ, 2018թ. կառույցը նախատեսել է լայնածավալ դիտարկումներ անել՝ բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների եւ ԳՁՕ-ների մասով։ Այդ արդյունքներն ամփոփելուց հետո արդեն ծառայությունը կունենա ամբողջական պատկեր՝ վերահսկողության մասով գնահատականներ տալու համար:

Իսկ թե ինչքանով է նպատակահարմար ընդհանրապես թույլ տալ, որպեսզի ԳՁՕ պարունակող սննդամթերքը մուտք գործի Հայաստան, ՍԱՊԾ պետը ի պատասխան հստակ շեշտադրեց. «Իմ իրավասություններից դուրս է՝ նման սննդամթերքը կգա Հայաստան, թե ոչ։ Բայց ես ինքս՝ որպես մարդ, որպես քաղաքացի, բնականաբար, չեմ կարծում, որ ԳՁՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, բայց գիտության մեջ կան քննարկումներ, որոնք շարունակվում են՝ կապված ԳՁՕ մթերքների վնասակար ազդեցության եւ գյուղատնտեսության տեսանկյունից դրանց արդյունավետության հետ։ Այդ վեճը դեռ շարունակվում է, բայց ես որպես քաղաքացի չէի ցանկանա նման ապրանք օգտագործել»։

Ի դեպ, մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված։

Իսկ մեր մյուս զրուցակիցը՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախ վստահեցրեց, թե չեն համագործակցում «Մոնսանտո»-ի հետ եւ հետո ասաց, թե նախարարությունն այժմ ուսումնասիրում է, թե առ այսօր ինչ գործունեություն է ծավալել ամերիկյան այդ ընկերությունը մեր երկրում։ Իսկ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նախարարությունը։ «Բնապահպանության նախարարության հետ ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան կատարված աշխատանքներից։ Կուսումնասիրենք՝ ինչ են անում, որքանով են ԳՁՕ սերմերը տարածված, ինչ են ներմուծում, նոր կնշենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու»,-ի պատասխան հայտնեց Իգնատի Առաքելյանը։

Իսկ ինչ վերաբերում է ԳՁՕ սերմերի մուտքը Հայաստան ընդհանրապես արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությանը՝ Իգնատի Առաքելյանն ասաց, որ 2013թ. բնապահպանության նախարարության կողմից եղել է նման նախաձեռնություն, հետո կասեցվել է այն։ Այժմ վեր է հանվելու այդ օրենսդրական նախաձեռնությունը՝ քննարկելու համար դրա արդիականության հարցը։

Գյուղնախարարը, այնուամենայնիվ, չհերքեց, որ ԳՁՕ-ի մասով միշտ վտանգը կա, եւ որ «օրգանիկը մնում է օրգանիկ»։

Այսքանը՝ ի հիշեցում: Հիմա գյուղնախարարին եւ ՍԱՊԾ պետին թողնենք իրենց ուսումնաիրությունների հետ՝ իբրեւ աջակցություն նրանց տրամադրելով մեր ուսումնասիրությունը:

Գանք սկզբից: Ընդհանրապես ի՞նչ ընկերություն է «Մոնսանտո»-ն, ի՞նչ ուղի է անցել, ի՞նչ է արտադրում:

Ընդգծենք ամենակարեւորը՝ «Մոնսանտո»-ն մաքուր, բնական արտադրանք չունի (համենայնդեպս, սա են ասում իմ ձեռքում եղած փաստաթղթերը: Դեմ չեմ նաեւ հակառակ փաստերն ուսումնասիրել՝ դրանց առկայության պարագայում):

Եվ այսպես՝ սա մի ընկերություն է, որին եւ՛ ԱՄՆ-ում եւ՛ Եվրոպայում «Չարիքի կորպորացիա» են անվանում: Սա մի ընկերություն է, որ իր լոբբիստական աշխատանքների համար մեծածավալ գումարները չի խնայում: Սա մի ընկերություն է, որի անունը կապվում է թույների, հորմոնային խթանիչների արտադրության հետ, նույնիսիկ՝ միջուկային զենքի արտադրության հետ: Եվ վերջապես՝ սա մի ընկերություն է, որ փորձում է մտնել նույնիսկ այն երկրներ, որտեղ օրենքով արգելվում է ԳՁՕ-ն: Այս եւ ստորեւ բերվող տվյալները նրանց մասին տարբեր բաց գրավոր աղբյուրների հիմամբ են:

«Մոնսանտո»-ն բազմոլորտ միջազգային ընկերություն է: 1901թ. հիմնադրվել է իբրեւ քիմիական ընկերություն, այնուհետեւ վերաճել է կոնցեռնի՝ մասնագիտանալով գյուղատնտեսության ոլորտում: 2005թ. «Մոնսանտոն» շատ ընկերությունների համար հրեշ դարձավ՝ սկսելով կուլ տալ նրանց: Առաջինը կուլ տվեց կամ, ավելի մասնագիտական արտահայտվելով՝ ձեռք բերեց «Seminis» ընկերությունը, որ մանսագիտացած էր մրգի ու բանջարեղենի սերմերի արտադրության ոլորտում: 2007-2008թթ. երբ ձեռք բերեց 50 ընկերություններ, արդեն խոսեցին կուլ տալու մասին: Սրանք տարբեր ընկերություններ էին, որ սերմեր էին արտադրում: Մամուլը «Մոնսանտոյին» սկսեց մեղադրել այսպես ասած՝ «բիոհենության» մեջ:

«Մոնսանտոն» այսօր զբաղվում է ռազմական նշանակության բազմաճյուղ արտադրությամբ՝ սկսած ռազմական տեխնիկայի համար վառելիքա-քսանյութերից, հրթիռային վառելիքից, ռազմական թունավորող նյութերից մինչեւ միջուկային զենքի քիմիական տարրեր:

Նկատենք, որ երբ 1901թ. Ջոն Ֆրենսիս Քուինին ընկերությունը հիմնեց, կոչեց իր կնոջ օրիորդական ազգանունով՝ Մոնսանտո: Քուինին դեղագործական արտադրության ոլորտում 30-ամյա փորձ ուներ: «Կոկա կոլա»-ին շաքարի փոխարինիչի հաջող վաճառքից հետո անցավ հաջորդ բաղադրատարրերին՝ կոֆեինին եւ վանիլին ու կարճ ժամանակ անց դարձավ «Կոկա կոլա»-ի հիմնական մատակարարը: 1940-ականներին «Մոնսանտո»-ն դարձավ պլաստիկ եւ սինթետիկ մանրաթելի առաջատար արտադրողը: Եվ այդ պահից սկսած եղել է ԱՄՆ առաջատար 10 քիմիական ընկերություններից մեկը:

1960-ականներին ընկերությունը հայտնի էր արդեն «Agent Orange»-ի արտադրությամբ, որ դիօքսին էր պարունակում եւ կիրառվել էր Վիետնամական պատերազմի ժամանակ: Հետո այս ընկերությունը 1984թ. պատերազմի վետերաններին փոխհատուցում տվեց դրա համար: Մամուլում գրեցին, որ թունավորված 3 միլիոն վիետնամցիներից մոտ 1 միլիոնը հաշմանդամ դարձավ:

Այլ օրինակներ էլ են հայտնի, թե ինչպես 40 տարի շարունակ Անիսթոն քաղաքի միջով անցնող գետի մեջ գիտակցաբար թունավոր թափոններ էր լցրել: Դատարանը պարտավորեցրել էր 700 մլն դոլար վճարել քաղաքի մեռնող բնակիչներին՝ բուժման համար: Հերթում էր 20 հազար բնակիչ:

Վճարել միլիոնավոր դոլարներ ու շարունակել անել գործը. միեւնույն է՝ այնքան է վաստակելու, որ կորցրածն էլ է հետ բերելու: Սա է ընկերության գործելաոճը:

1982թ. «Մոնսանտո»-ի հետազոտողների խումբը (Ռոբ Ֆրելի, Ռոբերտ Հորսչ, Էրնեստ Ջավորսկի, Սթիվըն Ռոջերս) առաջին անգամ պատմության մեջ իրականացրեց բույսերի գենետիկ փոփոխությունը, ինչի համար 1998թ. ստացավ ԱՄՆ ազգային մեդալ՝ տեխնոլոգիայի համար:

«Մոնսանտո»-ի գիտական կենտրոնը Միսսուրիում էր: 1987թ. աշնանը այստեղ է գալիս ԽՍՀՄ պետագրոպրոմի պատվիրակությունը: 1987թ. հոկտեմբերի 10-ին «Վրեմյա» ծրագրով հնչեց. «Ներկայումս «Մոնսանտո»-ի եւ Սովետական Միության Պետագրոպրոմի միջեւ համագործակցության ծրագրերը ներդրված են 30 հազար հեկտար տարածքում՝ 5 սովետական հանրապետությունների 13 տարբեր վայրերում»:

«Մոնսանտո»-ն շարունակում է իր գործելաոճը՝ տարբեր երկրներում կուլ տալով սերմարտադրող ընկերությունների: 2005թ. Ինդոնեզիայում փորձել էր ցանել ԳՁՕ-ացված բամբակ, տուգանվել էր 1,5 մլն դոլար Ինդոնեզիայի բնապահպանության նախարարության բարձրաստիճան աշխատակցի կաշառելու համար: «Մոնսանտո»-ն այդ ժամանակ խոստովանել էր, որ 1997-2002թթ. տարբեր բարձրաստիճան չինովնիկների է կաշառել:

2007թ. «Մոնսանտոն» իրենով արեց «Delta and Pine Land»-ը. սա ԱՄՆ-ում առաջատար ընկերություն էր՝ մասնագիտացված բամբակի սերմարտադրության մեջ: «Մոնսանտո»-ին սկսեցին մեղադրել սերմարտադրության ոլորտում մոնոպոլիայի մեջ: 2008թ. ձեռք բերեց հոլանդական «De Ruiter Seeds» սերմային ընկերությունը: Մի խոսքով՝ 2 տարվա մեջ ամբողջ աշխարհից 50 ընկերություն իրենով արեց:

Հիմա՝ ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց: Ո՞վ է տանում «Մոնսանտո»-ի լոբբինգը այդտեղ: Ի՞նչ վտանգներ կարող են լինել Հայաստանի համար: Այս մասին հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարները՝ համացանցից

Հերթական ազգային վտանգը

Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել: Մարդկանց անհատական եւ  կենսաչափական տվյալներից՝ մատնահետքերից  (հերթը աչքի ծիածանափայլ թաղանթին էլ է գալու) հետո մեր իսկ ձեռքերով անցանք ԴՆԹ տվյալների փոխանցմանը օտարին… (Մնում է մեր գենի կոդն էլ հայտնենք ու… բայց լավ է, որ չգիտենք՝ արարչադիր է…):

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ դրա համար փոփոխություն եւ լրացում է մշակվել «Ոստիկանության մասին» օրենքում: Որ այս փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:

ԴՆԹ քարտադարանների ստեղծումը փոխոստիկանապետը կարեւորեց, քանի որ շատ հաճախ հանցագործը գործում է ձեռնոցով եւ հնարավոր չի լինում դեպքի վայրից մատնահետքեր վերցնել, մինչդեռ ԴՆԹ նմուշով հնարավոր է անձի նույնականացում կատարել:

«Այս առումով անհուսալի ուշացել ենք, պիտի ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ դաշտը կարգավորելու համար»,- ասել է նա՝ նկատելով, որ Ինտերպոլն արդեն անհատույց տրամադրել է անհրաժեշտ փաթեթը (իհարկե կտրամադրի…,- խմբ.): Նշել է, որ աշխարհում ձեւավորվել են ԴՆԹ պահոցներ, եզակի երկրներ դա չունեն:

Շարունակում ենք ազգի տվյալների ինքնակամ արտահանումը (կուլ տալով անհատույց խայծերը), իսկ թե դա ինչպես կգործածեն մեր դեմ, շուտով կտեսնենք նոր վտանգների ձեւով:

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։