Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…

Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)

 «Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»

 «Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի  մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր:  

Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ապա` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով` լքել է համալսարանը ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին` ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ, այն հաջողությամբ ավարտելով, 1907թ.-ին վերադառնում է Կովկաս:

1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ իբրեւ կուսակցական նշանավոր գործիչ Սամսոն Թադևոսյանի օգնական, մասնակցում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք ու ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում` Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, մնացել է ավելի քան երեք տարի, ապա` անցել Բուլղարիա:

Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու  համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այս պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով եւ 1913թ.-ին զորացրվեց` հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին (իմա՛ Բալկանյան 2-րդ` թուրքանպաստ պատերազմին):

Բալկանյան պատերազմի տարիներին, իրավասությունների հետ կապված, ցավալի վեճ տեղի ունեցավ հայկական վաշտի երկու ղեկավարների միջեւ, որի արդյունքում վաշտը բաժանվեց Նժդեհի ու Անդրանիկի կողմնակիցների: Բարեբախտաբար, վաշտի զորացրումից շատ չանցած, Գ. Նժդեհը, 1913թ.-ի հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Բալկանյան կենտրոնական կոմիտեին ուղղեց մի գրություն, որով փակված հայտարարեց իր ու Անդրանիկի միջեւ ամիսներ տեւած անախորժ վեճը:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս` Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում` ղեկավարել հայ-եզիդական առանձին մի զորամաս:

1917թ.-ին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը կոտորածից:

1918թ.-ի գարնանը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով կարելիություն է ընձեռնվել նահանջող հայկական զորամասին` անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ` Նժդեհն իր խմբով նահանջում է դեպի Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա այս օրհասկան պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը, – կհնչեր Նճդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը»: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից` Կապանի, Արեւիքի եւ Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:

Այստեղ հարկ ենք համարում, թեեւ ընդհանուր գծով, բայց մի փոքր հանգամանալից անդրադառնալ այն հերոսականին, որ վարեց Նժդեհը 1919-1921թթ.-ին, Զանգեզուրի լեռներում, որը նրա կյանքի եւ հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջերից է:

Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը Նժդեհի ղեկավարությամբ վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին որեւէ կերպ օգնելու` բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ՀՀ կառավարությունը ո՛չ մի կերպ չարձագանքեց:

Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ  Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն եւ, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը: Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարարը` Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920 թվականի օգոստոսին 10-ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջեւան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին` թողնել Կապանն ու Գենվազը եւ անցնել Երեւան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի` Զանգեզուրը թողնելու հրամանը, եւ մերժելով Դրոյի առաջարկը` անցնել Երեւան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել լեռնահայությանը:

Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ եւ գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով` «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը»: Այսպես ծնուդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. «Հանուն հայրենիքի` Դավիթ Բեկաբար»:

Բացահայտած թուրք-բոլշեւիկյան միացյալ դավադրությունը ու չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը շարունակեց կռիվը, եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920թ.-ի դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:

1921թ. հունվարին, Դրոն Բաքվից մի հեռագիր հղեց Նժդեհին, առաջարկելով նրան թույլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը, հավատացնելով եւ վստահեցնելով, որ այդպիսով, Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում, ուր լուծվելու էին նաեւ վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարի կլինի դեպի Հայաստանը եւ կպաշտպանի հայ աշխատավորության շահերը: Այս անգամ եւս, Նժդեհը, իբրեւ հեռատես քաղաքագետ, չհեռացավ Սյունիքից եւ շարունակեց մաքառել:

1921թ.-ին, Գորիսում լույս տեսավ Նժդեհի «Խուստուպյան կանչեր» փոքրածավալ գրքույկը, որը պարունակում է կոչեր` լեռնահայությանը եւ պատվիրաններ` իր զինվորներին:

Զինվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով եւ ոգեշունչ խոսքով Նժդեհին հաջողվեց ստեղծել «Ժողովրդական կուռ բանակ մը, որ պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մեկ շարժումին անսալով` կրակի մեջ անգամ նետվելու»: Նժդեհն էր, որ պարտության դառնությունը ճաշակել տվեց Դենիկինի, Կոլչակի ու Վրանգելի բանակները ջարդած եւ «անպարտելի» հռչակված 11-րդ Կարմիր բանակի հեծելազորի պետ Կուրոչկինին:

Նույնիսկ Փետրվարյան ապստամբության պարտությունը եւ դրա հետեւանքով` 12 հազար գաղթականության (որից` 4 հազարը զորք) նահանջը, որ զգալիորեն ազդեցին լեռնահայության բարոյա-հոգեբանական վիճակի վրա,  չընկճեցին Սյունիքին, եւ նա շարունակեց իր հաղթական կռիվները: 1921թ, ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն` սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:

Հունիսի 1-ին, Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան` Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնում էր իբրեւ սպարապետ): Նոր կառավարությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մեջ ամենից ճակատագրականն եղավ երեք հազար թաթար-թուրքերի` իբրեւ քոչվոր, իսկ իրականում` որպես ծպտյալ դավադիրներ, Սիսիան ազատ մուտքի արտոնումը: Իսկ Երևանից նահանջած զորքը կամավոր անձնատուր եղավ կարմիրներին:

Այս պայմաններում, մի կողմից` Վրաստանի ու Հայաստանի բոլշևիկացումը, Արարատյան գաղթականությունը` դեպի Սյունիք նահանջը (մասնավորապես, նահանջող մտավորականության եւ երիտասարդության վաղաժամ անցնելը Պարսկաստան), որոնք բարոյալքիչ ու հոռի ազդեցություն ունեցան լեռնաշխարհի հայության վրա, մյուս կողմից` պարենի ու հացահատիկի չգոյությունը, վարչական եւ զինվորական մարմինների միջեւ ծագած անհամաձայնությունները, միաժամանակ` խուսափելու համար ավելորդ հալածանքներից, որին կարող էր ենթարկվել Խորհրդային Հայաստանի հայությունը, եւ հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշևիկյան ղեկավարությունը իր 1921թ.-ի հունիսի հռչակագրով Սյունիքը հայտարարում էր կցված մայր երկրին, Լեռնահայստանը հուլիսին տեղի տվեց խորհրդայնացման առաջ: Թողնելով Զանգեզուրը` Նժդեհը հրաժեշտից առաջ հավաստեց լեռնահայությանը, որ ինքը ընդմիշտ չի հեռանում եւ պիտի վերադառնա, եթե Երեւանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը: Իսկ  Խորհրդային Հայաստանի հեղկոմին ուղղած իր դիմումը հաղթական սպարապետն ավարտում էր սաստող տողերով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը»:

2 տարվա կռիվների ընթացքում, թշնամու 15 հազար սպանվածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղեր մաքրագործվեցին թուրքերից ու վերադարձվեցին հայերին:

Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի` հնարավոր եղավ`

ա) Փրկել Լեռնահայությանը կոտորածից,

բ) Սյունիքը կցել Մայր հայրենիքին` մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը,

գ) Հոգեբանորեն եւ ռազմագիտորեն հնարավոր դարձնել փետրվարյան ապստամբությունը,

դ) Ապահովել հայ մտավորականության եւ մարտական ուժերի նահանջն ու անցումը Պարսկաստան:

Եվ այս ամենը, հիմնականում, շնորհիվ Նժդեհի անհատականության:

Այսպիսով, 1921թ. հուլիսին Նժդեհը թողնում է Զանգեզուրը եւ անցնում Թավրիզ: Այստեղ լրջորեն սրվում են հարաբերությունները նրա եւ Հ.Յ.Դ. Բյուրոյի միջեւ, ինչը սկիզբ էր առել դեռեւս Սյունիքի կռիվների շրջանում: Արաքսի պարսկական ափին գտնվելու ժամանակ, Հ.Յ.Դ. որոշ ղեկավար անդամներ (այդ թվում` պարենավորման նախարար Հակոբ Տեր-Հակոբյանը) Նժդեհի ներկայությամբ ծեծի ենթարկվեցին, գնդակահարվեց Ասլանյան ազգանունով դաշնակցության մի սպա: Այս կապակցությամբ (ու մի շարք այլ պատճառներով, որոնց թվում, ով զարմանք, Նժդեհին մեղադրում էին նաեւ Լեռնահայաստանի անկումը արագացնելու մեջ), Թավրիզում, Նժդեհը Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից կուսակցության Գերագույն Դատական Ատյանի մոտ պատասխանատվության կանչվեց: Թեեւ Նժդեհը դատարանին (նաեւ` ՀՀ Նախարարական խորհրդին ու Հ.Յ.Դ. Ատրպատականի ԿԿ-ին) մանրամասն բացատրագիր ներկայացրեց Լեռնահայաստանի անկման պատճառների մասին, սակայն, 1921թ. սեպտեմբերին կուսակցական դատարանը, Ս. Վրացյանի առաջարկով, վճռեց «հեռացնել Գ. Նժդեհին Դաշնակցության շարքերից եւ ներկայացնել նրա գործը կուսակցության ապագա 10-րդ Ընդհանուր ժողովին»:

1925թ.-ին, Հ.Յ.Դ. 10-րդ Ընդհանուր ժողովի կողմից Նժդեհը վերականգնվում է  կուսակցության շարքերում:

Թավրիզում եղած ժամանակ անգլիացիները Նժդեհին առաջարկում են վերադառնալ Հայստան եւ ապսամբություն բարձրացնել (այդ ժամանակ Լենքորանում տեղի բնակչությունը ապստամբել էր խորհրդային իշխանության դեմ), որը Նժդեհի կողմից մերժվում է:

Թավրիզում մոտ չորս ամիս գաղտնի ապրելուց հետո Նժդեհը մեկնում է Բուլղարիա եւ հաստատվում Սոֆիայում: Այստեղ, հավանաբար 1922թ.-ին, նա ամուսնանում է Էփիմե անունով հայուհու հետ:

1922թ.-ին լինելով Բուխարեստում` այնտեղ գտնվող Վարդան Գևորգյանին առաջարկում է իր (իմա՛ Նժդեհի) տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա գրել «Լեռնահայաստանի հերոսամարտը», որը լույս տեսավ 1923թ.-ին:

1923թ.-ին կրկին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը-Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով:

Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառ-   նում է Սյունիքի կռիվների պատմությանը` 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում:

1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» դաշնակցական թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը (այն 1929թ.-ին Բեյրութում լույս է տեսնում առանձին գրքույկով):

1926թ.-ից, Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը (Նժդեհը տեղի Հ.Յ.Դ. ԿԿ-ի անդամ էր) բաժանվում է Նժդեհի եւ բյուրոյի կողմնակիցների: Կուսակցության բյուրոյի կարծիքով, կարելի եւ ցանկալի է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ. այդ մտայնության հաստատմանը նպաստող մի շարք հրապարակումներ եղան, որոնց թվում` բյուրոյի քարտուղար Ռուբենի «Հայ-թուրքական կնճիռը» (1924թ.): Նժդեհը, որպես պատասխան այդ գրքի, 1927թ.-ին Սալոնիկում լույս ընծայեց «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքույկը: Միաժամանակ, որոշ հրապարակումներ ունեցավ Շահան Նաթալու կողմից Փարիզում 1928-1929թթ. խմբագրվող, ընդգծված հակաթուրքական ուղղվածությամբ «Ազատամարտ» շաբաթաթերթում, ինչպես նաեւ` Բուլղարիայի դաշնակցական «Նոր Արաքս» թերթում:

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսավ նրա հերթական գրքույկը` «Ցողի ոգու շարժը» վերնագրով, որում (ինչպես նաեւ «Խռովք» ամսագրում նույն թվին լույս տեսած «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հոդվածում) նախանշվեց հայկական ցեղային շարժումը:

1933թ.-ին, Փարիզում կայացավ Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովը, որին Նժդեհը մասնակցում էր իբրեւ պատգամավոր Բուլղարիայից: Վերջինս ժողովի առջև բարձրացրեց եւ անցկացնել տվեց երեք հիմնական հարցեր.

ա) Ձգտել, որ գաղթահայությունը դառնա զինական գործոն Հայաստանի ինքնապաշտպանության գործում,

բ) Կազմակերպել հայ երիտասարդ սերունդը ապակուսակցական հողի վրա,

գ) Բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում:

Բ կետի հիման վրա, 1933թ. ամռանը Նժդեհը մեկնեց ԱՄՆ: Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, ում հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում:

ԱՄՆ-ում նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:

1934թ.-ի սկզբին, Նյու-Յորքի Սբ. Խաչ եկեղեցում, դաշնակցական խմբապետի ձեռքով դաշունահարվեց ամերիկահայոց հոգեւոր առաջնորդ Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանը: Ում սպանության կազմակերպման պատասխանատվությունը տարբեր ուժեր փորձեցին վերագրել Նժդեհին՝ Ցեղակրոն շարժումը չեզոքացնելու դավադիր մտայնությամբ:

«Իմ այդ ազգահոգ քարոզչության համար հայության հատվածականացած, ապահայրենացած ու պարտվողական տարրերը դավադրեցին ինձ», – գրում է Նժդեհն իր «Ինքնակենսագրություն»-ում:

Ամեն դեպքում, Ցեղակրոն շարժումը զգալի հաջողություններ ունեցավ ԱՄՆ-ում, իսկ Նժդեհը 1934թ.-ի աշնանը վերադարձավ Սոֆիա: Այստեղ, 1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը – Ցեղը եւ իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համագաղութային: Սակայն նրա հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության (հատկապես՝ կուսակցության փաստացի բյուրոյապետ Ռուբենի) հետ խիստ լարվեցին: Այդ հողի վրա 1936թ.-ին Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը պառակտվեց: Հակասությունները Նժդեհի ու կուսբյուրոյի միջեւ այնքան էին սրվել, որ Բուլղարիայում մայիսի 28-ը Ցեղակրոն Ուխտերն ու տեղի Դաշնակցության ԿԿ-ն նշում էին առանձին. ցեղակրոնները՝ Պլովդիվում, Վառնայում, ԿԿ-ն՝ Սոֆիայում ու Բուրգասում:

Այդ տարիներին ռուսների վտարանդիական, հակաբոլշևիկյան «ՌՕՎՍ» (Ռուսաստանյան համազորային միություն) կազմակերպությունը Բուլղարիայում դիմում է Նժդեհին՝ տալ 2-3 ահաբեկիչներ՝ Ստալինին մահապատժելու համար: Առաջարկը մերժվում է:

1937թ.-ին Նժդեհը կանչվում է Կահիրե՝ կուսակցության բյուրո, որտեղ նրան փորձում են հաշտեցնել Ռուբենի հետ: Սակայն, բյուրոյի հետ հանդիպումը ոչինչ չի տալիս, եւ Նժդեհը վերադառնալով Սոֆիա, նույն թվին հայտարարություն է անում Հ.Յ.Դ.-ից իր հեռանալու մասին: Բյուրոն եւս, առանց դանդաղելու, որոշում ընդունեց՝ «պառակտողական գործունեության» որակումով Նժդեհին կուսակցությունից հեռացնելու մասին: Իսկ 1938թ.-ին, Կահիրեում գումարված Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհ. ժողովը Նժդեհին կուսակցության շարքերից այս անգամ արդեն արտաքսելու վճիռ տվեց:

* * *

Կուսակցությունից հեռանալուց հետո, Նժդեհը շարունակում է Ցեղակրոն կազմակերպությունների ընդլայնումը, իսկ 1937թ.-ին, նույնպես Հ.Յ.Դ.-ից հեռացած Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը: 1937թ.-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին: Հիշատակելի է նաեւ «Հերկ» ամսագրում (որը խմբագրում էր Կարապետ Պալճյանը՝ ապագա Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը) Նժդեհի մեկ գրությունը ժամանակի հայ երիտասարդության ու նրա անելիքների վերաբերյալ՝ իբրեւ պատասխան «Հերկ»-ի խմբագրության հարցումներին:

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում եւ հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով, 1937-1938թթ.-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը (1938-1939թթ հանդես գալիս շարժման պաշտոնական օրգան «Տարոնի Արծիվում»):

1938թ.-ին, Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհանուր ժողովից հետո, կուսբյուրոյի լիազորությամբ, Սոֆիա է ժամանում դաշնակցական գործիչ Կարո Սասունին, որը հայտնում է Նժդեհին, թե Բյուրոն պատրաստ է ընդառաջել իր պահանջներին, միայն թե ինքը չստեղծի նոր կազմակերպություն: Նժդեհը փաստարկելով, որ թուրքական թերթերը անընդհատ հարձակումներ են գործում ի՛ր վրա, բայց ո՛չ Հ.Յ.Դ.-ի, որ կուսբյուրոյի ամեն անդամ կարող է բնակվել Թուրքիային դաշնակից որեւէ երկրում, իսկ իրեն նույնիսկ արգելվում է տարանցիկ ճանապարհ այդ երկրներով, որ Հ.Յ.Դ. ղեկավարությունը թշնամանք է տածում Ցեղակրոնության եւ Տարոնականության նկատմամբ…, ինքը հիմք չունի հավատալու, թե Հ.Յ.Դ. նոր բյուրոն քաղաքականապես ավելի իմաստուն կգտնվի, քան նախորդը: Նմանօրինակ առաքելությամբ, 1939թ.-ին Նժդեհի հետ տեսակցություն է ունենում Դրոն՝ հորդորելով նրան խզել կապերը Բուլղարիայի ցեղակրոն կազմակերպության իր ընկերների հետ: Սակայն Նժդեհը մնում է անդրդվելի:

Եվ Նժդեհը սկսում է գործնական աշխատանքներ տանել՝ հրավիրելու Հ.Յ.Դ.-ից հեռացածների եւ Ցեղակրոն շարժմանը հարողների համագումար: Սակայն պայթեց երկրորդ աշխարհամարտը, եւ ստեղծված իրադրությունը թելադրեց այլ պայմաններ:

Պատերազմի հենց սկզբից Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ, գերմանական շատ թերթեր արդարացնում էին հայերի 1915թ.-ի ցեղասպանությունը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիական» (ոչ արիական) ժողովուրդների շարքում եւ ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին, Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը եւ այլն: Արձագանքելով դրան` երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում ու եվրոպական այլ երկրներում բարձրացան հակահայկական տրամադրություններ: Բուլղարիայում կային թերթեր եւ կազմակերպություններ, որոնք կոչ էին անում հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել հրեաների նման: Ռումինիայի վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից…

Այս իրավիճակում, Նժդեհը «Մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կոմիտեի» (որի փոխնախագահն էր ինքը եւ, միաժամանակ, աշխատում էր Սոֆիայում լույս տեսնող «Սվետլոգլազ» բուլղարական գրական թերթում) միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942թ.-ին անցնում Բեռլին` հարցերը տեղում լուծելու համար: Բեռլին մեկնելու նյութական հնարավորություն ունենալու համար նա վաճառում է պատվո թրի վրայի ոսկին, որը 1936թ.-ին նրան էր նվիրել հայ մայրերի 12 հազարանոց կազմակերպությունը՝ ի նշան երախտագիտության իր հակաթուրքական-հայրենասիրական բազմամյա գործունեության:

Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկայացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու եւ հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով` Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ՝ Բեռլինում վարժվելու եւ Գերմանիայի՝ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է Հ. Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրվում եւ Գերմանիա են մեկնում 30 արեւմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վարժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943թ.-ի աշնանը խումբը ուղարկվում է Ղրիմ՝ Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո, Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների՝ ո՛չ թե Ղրիմում, այլ՝ Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվել էին գերմանա-թուրքական հարաբերությունները) եւ անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:

Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ եւ հակաթուրքական հողի վրա:

Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան):

Բեռլինում եղած ժամանակ, գերմանացիների միջնորդությամբ, հանդիպել է Դրոյի հետ՝ նացիստների հետ համագործակցության ձեւի ու համատեղ գործելու խնդիրների շուրջ առաջ եկած հակասությունները հարթելու համար: Սակայն, Նժդեհի եւ Դրոյի միջեւ հաշտեցում չկայացավ:

1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները (իմա՝ Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը, – Մ.Լ.): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ… Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին», – գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ: 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» (ռուսերեն րՎպ’ՐՑՖ ՔտՌՏվՈՎ – «մա՛հ լրտեսներին» բառակապակցության հապավումն է) բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկայում:

Որո՞նք էին Նժդեհի՝ Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները:

Հանձնվելով կարմիրներին` Նժդեհը հույս ուներ, թե խորհրդային իշխանությունները իրեն, որպես հայ ազգայնականի, կօգտագործեն Թուրքիայի դեմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթադրում էր, որ Թուրքիան թիրախ կդառնա Խորհրդային Միության համար (1945թ.-ին խորհրդային բանակը, իրոք, պատրաստվում էր մտնել Թուրքիա), եւ Կարմիր բանակի՝ Թուրքիային հարվածի դեպքում, հնարավոր կլիներ ազատագրել Արեւմտյան Հայաստանն ու այն կցել Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է եզրակացնում պատմաբան Ռուբեն Խուրշուդյանը. «Նժդեհը համոզված էր, որ սվինների վրա կանգնած խորհրդային կայսրությունը վաղ թե ուշ անպայման կփլվի: Նա ուզում էր, որ կայսրության բեկորների վրա վերածնվեր ո՛չ թե փոքր հայկական պետություն, այլ՝ մեծ, միացյալ Հայաստանը, որի իրականացման գաղափարին էր նվիրել նա իր ողջ կյանքը»:

Փաստորեն, Արեւմտահայաստանի ազատագրման համար, Նժդեհը իր քառասնամյա հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանություններին (այս խնդրի հետ կապված՝ Մոսկվայում նա հատուկ խոսակցություն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կյանքում իրադարձությունների հետագա փոփոխություները ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի հույսերը. խորհրդային բանակը չշարժվեց դեպի Թուրքիա:

1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):

Նժդեհի ձերբակալությունից հետո ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը:

1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, դրա ապագա գործունեության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն ի վերջո այն մերժվեց:

1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչեւ 1953թ.-ի ամռանը՝ Երեւանի բանտում: Նժդեհի երկրորդ անգամ Երեւան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դեւեջյանը, պայմանավորված էր այն բանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ «առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջեւ հասկացողություն մը եւ գործակցություն մը ստեղծելու համար»: Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր)՝ հորդորելով նրան մերձենալ ռուսներին հակաթուրքական հողի վրա: Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել, եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ:

Այնուհետեւ, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր եւ  մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին (Դեւեջյանը նշում է նոյեմբերի 21-ը, որը ճիշտ չէ):

Խորհրդային ղեկավարությունը Նժդեհին զրկեց ընդհանուր ներումից օգտվելու իրավունքից. դա ա՛յն դեպքում, երբ դրան արժանացան զգալի թվով հակախորհրդային գործիչներ եւ գերմանական բանակի զորավարներ:

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ: Թույլ չի տրվում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան: Լեւոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)»:

* * *

Սակայն, ինչպես ամեն մի իրական հերոս, Նժդեհը չմոռացվեց:

1963թ.-ի սեպտեմբերին, Բոստոնի «Հայրենիք» ակումբում բացվեց Նժդեհի կիսանդրին, որը պատրաստվել էր Բեյրութում, արձանագործ Զավեն  Խտշյանի ձեռքով: Այս առթիվ տեղի ունեցավ մեծ հանդիսություն, «Հայրենիք» օրաթերթը բացառիկ համար լույս ընծայեց` գրեթե ամբողջովին նվիրված Նժդեհին (1963թ., 13 սեպտեմբերի), բացառիկ համար հրատարակեց նաեւ Հայ երիտասարդաց դաշնակցության պաշտոնաթերթ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը: Իսկ 1968թ.-ին Բեյրութում «Համազգային»-ը հրատարակեց Նժդեհին նվիրված ծավալուն եւ շքեղ մի գիրք` կազմված Ավոյի (Ավետիս Թումայան) կողմից (1989թ.-ին վերատպվեց Լոս Անջելոսում` Հ.Յ.Դ.-ի «Ռոստոմ» կոմիտեի հրատարակությամբ): Այս ամենը վկայում է, որ անկուսակցական դարձած Նժդեհը դաշնակցության կողմից վերարժևորվում էր:

1993թ.-ին Երեւանում Հ.Յ.Դ.-ի «դեպի երկիր» մատենաշարով լույս տեսավ Նժդեհի «Խորհրդածութունները», որը նրա` սովետական բանտախցերում գրված մտածումներն են ու խոհերը, ինչի գոյության մասին (իբրեւ ձեռագիր) դեռեւս վկայել է Նժդեհի բանտակից Դեւեջյանը:

1983թ.-ին, Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ եւ Նժդեհի հարազատներից մեկի միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երեւան: Նույն տարի, աճյունից մի նշխար ամփոփվում է  Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղում մի քանի տարի պահելուց հետո, 1987թ.-ին հանգրվանում է Գլաձորի Սպիտակավոր վանքի բակում:

Իր մահից տասնամյակներ անց միայն` 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբեւէ չուներ:

* * *

ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Ա) Ցեղակրոն շարժման պատմությունը

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել, դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն…  Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»:

Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը` սկզբնավորելով Համահայկականության տեսությունը:

1933թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «Ծրագիր-Կանոնագրում» կազմակերպության ստեղծման նպատակն ամրագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան…»:

Մինչեւ Նժդեհի ԱՄՆ  գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով:

Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը:

Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած օտար այլասերիչ միջավայրը մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու` սպառնալով դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը, հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում «երկնային հայրենիքին»:

Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությանը: Պետք էր կանխել այն:

Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ: Դրա համար թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին աշխարհին որպես անհայրենասեր, անարի ու անմարտունակ, անիշխանական ու բարոյականությունից զուրկ թալանչիներ: Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները:

«Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարևորագույն հանգամանք եւս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցըն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ», – գրում է Նժդեհը: Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան «հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով` դարձնել հայրենատեր»:

Միաժամանակ, շարժումը նպատակ ուներ հոգեւոր հուսալի պատվար ստեղծել բոլշևիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում:

Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար՝ հոգեւոր-բարոյական վերանորոգումը, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերարծարծման եւ դրանք վերապրելու ճանապարհով:

Բնական էր, որ հոգեվերանորոգչական այդ շարժման կըրող (շարժիչ ուժ) պիտի դիտվեր երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել կարող եւ վերանորոգվելու ընդունակ տարր: Եվ այս առումով շարժումը նպատակ ուներ վերածվել սփյուռքահայ երիտասարդության համահայկական շարժման, իսկ Ցեղակրոն Ուխտերը դարձնել աշխարհի հայ նոր սերնդի ընդհանուր կազմակերպության կորիզը: «Որպես ծով՝ դա պիտի միացնի իր մեջ նորահաս սերունդին պատկանող բոլոր «գարնանային ջրերը, բոլոր ազգային միությունները». սա’ էր Նժդեհի սպասելիքը Ցեղակրոն շարժումից:

Քանի որ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ եւ հայությունն առավել շատ էր ենթակա ձուլման, ուծացման, շարժումը սկզբնավորվեց այնտեղ:

Շարժման սկզբնավորման համար էական եղավ նաեւ ժամանակի գործոնը: Աշխարհում ազգայնական շարժումների աննախընթաց վերելք էր ընթանում. աշխարհն ազգայնանում էր՝ պարտադրելով նոր բախումներ: Անհրաժեշտ էր սեփական արժեքների վեր հանումով հոգեբանորեն նախապատրաստվել գալիք արհավիրքին…

Եվ վտանգված Ցեղը ցնցվեց. նա երկնեց ու Նժդեհի շուրթերով հնչեցրեց Ցեղակրոնության խոսքը՝ «որպես կազդուրիչ կանչ»:

Ժամանելով ԱՄՆ` Նժդեհը, «օժտված մարգարեական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը էլեկտրականացուց մթնոլորտը իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով եւ անվիճելի փաստերով»:

Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը, «առանց Նժդեհի ներշնչած ոգեւորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնքա՛ն կարճ ժամանակի մեջ»: Այս շարժման շնորհիվ էր, որ նրանով խանդավառված ամերիկահայ «բազմահազար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ո՛չ միայն ամոթ չզգալ իրենց հայության համար, այլ՝ հպարտություն…»:

Ցեղակրոն Ուխտերի առաջին ներկայացուցչական ժո- ղովը գումարվեց 1933թ.-ի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա: 1934թ.-ի հունիսին, Բոստոնի «Հայրենիք» ակումբի սրահում, Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին պատգամավորական ժողովը որոշեց մտնել Դաշնակցության դրոշի տակ եւ հետ այսու կազմակերպությունը կոչել Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտեր:

Մի քանի խոսք Ցեղակրոն Ուխտերի մասին:

Կազմակերպությունն ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը եւ «Հավատամքը», որը ներկայացնում ենք ստորև.

Ցեղակրոնության հավատամքը

Ա. Ես ցեղակրօն եմ -

Եվ ահա` կÿերդվեմ Վահագնի աջի վրայ` երբեք չմեղանչել ուխտիս դէմ – ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:

Բ. Ինձ համար անհատականության եւ ազատութեան ամենաբարձր արարքը – դա հնազանդուելն է ցեղիս:

Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ թէ մեծ իմ ցեղն աւելին է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ  հայոց նորոգոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:

Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա` պաշտում եմ եւ մի այլ աստուածութիւն – ցեղիս արիւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:

Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը  աւելի իմ գերագոյն ծնողին – իմ ցեղին է պատկանաում, քան իմ անմիջական ծնողներին:

Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:

Է. Ցեղակրօն եմ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:

Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ինչ վիճակում էլ որ լինեմ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր` անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:

Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ ցեղակրօնի իմ բաժինը – առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:

Ժ. Ցեղակրօնը, որի նշանաբանն է – աւելի զօրութիւն-պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա` Հայ Ցեղ. Դաշնակցութեան հանդէպ:

ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա` երկիւղածօրէն կÿոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան, իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:

ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան – տեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:

ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:

ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն – կաթէն:

Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ:

Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից – ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն – ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:

Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջադիմութեան բարձր սկզբունքներին:

ժե. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը:

Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ – որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:

– Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:

– Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը – թո՛ւրքը, միա՛յն թուրքը:

Ցեղադրուժ բոլշևիկը իր շնական հրաժարիմքն ունի.

Ես՝ իմ վճռական այո՛ն ցեղիս.

Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.

Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:

Զզուելիօրէն բացասական է բոլշևիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:

Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:

ԺԶ. Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն – այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:

ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէտք է գերազանցեմ ցեղիս թշնամիներն – նախ թուրքին:

ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժերի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:

ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրը – Մայիս 28-ը – եւ այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որ է՝ սրբութի՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանակ:

Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:

ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ ցեղակրօնը:

Քաջառողջ լինելու իրաւունք  եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:

ԻԲ. Նրա համար նախասիրելի են այն գիտությունները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:

ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:

Ցեղի կամքի աստուածացումը – ահա, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէն:

Կազմակերպությանն անդամակցում էին Ցեղակրոնութ-   յան դավանանքը (հավատամքը) ընդունող երկսեռ հայորդիներ: Կազմակերպության միավորը Ուխտն էր, որն ուներ առնվազն յոթ անդամ: Ցեղակրոն Ուխտերի ղեկավար վերին մարմինը Կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր Պատգամավորական ժողովի կողմից. վերջինս գումարվում էր տարին մեկ անգամ: Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր Հ.Յ.Դ. ԿԿ-ի որեւէ անդամ՝ մեկ ձայնի իրավունքով:

Ուխտերը կազմակերպում էին ընկերական հավաքույթներ, Հայոց պատմության նյութի վրա՝ ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսներ, ինչպես նաև՝ մարզանք, զբոսանք եւ այլն: Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր:

Ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն:

Ուխտակիցների միջեւ գործում էր «Բոլորը մեկի եւ մեկը բոլորի համար» սկզբունքը:

Ցեղակրոն Ուխտերը ներդաշնակ հարաբերությաուններ էին պաշտպանում Հայկական Կարմիր Խաչի, Հ.Յ.Դ. Ուսանողական միության եւ նման այլ հաստատությունների հետ, որոնք համակրում էին Ցեղակրոն շարժմանը:

Ուխտերի նշանաբանն էր. «Հայաստանը՝ հայերին»:

Կազմակերպության պաշտոնական տոներն էին՝ Ցեղակրոնության օրը՝ հունվարի 14-ը, Դրոշակի օրը՝ օգոստոսի 10-ը:

Ցեղակրոնները պարտավոր էին նաեւ մասնակցել՝ Հայոց սգատոնին՝ ապրիլի 24-ին, Հայաստանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին, Դաշնակցության օրվան՝ հոկտեմբերին:

Ուխտերի խորհրդանշանն առյուծն էր:

Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովում «Հառաջ, նահատակ» հայտնի քայլերգը (խոսք՝ Գ. Կառավարենցի, երաժշտություն՝ Բ. Կանաչյանի) ժամանակավոր ընդունվեց՝ իբրեւ կազմակերպության քայլերգ, իսկ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը՝ իբրեւ ցեղակրոնների օրգան:

«Հայրենիք» շաբաթաթերթը («Hairenik Weekly») հրատարակվում էր 1934թ.-ի մարտից, նպատակ ունենալով ամերիկահայ նոր սերնդին գոնե անգլերենով ծանոթացնել իր ազգի պատմությանը, մշակույթին, զերծ պահել նրան օտարացումից: «Անոր օգնությամբ էր, որ Գարեգին Նժդեհը, որ անգլերեն բնավ չէր գիտեր, իր խանդավառությամբ եւ մագնիսական շունչով կրցավ ազդել մեր նոր սերունդի վրա եւ մեկ ընդհանուր կազմակերպության դրոշի տակ հավաքել հոս ու հոն գոյություն ունեցող «հայորդիներու» խումբերը, ինչպես և՝ նորեր կազմել: Առանց «Հայրենիք Ուիքլիի» հոգեբանորեն հող պատրաստելուն, անկարելի պիտի լիներ, հարկավ, մեր նոր սերունդի ընդհանուր կուռ կազմակերպությունը… Այլապես անգլերեն չխոսող Գ.Նժդեհը տպավորիչ հռետորությամբ եւ գեղեցիկ հայերենով չպիտի կրնար երբեք խանդավառություն ստեղծել մեր նոր սերունդին մեջ»,- գրում է Ռ. Դարբինյանը մի փոքր գերագնահատելով այդ շաբաթաթերթի դերը:

ԱՄՆ-ում Ցեղակրոն շարժման կենտրոնը Բոստոնն էր: Ցեղակրոն Ուխտերը գործում էին նաեւ Չիկագոյում, Դիտրոյտում, Ֆրեզնոյում եւ Ամերիկայի հայաշատ այլ վայրերում: Դրանք մասնաճյուղեր ունեին Բուլղարիայում (Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս եւ այլն), Հունաստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում եւ այլուր:

Իսկ ինչո՞ւ Նժդեհը Ցեզակրոն կազմակերպությունը կոչեց ուխտ եւ ոչ, ասենք, խումբ: Դիմենք իրեն. «Մեր ժողովրդի բոլոր մեծագործությունները արդյունք են իր որոշ զավակների ուխտվածության: Վաղը քաջաբար կռվելու պատրաստ զինվորներ կունենա միայն նա, ով այսօր ուխտ ունի. այս հասկացողությամբ ժամանակին ես ծնունդ տվի «Դավիթբեկյան Ուխտ»-երին, որոնք լիուլի արդարացրին իրենց անունը վտանգի ու պարտականության ճակատի վրա: Միեւնույն հոգեբանական հաշիվներով «ուխտ» անվանեցի նաեւ Ամերիկայի մեր ցեղակրոն միավորները… Չկա ավելի անպիտան իմացական էակ, քան ուխտազուրկ հայ մարդը: Անուխտ հայ, ասել է՝ անոգի, իսկ անոգի հայ, ասել է՝ աննվեր, անարի, անզոր»:

1934թ. աշնանը Նժդեհը ԱՄՆ-ից վերադարձավ Բուլղարիա` նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համահայկական, համագաղութային: Նա համոզված էր, որ հայրենատիրական այդ շարժման մեջ «վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները»: Այս առիթով Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության գործուն անդամներից Օնիկ Զարմունին 1936թ.-ին գրում էր, թե «պետք է ստեղծել ընդհանուր մի կենտրոն եւ հայ պատանեկությունն ու երիտասարդությունը դաստիարակել ու ղեկավարել համացեղային սկզբունքներով ու ոգիով», եւ ապա եզրակացնում. «Մեզի կթվի, թե պատմությունը այդ դերը վերապահած է Ցեղակրոնության: Չկա՛ ավելի ընդհանուր արժեք եւ գաղափար, քան ցեղը: Չունինք ավելի կենսունակ մի կազմակերպություն, քան Ցեղակրոն ուխտերը: Կմնա, որ ցեղակրոնությունը իր մեջ ձուլե մշակութային ու մարզական բոլոր միությունները եւ դառնա հայ երիտասարդության համահայկական շարժումը»:

Հետաքրքիր են նաեւ Զարմունու դատողությունները Ցեղակրոնություն-Դաշնակցություն հարաբերությունների խնդրի վերաբերյալ, որն այդ տարիներին բավական կնճռոտ էր. «Ինչ որ էլ ասվի ու գրվի, որքան էլ ժանգոտ սլաքներ ուղղվին նոր շարժումի հասցեին, սա արևի պես պայծառ ճշմարտություն է, որ ցեղակրոնությունը ո՛չ միայն հայության եւ Հայաստանի դատին, այլ նաեւ զանոնք հետապնդող մեր կուսակցության համար բացարձակ անհրաժեշտություն է: Ճշմարիտ դաշնակցականությունը սկիզբեն իսկ եղած է եւ մինչեւ հավիտյան պիտի մնա հայ ժողովուրդի ցեղային ուխտը: Ուրիշ կարգի սոփեստություններ ո՛չ հայոց պատմությունը կրնա հանդուրժել, ո՛չ ալ դաշնակցական ուխտի նահատակներու սրբազան հիշատակը»:

Սակայն, Նժդեհի հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության հետ սրվեցին այն աստիճան, որ 1937թ.-ին նա խզեց իր կապերը կուսակցության հետ, ինչը զգալիորեն ազդեց նաեւ Ցեղակրոն շարժման հետագա ընթացքին:

Դեռ 1934թ.-ին Նիկոլ Աղբալյանը Բեյրութից գրում էր ԱՄՆ-ում գտնվող Նժդեհին. «Ցեղակրոնության շարժումը, որ այդպես հաջողությամբ կծավալի քո խոսքի հմայքով, պիտի կարողանա՞ տևել, երբ դուն թողուս Ամերիկան: Մարգարեն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին եւ ուրեմն գործը»: Ցավոք, Աղբալյանի մտավախությունը արդարացավ, եւ Ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Նժդեհի Հ.Յ.Դ.-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել: Իսկ 1941թ. հուլիսին, Չիկագոյում գումարված Ամերիկահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ Պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցություն»: Վերանվանումը բացատրվում էր այն բանով, որ իբր ցեղակրոնների հակառակորդները ամերիկյան շրջանակներում տարածում էին, թե նրանք նացիստական ցեղապաշտության դավանակիցներ ու գործակիցներ են եւ, միաժամանակ, դժվար էր օտարներին բացատրել «ցեղակրոն» բառի նշանակությունը:

Այս անվանափոխությունը վերաբերում էր միայն ամերիկահայ ցեղակրոններին, իսկ այն վայրերում, ուր Նժդեհի ազդեցությունը մեծ էր (հատկապես Բուլղարիայում, որտեղի կառույցն ամենաուժեղն էր), Ցեղակրոն կազմակերպությունները այդ անունով գործեցին մինչեւ Նժդեհի ձերբակալությունը՝ 1944թ.:

Բ) ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ

«Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի – ես դարձա ցեղակրոն»:

Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է:

Անշուշտ, Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի եւ այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրանք տվել են գաղափարներ, բայց ոչ՝ գաղափարախոսություն: Նժդեհին էր վիճակված խտացնելով ու ամփոփելով  մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելով ու ամբողջացնելով այն, հիմք դնել հայկականորեն հիմնավորված՝ Հայի էության եւ բարոյականի վրա կառուցված մի ուսմունքի, որը կոչեց Ցեղակրոնություն: Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ՝ բերվեցին Հայրենիքից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել դրանք 1919-1921թթ.-ն՝ Դավիթբեկյան Ուխտի օրինակով: «Հանձին մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920-ին գործեց ու հաղթանակեց ցեղակրոնությունը», – գրում է Նժդեհը: Նժդեհն  ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էությանը, որ կոչվում է «Հայ-ցեղ»: Եվ Ցեղակրոնությունը, առաջին հերթին, այդ ուժ-էությունից սերված լինելու, ասել է՝ Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը:

Նժդեհի համար «ցեղ» հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից «և ոչ մեկն է ընդունելի»: Առհասարակ, ըստ նրա, «դժվար է դա սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»: Նժդեհին «բավական չեն հին եզրերը (տերմինները)», քանզի «նրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը»: Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավ (իմա՝ նյութ , – Մ.Լ.)»:

Այն նախաստեղծ է եւ գոյություն ունի արաչագործության սկզբից. «Ցեղը նախագոյ է Աստծո նման»: «Նա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը»:

Ցեղը  Ոգու եւ Արյան միություն է, հոգեկան խառնվածք՝ կենսաբանական կազմվածք, միաժամանակ՛  այն անկրկնելի հոգեկանն ու անխառն մարմնականը, որ մարդկային տեսակը (իմա՝ էթնոսը) դարձնում է ինքնատիպ եւ որով տեսակները տարբերվում են միմյանցից: Այս ինքնատիպության պահպանման ու հավիտենականացման ճիգն է Ցեղակրոնությունը – հայորեն   ապրելու եւ հարատևելու տենչ, մղում:

Ցեղակրոնության հիմքում  երկու հիմնարար սկզբունքներ են.

ա) մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք,

բ) մեզ պետք եղած ուժը փնտրենք  մեր մեջ:

Ցեղակրոն ուսմունքը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ. «Ես ճանաչում եմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»:

Յուրաքանչյուր աշխարհայացքային ձեւ, լինի դիցաբանություն, կրոն, թե փիլիսոփայություն, սկսվում է ճանաչողությունից: Ցեղակրոնությունը սկսվում է Ցեղի ճանաչումով՝ ճանաչումը Ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, ճանաչումը նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի ու ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայ ցեղի բերած պատկառելի ավանդի:

– Ցո՛ւյց տվեք ժողովրդին իր ցեղի արեւ-դեմքը, որ նա ինքնատեսությամբ բարձրացնե իր խոնարհ ճակատը, – ասում է Նժդեհը համոզված, որ իր արժեքների առաքինությունների ճանաչումով է ժողովուրդն ընդունակ հոգեփոխումի եւ որ դրանում է մտավորականության, գրականության, նաև՝ հեղափոխական շարժումների դերը:

Ցեղաճանաչությունը նաեւ մեր ցեղային թերությունների ճանաչումն է, եւ Ցեղակրոնությունը դրանց սրբագրման՝ Եվ պատահական չէ, որ Նժդեհը Ցեղակրոնության սուրբ գիրք է համարում «Հայոց Պատմությունը – Ցեղի կյանքի գիրքը», որը ցեղաճանաչումի, իմա՝ ինքնաճանաչումի գլխավոր աղբյուրն է:

Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանզի «ճանաչի՛ր ինքդ քեզ» կնշանակի՝ ճանաչի՛ր նախ քեզ ծնող հավաքականությունը, այսինքն՝ Ցեղդ, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են քո անհատական կերտվածքը:

Ճանաչի՛ր Ցեղդ. սա Ցեղակրոնության պատգամն է հայ նոր սերնդին:

Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը – հավատը մեր ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի ու կարողությունների, նրա ապագայի ու հավիտենականի նկատմամբ:

Հավատալ Ցեղին, կնշանակի՝ ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, լինել ցեղահաղո՛րդ: Դա ասել է՝ հաղորդակից լինել Ցեղի ուժին ու հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին: Վտանգի պահին Ցեղի ձայնը, մռնչոցը լսելու, դրան հետեւելու կամքն է ցեղահաղորդությունը:

Ցեղահաղորդությամբ թելադրված Ցեղակրոնությունն անհատից պահանջում է անխախտ միությո՛ւն իր Ցեղի հետ՝ վերջինիս ճանաչելով որպես գերագույն ծնող: Այս առումով նա ընտանիքը դիտում է որպես միջոց Ցեղի հզորացման համար եւ պնդում, թե ընտանիքի զավակներն ավելի պատկանում են Ցեղին՝ գերագույն ծնողին, քան անմիջական ծնողներին:

Հաղորդակից լինել Ցեղին, կնշանակի նրանով որոշել քո անհատական երջանկությունն ու ազատությունը:

Ցեղակրոնությունը Ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որ է՝ «տեսնել, թե ինչպե՜ս աճում է իր ժողովրդի զորությունը, եւ արդարորեն ընդարձակվում է Հայաստանը»:

Ըստ Ցեղակրոնության, անհատի ազատության եւ նրա՝ որպես անհատականության ինքնադրսևորումի մեծագույն չափը, «ամենաբարձր արարքը»՝ հնազանդվելն է Ցեղին: Այլ խոսքով, անհատն ազատ է այնքանով, որքանով չի հակադրվում Ցեղի շահերին եւ չի վնասում նրա բարոյականը, եւ նրա ինքնադրսևորումը պետք չէ վերածվի ցեղամերժ եսականության:

Որպես Ցեղի ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսություն, Ցեղակրոնությունը չի քարոզում անզոր ճակատագրապաշտություն, այլ պարտավորեցնում է՝ պայքարով կերտել այն մե՛ծ ճակատագիրը, որին արժանի է Ցեղը:

Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը – պաշտամունքը Ցեղի որակների, արժեքների ու սրբությունների:

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Սա նվիրական պաշտամունք է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը եւ ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները եւ որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները:

ԱՐՅԱՆ ՊԱՇՏԱՄՈւՆՔԸ

Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաեւ պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը: Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան: Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները:

ԼԵԶՎԻ ՊԱՇՏԱՄՈւՆՔԸ

Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է, նա հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ եւ իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգեւոր ապագան:

ԶՈՀԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Սա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար»:

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Ցեղակրոնությունը մեծագույն վարպետություն է համարում հոգեւոր խզումը հին ու նոր սերունդների միջեւ, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը: «Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից… Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես նհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը…»:

Հոգեհաղորդակցվել, ասել է՝ «պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը»:

Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները: «Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն եւ հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»:

ՈւԺԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով եւ բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը եւ ո՛չ արդարը:

– Ավելի՛, է՛լ ավելի զորություն, – նշանաբանում է Ցեղակրոնությունը, ձգտելով աշխարհ բերել զորությա՛ն մարդուն – վահագնապաշտի՛ն ուժապաշտ եւ արիապաշտ, որի մոտ մշտակա է ծարավը ուժի, արիության, ճիգը՝ կատարելագործումի եւ կամքը՝ զոհաբերության:

ԱՌԱՋՆՈՐԴԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաեւ Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն  ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները: Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաեւ Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի:

Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում Ցեղին եւ հռչակում. «Հայ կոչվելու արժանի չէ նա, ո՛վ մեր երկրագնդի վրա հայ անունից ավելի մի այլ բան է սիրում»:

– Եղի՛ր Հայ, նա՛խ Հայ, – պատգամում է Նժդեհը, – որովհետեւ Հայն իր պատմության մեջ ավելի մարդ եղավ, քան Հայ մարդ, եւ այդ իսկ պատճառով նրա ողբերգությունը եղավ անօրինակ…

Ցեղակրոնությունը չի՛ ընդունում միայն կույր բնազդի կամ զուտ տրամաբանության վրա հենված ցեղապաշտություն, ցեղասիրություն: Նա կողմնակիցը չէ նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց զգացումի ուժով, բայց մտքի տկարությամբ, ինչպես եւ նրանց, որոնք սիրում են մտքի ուժով, բայց կամքի տկարությամբ»: Նա ջատագովն է նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց անհատականության բովանդակ ուժով՝ մտքի, զգացումի եւ կամքի բովանդակ թափով»:

Ցեղի արժեքների ու առաքինությունների իմացությունից, դրանց նկատմամբ ակնածանքից, պաշտամունքից է ծնվում անհատի ցեղային (ազգային) հպարտությունը: «Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը – ծնունդ՝ ազգային ինքնաճանաչության, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դեպի այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի պատմության մեջ»:

Հպարտանքի հետ կապված՝ Ցեղակրոնության մեջ կա մի էական խորհուրդ եւս. դա Ցեղի տիտանական ցավի, նրա դարավոր տառապանքի ու ամոթանքի խորապես ապրումն է: Եվ Նժդեհը համոզված է, որ այդ ապրումի՛ց պիտ վերազարթնի մեր նվաստացած հպարտությունը եւ ծնունդ առնի մեր նոր՝ հպարտության կրոնը: Եվ այնժամ աշխարհ կգա ցեղի ցավից ցնցված, «սեփական տառապանքի մեջ մկրտված» ՆՈՐ ՀԱՅԸ (իմա՝ ցեղակրոն Հայը)՝ «ցեղային բարոյականով մյուռոնված», որ կոչված է հաղթահարելու մեր տկարությունները եւ «վերականգնելու մեծությունը Հայ անունի»:

Ըստ այդմ, Ցեղակրոնությունը աշխարհի անիրավությունից վիրավորված, այդ աշխարհից զարնված ու անարգված Հայու ահեղ զայրույթն է: Պոռթկումն է ստրկության դարավոր քնից արթնացած Հայի, որի տառապանքից ու հալածանքից փոթորկվել է նրա խոցված հպարտությունը:

Անիմաստ պիտի համարել Ցեղի նկատմամբ հավատը, ցեղապաշտությունը, ցեղային հպարտությունը, եթե այդ ամենը վերացական են, դատարկախոսություն ու չեն դրսևորվում իրական կյանքում եւ անհատական վարքում: Ճանաչելով Ցեղի արժեքներն ու բարոյականը, անհրաժեշտ է նաեւ կրե՛լ դրանք, ապրե՛լ դրանցով՝ ապահովելով մտքի, խոսքի ու գործի ներդաշնակությունը: Իսկ ապրել Ցեղի ձգտումներով, նրա արժեքներով ու բարոյականով, դրանք կենսաձև դարձնել մեզ համար, կնշանակի՝ կրել մեր մեջ Ցեղը, լինել Ցեղակիր-ցեղակրոն:

Այստեղից էլ, մեր կարծիքով, Նժդեհի կողմից ցեղ եւ կրոն գոյականների միացումով՝ «ցեղ-ա-կրոն» բառի ընտրությունը: Ցեղակրոն լինել, ասել է՝ կրել քո մեջ Ցեղը (կրոն բառի արմատը «կրել»-ն է. հայերենում մենք նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն), Ցեղի որակները, բարոյականը, կրել քո մեջ այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է մեր պատմության ողջ ընթացքում: «Ցեղակրոն է նա, ո՛վ ապրում է ցեղորեն՝ ցեղի կյանքով եւ ցեղի համար»:

Պարզ է դառնում նաեւ, թե ինչո՞ւ է Նժդեհը «ազգասիրություն», «հայրենասիրություն» եւ նման կարգի այլ բառերի փոխարեն նախընտրել «ցեղակրոնություն»-ը: Ցեղակրոնությունն ավելին է, քան ցեղապաշտությունը կամ հայրենապաշտությունը. այն վերջիններս ներառում է իր մեջ:

Նոր բառ, բայց հին էության արտահայտություն, դրսևորում, նույնքան հին է, որքան ինքը՝ Հայ ցեղը:

ՆԵՐՑԵՂԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Ազգային միասնության միակ գրավականը, ըստ Ցեղակրոնության, Ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական եւ քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով: Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն Հայ ցեղի ու Հայաստանի գալիքի զոհաբերել իր ԵՍ-ը: Եվ Ցեղակրոնությունը, որն ունի Ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներին ու անհատ հայորդիներին պատվիրում է՝ առաջին հերթին լինե՛լ Հայ, մնա՛լ հպատակն ու մարտիկը Ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից եւ աշխարհում գտնվելու վայրից:

Այսպիսով, Ցեղակրոնությունը ձգտում է ապահովել մեր ներքին համերաշխությունը եւ հաշտեցնել հայության տարբեր շերտերը, քանզի «առանց գերագույն հաշտարարի, որպիսին է Ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտություն պարտադրել օրվա ոգեսպառ հայությանը»: Եվ Նժդեհը հավատացած է, որ ցեղակրոնության շնչո՛վ կարող է ծնվել ներցեղային բարոյականով առաջնորդվող այն մի հատիկ սերունդը, որն անհրաժեշտ է Ցեղի վաղվա առաջնորդին՝ ապահովելու համար հայ ժողովրդի տեղն արևի տակ:

Որպես վերկուսակցական ուսմունք, որը հետամուտ է քաղաքական միադավանության, Ցեղակրոնությունն անհաշտ  է կուսակցամոլության հետ: Ապրելով մի ժամանակաշրջանում, երբ կուսակցականացվում էր ամեն մի ազգային սրբություն, Նժդեհը, վեր կանգնած եսակենտրոն կուսակցականությունից, վստահորեն ավետում էր. «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը եւ հերոսականը»:

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐԱԿԱՆ ՈԳՈՐՈՒՄ ԵՎ ՎՐԻԺԱԿՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

«Լոզա՞նը – ո՛չ, երբե՛ք» կարգախոսը զարդարում էր Ցեղակրոն Ուխտերի առաջին Ծրագիր-Կանոնագրի տիտղոսաթերթը: Ցեղակրոնների համար Հայկական հարցը չէր վերջանում Լոզանի թուրքանպաստ պայմանագրով, եւ նրանք շարունակում էին մնալ Թուրքիայի պարտատերերը:

– Մի ժողովրդի հայրենի հողը չի՛ կարող ուրիշի մնայուն  Հայրենիքը դառնալ… Մնայուն Արդարության Օրենքի ուժով բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը, – ասում է Նժդեհը՝ համոզված լինելով, որ Հայկական հողերի վերանվաճումը հնարավոր է միայն սեփական արյամբ, քանզի միայն հայ զինվորի արիությամբ ու հայրենապաշտությամբ գծված Հայաստանի սահմանները կարող են լինել կայուն եւ իրական:

Ցեղակրոնությունը, այդպիսով, հայրենատեր դառնալու կամք է, տարագիր հայի՝ մեծահարուստ թե օրավարձով աշխատող բանվոր, դեպի Երկիր դարձի սրբազան ուխտն է:

Այն նաեւ վրեժխնդրության պարտավորություն է, թուրքին չներելու պատգամ եւ, ըստ այդմ, վրիժակների դարբնոց, ուր «ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ կգան երկու նոր վրիժակներ»:

Թուրքից վրեժխնդիր չլինել՝ նշանակում է՝ ներել, իսկ «նրան մի հանցանք ներել, ասել է՝ նորերը արտոնել»: Ցեղակրոնությունը պահանջում է՝ աններում վրե՛ժ թուրքից, անողոք դատաստա՛ն այդ արնապարտ ցեղի նկատմամբ, որ սպանիչն է հայության կեսի: Այդ թշնամանքն այլևս պատմական չէ, այլ՝ կենսաբանակա՛ն:

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախ, միամիտ  կամ միտումնավոր, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ:

Երբ 1933թ.-ին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են»:

Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսևորումն է, նացիզմը՝ գերմանական: «Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մոր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում…»: Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սև պատանքներ էին կրում («պատանակյաց» արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում «Սև շապիկավորների» իր շարժումը:

Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմնականում միայն այն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը:

Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկության քարոզներից: Հիտլերը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բուն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը:

Հիտլերը հրեաներին դիտում է իբրեւ մարդկության չարիք, մշակութակործան տեսակ, եւ հակահրեականությունը նրա ուսմունքում առանցքային տեղ է գրավում: Նժդեհի մոտ այն իսպառ բացակայում է: Նա Ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս, հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է մեր հայրենիքի մեծ մասին:

Թերևս, այսքանն էլ բավարար է նկատելու Ցեղակրոնության եւ նացիզմի ակնհայտ սկզբունքային տարբերությունները:

Համոզիչ չեն նաեւ Համաստեղի այն խոսքերը, թե «իր ( իմա՝ Նժդեհի, – Մ.Լ.) ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուրդեն կուգար»): Թեեւ Նժդեհը հարգալից էր արտահայտվում Սիոնականության (ինչպես եւ այլ հայրենատիրական, ազգայնական շարժումների) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը Հայ ցեղն է՝ իր ողբերգականով ու հերոսականով:

«Ցեղակրոն շարժումը ո’չ մի ընդհանուր բան չունի եւ     չէ’ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա’ն, այլ ոչ փոխառնված արժեքներով»:

Չկա՛ հայկական ֆաշիզմ կամ նացիզմ, կա՝ իտալական ֆաշիզմ, գերմանական նացիզմ, հրեական սիոնիզմ, կա՛ հայկական Ցեղակրոնություն:

* * *

Հաճախ, միանգամայն անհիմն, պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձեւավորվել է Ֆ. Նիցշեի գաղափարների ազդեցությամբ: Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռական ոճը, իրոք, որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման եւ բարոյախոսության սկզբունքային տարբերություններ:

Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցքը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրեւ նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը Ցեղն է, եւ ցեղամարդը միջոց է Ցեղի համար: Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որեւէ զիջում քրիստոնեությանը եւ չի ընդունում որեւէ բարեփոխում դրանում: Նժդեհը քրիստոնեամերժ չէ եւ խնդիր է դնում Հայ եկեղեցու վերագնահատման: Նիցշեն նաեւ Աստվածամերժ է, իսկ Նժդեհն ընդունում է Աստծո գոյությունը:

– Հրի՛ր ընկնողին, – ասում է Նիցշեն:

Չարժե եւ չի՛ կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը, – ասում է Նժդեհը:

Կարծում ենք, ասվածը բավական է՝ զերծ մնալու անհիմն եզրակացություններից:

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  

Ազգայնականության երկու ձեւերից՝ ազգայնական անհատապաշտություն եւ եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասավոր ձգտումը հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը եւ պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը: Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ առաջադիմության բարձր սկզբունքներին, – ասված է Ցեղակրոնության «Հավատամքում»:

Ցեղակրոնությունը յուրատեսակ զուգորդում, ներդաշնակում է ցեղայինի ու համամարդկայինի: Անկրկնելի ցեղայինը եւ օրինակելի մարդկայինը համադրաբար կազմում են Ցեղակրոնության հիմքը:

Ցեղակրոնությունը չի քարոզում թշնամանք դեպի մնացած ազգերը, բացառությամբ թուրքի, որին աներկբա հռչակում է Ցեղի թշնամի: Այն «բացառիկություն» ու «ընտրյալություն» շեփորող կույր ցեղամոլություն չէ, այլ՝ Ցեղի ինքնատիպությունը եւ անհատականությունը հաստատող առողջ ազգայնականություն:

Նժդեհը «առողջ ցեղապաշտության քարոզիչն էր»:

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐՈՆԸ

Ցեղակրոնությունը կրոն չէ՛: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրո’նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության…»:

Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքները: Այնուհանդերձ, նա չի թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը: Լսենք իրեն. «Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ… Իր մտա-բարոյական զարգացման չափով ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհազգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, – հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիական   է հայը – ահա’  ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի ու Զորույթի»:

Նա հիացմունքով է խոսում «նախաքրիստոնեական հա-   յու անգերազանցելի մարդկայնության եւ բարձրորեն ասպետական ոգու մասին»: «Վահագնա – Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին»:

Նա տեսնում է նաեւ հեթանոս հայի հոգեւոր կերպարի համամարդկային արժեքը եւ կարծում, որ նրա «մարդկայնացուցիչ գաղափարներով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը»:

Նժդեհը հակաքրիստոնյա չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ. մեզ նույնիսկ համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ ներկ եւ շպար, որպես քող եւ դիմակ ուժեղների հոգու համար»:

Նա հարգում է Նազովրեցու անձը՝ իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ (ուտոպիստ – Մ. Լ.), իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման, ավելի շուտ՝ տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր:

Առհասարակ, հետաքրքիր են Քրիստոսի անձի՝ նժդեհյան արժեւորումները. «Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր, նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր… Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը , միայն հերոսը կարող է զոհաբերել»: Կամ՝ «Վերացնելով մահվան ու կյանքի միջեւ գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով եւ հանդիսացավ հավիտենական սերմնացանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսների»:

Ուշագրավ է նաեւ քրիստոնյայի՝ նժդեհյան ըմբռնումը. «Քրիստոնյան նա’ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների  ցանցի մեջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա’, ում մեջ մի քիչ քրիստոնեություն կա – մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց»:

Նժդեհը ոչ թե հարց է դնում Հայ եկեղեցու վերացման, որը «սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը եւ դրա հետեւանքով՝ ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության», այլ՝ նրա ազգայնացման, գաղափարական վերագնահատման: Հայ եկեղեցին «վերագնահատումի պիտի ենթարկե քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը», Քրիստոսի անձնական կյանքը դարձնի իրեն ուղեցույց, «սիրո եւ զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում»: «Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի – ահա՛ Հայ եկեղեցու նոր հավատամքը», – եզրակացնում է Նժդեհը:

Որպես ցեղապաշտ, Նժդեհը մեր հաղթանակում ապավեն է տեսնում նաեւ Ցեղի ուժակիր աստվածներին՝ Հայկին ու Վահագնին, որոնք «պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարվածները»:

Իբրև արիապաշտ եւ զորութենատենչ, Նժդեհը էական դեր է հատկացնում Վահագնապաշտությանը. «Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների», – գրում է Նժդեհը:

«Հայ ժողովրդի հավաքական հոգու մեջ հրամայողաբար հարություն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզոր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան… ամեն տեղ, ուր կապրի հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի արիությունն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել: «Արիացի’ր, արիացրու’». սա’ պիտի լինի մեր օրվա նշանաբանը: Վահագնը՝ Աստված, արիապաշտությունը՝ նոր կրոն, հայ մարդը՝ արի, եթե չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջել մեզնից արիներին»: Եվ հենց Վահագնի աջի վրա է ցեղակրոնը տալիս իր սրբազան երդումը՝ ուխտելով «ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ»:

Սակայն Նժդեհը չի հակադրում Վահագնին եւ Քրիստոսին, կամ՝ հայկականն ու քրիստոնեականը, այլ դրանք խորքում տեսնում է համադրելի: «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն»: Եվ, միաժամանակ, նա հետաքրքիր բացահայտում է անում. «Աններելի սխալ է կրոնական կրքով բացատրել հայու հավատարմությունը քրիստոնեության հանդեպ: Հայ հոգուն անծանոթ է ֆանատիզմը… Տիրապետող գիտակցությունը հայու մեջ վաղուց է ինչ ազգայինն է… Նա շատ վաղ հայացրեց քրիստոնեությունը: Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը»:

Այսպիսով, Ցեղակրոնությունը դավանանքը ստորադասում է ազգությանը՝ նշանաբանելով՝ «Ցեղը ամեն բանե վեր»: Այն պայքար չէ քրիստոնեության կամ Հայ եկեղեցու դեմ եւ պահանջ չի’ դնում կրոնափոխության, այլ հիշեցնում է միայն, որ հին աստվածները վկաներն են մեր ծնունդի եւ մարմնավորողը՝ մեր ցեղային որակների: «Ցեղային ձգտումներու լավագույն մեկ արտահայտությունն է մեր հեթանոսական կրոնը, որ մեզի կներկայանա իբրեւ ցեղային արժեքներու խտացում մը». այսպես է մեկնաբանում հին հավատքի նկատմամբ Ցեղակրոնության մոտեցումը Արմենակ Բարսեղյանը «Ցեղակրոն շարժումը» գրքույկում:

* * *

Ցե՛ղակրոնությունը նախնադարին վերադառնալու կոչ չէ, ինչի համար, հաճախ անհիմն, քննադատվել է: Դա ոչ թե նախնական նահապետական կյանքը, այլ մեր խաթարված ցեղային ինքնատիպությունը վերականգնելու ձգտում է: Դա ոչ թե Հայկի նետ ու աղեղով, այլ Հայկյան ոգով կռվելու պատգամ է: Միաժամանակ, նա չի քարոզում անցյալից հրաժարում կամ ապագայի անգործ սպասում: Ցեղակրոնությունը հետադարձ հայացք է դեպի մեր արմատները, եւ այդ արմատների հզորությունից ներշնչված՝ վստահ ու հաստատուն կեցվածք ապագայի  նկատմամբ: «Ցեղակրոնություն, դա անցյալապաշտություն չէ’, ո’չ էլ՝ հոգեւոր պորտաբուծություն, ինչպես և՝ ոչ ծույլ հուսադրություն, ո’չ էլ՝ մեղկ ապագայապաշտություն: Անցյալի պաշտամունքի եւ ապագայի մեծ հույսի ստեղծագործ կենակցությունն է դա, որ ժողովրդի հոգուն ամենաշքեղ հղացումներ է տալիս»:

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝  ՀԱՂԹԱՆԱԿԻ  ԵՐԱՇԽԻՔ

«Հաղթել՝ ասել է գերազանցել: Գերազանցելու ճիգ է Ցեղակրոնությունը»: Նա ուսուցանում է, թե Ցեղի արտաքին թշնամիներին գերազանցած լինելու համար, պետք է նախ գերազանցել իր նախորդ սերնդին:

«Իբրև օրենք՝ գերազանցի’ր նախորդներիդ – խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ», քանզի «ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ», – պատգամում է Նժդեհը: Դա ասել է՝ որպես հավատամք ընդունել, որ քո սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող սերունդը, և որ պարտականության մեջ քո բաժինը՝ առյուծի բաժինն է, ամենամե’ծը:

ԵՎ Նժդեհը վստահ է, թե Ցեղի թշնամիների հանդեպ «հայը միայն ցեղակրոնությամբ կարող է գերազանց լինել, որովհետև… հրաշունչ ցեղայնությունն է նրա էության հիմնական կշռույթը»: Ասել է, թե հայը միայն Ցեղակրոնությամբ կարող է հաղթել:

ՑԵՂԱԿՐՈՆԸ  (ՑԵՂԱՄԱՐԴԸ)

Ցեղակրոնությունը ձգտում է ստեղծել հոգեբանական այն մթնոլորտը, որի պայմաններում հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն «ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա’ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները»:

Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը:

Ցեղակրոնը չի’ սարսափի միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՛ն:

Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախենար» խոսքը, քանզի Ցեղակրոնի հասկացողությամբ «վախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել, – Մ. Լ.) նրան»:

Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությանը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը:

Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից եւ վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը:

Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական եռագույնը, ու գիտե նաև, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը:

Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն:

Ցեղակրոնը գիտակցում է, որ իր ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը, այդ պատճառով ինքնավատնումի (ինքնամսխումի) մեջ նա ազատ չէ ու քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի՝ առաջնորդվելով «առողջ հոգին՝ առողջ մարմնում» սկզբունքով:

Իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու եւ սերունդ տալու պարտավորություն ունի ցեղակրոնը, քանզի գիտե, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը:

Իր ցեղի հզորությանը եւ հաղթանակին նախանձախնդիր «նա աշխատում է գիտության զինարանից առնել իր կռվի զենքերը»՝ չմոռանալով, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զենքը»: Նա գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ:

«Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետև գործնապաշտ է»… Դատարկախոս չէ՛ ու խոսում է միայն «ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է գործելու համար»: Նա լավատես է եւ խորապես հավատում է իր գործին:

Գիտակից այն ճշմարտությանը, թե ինքը մասնակի կրողն ու անձնավորումն է Հայ ոգու, հետևապես՝ նաև իր կամքով է պայմանավորված Ցեղի ոգու կատարելագործումը, ցեղակրոնը ձգտում է անձնական կամքի մշակմամբ սատարել Հայ ոգու հզորացմանը:

Ցեղակրոնը հնազանդ է Ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի: Ցեղի կա՛մքը – ահա՛ նրա գերագույն հրամայողը: Դա Ցեղի հաղթանակելու ու հարատեւելու կամքն է, եւ ցեղակրոնը ձգտում է աստվածացնե՛լ այն, ասել է՝ դրա կատարումն իր համար դարձնել օրենք, պարտավորություն: Ու այդ անմեռ կամքին նա ասում է վճռաբար՝ այո՛ եւ եղիցի՛:

Ցեղակրոնը՝ քարոզիչ

– Նոր ուխտակից գտնել, – սա՛ է ցեղակրոնի քարոզչության հիմնական նպատակը, «մի գործ, որի մեջ ցեղակրոնը հոգնել չգիտե»:

Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իր դավանանքի փրկարար ճշմարտության մեջ, նա իր ցեղաշունչ, հոգեփոխիչ խոսքով ստիպում է խորհել: Խոսում է այնպես, «որ իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն…, որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցեղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով»:

Քարոզչության կերպը առանձնահատուկ է, ինքնատիպ. «Կարճ ու կտրուկ նախադասություններ, պատգամի ձգտող շեշտադրություն և՝ որ գլխավորն է, ի խորոց սրտի բխած խոսքի հաղորդականություն, որոնք կգրավեն ունկնդրին, կհուզեն անոր սիրտը եւ կխմորեն միտքը»:

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸՑԵՂԸ, ՏԱԿԱՆՔԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային (Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը):

Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որ- պես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ): Հայության մի մասն էլ կազմում է տականքը:

Տականքը – Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:

Նա ազգային պատկանելություն չունի, և եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճատռով, որ հաղորդակցության այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում և առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ Ցեղը «ցեխ» է, մարդկային ստորադաս տեսակ: «Ցեղանենգ շեյթա՛ն», – այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած:

Ցե՜ղը – Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենակացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը և այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝ անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:

Ժողովուրդն ապրում է առօրյայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով, միաժամանա՛կ:

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններկա՛ն միայն Հայեր:

Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:

Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:

Վտանգի պահերին ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ կանխատեսելու վտանգը, սա՝ նախազգում է այն:

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: «Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ»:

Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:

Ժողովուրդը տառապում է  անլիարժեքության բարդույթով, Ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ:

«Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»:

Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:

 «Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք». ա՛յս է Ցեղակրոնության գերխնդիրը:

ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Ա) ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Յ.Դ.-ից Նժդեհի և Հայկ Ասատրյանի հեռացումով Ցեղակրոն շարժումը սկսեց տեղատվություն ապրել: Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլևս չէին կարող հանդես գալ որպես համահայկական կառույցի հիմք: Ոստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի:

Միաժամանակ, Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում ոգու և արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, և կարիք կար տալու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել: Հետևաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել Ցեղային աշխարհայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ և Հայ եկեղեցու համար:

Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի, ովքեր 1937թ.-ից Պլովդիվում հրատարակում էին «Ռազմիկ» թերթը, որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տեսնել առանձին հրապարակումներ Տարոնականության վերաբերյալ:

Շարժման հենարանը հանդիսացավ Տարոն-Տուրուբերան հայրենակցական միությունը (հիմնվել է 1917թ.-ին, ԱՄՆ-ում), որը լինելով առավել հզորը համանման միությունների մեջ, գաղութներում Ցեղակրոն շարժման ամուր հենարաններից էր: Միությունը որդեգրել և որպես հավատո հանգանակ, իր զինանշանի վրա արձանագրել էր դարերի խորքից քաղված Մամիկոնեից Ուխտը՝ «ՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԵՌՑՈՒՔ Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐՀԻՍ ՄԵՐ ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱԶԳԻՍ ՄԵՐ, ԵՒ ՄԻ ՏԵՍՑԵՆ ԱՉՔ ՄԵՐ ԿՈԽԱՆ ՈՏԻՑ ՊՂԾԱԼԻՑ ԼԵԱԼ ԶՍՐԲԱՐԱՆՍ ՄԵՐ»: Սրանով միությունն արդեն հաստատել էր, որ ինքը սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելի «քաղաքական բնույթ կրող հայրենասիրական կազմակերպություն մը, հին ասպետական ուխտերու տիպարով»:

Եվ ահա, 1938թ. ապրիլին, Սոֆիայում, Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (Տ.Տ.Հ.Մ.) սկսեց լույս ընծայել «Տարոնի Արծիվ» ամսաթերթը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ (պատասխանատու տնօրեն՝ Ներսես Աստվածատուրյան), որով ավետվեց տարոնական ոգու վերածնունդը և սկիզբը դրվեց Տարոնական շարժման:

Որո՞նք էին շարժման նախադրյալները և ի՞նչ նպատակներ ունեին այն նախաձեռնողները:

Դրանք հիմնականում նույնն էին, ինչ Ցեղակրոն շարժ-  ման դեպքում:

Հայ ճակատագրի տագնապն էր ծնունդ տալիս Տարոնական հոգեվերանորոգչական շարժմանը, որի ղեկավարները ելնում էին այն ճշմարտությունից, թե փոփոխելի է ամեն ճակատագիր, եթե կա բարոյական վերանորոգում:

Դա մի ժամանակ էր, երբ ներքին պառակտիչ պայքարները, փոխադարձ անհանդուրժողականությունն ու ատելությունը գաղթահայությանը կանգնեցրել էին դժոխքի շեմին: Եվ ժամանակի հրամայականն էր՝ բնականորեն վերջ տալ հայության քաղաքական հոսանքների, կրոնական հարանվանությունների, անձնանպատակ խմբերի միջև մղվող ներքին հայակործան պայքարներին:

Դա մի ժամանակ էր, երբ աշխարհում ազգերը վերաքննում էին սեփական արժեքները, որոնում իրենց պարտությունների և դժբախտությունների պատճառները, սպառազինվում հին, բայց մշտապես նոր ու պատմականորեն արդարացված հավիտենական արժեքներով:

Այդ նույն ժամանակի պահանջն էր և Տարոնական շարժումը, որը եկավ վերածնելու վերակոչելու Ցեղի հավիտենական առաքինությունները, հոգեբարոյական հեղաշրջում անելու օրվա ճահճացած, դատապարտվածության զգացումով ապրող և այլասերումի ենթակա հայության մեջ:

«Դա բարոյական հեղաշրջում է, որով կրնա իր ոգին ուժաստանի վերածել հայ ռազմիկը, թև տալ հայ մտավորականը, իր քաղաքական գործի մեջ նպատակ, հանճար և սրբություն դնել հայրենապաշտ հայ կուսակցականը», – գրում էր «Տարոն Արծիվը»:

Հայության վերածննդի ճանապարհը տեսնելով նրա ցեղայնացման՝ սեփական ցեղային արժեքների վերականգնման, դրանց վերարծարծման ու վերապրումի մեջ, Տարոնական շարժման առաջնորդները հայտարարում էին. «Ցեղ էինք և կցեղայնանանք: Ցեղ էինք և հզոր էինք. կցեղայնանանք, որպեսզի կրկին հզորանանք»:

Համոզված, որ առանց հայրենիքի տարագիր հայությունը, ի վերջո, դատապարտված է կորստյան, Տ.Տ.Հ.Մ.-ն իր կողմնորոշումը հռչակեց Տարոնականությունը՝ այն հաստատուն հավատով, որ «Տարոնականության ոգին փրկարար դեր պիտի կատարե հայությունը իր ներկա անկերպարան վիճակեն դուրս բերելու և իր պատմական Հայրենիքին տեր դարձնելու համար»:

Քաջ հասկանալով պատմության տրամաբանությունը և կանխազգալով պատերազմը՝ Տարոնական շարժման առաջնորդները նպատակ ունեցան հայությանը գալիք արհավիրքին հոգեբանորեն նախապատրաստելը, նոր բարոյականով սպառազինելը:

Քաղաքական շարժում կամ նոր կուսակցություն ստեղծելու փորձ չէր, որ ձեռնարկում էին Տարոնական շարժման հիմնադիրներն ու ՏՏՀՄ-ն: Նրանց նպատակն էր՝ պատրաստել Ազգի և հայրենիքի համար անշահախնդիր պայքարողներ ու նրանցով «մատակարարել», ոգեպես սնել եղած կուսակցությունները:

Հիմնելով Տարոնականությունը՝ շարժման գաղափարախոսները, միաժամանակ, նպատակ ունեին կառուցելու հայկականորեն հիմնավորված աշխարհայեցողություն, ազգային ընդհանուր տեսություն (եկեղեցու աստվածաբանական աշխարհայեցողությունը, նա՛խ, ուներ տարանուն շերտավորումներ և այդպիսով միացուցիչ ուժ չէր. հետո, նա ընդունակ չէր քայլելու կյանքի պատմական զարգացման հետ ու իրականացնելու հայության բարոյական վերազինումը):

Հենց սկզբից էլ փշոտ եղավ Տարոնականության ճամփան: Հայության՝ հոգով տկար, անցավոր ներկայով բավարարվող, Ցեղի էությանն անծանոթ տարրերը պայքար ծավալեցին Տարոնական շարժման դեմ՝ մեկ ամբաստանելով նրան որպես քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու փորձ, որն իբր պիտի հակադրվեր մնացած հայկական կուսակցություններին, մեկ՝ որպես տարոնցի հայերի հատվածական շարժում և այլն: Մասնավորապես, Ս. Վրացյանն իր կողմից խմբագրվող «Վեմ» հանդեսում խիստ բացասական արտահայտվեց Տարոնականության հասցեին, միաժամանակ՝ շարժմանը վերագրելով անհիմն մեղադրանքներ: Դրանց հերքումով Հայկ Ասատրյանը «Տարոնի Արծիվում» հանդես եկավ «Հարկադրական մի պատասխանով»:

Ինչևէ, պայթեց երկրորդ աշխարհամարտը, և գաղթահայությունը մնաց առանց հոգեբանական նախապատրաստման: 1939թ.-ին Դիտրոյտում գումարված ՏՏՀՄ-ի պատգամավորական ժողովը քննեց Տարոնականությունը: Ժողովը, որ ընդամենը մեկ տարի առաջ, էքրըն Օհայոյի մեջ հայտարարում էր, թե «կշնորհավորե և քաջալերական խոսք կուղղե «Տարօնի Արծիվ»-ին՝ իր ուղղության համար», արեց տրամագծորեն հակառակ հայտարարություն. «Տարոնի Արծիվ»-ի մեջ պետք է լույս տեսնեն այնպիսի գրություններ, որոնք կվերաբերին Տարոնի աշխարհին… Տեսական բնույթ ունեցող այն գրությունները, որոնք կձգտին նոր վարդապետություն մը հաստատել, ինչ անունի ներքև ալ ըլլան, պետք չէ որ մուտք գործեն մեր պատմության մեջ»:

Այսպիսով, Տարոնական համահայկական ուսմունքը պիտի փոխարինվեր տարոնցիական մանրապատումներով և, որ ամենացավալին է, չէր հանդուրժվում ո՛չ մի ազգային ուսմունք, որի կարիքը այնքա՜ն ուներ (և ունի) հայությունը: Հասկանալի է նաև, որ ՏՏՀՄ-ն այդ հայտարարությունը անում էր ոչ այնքան սեփական ցանկությամբ, որքան այլոց պարտադրանքով կամ հրահրմամբ:

Միաժամանակ, «Տարոնի Արծիվ»-ի հրատարակությունը Սոֆիայից փոխադրվեց Նյու-Յորք. այստեղ նա վերածվեց ընդամենը տարոնցի հայերի պարբերաթերթի:

Միաժամանակ, Տարոնական շարժումը ձախողվեց՝ ապրելով ժամանակավոր ողբերգանքի տաժանքը: Սակայն, շարժման առաջնորդները համոզված էին, որ առանց ողբերգականության չկա հաղթանակ: Նրանք վստահ էին, որ իրենց դավանած ուսմունքի տապալումը ողբերգություն է՝ հաղթանակի՛ց առաջ, որ Տարոնականության Գողգոթան ժամանակավոր է, քանզի ճշմարտությունները հաղթանակում են թաղվելուց հետո հարություն առնելով:

Եվ իրավամբ, Տարոնականության տված ճշմարտությունները, 30-ական թվականների վերջին թաղվելուց հետո, այսօր հարություն են առնում:

Բ) ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք տեսանք գաղութի բարոյական զարհուրանքը, հայրենազուրկ մարդու հոգու չարչարանքով դիմեցինք մեր հայերու աստվածների խորհուրդին և գտանք տարոնականությունը»:

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է և ո՛չ պատմական ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի՝ (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը և Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) և ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, և Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան ու ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: «Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու և ոգու միջև այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի և արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների և դեղինների մարմնական հատկանիշները, այլև՝ նրանց հոգեգծությունը», – պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) և արյան (որը պայմանավորված է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:

Որպես «Աստծո կամքի արտահայտություն», ցե՛ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու և աստվածայինի՝ անցավորի և հավիտենականության միջև: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, և մարդը հաղորդակցվում է հավիտենականի հետ՝ Աստծո կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:

Ըստ Տարոնականության, տեսակը ո՛չ թե Աստծուց կանխորոշված է հավերժելու, այլ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից և Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբևէ վերանալ չի կարող. «Ես հարցնում եմ այնպես, ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ… Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի»:

Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուդը: Աստվածահաղորդություն – դա ըզգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձանագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:

«Ազգային ոգի – ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

Էապես միայն դա՛ է գործում պատմության մեջ և պատմության համար: Անհատ հերոսները ո՛չ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները – Մանվելները, Մուշեղները, Վարդանները՝ մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել»:

Իսկ Ոգին հնարավոր չէ հասկանալ առանց բնազանցության և էաբանության: Նա, ընդհանրապես, զգայարաններով ընկալելի չէ. այնտեղ գործում է տիեզերաստեղծ Ուժի (իմա՝ Աստծո) կամքը, ու շատ բան պատմության մեջ լինում է հենց ա՛յդ կամքով: Եվ պատմության մեջ հաղթում է նա՛, ով հաղորդակից է այդ բացարձակին, Աստվածայինին՝ պատմաստեղծ Ոգուն: Վկա՛ և Հայոց պատմությունը. «Մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին»:

Տարոնականությունը այդ Ոգու տարերքի, ասել է՝ մեր պատմության անգիտակցականի (իռացիոնալի) իմացության փորձ է, առանց որի անհնար է խոսել ճակատագրի հետ: Այն պատմական ոգու ուսմունք է: «Դա՛րձ դեպի ոգին». ահա՛ Տարոնականության առաջադրած նախապայմանը:

Ցեղի դրսևորման բնական միջավայրը Հայրենիքն է, երկրագնդի վրա այն հողակտորը, «որին միայն հարազատ ու բնիկ են մեր մարմինն ու ոգին…»: Նա Ցեղի համար ո՛չ թե շահագործելի հող է, այլ՝ էության պահանջ, որ «մի բան է ոգուց և ոգու համար». ահա՛ թե ինչո՛ւ Ցեղի առաջին հրամայականն է – հայրենատիրությո՛ւն:

Տարոնականության մեջ առկա է հստակ ըմբռնումը ամբողջական Հայրենիքի, ինչպես նաև տարբերակումը՝ պատմական և բնական Հայաստանի: Հ. Ասատրյանի բնորոշումներով, առաջինը պատմա-ազգագրական հասկացություն է, որով հարափոփոխ, ենթակա սեղմումի կամ ընդլայնումի՝ կախված պատմական ժամանակաշրջանից: Պատմական Հայաստանի սահմանները մերթ հասել են Հրեաստան (Տիգրան Մեծի օրոք), մերթ դուրս են եկել Կիլիկիա, մերթ ամփոփվել Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում (Զաքարյանների ժամանակ) և այլն… Կա, սակայն, բնական Հայաստանը՝ որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով և անփոփոխ: Դա Հայկական Բարձրավանդակ կոչվող, բնորեն ամբողջական աշխարհագրական տարածքն է՝ Հայ ցեղի արարման կամ կազմավորման բնական միջավայրը: Հայոց հավիտենական հայրենիքն է այդ՝ անկախ ազգագրական պայմաններից և ժամանակների քաղաքական սահմանագծումներից:Հայկական Բարձրավանդակից դուրս հայրենիք չկա՛, և նրա ամբողջական սահմաններում (իմա՛, ողջ բարձրավանդակին տիրելով) միայն հայերս կարող ենք իբրև ազգություն և պետություն օրգանապես զարգանալ ու հարատևել:

* * *

Տարոնականությունը հայապահպանումի՝ օտարության մեջ հային հայ պահելու ինքնանպատակ ճիգ չէր, այլ՝ կորսված Հայրենիքը վերատիրելու և Հայաստանում ապրելու անդրդվելի կամք: «Հայը «միջազգային» ասպարեզի էակ չէ… Նա իր Արշակ թագավորի նման հզոր և ազատահոգի է միայն ի՛ր հողի վրա: Հայրենի՛քն է նրա ինքնապաշտպանության միակ զենքը», – ասում է Հայկ Ասատրյանը: Այլ խոսքով, գաղթահայության ինքնապահպանման, նրա հավիտենորեն հայ մնալու երաշխիքը, ըստ Տարոնականության, ո՛չ թե պայքարն է այլասերման դեմ, այլ՝ պայքարը Հայրենիքի՛ համար:

Եվ, այս առումով, Տարոնականությունն ունի դարձի ուխտ՝ դեպի հայոց հավիտենական Հայրենիքը:

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ

Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով և՝ ազգային միության գիտակցումից, նաև, լինելով հատվածապաշտ և եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրև սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել և կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: «Կա՛ արտաքին ճակատը, որի վրա միայն կարելի է արժանապես հերոսանալ», – նշանաբանում է Տարոնականությունը:

Միաժամանակ, մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը և համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների՝ ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ «հայրենասիրությամբ» հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները կարծում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:

Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է «դասակարգային» մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:

– Մի՛ ըսեր «հայ աշխատավորություն», «հայ քաղքենիություն» (բուրժուազիա, – Մ.Լ.), «հայ ավատատեր», «հայ կղեր», ազգը մի՛ պատկերէր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ «հավիտենական հայկականություն», «հայություն», – ուսուցանում է Տարոնականությունը:

Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ «միությունը կստեղծվի ոչ՛ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կամքով», Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՝ Ցեղի հավերժացումը) և ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՛ Ցեղը և Հայրենիքը): Միա՛յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ և դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:

* * *

Երկու կարևոր, փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի և ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ունի հետևյալ բացատրումները:

Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, և առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրև այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության և զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով և այլն): Ազգի հավաքական գիտակցությունը ձևավորվում է նրա առանձին անհատների անջատ-անջատ գիտակցությունների միավորումով և ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատների գիտակցությունների միջև: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժքը ազգերի համալիրում, ապա, գիտակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԸ

Երկու ոգիների պայքար՝ պայքար հավիտենարժեքի և անցավորի, համահայկականության հատվածականության, հայկական կողմնորոշման և օտարահակության միջև. այս պայքարում առաջինի ընկրկումն է, ըստ Տարոնականության տեսաբանների, հայության անկման ներքին հոգեբանական պատճառը: Այդ ոգիներից առաջինը նրանք անվանեցին «տարոնական» – «տարոնական ո՛չ թե «տարոնցու» տեղական հասկացությամբ, այլ՝ կապակցությամբ «հավիտենական հայի», որի ոգին հայտնություն ստացավ Տարոնեն»:

Ովքե՞ր են, ըստ Տարոնականության գաղափարախոսների, Տարոնի՝ պատմականորեն առանձնահատուկ գծերը:

– Տարոնն է եղել հեթանոսական Հայաստանի գլխավոր հոգևոր կենտրոնը, որ մնաց այդպիսին Հայաստանի քրիստոնեացումից հետո նաև:

– Տարոնում է ստեղծվել «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը:

– Տարոնի ծնունդ են հայ հոգևոր արժեքների երկու հսկաները՝ Մաշտոցն ու Խորենացին:

– Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ասպետները՝ Մամիկոնյանները:

– Տարոնն է արևմտահայ նորագույն ազատամարտի խռովարանը, ուր հիմնականում «թրծվեցան կամ դիմագծվեցան» ամենաինքնատիպ մարտիկները այդ պայքարի:

Պատմական այս ճշմարտությունները, ըստ Տարոնականության առաջնորդների, սոսկ պատահական զուգադիպություններ չեն, այլ՝ տարոնական ոգու խռովքի արտահայտություններ, այդ ոգու հայտնության դրվագներ, և տարոնական այդ ոգին է մեր ցեղի հավիտենական զենքը, նրա նկարագրի ա՛յն գիծը, «որ հաղթական հանդիսացավ անցյալ դարերի փոթորիկների դեմ ու պարբերաբար կարելի դարձրեց մեր ազգային վերածնունդներն ու հեղափոխությունները»: Եվ պատահական չէր համարվում նաև այն, որ դժնդակ այդ տարիներին, սփյուռքի հայրենակցական բազմաթիվ միությունների մեջ, – որոնք հիմնականում որդեգրել էին բարեգործական, բարեսիրական սահմանափակ նպատակներ, – հե՛նց Տարոն-Տուրւբերանի Հայրենակցական միությունը պարզեց հայրենատիրության դրոշը և որդեգրեց Մամիկոնեից ուխտը:

Իսկ որո՞նք են, ըստ շարժման գաղափարախոսների, տարոնական ոգու հայտնության գլխավոր գծերը կամ տարոնական հայի՝ պատմականորեն բախտորոշ գործերը:

ա) Հայրենաստեղծում – Քաղաքական Հայաստանի (պետության, – Մ.Լ.) առաջին կորիզը ձևավորվել է Տարոնում և տարածվել նախ՝ Այրարատի, ապա՝ ողջ Հայկական Բարձրավանդակի վրա, այդպիսով քաղաքականապես ամբողջացնելով հայոց հայրենիքը (իմա՛ միավորյալ պետության ստեղծումը, – Մ.Լ.):

բ) Ազգակերտում – Հայկական Բարձրավանդակում հայ տարրի (մեր կարծիքով՝ Հայ ցեղի տոհմերի, – Մ.Լ.) ազգագրորեն ամբողջացումը, կազմակերպված ազգության ստեղծումը իրականացրին տարոնական հայերը:

գ) Հայկական կողմնորոշում – Տարոնական հայն է հայկական կողմնորոշման դրոշակակիրը, որն, իբրև ազգայնական, նշանաբանեց. «Ո՛չ Հռոմ, ո՛չ Պարսկաստան, այլ՝ անկախ Հայաստան»:

դ) Հայկական բարոյական «ես»-ի արձանացում – արևելյան և արևմտյան ոգիների միջև հայոց բարոյական ու հոգևոր ինքնատիպ նկարագրի կերտիչը տարոնական հայն է, որ եղավ քրիստոնեության միջոցով հայկական կողմնորոշման կրոնականացնողը (ազատության իդեալը կրոնական զգացումին կապողը):

ե) Հայոց մշակութաստեղծ «ես»-ի արձանացում  – Մաշտոցի պարգևած տարոնական-համահայկական լույսն էր, որ ազգի ամբողջականության պահպանման մտահոգությամբ ամրապնդեց Հայոց մշակութային անհատականությունը:

զ) Հայոց հերոսական ոգու և ռազմական կորովի կերտում – Տարոնն է Հայոց ռազմական կորովի խռովարանը և տարոնական հայը՝ հայոց հերոսական ոգու մարմնավորողը: «Առանց Վահագնապաշտության չէր կրնար ապրիլ հեթանոս Հայաստանը, առանց Մամիկոնյան Վարդանի պաշտամունքի՝ քրիստոնյա Հայաստանը պիտի չունենար գոյությունը իմաստավորող երկունք՝ ապագայի գծի վրա: Ո՛չ մեկ պատահականություն, որ թե՛ Վահագնը, թե՛ Վարդանը տարոնային ոգիներ էին…»:

Տարոնականությունը, որ փորձում է համադրել հայոց մշակութաստեղծ ոգին և ռազմական կորովը, քարոզում է արիադավան մտավորականի ու բարոյաշունչ ռազմիկի զինակցություն՝ հանուն Ցեղի և Հայրենիքի – «ռազմախանդ մշակույթ և կուլտուրաստեղծ հերոսականություն, հոգևոր Մեսրոպականություն և սրտավոր Վարդանականություն՝ միաժամանակ»:

– Տարոնակնիք հայկականություն, – բառացի այսպես է բնորոշում Տարոնականությունը շարժման գաղափարախոսներից Արիս Տեր-Իսրայելյանը և պարզաբանում.

ա) հայկականությունը (նկատի է առնվում վերը թվարկած առանձնահատկությունների հանրագումարը, – Մ.Լ.) սկիզբ է առել և կազմակերպվել Տարոնում և այնտեղից տարածվել ողջ Հայկական Բարձրավանդակում,

բ) Համահայկական նշանակություն ունեցող հոգևոր անմեռ արժեքները առավելապես Տարոնի ծնունդ են,

գ) Համահայաստանյան հայրենասիրությունը և համահայկական ազգասիրությունը միշտ էլ եղել են Տարոնի հայության ցեղային նկարագրի ամենաբնորոշ գծերը:

– Հայոց աշխարհի ո՞ր անկյունում հայն այնպե՜ս պաշտեց իր հողը, այնպե՜ս առյուծացավ ճակատամարտերում, իր երկրի համար այնպե՜ս մեռնել գիտցավ, ինչպես Տարոն աշխարհում, – ասում է Նժդեհը՝ այսպես կարևորելով Տարոնի անչափելի նշանակությունը. «Ճիշտ է, սուրբ է հայրենի երկրի ամեն մի բուռ հողը, սակայն, ճի՛շտ է և այն, որ հայրենիքներն ունեն իրենց պատմա-ռազմագիտական տեսակետից ամենանվիրական ու ամենակարևոր երկրամասը – այն երկրամասը, ուր ցեղը ամենեն շա՛տ է արյուն թափել, կուլտուրական գանձեր դիզել, հերոսական ու պատմություն ստեղծել, ա՛յն երկրամասը, առանց որի՝ հայրենիքը ո՛չ թե զորավոր ու անկախ լինել, այլև՝ իր գոյությունը պահել, ինքնապաշտպանվել չի կարող:

Ճակատագրորեն մեծ է Տարոնի նշանակությունը մեր Ցեղի և Հայրենիքի պաշտպանության համար: Քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրված կմնա Տարոնը՝ վտանգված կմնա մեր հայրենիքի ապագան»:

* * *

Թեև Տարոնական շարժումը խորքով համահայկական էր, այդուհանդերձ, շարժումն ամբաստանողները չարախոսում էին, թե նա հատվածականություն է սերմանում հայության մեջ, թե նա ընդամենը տարոնցի հայերի շարժումն է՝ տարոնցիություն, որը Հայաստանի ոգին ուզում է փոխարինել նրա մեկ գավառի անունով:

Վճռապես մերժելով նման մեկնաբանությունը՝ Ա. Տեր-Իսրայելյանը հաստատում է. «Տարոնականությունը պետք չէ միամտորեն, տգիտորեն կամ չարամտորեն շփոթել տարոնցիության հետ: Տարոն ծնած ամեն հայ տարոնական չէ և ո՛չ ալ Տարոնի սահմաններեն դուրս ծնած ամեն հայ՝ հակա-կամ ոչ-տարոնական… Տարոնական է ամեն հայ, որ Հայաստանի համար ապրելու, ստեղծագործելու և մանավանդ մեռնելու կամք ունի…»:

Տարոնականության էությունը չհասկացողները հաճախ ուսմունքի հատվածականությունը «հիմնավորում» էին՝ կառչելով բառին:

Ճիշտ է, նոր է բառը, բայց հին են ոգին եւ գաղափարը: Որպես Ցեղի հավիտենականի և Հայրենիքի սեփականության  զգացում, դրանց համար քաջաբար կռվելու ու մեռնելու ուխտ, Տարոնականությունը նույնքան է հին, որքան Տարոնն ու հայությունը: Այս առումով, բավական դիպուկ է Նժդեհի հետևյալ համեմատությունը. «Սիոնը կար, – «սիոնականություն» բառը չկար: Նա հազարամյակների պատմություն ունի, սա՝ տասնամյակների: Կարո՞ղ եք պնդել, որ անհայրենիք հրեության դարավոր կյանքը վարողը սիոնականությունը չէ եղել: Արդյո՞ք քաղաքական սիոնիզմը հրեության դարերի հոգևոր սիոնականության արդյունքը չէ: Ինչո՞ւ հրեան իր պաշտամունքը Սիոնի հանդեպ անվանեց սիոնիզմ, իսկ իրեն սիոնիստ: Եվ, կարծո՞ւմ եք, որ այդ «բառը» զգալապես (զգալիորեն, – Մ.Լ.) չակտիվացրեց օրվա հրեան: Սիոնականությունից առաջ կարելի՞ էր երևակայել, որ մեր օրերում Պաղեստինը պաշտպանելու համար աշխարհ կգա հին հերոսական Մակաբեյներին հիշեցնող մի նոր սերունդ: Չխաղա՛նք  բառերի հետ… Ով խուսափում է ոգուց և կառչում բառերին, ցույց է տալիս, որ թշնամի է խորքին, իմաստին, բովանդակության»:

Տարոնականության մեջ էականը անունը չէ, կարևոր չէ նույնիսկ ա՛յն, թե արդյո՞ք Տարոնում է ձևավորվել Հայոց պետության առաջին կորիզը կամ Տարոնի՞ հայերն էին արդյոք  Հայկ. Բարձրավանդակում հայ տարրի համախմբողն ու ազգորեն ամբողջացնողը. ապագա հայագիտությունը կհաստատի կամ կժխտի դրանք: Տարոնականության մեջ էականը նրա քարոզած բարոյականն է, հավիտենարժեք հասկացությունների  վերաբերյալ նրա տված ճշմարտությունները, Աստված-Ցեղ-անհատ կապի մեկնումները, ներցեղային բարոյականի՝ նրա սահմանած ընդհանրական արժեքները…

Տարոնականության խնդիրը ո՛չ թե Տարոնի գերակայության հիմնավորումն է Հայոց այլ «աշխարհների» նկատմամբ, այլ՝ պատմականորեն Տարոնում տեղծված հավիտենական արժեքների համահայկականացումը:

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԻ ԽՆԴԻՐԸ

Արդեն ասվեց, որ Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը, որն, առաջին հերթին, նշանակում է՝ հաղորդակցում Աստծո կամքով մեր մեջ գործող Ցեղի ոգուն, որով պայմանավարված են մեր հոգեգծերը: Եվ որքան մենք հավատարիմ ենք Աստծուց մեզ տրված այդ հոգեգծերին, առաքինություններին, այնքանով հաղորդակից ենք իրեն:

Սակայն, պատմության բերումով, հայությունն, իր ընդհանրության մեջ, մոռացության է տվել այն հոգեգծերը, որ տրված են եղել իրեն սկզբնական (դասական) վիճակում: Ահա՛ թե ինչո՛ւ, մեր դժբախտությունների հոգեբանական պատճառները փնտրելով այն տարբերության մեջ, որ ունի նոր ժամանակների հայը դասական, ամբողջական հայից, տարոնական ոգու առաջնորդները խնդիր էին դնում «գտնել դասական հայի հոգեգծերը և դաստիարակչորեն զանոնք հարազատել տալ ապրող հայ սերնդին»: Եվ հենց դա էր համարվում Հայոց ճակատագիրը փոխելու հիմնական միջոցը, ցեղային խառնվածքով օժտված նոր հայի կերտման առաջին քայլը:

Դասական հային անվանեցին «տարոնական կամ տարոնատիպ»՝ որպես պատճառաբանում բերելով Տարոնին եւ տարոնածին հայերին վերագրվող, վերը արդեն թվարկած համահայկական արժեքներն ու համահայաստանյան գործերը: Որպես տարոնական հայի տիպար ներկայացվեց Մամիկոնյան հայը, որի մեջ անբաժան են ուժն ու բարոյականը՝ հզորության եւ սրբության զգացումները, եւ որի հմայիչ գաղափարատիպն էր նկատվում Վարդան սպարապետը:

Զինվորագրվել Մամիկոնեից Ուխտին, քայլել Մամիկոնյանների ճամփով, Ցեղի և Հայրենիքի համար նրանց պես մեռնել ուզել ու մեռնել գիտենալ – ահա՛ թե ի՛նչ է պահանջում Տարոնականությունը, որի խնդիրը «հայ մարդու կաղապարումն է՝ ըստ Մամիկոնյան հայու պատկերի»:

– Նմանվի՛ր Մամիկոնյան հային, որ զորավոր էր դեպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազնության զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով, – պատգամում է Նժդեհը:

Տարոնականության առաջնորդները ակնկալում էին տըկարությունը հաղթահարած մի նոր սերունդ՝ վտանգի՛ սերունդ (վտանգն  զգացող, կռահող և այն կանխող սերունդ), որը Մամիկոնյան հրաշունչ ռազմիկներից կսովորեր «ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ Ա՛ՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ, ԵՎ ՄԵՌՆԵԼ Ա՛ՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԱՊՐԵԼ»:

Վտանգված Հայրենիքի և Ցեղի համար մեռնելու վճռական կամք – սա՛ է տարոնական հայի գերագույն բարոյականը:

Մեռնել, բայց չպարտվել, չտեսնել հայրենիքը պարտված, չտանել պարտության ամոթանքը – այսպիսի՛ն է Տարոնականության ռազմական բարոյականի օրենքը:

Մեռնելո՛ւ կամք – դա աննպատակ մահվան կամ սոսկ նահատակության ձգտում չէ, այլ՝ Ցեղի ու Հայրենիքի համար հոժարակամ և արիաբար մեռնելու ներքին մղում, պատրաստակամություն: Այն մահվան սարսափն իր մեջ սպանած, ասել է՝ մահը հոգեբանորեն հաղթահարած մարդու վճիռն է՝ զոհաբերվելու Ցեղի բագինին, առանց որի հնարավոր չէ ո՛չ մի հերոսացում, ո՛չ մի հաղթանակ: «Գոյության իմաստը հասկանում են նրանք, ովքեր մեռնելու կամք ունեն»:

Եվ այս առումով, Տարոնականությունը, Հայկ Ասատրյանի բնորոշմամբ, «ուսմունք չէ «բոլորի եւ ոչ ոքի համար», այլ միայն՝ ընտրյալների: Դա կանչ է՝ ուղղված միայն նրանց, ովքեր ընդունակ են բարոյական նորոգումի»: Դա ուսմունք է ա՛յն նախատեսված ընտրանու համար, որ «սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան և հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան»:

* * *

Միաժամանակ, Տարոնական ոգու առաջնորդները սահմանում են այն հատկանիշները, որոնք պարտադիր են Ցեղի անունից հանդես եկող հայ անհատների ու կազմակերպությունների համար.

ա) Ցեղի և Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք,

բ) Ցեղային հավիտենականի խոր զգացում,

գ) Ներցեղային բարոյական,

դ) Հաղթողական ոգի,

ե) Պատմական ճակատագրի խոր ճանաչողություն,

զ) Հայրերի գործի և նպատակի հաղորդություն,

է) Հայրենազգացություն,

ը) Օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն,

թ) Մեծագործության կամք ու բարոյական:

«Ասոնք բարոյագիտական – դաստիրակչական որակներ են և ո՛չ թե քաղաքական նշանախոսքեր, ապրումի խնդիրներ և ո՛չ թե կանոնագրական կետեր, բարոյական ընդհանուր պահանջներ և ո՛չ թե կուսակցական մասնավոր պարտականություններ, սիրտը մշակող բովանդակություններ և ո՛չ թե կարգապահական ձևեր: Բայց առանց ասոնց՝ ո՛չ քաղաքական ճշմարիտ գործն նպատակն են հնարավոր, ո՛չ ժողովուրդի ցեղային տարերքին համապատասխանող կանոնագրություն, ո՛չ նվիրումի պարտականության զգացում, ո՛չ կարգապահական բարոյականություն»:

Այս որակները կրողներին է տրված միայն բարոյական իրավունք՝ խոսելու և հրամայելու Ցեղի անունից:

* * *

Տարոնականությունը մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջանները արժևորում է ցեղայինի առաջնայնության սկզբունքով՝ գնահատելով և օրինակելի համարելով այն ամեն ցեղային-հայկականը, որ առկա է մեր պատմության և՛ հեթանոսական, և՛ քրիստոնեական դարերում.

«Մենք շարունակ պիտի քարոզենք մեր հեթանոսական Աստծո՝ Վահագնի ոգին մեր ընթերցողներուն, որպեսզի անոնք առողջարար և կենսատու օդ շնչեն և դառնան օգտակար  զինվորներ արդարության բանակին: Մենք պիտի հետևինք այն ճամփուն, ուրկե քալեր են ու կքալեն բոլոր հայրենասերները, և պիտի կատարենք այն աշխատանքները, ինչ աշխատանք որ մեզ կթելադրեն Սուրբ Սահակներն ու Մեսրոպները և Մամիկոնյան Վարդանները»:

Մի հանգամանք ևս:

«Ոգին մահ չունի», «Մեր էության մեջ մենք հող չենք, որ հող դառնանք, այլ՝ ոգի, որ ոգի մնանք»: Բարոյական այս մեծ իմացությունների վրա են հենվել Տարոնականության գաղափարախոսները:

– Երբ «Տարոն» եմ ասում, ինձ թվում է, թե լեռներում ապրող գերբնական ոգիներն են գծում հանճարի և հերոսության հորիզոնները, – ասում է Հ. Ասատրյանը և պատգամում. «Ոգին չի՛ պահվում. ոգին աճում է գործելով: Գործի՛ր այնպես, որպես թե գերբնական ուժերից զորություն ես ստանում և ո՛չ թե դատարկվում նրանց առաջ: Այդպիսով՝ դու կգործես քո Աստծո հետ: Կգործես կարելիությունների մի աշխարհում, որի բոլոր իրացումների աղբյուրը քո կամքն է»:

Այս ամենը մեզ խորհել են տալիս ոգու բացարձակության, կամքի ամենակարողության, բնության թաքնված ուժերի շուրջ, ու, միաժամանակ, խանդավառության և ուսումնասիրության ասպարեզ բացում թաքնագիտությամբ, ոգեգիտությամբ հետաքրքրվող այն հայորդիների համար, որոնք առայժմ ճգնում են միայն այդ բնագավառի օտար հեղինակներին և ուսմունքներին ծանոթանալու:

* * *

«Տարոնի Արծվի» 12 համարներով (Տարոնականությունը որպես գաղափարախոսություն առկա է «Տարոնի Արծիվի» միայն 1938-1939թթ. 12 համարներում, այսինքն, մինչև ամսաթերթի՝ Սոֆիայից Նյու Յորք տեղափոխումը) Տարոնականության տեսաբանները, իրենց իսկ խոստովանությամբ, չըհասցրին տալ ամբողջությամբ ուսմունքը, այլ միայն Տարոնականության նախապատրաստությունը, նրա ներածությունը, և դեռ «ցեղահաղորդ հայ մտավորականությանը կմնա հիմնավորել և խորացնել համահայկական ոգիի,փառքի, հերոսականի, մեր ցեղի անցյալ և ապագա հավիտենականի այդ կենարար ուսմունքը, դավանանքը»:

Դեռ չկան, գրված չեն «Հայոց ցեղային բարոյագիտությունը» և «Հայոց պատմության փիլիսոփայությունը». այսպիսի պատգամ են թողնում մեզ տարոնական ոգու առաջնորդները և Տարոնականությամբ համակվելու ընդունակ ամեն ցեղազգաց Հայի, իբրև ժառանգություն, փոխանցում հավիտենական նշանախոսք. «Ցեղն է իմ գոյության իմաստը և Հայաստանը՝ իմ ճակատագիրը»:

* * *

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ.- ՀԱՏԸՆՏԻՐ

Հայկ Ասատրյան (1900-1956), հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա. – Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպակաան, այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար։ Հայկ Ասատրյաանը հանդես եկավ «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։
ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ գործերի Հատընտիրն ընթերցելու կամ ներբեռնելու համար, սեղմել նկարի վրա:

* * *

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)

http://www.hayary.org/wph/?p=5305#more-5305  - Հունվարի 13-ը` Հայկ Ասատրյանի Անմահության օրն է

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»

«Իբրև գիտության և տեսական խղճմտանքի մարդ՝ (դոկտ. Հայկ Ասատրյանը) իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին»:

Գարեգին Նժդեհ

Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ և վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե և միակ խորհրդատուն», որին Կարո Գևորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ և իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ…»:

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), և քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:

Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. աշակերտական միության շարքերը: Այնուհետև, ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին, Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երևանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը:

Իր մասնակցությունն է բերում 1921թ. փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, ձերբակալությունից խուսափելու համար, ստիպված հրաժեշտ տալով հարազատներին, անցնում է Թավրիզ (այստեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած, Թավրիզ է գալիս նաև Գ. Նժդեհը և միասին անցնում են  Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա՝ Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտում է 1930թ.-ին՝ ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե Ամուրյանը հետագայում հիշում էր. «Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու և պարապելու հետաքրքրական և ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ՝ վերարկուն երբեք չէր հագներ, այլ՝ կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու Նիցշեի և Կանտի գիրքը առջև դրած՝ կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպաւորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող, կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քմծիծաղը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակտին»:

Ուշագրավ են Ասատրյանին նվիրված հիշողություննե-  րում Բուլղարիայի նրա կուսակիցներից Կարո Մեհյանի (որ հանդես է գալիս «Սօսեաց տղան» ծածկանունով)՝ իր իմացականությունը բնորոշող վկայությունները: «Մղված իր սերեն, ինչպես և նպաստավորված իր արտակարգ հիշողութենեն, ան (իմա՝ Հ. Ասատրյանը, – Մ.Լ.) ուսումնասիրած էր Հայաստանի աշխարհագրությունը մանրամասնորեն: Հայերեն թե օտար լեզուներով գրված բոլոր գործերը, որոնք կխոսին մեր երկրի մասին, ծանոթ էին անոր: Նաև մեր մատենագրության մեջ չկար տող մը, որուն վրա ան տքնած չըլլար: Նարեկացիեն երկար հատվածներ կարտասաներ գոց: Իսկ առհասարակ հայերեն լեզուն ան իրեն համար վերածած էր տեսակ մը մասնագիտության: Տևապես «կխուզարկեր» բառերը, կըբաղդատեր օտար բառերու հետ ու չէր հանդարտեր, մինչև որ չլուծեր անոնց ծագման կամ արմատի հանգույցը: Սեղմ՝ իր մտածումներուն մեջ և ատկե՝ քիչ մը «թանձր» արտահայտվելու իր ձևով, Հ. Ասատրյան հարկադրվա՞ծ կըլլար, թե՞ կընախասիրեր նոր բառեր կերտել: Իր փոքրաթիվ գրքերուն և բազմաթիվ հոդվածներուն մեջ ունի մեծ թիվով բառեր, որոնք «իրն» են, և զորս կարժե «լույսին բերել», տրված ըլլալով որ անոնցմե շատերը արտահայտիչ են, հեշտալուր և մեր լեզվին օրենքներուն համապատասխան: Որովհետև այս «դերվիշը» ո՛չ միայն հասկացողություն և հմտություն, այլև՛ ճաշակ ուներ: Ճաշակ՝ ամեն բանի մեջ ու գեղեցկագիտական ըմբռնումով»:

Այնուհետև, Հ. Ասատրյանը անցնում է Բուլղարիա, ուր մնում է Գ. Նժդեհի մոտ և գործում նրա հետ: Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն և եռանդուն շրջանը: Հ. Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի Գևորգ Մեսրոպ ճեմարանում և, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ-ի քարտուղարն էր:

Հայկ Ասատրյանը եղավ Նժդեհի ամենամոտ գործակիցը՝ 30-ական թվականների Հայկական ցեղային շարժումը ծավալելու և հիմնավորելու գործում: «…Հայկը աջ բազուկն էր, Նժդեհին, երբ «Ցեղակրոնություն» գաղափարաբանությունը կխմբագրեր»: Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը և, մի տեսակ, մեկնիչ (թերևս չգերազանցված) եղավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունների՝ «Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը – Ցեղը և իր տականքը» վերաբերյալ Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:

1932թ.-ին, Սոֆիայում, Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս է տեսնում «Խռովք» իմաստասիրական – գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում և փակվում է: 1935թ.-ից, Բուլղարիայի Հ.Յ.Դ.ԿԿ-ի ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո, 1936թ.-ին, կրկին Սոֆիայում, Ներսես Աստվածատուրյանի հետ լույս են ընծայում «Ցեղ և Հայրենիք» կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:

1937թ.-ին Հ. Ասատրյանը,  պաշտոնապես, Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից: Ի դեպ, Հ. Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, և ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, «Ամրոցը», իր 1937թ.-ի թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի «մեղքերին»:

Մեզ հայտնի են 1933թ.-ին Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները՝ «Ցեղանենգ շեյթանը» և «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին»:

1937թ.-ից, Նժդեհի հետ հիմնում և մինչև 1944թ.-ը հրատարակում են «Ռազմիկ» հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փոստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հ. Ասատրյանն էր:

Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը և 1938-1939թթ.-ին Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող «Տարոնի Արծիվ»-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր:

1942թ.-ին Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին և արժեքներին նվիրված իր «Հայաստան – Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է Գ. Նժդեհը) և շտապ մեկնում Բեռլին՝ դա գերմաներեն թարգմանել տալու և անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարևորությունը պայմանավորված էր այն բանով, որ մի շարք եվրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), և այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձևավորվել էր մի թև՝ Ռոզենբերգի ղեկավարությամբ, որն հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետևաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:

Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ, 1943թ.-ի սկզբին Գ. Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո Գևորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ-ին խմբագրում էր «Հորիզոն» թերթը ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է «Ռազմիկը»:

1943թ. վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղա-  րիա և կրկին անցնում «Ռազմիկ» թերթի խմբագրության գործին, ինչպես նաև ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն  լույս չի տեսնում:

Երբ 1944թ-ին համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետևից ձերբակալվեցին Գ. Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945թ. հունվարի 27-ին) և Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը, դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշինևի, այնուհետև՝ Ուրալի բանտը, ուր գտնվում էր նաև Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Հ. Ասատրյանն առնում է միայն նրա դիակը՝ բանտից դուրս հանելիս:

1952թ. Հ. Ասատրյանն Ուրալից փորձում են տեղափոխել Երևան (Նժդեհի մոտ)՝ Դաշնակցության և Թուքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:

Հայկ Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաև նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե և Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաև Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ՝ ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ.-ին, Հ. Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող՝ իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան ստիպում են ամուսնանալ, քանզի հակառակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա և կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ.-ին տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ՝ այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:

1955թ.-ին, ընդհանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հ. Ասատրյանը ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա և ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ՝ Չեկայի խարդավանքների մասին: Սակայն, ստիպված է լինում հաշտվել իրականության հետ և մնում է իր մեծ աղջկա՝ Հեղինեի մոտ (ի դեպ, Հեղինեի կնքահայրը Նժդեհն էր):

Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին «թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչև մեր օրերը», որը, ցավոք, կորել է: Հ. Ասատրյանի՝ աքսորի վերջին տարիներին գրած անավարտ, «հանգավոր մեկ վեպի» մասին է վկայում նաև նրա բանտակից Կարո Մեհյանը:

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»:

Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռևս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերևս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը:

Մուշեղ Լալայան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։